«Աղդամի մատույցներում Բասաեւն աղաչում էր իրեն օգնություն ուղարկել» - Mediamax.am

116177 դիտում

«Աղդամի մատույցներում Բասաեւն աղաչում էր իրեն օգնություն ուղարկել»

Այն, որ չեչեն գրոհայինների առաջնորդներից մեկը`Շամիլ Բասաեւը կռվել է Աբխազիայում, հայտնի փաստ է, սակայն հայերի դեմ ռազմական գործողություններում նրա մասնակցության մասին քչերը գիտեն:

Շամիլ Բասաեւ
Շամիլ Բասաեւ

Այն, որ չեչեն գրոհայինների առաջնորդներից մեկը`Շամիլ Բասաեւը կռվել է Աբխազիայում, հայտնի փաստ է, սակայն հայերի դեմ ռազմական գործողություններում նրա մասնակցության մասին քչերը գիտեն: Դա երեւի հենց Բասաեւի «շնորհիվ»է, ով հպարտանալու ոչինչ չուներ:

1996թ. ԼՂՀ Պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինեւիչը, պատմում էր. «Բասաեւը 1993 թ. կռվել է մեր մոտ`Աղդամի մատույցներում: Եթե այն ժամանակ մենք իմանայինք, որ նա այդքան ողբերգական դեր է խաղալու Ռուսաստանի պատմության մեջ, կթքեինք բոլոր միջանցքների վրա եւ կվերցնեինք նրանց խումբը»: (Աղդամի գործողությունների ժամանակ հայկական միավորումները միջանցք էին թողել քաղաքում մնացած խաղաղ բնակիչների համար, որից օգտվեցին նաեւ զինվորականները, այդ թվում` չեչենները):

 

Անատոլի Զինեւիչը Բասաեւի մասին խոսում էր անթաքույց արհամարհանքով. «Ես ունեի նրա բանակցությունների ռադիոգրերը, որոնցում նա բառացիորեն աղաչում էր իրեն օգնություն ուղարկել: Հետագայում Բասաեւը խոստովանել էր, որ Ղարաբաղում կռվելը անիմաստ էր`ադրբեջանցիները չէին կարողանում, իսկ հայերին չես հաղթի»:

 

Ինքը Բասաեւը 2000թ. հարցազրույց էր տվել ANS ադրբեջանական հեռուստաընկերությանը, որում խոստովանել էր իր մասնակցությունը ղարաբաղյան պատերազմին: «Մենք եկանք Ղարաբաղ կռվելու ոչ թե ավարի, այլ Ջիհադի գաղափարի համար: Սակայն տեղ հասնելով եւ իրավիճակը տեսնելով` հասկացանք, որ այնտեղ չկա Ջիհադի եւ ոչ մի նշան»,- պատմել էր Բասաեւը:

 

Նրա խոսքերով, ադրբեջանական բանակում քիչ էին այնպիսի բարձրաստիճան հրամանատարները, որոնց «կարելի էր վստահել»: «Բացի այդ,- ասել էր Բասաեւը,- հայերն ավելի լավ էին նախապատրաստվել պատերազմին»:

 

Շամիլ Բասաեւը նաեւ ասել էր, որ Շուշիի անկումը պայմանավորված էր կազմակերպվածության բացակայությամբ եւ ադրբեջանական բանակն անարդյունավետ ղեկավարելու հանգամանքով: Նրա խոսքերով, «100 զինված մարդիկ կարող էին պահել Շուշին մեկ տարվա ընթացքում»: Իր իսկ խոսքերով, վերոնշյալ պատճառներից ելնելով, 1993-ին նա որոշեց Ղարաբաղից դուրս բերել իր ենթակայության տակ գտնվող չեչենական ջոկատները:

 

2000թ. Բասաեւը չգիտես ինչու հաճախ էր հիշում Հայաստանի եւ Ղարաբաղի մասին: Հունիսին նա բաց նամակով դիմել էր Իրանի ղեկավարությանը, որտեղ ասվում էր.

 

«Ինչո՞ւ եք օգնում Հայաստանին, երբ ադրբեջանցիները իրենց մեծամասնությամբ, կրոնով եւ էթնիկ ծագմամբ ձեր ամենամոտ ազգականներն են»:

 

Նույն թվականի հոկտեմբերին, երեւի թե մոռանալով հայերի հետ պատերազմելու իր դառը փորձի մասին, Շամիլ Բասաեւը նամակ էր ուղարկել Հեյդար Ալիեւին.

 

«Մենք ուզում ենք վստահեցնել Ադրբեջանի նախագահին, որ ամբողջապես աջակցում ենք ազգային անկախության եւ տարածքային ամբողջականության համար ձեր արդարացի պայքարին: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բոլոր կողմերից շրջապատված է թշնամիներով, եւ նույնիսկ Իրանը, ով պետք է ձեր բնական դաշնակիցը լիներ, մեծամասամբ հայամետ քաղաքականություն է վարում: Ծանր է դա գիտակցելը»:

 

«Մենք լուրջ մտադրություններ ունենք օգնելու Ադրբեջանի մահմեդականներին ռուս ագրեսորներին պարտության մատնելուց հետո: Չենք կասկածում, որ այդ օրը հեռու չէ»,- գրել էր Բասաեւը:

 

Financial Times թերթը 2002 գրում էր, որ Լեռնային Ղարաբաղում կռվել է նաեւ արաբ հրամանատար Հաթաբը. վերջինս  ոչնչացվել է 2002-ին` Բասաեւի մահից 4 տարի առաջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին