100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ Սենկվեկվե գորիլան - Mediamax.am

2009 դիտում

100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ Սենկվեկվե գորիլան


Լուսանկարը` Բրենտ Սթիրտոն


Ամերիկյան Time ամսագիրը ընտրել է «Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 լուսանկարները»: Մեդիամաքսը պարբերաբար իր ընթերցողներին է ներկայացնում Time-ի պատմությունները այդ լուսանկարների ստեղծման մասին:

 

Բրենթ Սթիրտոն, Սենկվեկվե գորիլան

 

Լեռնային արծաթամեջք Սենկվեկվե գորիլան կշռում էր 227 կգ: Նրա դին ինքնաշեն պատգարակին ամրացնելուց հետո այն հատակից կարողացան պոկել միայն 12 տղամարդիկ:

 

Բրենտ Սթիրտոնը լուսանկարել է այս տեսարանը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Վիրունգայի ազգային արգելոցում: Սենկվեկվեն եւ մի քանի այլ գորիլաներ սպանվել էին արգելոցում ծավալված դաժան հակամարտության արդյունքում: Այդ արգելոցում է բնակվում անհետացման եզրին գտնվող լեռնային գորիլաների կեսը:

 

Երբ 2007թվականին Սթիրտոնը լուսանկարեց Սենկվեկվեին հարգալից կերպով անտառից դուրս բերող բնակիչներին եւ արգելոցի աշխատակիցներին, անտառը պաշարում էին՝ ծառերը ապօրինի կտրելու եւ փայտածխի արդյունաբերության մեջ դրանք օգտագործելու նպատակով: Այդ գործողությունները թափ էին առել Ռուանդայի ցեղասպանությունից հետո:

 

Լուսանկարում պատկերած հսկա, բայց միանգամայն մարդկային տեսք ունեցող Սենկվեկվեն հիշեցում էր, որ Կենտրոնական Աֆրիկայի հակամարտությունները խլում են ոչ միայն մարդկանց, այլեւ կենդանիների կյանքը:

 

Newsweek ամսագրում Սթիրտոնի լուսանկարի հրապարակումից երեք ամիս անց Աֆրիկայի ինը երկրներ (ներառյալ Կոնգոն) ստորագրեցին իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագիր՝ Վիրունգայի լեռնային գորիլաների պաշտպանության մասին:

 

Time ամսագիր

 

Պատրաստեց Աննա Բուբուշյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին