Միայնությունը հաղթածները - Mediamax.am

exclusive
7042 դիտում

Միայնությունը հաղթածները


Հայկազ պապն ու տիկին Արաքսյան
Հայկազ պապն ու տիկին Արաքսյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Արաքսյան
Տիկին Արաքսյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկազ պապը
Հայկազ պապը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկազ պապը
Հայկազ պապը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Արաքսյան
Տիկին Արաքսյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկազ պապը
Հայկազ պապը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Եկեք, եկեք, երեխեք ջան, մի հատ սուրճ կխմենք, նոր ձեր հարցերը կտաք,- տիկին Արաքսյան 18-ամյա օրիորդի աշխուժությամբ վեր է կենում ու սկսում սուրճի պատրաստություն տեսնել:

 

- Որ մեկի տուն ես գնում, կնոջ հյուրասիրությունից պետք է զգաս, որ օջախ ես մտնում,- ասում է ամուսինը՝ Հայկազ Աթոյանը:

 

83-ամյա տիկին Արաքսյան ու 88-ամյա Հայկազ պապը Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչներ են: 8 տարի առաջ հայտնվելով ինտերնատում՝ որոշել են ամուսնանալ ու ճակատագրով սահմանված միայնությունը հաղթահարել միասնությամբ:

 

- Ես արդեն էստեղ էի ապրում, որ Հայկս եկավ: Աչքերը նոր էին վիրահատել: Մի օր ասավ՝ քուրի՛կ ջան, աչքերիս դեղ կկաթացնե՞ս: Ասի՝ հա: Մի օր կաթացրի, երկու օր կաթացրի… Մի քանի օր հետո ասավ՝ կամուսնանա՞ս իմ հետ,- պատմում է տիկին Արաքսյան։ - Մենակ, անտեր կին էի, մտածեցի՝ ամուսնանամ, գոնե մեկը տիրություն կանի, մի զրուցընկեր կունենամ…

Հայկազ պապը Հայկազ պապը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Արաքսյայի աչքերը ջրակալում են:

 

Հայկազ պապն ամուսնության առաջարկն անելիս երկար է մտածել: Նախ ուսումնասիրել է տիկին Արաքսյայի վարքը, մաքրասիրությունը, խոհանոցային հմտությունները, խորհրդակցել տուն-ինտերնատի տնօրենի հետ եւ միայն այդքանից հետո որոշում կայացրել:

 

- Մեր տնօրենին ասի՝ էսպիսի բան եմ որոշել, մեզ հարմար սենյակ կտա՞ս: Ասեց՝ Հայկա՛զ ջան, սենյակ կա, բայց ռեմոնտ արած չի: Ասի՝ ոչինչ, ես ինչ պետք է կանեմ: Կարեւորը՝ միասին ապրենք,- ասում է Հայկազ պապն ու մատնացույց անում «հարսանիքի նվերները»,- Էս պահարանը, մահճակալները մեր ամուսնության առթիվ են նվիրել: Հեռուստացույցը, սառնարանը ես եմ իմ տնից բերել… Ամեն ինչ էլ ունենք՝ ոնց որ իսկական տանը:

 

Տուն-ինտերնատի 2-րդ հարկում հատկացված սենյակում ամեն ինչ իսկապես տան նման է՝ սկսած համեստ կահավորանքից վերջացրած ընտանեկան լուսանկարներով ու սենյակային ծաղիկներով…  Ընտանիքի դրսի գործերի պատասխանատուն Հայկազ պապն է. ամեն ամիս թոշակը ստանալիս գնում է շուկա ու կատարում անհրաժեշտ գնումները՝ իհարկե, նախապես խորհրդակցելով տիկին Արաքսյայի հետ: Տանը նրան են սպասում սիրելի կինն ու համեղ որեւէ ուտեստ՝ հատուկ իր համար պատրաստված:

 

- Տոլմա է շատ սիրում Հայկս, տապակած հավ… Բայց պահանջկոտ չի, աչքը լի է, ինչ էլ պատրաստեմ, սիրով ուտում է,- ասում է նա:

 

 Տիկին Արաքսյան մեկ տղա, երեք աղջիկ, քսանյոթ թոռ ու ծոռ ունի: Տուն-ինտերնատում ապրելու 8 տարիների ընթացքում երեխաներից ոչ մեկը չի այցելել նրան: Չի դժգոհում: «Թող լավ լինեն, թող ինձ չայցելեն»,- ասում է նա: Կյանքի 83 տարիներին հետ հայացք նետելիս տիկին Արաքսյան այսօր էլ չի հասկանում, թե ինչպես կարողացավ առաջին ամուսնու մահից հետո 4 տեղ աշխատել ու մեծացնել 4 երեխաներին, ինչպե՞ս ստացվեց, որ միակ որդին վաճառեց 3-սենյականոց բնակարանն ու իրեն անտուն թողեց, ինչու 4 երեխաներից ոչ մեկը ծերության պահին չցանկացավ խնամել իրեն…

Տիկին Արաքսյան Տիկին Արաքսյան

Լուսանկարը` Մեդիամաքս

- 1988-ին ամուսինս մահացավ քաղցկեղից: Դրանից հետո համ հեր եմ եղել իմ երեխեքի համար, համ մեր: 27 տարի Մերգելյան ինստիտուտում եմ աշխատել, հավաքարարություն եմ արել, զավոդում եմ աշխատել... Բոլորին հարսանիքով ու օժիտով ամուսնացրել եմ, որ ոչ մի բանի պակաս չզգան,- տիկին Արաքսյայի ձայնը դողում է օդում,- Ես ոչ մի բան չեմ պահանջում նրանցից, ինձ էլ, Հայկիս էլ ասել եմ՝ ես ոչ մեկին չունեմ, ես մենակ եմ… Բայց գիշերը որ պառկում եմ քնելու, սիրտս կտոր-կտոր է լինում, մտածում եմ՝ ախր ինչո՞ւ էսպես ստացվեց…

 

Հայկազ պապը կնոջ հուզմունքը հումորով է կտրում.

 

- Լավ, լավ, մի՛ հուզվի, մեծ կնիկ ես: Փոխարենը իմ երեխեքն են քեզ շատ սիրում, իմ ու քո երեխեն ո՞րն է:

 

Հայկազ պապն առաջին ամուսնությունից երեք տղա, մեկ աղջիկ ունի: 40 տարվա համատեղ կյանքն ընդհատել է կնոջ անժամանակ մահը: Կնոջից հետո Հայկազ պապը փորձել է որդու ու նրա ընտանիքի հետ ապրել: Հարմարվել, սակայն, չի կարողացել:

 

- Մի քանի ամիս ապրեցի մի տղուս հետ, հետո չուզեցի նրանց խանգարեմ: Մտածեցի՝ ավելի լավ է գամ էստեղ, իրենք էլ երբ կկարողանան՝ կայցելեն: Փառք աստծու, լավ երեխեք ունեմ, ամիսը մեկ, երկու ամիսը մեկ այցելում են, կամ մենք ենք իրենց հյուր գնում… Պառավիս էլ նենց լավ հարգում-պատվում են, որ ասելու չի,- ասում է նա:

 

Հայկազ պապը 55 տարվա աշխատանքային ստաժ ունի: Կյանքի 88 տարիների ընթացքում ինչ գործ ասես որ չի արել՝ բանվորությունից մինչեւ վարորդի աշխատանք.

 

- 15 տարեկանում արդեն 3 տարվա ստաժ ունեի: Որ ամուսնացա, սկսեցի շոֆեռություն անել, միրգ-բանջարեղենի առեւտուր էի անում… Ես հարգված տղա եմ եղել, երեխեքիս ամեն ինչով ապահովել եմ՝ մի տղուս տուն եմ նվեր տվել, էն մի տղուս՝ 2000 դոլար, տունս ծախեցի, էն մեկին փող տվեցի, գնաց կրվեց…,- ասում է նա ու ձեռքը թափ տալիս,- որ չտայի, չէր կրվի, ես էլ տուն կունենայի…

Հայկազ պապը Հայկազ պապը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր այցելության պահին Հայկազ պապը նոր էր դուրս գրվել հիվանդանոցից: Ապրած-չապրածի, արած-չարածի համար չի ափսոսում: Միակ բանը, որ անհանգստացնում է, օրեցօր վատթարացող առողջությունն է ու հաճախադեպ դարձած նոպաները:

- Արդեն 3-րդ անգամ գնում եմ էն աշխարհ, չեն ընդունում, հետ են ուղարկում, ասում են՝ դեռ քո ժամանակը չի,- կատակում է նա:

 

Տիկին Արաքսյան, ով մինչ այդ չէր ընդհատում, ամուսնուն կորցնելու հնարավոր վտանգի մասին լսելիս չի դիմանում, միջամտում է.

 

- Որ Հայկս հիվանդանոց է ընկնում, ես էլ եմ վատանում, աղջի՛կ ջան: Ռսի ասած՝ էնքան եմ պերեժիվատ անում, չես պատկերացնի: Մի կտոր հացն ինչ է, կուլ չի գնում…

 

Ահա այսպես արդեն 8 տարի տիկին Արաքսյան ու Հայկազ պապը տուն-ինտերնատի իրենց սենյակում միասին հաղթում եմ միայնությունը․․․

 

Տաթեւ Սարգյսան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին