63 ուսուցիչ մեկնում է Հայաստանի եւ Արցախի հեռավոր համայնքներ - Mediamax.am

exclusive
24851 դիտում

63 ուսուցիչ մեկնում է Հայաստանի եւ Արցախի հեռավոր համայնքներ


Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Դիանան
Դիանան

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Լուսինե Ղարիբյանը զրուցում է Լարիսա Հովհաննիսյանի հետ
Լուսինե Ղարիբյանը զրուցում է Լարիսա Հովհաննիսյանի հետ

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Վանիկ Եպիսկոպոսյանը
Վանիկ Եպիսկոպոսյանը

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»


Բելառուսում ծնված ու մեծացած Դիանան այս տարվա սկզբին կամավորական ծրագրի մասնակցելու համար երկու ամսով եկավ Հայաստան, բայց արդեն 7-րդ ամսին է՝ այստեղ է: Ծնողներին տեղեկացրել է, որ մշտական բնակության է տեղափոխվում Հայաստան: Առաջիկա 2 տարվա համար Դիանան արդեն հստակ ծրագրեր ունի: Միացել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին ու սեպտեմբերից աշխատելու է դպրոցում՝ օգնելով հեռավոր բնակավայրերում ապրող երեխաներին ստանալ լավ կրթություն:

 

««Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաքելությունն ինձ շատ հոգեհարազատ է: Երբեք չեմ հասկացել ուսուցիչներին, որոնք ուղղակի գնում են աշխատելու, ժամանակ անցկացնելու, գումար վաստակելու: Մյուս կողմից մտածում եմ, որ ամեն մեկս կարող ենք երեխայի մեջ մի բան  փոխել, ցույց տալ կյանքի մյուս կողմերը, ինչ-որ բան բացահայտել նրա համար: Այս բոլոր գործոններն ինձ ուղղորդեցին «Դասավանդի՛ր, Հայաստան»», - ասում է Դիանան:

 

Ծնողները դեռ չգիտեն, որ սեպտեմբերից Դիանան տեղափոխվելու է Արցախ՝ Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղ: Չի ուզում նորությունը հեռախոսով հայտնել, շուտով մեկնելու է Մինսկ, որ ամեն ինչ բացատրի ու փարատի ծնողների անհանգստությունը:

Դիանան Դիանան

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Դիանայի նման 62 երիտասարդ այս սեպտեմբեր մտնելու են Հայաստանի եւ Արցախի հեռավոր շրջանների դպրոցներ՝ երեխաներին սովորեցնելու սիրել ու կարեւորել կրթությունը, բացահայտել ու հավատալ իրենց հնարավորություններին: «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի 4-րդ սերունդը սկսում է իր առաքելությունը:

 

Հայաստանից եւ սփյուռքից ավելի քան 550 հայեր ցանկություն էին հայտնել մասնակցելու ծրագրին: Մի քանի փուլ անցնելուց հետո՝ նրանցից 63-ը հուլիսին մեկնել էր Վանաձոր՝ Ամառային ինստիտուտ: Տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդները հինգշաբաթյա ինտենսիվ վերապատրաստումից հետո դասավանդելու են Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի եւ Արցախի դպրոցներում:

 

«Մեր մասնակիցները երկրի զարգացումը տեսնում են միայն կրթության ճանապարհով՝ հասկանալով, որ մենք չենք կարող ունենալ հզոր երկիր, հզոր համայնքներ, հզոր  սահման, եթե մեր երեխաները կրթված չլինեն: Ցավոք, այսօր ոչ միայն ուսուցիչների թվի, այլեւ որակի շատ մեծ խնդիր կա: Այդ երկու տարում մեր մասնակիցները կապվում են երկրի հետ, սկսում են սիրել մարդկանց, տեսնում են, որ ամեն երեխա իսկապես ունի ներուժ եւ ինչքան ափսոս է, որ մեր կրթական համակարգի պատճառով շատերը հնարավորություն չեն ունենում այդ ներուժը բացահայտելու: Մենք ներդրում ենք անում այս մարդկանց մեջ, որովհետեւ վստահ ենք, որ նրանք են գտնելու ճանապարհներ, որպեսզի չունենանք այն խնդիրը, որ հիմա փորձում ենք լուծել՝ անհավասար կրթական համակարգ, որը չի ծառայում ամեն երեխայի»,- ասում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը:

Լուսինե Ղարիբյանը զրուցում է Լարիսա Հովհաննիսյանի հետ Լուսինե Ղարիբյանը զրուցում է Լարիսա Հովհաննիսյանի հետ

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Ծրագիրն ավարտած ուսուցիչներն ու այս պահին դեռ դասավանդողները հավաքվել էին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ բարի ընթացք մաղթելու նոր մասնակիցներին: Ներկա էին նաեւ դպրոցների տնօրեններ, որոնց բնորոշմամբ՝ երիտասարդ ուսուցիչները նոր շունչ են բերում իրենց համայնքներ: Շատ տնօրեններ իրենց գործընկերների խորհրդով են դիմում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին՝ խնդրելով ուսուցիչ գործուղել իրենց դպրոց:

 

Ծրագիրը տեւում է 2 տարի, բայց ոմանք իրենց ցանկությամբ շարունակում են դասավանդել արդեն հարազատ դարձած դպրոցներում: Որպեսզի աշխատանքն արդյունավետ լինի, ազդեցությունը՝ երկարատեւ, ծրագիրն ավարտած մասնակիցներին նույն դպրոցում փոխարինում են նոր ուսուցիչները:

 

Լոռու մարզի Ուրասար համայնքում հունիսին հրաժեշտ տվեցին մաթեմատիկայի, անգլերենի եւ պատմության ուսուցիչներին, պատրաստվում են դիմավորել նորերին:

Վանիկ Եպիսկոպոսյանը Վանիկ Եպիսկոպոսյանը

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Վանիկ Եպիսկոպոսյանը կնոջ հետ որոշել է ընտանեկան կյանքը սկսել Երեւանից հեռու, ինքնուրույն, միասին դժվարությունները հաղթահարելով: Ինքը պատմություն է դասավանդելու, կինը՝ քիմիա, ու որ ամենագլխավորն է՝ աշխատանքի մեջ կարեւոր իմաստ է լինելու:

 

«Փորձում ենք էներգիայի պահպանման օրենքը կիրառել կյանքում: Էներգիան ոչ մի տեղից չի առաջանում եւ ոչ մի տեղ չի կորչում: Դրականը քո մեջից դուրս է գալիս, պտտվում, ու էլի հետ՝ քեզ է գալիս»:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին