100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ «Համբույրը» - Mediamax.am

2843 դիտում

100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ «Համբույրը»


Լուսանկարը` Ալֆրեդ Էյզենշտադ


Ամերիկյան Time ամսագիրը ընտրել է «Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 լուսանկարները»: Մեդիամաքսը պարբերաբար իր ընթերցողներին կներկայացնի Time-ի պատմությունները այդ լուսանկարների ստեղծման մասին:

 

Ալֆրեդ Էյզենշտադ՝ «Համբույրը»

 

Նյու Յորք, 1945 թվական

 

Ալֆրեդ Էյզենշտադը Life ամսագրի առաջին չորս լուսանկարիչներից մեկն էր, ով սկսեց տպագրվել պարբերականում 1936 թվականից սկսած` հիմնադրման օրից: Ամսագրի մոտ 90 շապիկների հեղինակը հենց Էյզենշտադն է, որին «XX դարի դասական» են անվանում:

 

Լուսանկարչին մեծ համբավ բերեց 1945 թվականի օգոստոսի 14-ին՝ Նյու Յորքի Times Square-ում (Թայմս հրապարակում) արված համբուրվող զույգի կադրը: Լուսանկարիչը համբուրվող զույգին ֆիքսել էր երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի դեմ տարված հաղթանակի կապակցությամբ կազմակերպված շքերթի ընթացքում: Լուսանկարչին մի կադրով հաջողվեց փոխանցել հաղթանակի ողջ բերկրանքը:

 

 

«Վստահ եմ, մարդիկ մոռանալու են անունս, բայց հաստատ հիշելու են՝ մի լուսանկարիչ կար, ով Երկրորդ Աշխարհամարտի վերջում նկարահանել էր բուժքրոջը համբուրող նավաստուն», - ասում էր հեղինակը:

 

Լուսանկարը հստակ անվանում չունի, սակայն այն հիմնականում հայտնի է «Համբույրը» անունով: Հեղինակը վաճառել էր լուսանկարը Life-ին: Հետագայում համբուրվող զույգի լուսանկարը բազմիցս վերատպվել էր:

 

Երկար ժամանակ անհայտ էր մնում լուսանկարին պատկերված համբուրվող տղամարդու ու կնոջ ով լինելը: Հետաքրքրականն այն էր, որ չնայած կրքոտ համբույրին, տղամարդն ու կինն իրականում անծանոթներ էին: Միայն 1970-ականներին պարզ դարձավ, որ լուսանկարի հերոսուհին բուժքույր Էդիթ Շեյնն էր, իսկ նավաստու ինքնության հարցն ավելի բարդ էր:

 

Տարիներ շարունակ Գլեն Մաքդաֆի անունով նավաստին պնդում էր, որ հենց ինքն է լուսանկարի բուժքրոջը համբուրող տղամարդը: Այլ տղամարդիկ, մասնավորապես, Ջորջ Մենդոսն ու Կարլ Մուսկարելոն, եւս պնդում էին, որ հենց իրենց է լուսանկարել Էյզենշտադը Նյու Յորքում:

 

2007 թվականին Գլեն Մաքդաֆին դատաբժշկական քննության ենթարկեց լուսանկարը, որի արդյունքում պարզվեց, որ Էյզենշտադը հենց իրեն է լուսանկարել: Մաքդաֆին նշել էր, որ պարզ հիշում է Շեյնի հետ համբույրը, քանի որ վերջինս շատ հաստ շուրթեր ուներ: Գլեն Մաքդաֆին մահացավ 2014 թվականին Դալասում՝ 86 տարեկանում: Շեյնը մահացել էր ավելի վաղ՝ 2010 թվականին:

 

Time ամսագիր

 

Պատրաստեց Լենա Գեւորգյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին