Վեցամյա Հայկն առաջին կռվում արդեն հաղթել է - Mediamax.am

exclusive
15155 դիտում

Վեցամյա Հայկն առաջին կռվում արդեն հաղթել է


Հայկ Ներսեսյանը
Հայկ Ներսեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Ներսեսյանը
Հայկ Ներսեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Ներսեսյանը
Հայկ Ներսեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Ներսեսյանը
Հայկ Ներսեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Ներսեսյանը
Հայկ Ներսեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Ներսեսյանը
Հայկ Ներսեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Ներսեսյանը
Հայկ Ներսեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պայծառ Ներսեսյանը որդու հետ
Պայծառ Ներսեսյանը որդու հետ

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը սկսում է «Հաղթողները» պատմությունների շարքն այն մարդկանց մասին, ում կյանքը ձեռնոց է նետել եւ ով ընդունել է մարտահրավերն եւ հաղթող դուրս եկել:

 

6-ամյա Հայկի կյանքի պատմությունը ծնված օրվանից հրաշք է հիշեցնում: Կանգնակին կանգնած՝ Հայկը դիմավորում է ինձ, ու ծանոթացնում սիրելի խաղալիքների հետ՝ փրկարարներ, հրշեջ մեքենաներ՝ հրդեհի պահին արագ օգնության հասնելու համար… Հայկի ձեռքերում քայլելու ու փրկարար դառնալու երազանքներն են, որ այսօր խաղալիքների տեսքով շարված են նրա սեղանիկին, իսկ վաղը դառնալու են ընտրված մասնագիտություն ու սիրելի աշխատանք:

 

6-ամյա Հայկի կյանքի պատմությունը ծննդյան օրվանից պայքար է՝ նախ հանուն կյանքի ու գոյության իրավունքի, ապա՝ հանուն ինքնուրույն քայլելու: Հայկի կյանքը ճակատագրին հաղթելու չմարող հավատի մի երկար շղթա է ու անհնարինը հնարավոր դարձնելու վառ ապացույց :

 

Մայրը՝ Պայծառ Ներսեսյանը, որդու գոյության 6 տարիներին ապրած դժվարությունների մասին խոսելիս հուզվում է, աչքերը թացվում են, երբ կյանքի կծիկը քանդելիս հասնում է սկզբին:

 

- Ծանր հղիություն էի տանում, ճնշումս այնքան էր բարձրանում, որ վտանգում էր կյանքս:  Հղիության 5-րդ ամսում հիվանդանոց ընկա: Բժիշկները ծնողներիս ասացին՝ պետք է ընդհատել հղիությունը, որպեսզի գոնե ձեր աղջկա կյանքը կարողանանք փրկել: Հինգուկես ամսականում կեսարյան հատում արեցին, տղաս ծնվեց 600 գրամ քաշով: Բժիշկներն ասացին՝ սա երեխա էլ չէ, բույս է, չի ապրի, ավելի լավ է հիմա հրաժարվեք նրանից, որ հետո ավելի ծանր ապրումներ չունենաք,- պատմում է Պայծառն ու ցույց տալիս համակարգչում պահված նորածին Հայկի նկարները՝ ասես ինձ ու ձեզ պես անհավատներին ապացուցելու համար, թե մարդկային սերն ու հավատն ինչպես կարող են 600 գրամ ծնված պտուղը զարգացած երեխայի վերածել:

Պայծառ Ներսեսյանը որդու հետ Պայծառ Ներսեսյանը որդու հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

 -Երբ 40 օրը լրացավ, լողացրի տղայիս՝ ինչպես կարգն է… Ընդամենը 900 գրամ էր: Այն ժամանակ էլ էին ասում՝ ինչո՞ւ ես լուսանկարում, ինչո՞ւ ես պահում այդ նկարները, մեկ է՝ չի ապրելու… Բայց ես ասում էի՝ ի՛մ տղան է, ես գիտեմ, որ նա ապրելու է:

 

Առողջական բազմաթիվ խնդիրներով ծնված Հայկի ապրելու շանսին չի հավատացել նաեւ հայրը: Երեխայից հրաժարվելու առաջարկին կնոջ մերժողական պատասխանն ստանալուց հետո նա հեռացել է՝ ինքն իր համար բացառելով որդու ապրելու հնարավորությունը: Հայրական սիրո եւ ուշադրության պակասը Հայկի կյանքում լրացրել են մայրը, ընկերները ու այն հարյուրավոր անծանոթները, որոնք հատկացումներ են արել նրա ապրելու ու քայլելու երազանքն իրականացնելու համար:

 

Կյանքի 6 տարիների ընթացքում Հայկը մի քանի անգամ կլինիկական մահ է տարել՝ ժխտելով բժիշկների բոլոր գիտական կանխատեսումները, թե չի ապրի:  Իսկ մայրը  երբեւէ չի դադարել հավատալ, որ որդին հերթական փորձությունը հաղթահարած է դուրս գալու:

 

Տարիներ շարունակ Հայկը բուժման կուրսեր է անցել  Հայաստանի վերականգնողական կենտրոններում, եւ միայն 4 տարեկանում է հայտնաբերվել, որ երեխայի մոտ առկա է կոնքի երկկողմանի հոդախախտ: 

 

-Մանկական ուղեղային կաթվածով էր ծնվել Հայկս, չէր քայլում, բայց ես միշտ պատկերացնում էի նրան քայլելիս, դպրոցում, համալսարանում սովորելիս,- ասում է Պայծառը, ու աչքերը նորից թացվում են:- Երբ 4 տարեկանում տարանք Մոսկվա, բժիշկը նայեց ծնված ժամանակ տրված էպիկրիզին ու իր առջեւ նստած Հայկին, ու ասաց՝ սա նույն երեխա՞ն է: Զարմացել էր, որ չորս տարում մենք այդքան դրական տեղաշարժ ենք ունեցել:

Հայկ Ներսեսյանը Հայկ Ներսեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անցած ճանապարհը հեշտ չի եղել. հուսահատության պահեր թեպետ եղել են, բայց Պայծառը հանձնվել չի շտապել:

 

-Պետք է պարզապես ամբողջ հոգով, մարմնիդ բոլոր նյարդերով ու բջիջներով ցանկանաս ինչ-որ բան, ու ամեն ինչ կստացվի: Ես միշտ եմ հավատացել, որ Հայկիս մոտ ամեն ինչ լավ է լինելու,- ասում է նա:

 

Հենց Մոսկվա այցելության ժամանակ էլ բժիշկն առաջարկում է կոնքահոդերի վիրահատություն անել գերմանական կլինիկաներից մեկում, հավատացնում՝ վիրահատությունը Հայկին կարող է քայլելու հնարավորություն տալ:

 

- Գերմանիայում վիրահատական սեղանին հասնելը շատ դժվար էր. ահռելի գումար էր անհրաժեշտ, որը մենք չունեինք, հիվանդանոցում բուժվելու համար պետք էր մի քանի տարի առաջ հերթագրվել… Չգիտեի՝ ինչ անել, որտեղից սկսել: Բայց, փառք Աստծո, իմ ընկերների, ինձ շրջապատող մարդկանց աջակցությունն ու մեզ օգնելու ցանկությունն այնքան մեծ էր, որ կարողացանք հաղթահարել այդ ճանապարհն ու հասնել Գերմանիա,- ասում է Պայծառը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկի աջ կոնքահոդի վիրահատությունն արդեն արվել է՝ 2016-ի սեպտեմբերի 17-ին: Մեկամսյա վերականգնողական կուրսն անցելուց հետո նա եւ նրա մայրը վերադարձել են Հայաստան: Ձախ կոնքահոդի վիրահատությունը նշանակված է  մարտի 1-ին: Ամեն ինչ բարեհաջող անցնելու դեպքում Հայկը 6 ամսվա ընթացքում կկարողանա ինքնուրույն քայլել ու կհասցնի հասակակիցների հետ գնալ առաջին դասարան :

 

Պայծառը 6 տարի շարունակ մտովի պատկերացրել է, թե ինչպես է որդուն ոչ թե բժշկի, այլ դպրոց ուղեկցում, ինչպես է Հայկն իր բազմաթիվ նախասիրություններից ընտրում մեկն ու որոշում, թե հատկապես որ խմբակն է ուզում հաճախել…

Հայկ Ներսեսյանը Հայկ Ներսեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

-Շատ լավ լսողություն եւ երաժշտական ճաշակ ունի, նկարել է սիրում, լեզուները շատ հեշտ է յուրացնում, վարժ խոսում է ռուսերեն...,-  ասում է Պայծառն ու ավելացնում:- Ես երբեք չեմ ստիպել նրան ինչ-որ բանով զբաղվել կամ ինչ-որ խաղալիքով խաղալ: Նա միշտ ինքն է որոշել՝ երբ ինչով զբաղվի: Հիմա էլ, երբ սկսի քայլել ու դպրոց գնալ, ոչինչ չեմ պարտադրելու.. . Կարեւորն այն է, որ պիտանի մարդ դառնա, որ կարողանա նկատել դրականը, բարին, որ սիրով նայի մարդկանց:

 

6-ամյա Հայկի կյանքի պատմությունը ծննդյան օրվանից պայքար է՝ նախ հանուն կյանքի, ապա՝ հանուն ինքնուրույն քայլելու:  Առաջին կռվում նա արդեն հաղթել է…

 

Տաթեւիկ Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին