Բարի գալուստ կրթության ապագա դեսպաններին - Mediamax.am

exclusive
16438 դիտում

Բարի գալուստ կրթության ապագա դեսպաններին


Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»/Կարեն Սերոբյան

Անդրանիկ Մանուկյանը
Անդրանիկ Մանուկյանը

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»/Կարեն Սերոբյան

Արմինե Հովհաննիսյանը
Արմինե Հովհաննիսյանը

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»/Կարեն Սերոբյան

Լարիսա Հովհաննիսյանը
Լարիսա Հովհաննիսյանը

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»/Կարեն Սերոբյան

Նարեկ Արզումանյանը
Նարեկ Արզումանյանը

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»/Կարեն Սերոբյան

Սոսե Ղազարյանը
Սոսե Ղազարյանը

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»/Կարեն Սերոբյան


Աստվածաբան, կրոնագետ Սոսե Ղազարյանը մի քանի շաբաթ առաջ ստացել է դիպլոմն ու շտապել Դիլիջան՝ մասնակցելու «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի Ամառային ինստիտուտին: Հինգ շաբաթ վերապատրաստման ինտենսիվ ծրագիր անցնելուց հետո Սոսեն՝ որպես ուսուցիչ, երկու տարով «կգործուղվի» Հայաստանի որեւէ համայնք, որտեղ կա մանկավարժի կարիք: Փոքր անհանգստություններ կան, բայց դրանց մասին չի մտածում: Նպատակն ավելի զորավոր է:

 

«Հասկացա, որ այդ հեռավոր գյուղում ապրող երեխաներից մեկի փոխարեն կարող էի ես լինել, ու ես կերազեի, որ մի ուսուցիչ գար ու ինձ շատ բան սովորեցներ: Հաստատ գիտեմ, որ եթե ամեն մեկս մի փոքր քայլ անենք, շատ բան կարող ենք փոխել»,- ասում է պատմության եւ հասարակագիտության ապագա ուսուցչուհին:

Սոսե Ղազարյանը Սոսե Ղազարյանը

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»/Կարեն Սերոբյան

Իրենց եւ երեխաների կյանքում դրական փոփոխություն բերելու նպատակով «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին այս տարի դիմել է ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ Թուրքիայից, Իրանից, Ամերիկայից, Ռուսաստանից: Մի քանի փուլի արդյունքում ընտրվել են 47-ը: Վերջին փուլն Ամառային ինստիտուտն է:

 

UWC Dilijan քոլեջում բարի գալուստի հանդիսավոր արարողությունն է: Ծրագրի պատասխանատուները, ուսուցիչները, գործընկեր դպրոցների տնօրենները, կրթության ոլորտի ներկայացուցիչները նոր ընտրված մասնակիցներին բարի ընթացք են մաղթում կարեւոր առաքելության ճանապարհին: Միջոցառմանն ու «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին աջակցում են UWC Dilijan-ը, Scholae Mundi Armenia հիմնադրամը եւ HSBC Բանկ Հայաստանը:

 

Ծրագիրը մասնակիցներ է հավաքագրում արդեն երրորրդ անգամ: 2016-2017 ուսումնական տարում 42 ուսուցիչ է աշխատել հինգ մարզերի 35 դպրոցներում: Այս տարի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերին ավելանում է նաեւ Շիրակը:

 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանն ասում է, որ աշխարհագրությունն ընդլայնելու փոխարեն գերադասում են ներկայություն ապահովել այս մարզերի ավելի շատ համայնքներում: 

Այս տարի ծրագիրն առաջին շրջանավարտներն է ունեցել: Երկու տարի դասավանդելուց հետո 14 երիտասարդ ուսուցիչ ավարտել է իր առաքելությունն այն դպրոցներում, որտեղ ունեին  իրենց կարիքը: Բայց նրանք շարունակելու են աշխատել կրթության ոլորտում՝ փորձելով լուծումներ գտնել այն խնդիրներին, որոնց մշտապես առնչվել են հեռավոր գյուղերի դպրոցներում:

Լարիսա Հովհաննիսյանը Լարիսա Հովհաննիսյանը

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»/Կարեն Սերոբյան

«Մենք ընտրում ենք մասնակիցներ ոչ թե երկու տարվա համար, այլ փնտրում ենք դեսպաններ, որոնք ամբողջ կյանքում կաշխատեն, որ մեր կրթական համակարգը փոփոխվի: Մեր ծրագիրը սկիզբն է, այն փորձառություն է տալիս մարդկանց, որ հասկանան, թե ինչ է կատարվում իրենց շուրջ, իրենց երկրում, հասկանան, թե որն է այդ ամենի մեջ իրենց դերը: Շատ ուրախ ենք, որ ավարտող 14 մասնակիցներն ասացին, որ մնալու են կրթության ոլորտում: Կրթությունը եւ կրթական համակարգը չի սահմանափակվում դասարանով ու դպրոցով, կան շատ ոլորտներ, որոնք ազդում են երեխայի կրթության վրա»,- ասում է Լարիսա Հովհաննիսյանը:

 

Դպրոցների հետ համագործակցությունը շարունակական է: Որպեսզի աշխատանքն արդյունավետ, իսկ ուսուցիչների բերած փոփոխությունն ու դրա ազդեցությունն աշակերտների կյանքում երկարատեւ լինի, ծրագիրն ավարտած մասնակիցներին նույն դպրոցում փոխարինելու են նորերը:

Նարեկ Արզումանյանը Նարեկ Արզումանյանը

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»/Կարեն Սերոբյան

Ծրագրի մասնակիցներից Նարեկ Արզումանյանը, որն արդեն մեկ տարի է՝ դասավանդում է Լոռու մարզի Ձորագյուղ համայնքում, ապագա ուսուցիչներին խոստովանեց՝ դժվար էր, բայց.

 

«Դպրոցում դուք կհանդիպեք խնդիրների, որոնք ձեզ մտածելու տեղիք կտան, միաժամանակ՝ կկոփեն: Կամքի եւ նպատակին հավատարիմ լինելու շնորհիվ դուք կհաղթահարեք ամեն ինչ, կզգաք աշակերտների եւ ուսուցիչների սերն ու հարգանքը: Երբ նկատեք յուրաքանչյուր աշակերտի աճն ու փոփոխությունը նրա կյանքում, դուք հաճույք կզգաք, որը ձեզ կստիպի նոր գաղփարների մասին մտածել»:

 

Տալով՝ ավելի շատ հետ ստնալու անբացատրելի երեւույթի մասին խոսեց նաեւ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:

Արմինե Հովհաննիսյանը Արմինե Հովհաննիսյանը

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»/Կարեն Սերոբյան

«Հաջորդ երկու տարիներին դուք նոր սերնդին կփոխանցեք եւ նրանց մեջ կսերմանեք գիտելիքը պաշտելու հասունությունը եւ հնարավորությունը՝ ունենալու մեծ երազներ, դուք նրանց կտաք ինքնահաստատման բերկրանքը, դուք նրանց կներշնչեք ունենալ հույս գալիք օրերի եւ հավատ մարդկության, բարության հանդեպ: Երկու տարի անց, երբ մենք նորից կհանդիպենք հենց այստեղ՝ տոնելու ձեր առաքելության ավարտը, դուք կբացահայտեք, որ սքանչելի բան է տեղի ունեցել, որ ինչ որ մի պահ, մի անհասանելի ուժ ձեր տվածը բազմապատկել ու հետ է տվել ձեզ: Հենց այդ պահին դուք կհասկանաք, որ այս երկար ճանապարհը ձեր ճանապարհն էր»:

 

Մասնակիցները դեռ չգիտեն, թե որ մարզում են աշխատելու: Անդրանիկ Մանուկյանին, որը դասախոսել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում, աշխատել մանկապարտեզում, հատկապես գրավել է հեռավոր համայնքներում դասավանդելու գաղափարը:

Անդրանիկ Մանուկյանը Անդրանիկ Մանուկյանը

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»/Կարեն Սերոբյան

«Կյանքում մի պահ է գալիս, որ զգում ես, որ չես անում այն, ինչ կարող ես անել, ինչ իրոք ուզում ես անել: Զգում ես, որ քաղաքային միջավայրը քեզ խորթ է, գյուղական միջավայր ես ձգտում: Ես տարբեր նախաձեռնություններով եղել եմ սահմանամերձ գյուղերում, տեսել եմ այնտեղի վիճակն ու հասկացել, որ պետք է մտածել այդ մասին, ոչ թե գնալ, փրկել, այլ մի փոքրիկ մասնիկը դառնալ ինչ-որ լավ գործի»:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին