Միսս Քոչարյանը, ում աշակերտները սովորեցրեցին հիանալ ամեն օրով - Mediamax.am

exclusive
26874 դիտում

Միսս Քոչարյանը, ում աշակերտները սովորեցրեցին հիանալ ամեն օրով


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Բոլոր երեխաները՝ անկախ բնակության վայրից ու սոցիալական պայմաններից, ունեն լավագույն կրթություն ստանալու իրավունք: Հայաստանի գյուղական շատ համայնքներում, սակայն, ուսուցչի թափուր աշխատատեղերը տարիներով չեն լրացվում: Երբեմն մի ուսուցիչը ստիպված է լինում դասավանդել մի քանի առարկա, կամ որոշ առարկաներ պարզապես դուրս են մնում ուսումնական պլանից:

 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկամյա առաջնորդության զարգացման ծրագիր է` լավագույն երիտասարդ մասնագետների համար, որոնք տիրապետում են հայերենին եւ ցանկանում են փոխել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում ապրող երեխաների կյանքը: Վերապատրաստվելով Ամառային ինստիտուտում, որը հինգշաբաթյա ինտենսիվ ծրագիր է, ու համապատասխան հմտություններ ձեռք բերելով՝ նրանք երկու տարով տեղափոխվում են Հայաստանի այն համայնքներ, որտեղ մանկավարժների կարիք կա: Երիտասարդ մասնագետները ոչ միայն նպաստում են երեխաների անհատական զարգացմանը եւ ակադեմիական գիտելիքների աճին, այլեւ՝ համայնքների զարգացմանը՝ ծավալելով արտադասարանական եւ համայնքային զարգացմանգործունեություն:

 

Ովքե՞ր են այդ երիտասարդները, որոնք չեն վախենում փոփոխություններից ու դժվարություններից, որոնք թողել են բարեկեցիկ ու հարմարավետ կյանքը՝ հանուն նպատակի՝ ոգեշնչել երեխաներին, բացահայտել նրանց կարողություններն ու տաղանդները, օգնել իրականացնել երազանքները:

 

Մեդիամաքսը եւ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ շարունակում են ներկայացնել ծրագրի մասնակիցներին եւ նրանց աշակերտներին:

 

Իննայի «բարեւ»-ին կողեսցիները սկզբում տարակուսանքով էին պատասխանում՝ «ճանաչո՞ւմ ենք իրար»: «Ես ձեր նոր ուսուցչուհին եմ»,- ներկայանում էր: Հիմա Լոռու մարզի Կողես համայնքում բոլորը գիտեն անգլերենի ուսուցչուհի միսս Քոչարյանին:

 

«Ես չգիտեի՝ ով է գյուղից, ով գյուղից չէ, եւ ինձ համար վիրավորական կլիներ, որ իմ հարեւանը կամ աշակերտներիս ծնողներից մեկն անցներ կողքովս, չբարեւեի: Ու էդպես, ով հանդիպեր, բոլորին բարեւում էի»:

 

Ականջակալներով, աշակերտի նման՝ պայուսակը մեջքին, ժպիտը դեմքին Իննան ամեն առավոտ շտապում է դպրոց: Դասավանդում է այստեղ սովորող 23 երեխաներից 19-ին: Աշակերտների թվի համեմատ մեծ թվացող գյուղական դպրոցում շատ արագ շրջապատում են միսս Քոչարյանին, բարեւում՝ ով անգլերեն, ով հայերեն:

Իննան անգլերենի մասնագետ է, նաեւ՝ հոգեբան: Իջեւանի համալսարանում դասավանդում էր անգլերեն: Երեխաների հետ աշխատելու աննկարագրելի հաճույքն ու նրանց լավ կրթություն տալու ձգտումը Իննային բերեցին դպրոց:

«Երբ իմացա «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասին, միանգամից որոշեցի, որ դա իմն է, ուզում եմ աշխատել աշակերտների հետ, ուզում եմ դրական ներդրում ունենալ երեխաների կյանքում: Հասկացա, որ բոլոր երեխաներն արժանի են ստանալ գերազանց կրթություն, ունենալ օրինակելի ուսուցիչներ: Գիտենք, որ գյուղերում, համայնքներում մի քիչ կտրված են աշակերտները, ավելի քիչ պայմաններ ունեն ավելի մեծ երազանքներ ունենալու համար: Բայց երբ նրանք տեսնում են, որ ուսուցիչը ոգեւորված է, ոգեշնչված է, ակտիվ է, ուզում է ինչ-որ բարի գործ կատարել, իրենք էլ են վարակվում, իրենք էլ են ուզում ձգտել, հասնել, հասկանում են, որ ունեն հնարավորություն՝ անկախ իրենց ապրելու վայրից: Ուսանողը քո նման մեկն է, իսկ աշակերտներից սովորելու բան ունես, կյանքի մաքրությունն ես տեսնում, արդարությունը ու հասկանում ես՝ ինչքան կյանքեր կարող ես փոխել, ինչքան կյանքերի վրա կարող ես դրական ազդեցություն ունենալ եւ կերտել ապագան»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Իջեւանից Կողես տեղափոխվելու որոշումը կայացնելուց հետո Իննայի համար ամենամեծ դժվարությունը ծնողների համաձայնությունը ստանալն էր: Հարազատները չէին պատկերացնում՝ ինչպես է 24-ամյա աղջիկը սկսելու ինքնուրույն կյանք բոլորովին անծանոթ գյուղում՝ զրկված տարրական հարմարություններից:

 

«Շատերը չեն հասկանում, մտածում են՝ խենթ ես, որ թողնում ես հարմարավետության գոտին, շատ բարեկեցիկ պայմանները, «հարգված» աշխատանքդ, ամեն ինչ, ու գնում ես հեռավոր գյուղ, որի անունն առաջին անգամ ես լսում եւ որտեղ ոչ մի ծանոթ չունես, ապրելու համար պայմաններ գրեթե չկան՝ 4 պատ է ու վերջ: Շատ դժվար էր, բայց երբ դու ինքդ գիտես՝ ում համար ես գնում, ինչի համար ես գնում, քո նպատակը որն է, դա արդեն բավարար է կատարելու այն մեծ գործը, որ հիմա մենք անում ենք»:

 

Իննային հյուրընկալեցին դպրոցի տնօրենի ծնողները՝ Վազգեն պապն ու Անժելա տատը: Նույն բակում՝ տարբեր տներում են ապրում, թեեւ պարբերաբար Իննային հրավիրում են իրենց մոտ: Երկհարկանի տանը Իննան տեղավորվել է մի սենյակում:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Այստեղ է պատրաստվում դասերին, եփում, սնվում, հյուրեր ընդունում: Ձմեռն իսկական փորձություն էր երիտասարդ ուսուցչուհու համար: Փոքրիկ սենյակը երկու տաքացուցիչով անգամ հնարավոր չէր ջեռուցել: Դպրոցին Իննան ավելի հեշտ հարմարվեց:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Առաջին օրը խանդավառությամբ սպասում էին՝ էն ո՞վ է քաղաքից գալու մեզ մոտ, ինչո՞ւ: Ու ես հասկացա, որ ոչ մի դեպքում չպետք է հիասթափվեմ, հրաժարվեմ իմ բռնած ճանապարհից, որովհետեւ իրենք իմ մեջ տեսան լույս եւ հույս: Ես պետք է արդարացնեի դա»:

 

«Իմ նպատակներից մեկը երեխաների մեջ կյանքի հանդեպ սեր արթնացնելն էր, ինչը հաջողվեց: Երեխաներ կային, որ նույնիսկ մտադրություն չունեին ավագ դպրոց գնալու, իսկ հիմա ուզում են շարունակել կրթությունը: Երկրորդ նպատակս է, որ այդ երեխաներն անպայման ընդունվեն ավագ դպրոց, ստանան բարձրագույն կրթություն եւ հասնեն իրենց երազանքներին»:

 

Իննային վստահել են դպրոցի «ամենախնդրահարույց»՝ երկկոմպլեկտ դասարաններից մեկի դասղեկությունը: Որ երեխաներն առաջադիմել են գիտելիքի ու մարդկային որակների առումով, նկատել են բոլորը՝ տնօրենը, ուսուցիչներն ու ծնողները:

 

«Միսս Քոչարյանի շնորհիվ ավելի սիրով, ուրախ են գալիս դպրոց: Գնահատականներն էլ են բարձրացել: Սեպտեմբերից դասարանները բաժանվելու են, չգիտենք՝ ինչ ենք անելու, որ երկուսի դասղեկն էլ լինի»,- ասում է ծնողներից մեկը:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Առաջ գիրք չէին բացում, իսկ հիմա կարդում են, գրում են: Նույնիսկ ձեռքի հետ մեզ են սովորեցնում»,- շարունակում է մյուսը:

 

Երեխաներին ոգեւորել է պետք՝ դիմում են միսս Քոչարյանի օգնությանը, պետք է համոզել, սաստել՝ նորից միսս Քոչարյանն է օգնության հասնում:

 

Անցյալ տարվա սեպտեմբերին Իննան հարցաթերթիկ էր պատրաստել՝ աշակերտների անգլերենի գիտելիքները ստուգելու համար: Ոգեւորված մտավ դասարան, տխուր դուրս եկավ: Անգլերեն տառերը չճանաչող որոշ աշակերտներ հիմա միսս Քոչարյանի օրինակով որոշել են անգլերենի ուսուցիչ դառնալ: Իննայի նախաձեռնությամբ երեխաները հյուրընկալվել են Դիլիջանի UWC քոլեջում: Այցից ոգեւորված՝ նրանցից երկուսը որոշել են ուսումն այստեղ շարունակել:

 

 

«Գյուղը միջպետական մայրուղու վրա է, շատ մարդիկ են անցնում Վրաստան, Ռուսաստան գնալու համար, հատկապես՝ արտասահմանցիներ են հանդիպում հեծանիվներով: Էրեխեքը ոգեւորված գալիս են՝ միսս Քոչարյան, ճանապարհ ենք ցույց տվել, կարողացել ենք բարի առավոտ ասել»:

 

Աշակերտները գնահատում են լավ կրթություն տալու, ավելի լավ ապագա ստեղծելու Իննայի ջանքերն ու փոքրիկ քայլերով փոխադարձում են: Ստուգողական աշխատանք գրելիս ինքնակամ տետրերը դնում են ուսուցչի սեղանին՝ ցույց տալու համար, որ չեն արտագրելու, արդար են լինելու:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Երեխաները սկսել են գնահատել կրթությունը, գիտեն՝ ինչի համար են սովորում: Եթե սկզբում դասը պատասխանելուց հետո հարցնում էին՝ ի՞նչ եմ ստանում, հիմա հասկացել են, որ սովորում են ոչ թե գնահատականի, այլ՝ ապագայի, կարեւոր եւ օգտակար մարդ լինելու համար: Գիտեն, որ կարող են դասը գերազանց պատասխանել, բայց գնահատական չստանալ, ու դա իրենց համար արդեն նորմալ է: Հիմա իրենք գնում են տուն ու ասում են՝ մամ, գիտե՞ս այսօր ինչ ենք սովորել, ոչ թե՝ ինչ ենք ստացել»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Իննան սովորելու ցանկությամբ վարակել է ոչ միայն աշակերտներին, այլեւ՝ նրանց ծնողներին: Անգլերենի խմբակ է բացել բոլոր ցանկացողների համար: Առանձին օրեր է սահմանել երեխաների եւ մեծահասակների համար: Երիտասարդ ուսուցչուհին համայնքում իրեն օտար չի զգում: Ասում է՝ համագյուղացիները մեջքին կանգնած են, ինքն էլ աջակցում է՝ ինչով կարող է: Նույնիսկ ոչ հաճախ տուն գնալիս մտքով գյուղում է. «Կարոտում եմ մեկ-մեկ, ասում եմ՝ տեսնես ինչո՞վ են զբաղվում աշակերտներս, հարեւանը հիվանդ էր, տեսնես լավացա՞վ: Կապը միշտ կա, իրենք են զանգում, ես եմ զանգում»:

 

Իննայի մասին լուրը հարեւան գյուղեր է հասել: Ավելորդ հարցերից ու անհանգստությունից խուսափելու համար ամուսնական մատանի էր պատվիրել: «Մատանին դրեցի, բոլորին ասացի՝ ամուսնացած եմ: Բայց սուտը երկար չձգվեց, իմացան, որ խաբում եմ»:

 

Աշակերտների համար Իննան միայն ուսուցչուհի չէ, օրինակ է: Այդ պատճառով որոշ սովորություններ վերանայել է: Ուզում է ուսուցչի կերպարն անթերի լինի:

«Հագնվելուս ոճն եմ փոխել, վարքս եմ փոխել, ուշադրություն եմ դարձնում յուրաքանչյուր խոսքիս: Չեմ կարող ազատ լինել, ինչպես տանը կամ ընկերական շրջապատում, որովհետեւ երբ աշակերտը տեսնում է ուսուցչին մի բան անելիս, մտածում է՝ ուրեմն կարելի է անել: Եթե դու նրա համար լինես հեղինակություն, նա կնմանվի քեզ: Դա շատ մեծ պատասխանատվություն է»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Դժվարությունները երբեմն թեւաթափ են անում: Բայց, ասում է, կարեւորը գիտեմ, որ մենակ չեմ: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մենթորի հետ մշտապես կապի մեջ է, միասին լուծում են բոլոր հարցերը՝ մասնագիտական, կենցաղային, անձնական: ««Դասավանդի՛ր, Հայաստան»-ը  շատ մեծ ընտանիք է, կիսում ենք մեկս մյուսիս անհանգստությունները, մտքերը, իրար հասկանում ենք: Մենք գիտենք մեկս մյուսի աշակերտի կյանքը, պատմությունը, շատ ուրիշ մտերմություն կա մեր մեջ»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Հուսահատության դեմ լավագույն միջոցը Իննան գտնում է դպրոցում՝ աշակերտների հետ շփումներով: Երեխաները իրենց վերաբերմունքով հուսադրում են երիտասարդ ուսուցչուհուն՝ ի զուր չէ ընտրել այս ճանապարհը:

 

«Իմ դասղեկական դասարանի երեխաներից մեկի ընտանիքը պատրաստվում էր Վանաձոր տեղափոխվել: Հողատարածքը, անասունները վաճառել էին, տան դռները փակելու էին ու հեռանային: Էրեխեքից մեկն ասել էր՝ հարեւանի տանը կմնամ, բայց քանի դեռ միսս Քոչարյանը գյուղում է, ես չեմ գնա էստեղից: Ծնողները ստիպված մնացել են»:

 

Իննայի փոքրիկ սենյակը խիտ կահավորված է, ամեն ինչ իր տեղն ունի՝ պահարանի մեջ, մահճակալի տակ, պատերին փակցված: Պաստառները, դասարանային լուսանկարները, դասագրքերը մատնում են՝ ուսուցչի տուն է: Սեղանին ծաղիկներ են՝ նվեր աշակերտներից: Երեխաները ճանապարհներ գտնում են Իննայի նկատմամբ իրենց սերն արտահայտելու համար:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Էրեխեքից մեկը խնդիր ունի՝ չի կարողանում տառերը ճանաչել, ճիշտ արտատպել: Առաջին դասարանից ոչ մի տառ նորմալ չի գրել: Հիմա ցույց է տալիս պատմության կամ հայոց լեզվի տետրը՝ «միսս Քոչարյան, ձեզ համար եմ գրել, սիրո՞ւն է»: Տվյալ առարկայի ուսուցիչն էլ է գոհ, որ երեխան աշխատում է, ու ես եմ գոհ, որ ինքն էդքան չարչարվել է՝ մտածելով, որ միսս Քոչարյանին հաճելի կլինի»:

 

Կողեսցիներն Իննային հաճախ են հյուրընկալվում: Խնդրում են թարգմանել նոր գնած տեխնիկայի կամ դեղի օգտագործման ցուցումները, անհատապես պարապել երեխաների հետ, կամ պարզապես գալիս են մի բաժակ սուրճ խմելու: Գյուղում Իննան ոչ միայն սովորեցնում, այլեւ սովորում է:

 

«Սովորել եմ շատ ծանր պայմաններում ապրել ու հիանալ ամեն օրով, հաճույք ստանալ ամեն օրից, որովհետեւ գիտեմ, որ հիմա գնալու եմ դպրոց ու տեսնեմ ժպիտները, հայացքները, որոնք ինձ սպասում են: Սա շատ կարեւոր է»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Դասից հետո պայուսակները խոտերին են դնում ու վազում վոլեյբոլ խաղալու: Գյուղի սահմանափակ հնարավորություններն օգտագործելով՝ Իննան աշակերտներին օգնում է ավելի ակտիվ կյանքով ապրել, ավելի լավ ճանաչել իրար: Դասերի ընթացքում կուտակված խնդիրները փորձում են լուծել դպրոցից դուրս:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Իննայի ծրագրի ավարտին և Կողեսում դասավանդելուն մի տարի է մնացել: «Արդեն մտահոգվում եմ՝ մյուս տարի այս ժամանակ ինչ ենք անելու»,- ասում է տնօրենը: Աշակերտներն էլ միսս Քոչարյանին գյուղում պահելու տարբերակներ են մտածում:

 

«Մի անգամ տանս բակում շաբաթօրյակ եմ անում, աշակերտներիցս մեկը տեսավ, ասում է՝ միսս Քոչարյան, Դուք ղոչա՞ղ եք: Զարմացել էր, որ ես կարող եմ ինչ-որ գործ անել: Ու գնաց, մի 5-10 րոպեից ամբողջ դասարանը եկավ ինձ օգնելու: Ես  բարձրացա, որ իրենց համար կոնֆետներ իջեցնեմ, ու լսում եմ, որ տղաներից մեկը ընկերներին ասում է. «Եկեք միսս Քոչարյանին թելերով կապենք, պադվալ տանենք: 2 տարին լրանա, Երեւանից կգան, իրեն կփնտրեն, չեն գտնի ու կգնան, միսս Քոչարյանը կմնա մեզ մոտ»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Իննան գնալու մասին չի մտածում: Կողեսում տալու եւ ստանալու շատ բան ունի: Երեխաներին «հուշել» է, որ իրենք աշխարհին պետք են ոչ միայն ստացած գիտելիքներով, այլեւ՝ մարդկային որակներով: Հիմա փորձում են իրար օգնելով՝ ավելի լավը դառնալ մեկը մյուսի ու աշխարհի համար:

 

«Շատ շնորհակալ եմ, որ ունեմ երեխաներ, որոնցով ամեն օր ապրում եմ, ամեն օր իրենք ինձ են ոգեշնչում, ես՝ իրենց: Իզուր չէ, որ ես հիմա էստեղ եմ: Ոչ մի վայրկյան չեմ ափսոսում, որ թողել եմ իմ հարմարավետության գոտին, աշխատանքը, ընտանիքս ու հիմա էստեղ եմ: Ոչ մի վայրկյան»:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

 

Նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին