10 պատմություն Հայաստանը փոխող երիտասարդների մասին - Mediamax.am

exclusive
33639 դիտում

10 պատմություն Հայաստանը փոխող երիտասարդների մասին


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


2017 թվականին Մեդիամաքսը ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ներկայացրեց 10 պատմություն երիտասարդների մասին, որոնք չեն վախենում փոփոխություններից ու դժվարություններից: Երիտասարդներ, որոնք թողել են հարմարավետ կյանքը՝ մարզերի հազարավոր երեխաներին լավ կրթություն տալու նպատակով, օգնելու, որ երազանքներ ունենան ու իրականացնեն դրանք, ազատ մտածեն ու բացահայտեն իրենց տաղանդները: 2015 թվականից 85 երիտասարդներ միացել են «Դասավանդի´ր, Հայաստան» երկամյա ծրագրին ու մեկնել Արմավիր, Արագածոտն, Լոռի, Գեղարքունիք, Տավուշ, Շիրակ՝ դասավանդելու 52 դպրոցում, որտեղ կա մանկավարժի կարիք:

 

Ապագա հանճարների ուսուցչուհի ընկեր Մուրադյանը

«Սիրելի ընկեր Մուրադյան խնդրում եմ մի գնացեք: Մնացեք մեզ մոտ, մենք առանց ձեզ չենք կարող: Երբ որ մենք փոխվենք 6-րդ, դուք մեզ դասղեկություն արեք: Դուք երկնային գեղեցկուհի եք եւ որ միջոցառում լինի, ամեն հարցում ես ձեզ կօգնեմ ինչ էլ որ լինի: Ես ուր էլ որ գնամ, որտեղ էլ մնամ, միշտ դուք սրտիս մեջ կլինեք, իմ սիրելի Ընկեր Մուրադյան»: (Աշակերտներից մեկի նամակը՝ ընկեր Մուրադյանին)

 

Ձորագյուղում «բարի գործերի» ծրար հիմնած ընկեր Արզումանյանը

«Առաջին անգամ մտա դասարան, ասացի՝ էրեխեք ջան, այսօրվանից ես ձեր դասղեկն եմ: Զարմացած նայում էին՝ Երեւանից եկել եք ու պիտի մնաք մեր գյուղո՞ւմ, ինչո՞ւ: Ծանոթացանք, ու Մանվելը միանգամից առաջարկեց, թե կարո՞ղ եմ երգել, ու երգեց «Թռչեի մտքով տուն»: Տխրեցի մի պահ ու շատ հուզվեցի ու կրկին համոզվեցի՝ ես էստեղ պիտի մնամ՝ էս երեխեքի հետ, միասին մի բան պիտի փոխենք»:

 

Ընկեր Վարդանյանը, որը ցույց տվեց երազանքին հասնելու ճանապարհը

«Ե´ւ ես սկսեցի ինձ հավատալ, ե´ւ երեխաներս սկսեցին իրենք իրենց հավատալ: Այս դժվարությունները անցանք, ուրեմն կարող ենք, ամեն ինչ էլ հնարավոր է փոխել, հնարավոր է առաջ գնալ, ուղղակի շատ աշխատասիրություն ու հզոր կամք է պետք: Նույնը երեխաների պարագայում է, որովհետեւ ես ասում եմ՝ դու կարող ես լուծել, դու կարող ես լավ սովորել: Առաջ, երբ ասում էի՝ ձեզնից մեկը վաղը կարող է դառնալ վարչապետ կամ նախագահ, այլ կերպ էին նայում, բայց հիմա հավատում են: Ու ամենակարեւորը այդ հավատն է»:

 

Ընկեր Ղուկասյանը, որը սովորեցնում է սխալվել

«Ծանր պահերն ավելի քիչ են եղել, քան՝ երջանիկները, երբ քո՝ ոչ մի անգամ ձեռք չբարձրացրած աշակերտը ձեռք է բարձրացնում, երբ այն աշակերտը, որի հետ մի տարի աշխատում էիր, որ խոսեր, միջանցքում քեզ տեսնում ու բարեւում է: Այդ պահին ներսումդ թիթեռնիկները սկսկում են թեւերը թափահարել: Երբ տեսնում ես, որ աշակերտը, որը ոչ մի դասի չէր մասնակցում, բեմադրության է մասնակցել, ու տեսնում ես՝ ոնց է ծիծաղում ու ժպտում, ուզում ես գոռալ, իր հետ ծիծաղել, ուրախանալ: Կողքից կարող են փոքր բաներ թվալ, բայց երբ դու ներսում ես, քեզ համար շատ մեծ ձեռքբերում է: Յուրաքանչյուր աշակերտի՝ ավելի լավը դառնալու ամենափոքր քայլն անգամ շատ մեծ բավարարվածություն, երջանկություն է տալիս»:

 

Միսս Քոչարյանը, ում աշակերտները սովորեցրեցին հիանալ ամեն օրով

«Էրեխեքից մեկը խնդիր ունի՝ չի կարողանում տառերը ճանաչել, ճիշտ արտատպել: Առաջին դասարանից ոչ մի տառ նորմալ չի գրել: Հիմա ցույց է տալիս պատմության կամ հայոց լեզվի տետրը՝ «միսս Քոչարյան, ձեզ համար եմ գրել, սիրո՞ւն է»: Տվյալ առարկայի ուսուցիչն էլ է գոհ, որ երեխան աշխատում է, ու ես եմ գոհ, որ ինքն էդքան չարչարվել է՝ մտածելով, որ միսս Քոչարյանին հաճելի կլինի»:

 

Ընկեր Խաչիկը, որը թողեց Ամերիկան ու հասավ Լոռի՝ երազանքի հետեւից

Երգելով անգլերեն սովորեցնելու մեթոդը միակ անսովոր նորությունը չէր, որ Խաչիկ Չուխաճեանն իր հետ բերեց Մեդովկա: 28-ամյա երիտասարդը տարբերվում էր խոսվածքով, կենցաղով, մտածելակերպով: Շատերի երազանքների երկիր Ամերիկայից Խաչիկն անցյալ տարի տեղափոխվել է Լոռու մարզ՝ իր երազանքն իրականացնելու համար: Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի փիլիսոփայության բաժնի շրջանավարտը Մեդովկայի դպրոցում պատմություն է դասավանդում, նաեւ՝ անգլերենի պարապմունքներ անցկացնում:

 

«Էրեխեքը շատ լուռ էին, միայն ժպտում էին՝ ո՞վ է, որտեղի՞ց է եկել, ի՞նչ է ասելու: Երեւի մի ամիս հետո սկսեցին ինձ հարցեր տալ՝ ինչո՞ւ եք եկել, Ամերիկան ինչպիսի՞ տեղ է, ինչպիսի՞ն է կյանքն էնտեղ: Բայց ես ուզում էի, որ կենտրոնացումը դասի վրա լինի՝ ես սովորական ուսուցիչ եմ, եկել եմ, պատմություն եմ դասավանդում»:

 

Միսս Սուսաննան, որի համար կարեւոր է ամեն աշակերտի կարծիքը

«Էդպիսի արտահայտություն կա՝ վախեցիր քո երազանքներից, դրանք կարող են իրականանալ: Ճիշտ այդ վիճակում եմ: Մի քանի օր առաջ տանը նստած՝ դասեր, ամեն ինչ մի կողմ եմ դրել, ուզում եմ գիտակցել՝ որտեղ եմ, ինչ եմ անում, ինչով եմ զբաղվում: Այդ պահին մտքիս եկավ, որ ես երազել եմ էս մասին, շատ ձգտել եմ սրան, գուցե՝ ենթագիտակցաբար: Ես շատ տարբեր տեղերում եմ աշխատել, տարբեր մարդկանց հետ եմ շփվել, բայց իմը չէր: Հիմա գրեթե ամեն ինչ նպաստում է, որ ես հասկանամ, որ սա իմն է: Սա այն է, ինչ պետք է ինձ այս պահին, ու ընդհանրապես, որպես մարդ զարգանալու համար. նպատակ ես դնում ու գնում դրան ընդառաջ: Հիմա ես այդ ուղու վրա եմ»:

 

Աշակերտի կողքին կանգնող ու նրան թեւեր տվող ընկեր Մարտիրոսյանը

Երբ մի անգամ դասի ընթացքում ընկեր Մարտիրոսյանը Հայկին ուրախությունից թռցրեց օդ, դասընկերները զարմացած նայում էին: «Անսպասելի մի փայլուն միտք հայտնեց, շատ ոգեւորվեցի, էմոցիաներս չկարողացա այլ կերպ արտահայտել, ուզեցի գրկել, սեղմել: Գնացի ու օդ թռցրեցի»:

 

Ընկեր Մարիկյանը, ով սովորեցնում է չվախենալ ու շատ սիրել

«Երբ ընկեր Պապյանն ասաց, որ 12-րդ դասարանցիների դասղեկն եմ, լուռ նայում էի՝ ինձնից բարձրահասակ են, ներքեւից եմ նայում իրենց, ընդամենը 5-6 տարվա տարբերություն է: Հետո պարզվեց, որ ավազակներս անձամբ են դիմել ընկեր Պապյանին, որ լինեմ իրենց դասղեկը: Էդ պահին աչքերս լցվեցին, ու ես փախա սենյակից»:

 

Աշակերտների հաջողության «մեղավոր» ընկեր Ծատրյանը

«Առաջին օրը տնօրենս ինձ տեսավ, երեւի մտածեց՝ էս էրեխեն ո՞նց է դաս տալու: Ամեն օր գալիս, հարցնում էր՝ հո դասերդ խանգարող չկա՞:  ՆԶՊ-ի ուսուցիչն էլ ասում էր ՝ Հենզելի հետ տուն մի գնա, ոնց որ դու իր աշակերտը լինես, ինքը՝ քո ուսուցիչը: Առաջ աշակերտներից չէի տարբերվում: Հիմա մազերս մի քիչ սպիտակել են, տարբերությունը զգացվում է»,-ծիծաղում է երիտասարդ ուսուցիչը:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

 

Նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին