Անի հյուրանոց եւ «Ուրարտու» ռեստորան` կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
29300 դիտում

Անի հյուրանոց եւ «Ուրարտու» ռեստորան` կենդանի պատմություն

Մեդիամաքս-ի «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսը» «Անի» հյուրանոցն է:

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ

Գրիգոր Հասրաթյանը Շարլ Ազնավուրին ցուցադրում է «Անի» հյուրանոցի նախնական տարբերակի մանրակերտը
Գրիգոր Հասրաթյանը Շարլ Ազնավուրին ցուցադրում է «Անի» հյուրանոցի նախնական տարբերակի մանրակերտը

Լուսանկարը` Ռ. Հասրաթյանի անձնական արխիվից

Էդուարդ Սաֆարյան
Էդուարդ Սաֆարյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Է. Սաֆարյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Է. Սաֆարյանի անձնական արխիվից

Հյուրանոցի Ձմեռային այգու եւ մառանի նախագիծը
Հյուրանոցի Ձմեռային այգու եւ մառանի նախագիծը

Լուսանկարը` Է. Սաֆարյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «Անի» հյուրանոցի բուկլետ

Լուսանկարը` «Անի» հյուրանոցի բուկլետ

Լուսանկարը` «Անի» հյուրանոցի բուկլետ

Լուսանկարը` «Անի» հյուրանոցի բուկլետ

Լուսանկարը` «Անի» հյուրանոցի բուկլետ

Լուսանկարը` «Անի» հյուրանոցի բուկլետ

Լուսանկարը` «Անի» հյուրանոցի բուկլետ


Մեդիամաքս-ի «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսը» «Անի» հյուրանոցն է: Կառուցվելով 1970 թվականին, այն շատ երեւանցիների համար դարձավ մի վայր, որտեղ կարելի էր ծանոթանալ օտարերկրացիների կյանքի տարբեր նրբերանգներին, կամ էլ առնվազն լավ ժամանակ անցկացնել`հյուրանոցի «Ուրարտու» ռեստորանում:

Հյուրանոցի ճարտարապետ Էդուարդ Սաֆարյան. այն տարիներին Անիի մասին շատ քիչ էին խոսում

 

Ի սկզբանե «Անի»-ի երեք հեղինակներս` Ֆենիքս Դարբինյանը, Ֆելիքս Հակոբյանը եւ ես, նախագծել էինք Աբովյան փողոցի բնակելի շենքը, որի վերջում պետք է վեր խոյանար բարձրահարկ հյուրանոցային մասնաշենք: Սակայն հետո մտածեցինք, որ հարկավոր է հյուրանոցն առանձնացնել:

 

Հատված «Երեւանյան երազողներ» (1983) ֆիլմից` տրամադրված Հեռուստաֆիլմերի «Երեւան ստուդիայի կողմից»:

 

Որոշվեց այն անվանել «Անի»` մեր հին մայրաքաղաքի անունն անմահացնելու համար: Այն ժամանակ Անիի եւ ընդհանրապես Արեւմտյան Հայաստանի մասին շատ քիչ էին խոսում:

 

Անի հյուրանոց
դոսյե
Անի հյուրանոց

Շենքի կառուցման ժամանակ օգտագործեցինք սեկցիոն տիպի կառույցների օրինակը: Վերեւի հարկում նախատեսում էինք կառուցել նաեւ մեծ լողավազան, բայց հետո մեզ ասացին, որ դա ընդունելի չէ սեյսմիկ անվտանգության տեսանկյունից: Այնպես որ լողավազանի փոխարեն սրճարան նախագծեցինք:

 

Հայաստան շատ զբոսաշրջիկներ էին այցելում, եւ ծրագիր կար ընդլայնել հյուրանոցը`  հարակից տարածքների հաշվին: Հիմա «Անի»-ի հարեւանությամբ շինարարություն է ընթանում: Հենց այդ տարածքի համար ժամանակին նախագծել էի հյուրանոցի երկրորդ հատվածը, որտեղ կլինեին նաեւ շատրվաններ: Սակայն ինչ-ինչ հանգամանքներ դրան խանգարեցին:

 

Էդուարդ Սաֆարյան

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հիշում եմ հյուրանոցի բացման արարողությունը: Մոսկվայից, Թիֆլիսից շատ հյուրեր ունեինք: Հյուրանոցի երկրորդ հարկում գտնվող ռեստորանում կազմակերպվել էր հատուկ ընդունելություն:

 

Այդ տարի «Անի» հյուրանոցի նախագիծն արժանացավ ԽՍՀՄ Ճարտարապետների միության պատվոգրին՝ որպես տարվա լավագույն օբյեկտ:

 

«Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սուրեն Օհանյան. բար մի կերպ էինք մտնում

 

1960-ական թթ. սկսվեց ազգային զարթոնքի շրջանը, երբ բարձրացվում էին Արեւմտյան Հայաստանի եւ Հայոց Ցեղասպանության հարցերը: Հյուրանոցի անվան ընտրությունն այս իմաստով պատահական չէր:

 

Հիշում եմ, երիտասարդ տարիներին մեզ շատ էր գրավում «Անի» հյուրանոցի բարը: Այնտեղ հայտնվելը դժվար էր` տարիքի պատճառով մեզ հաճախ ներս չէին թողնում: Մի կերպ ներս մտնելու համար ծանոթ էինք գտնում, համոզում բարմենին կամ հյուրանոցի դռնապանին:

 

«Անի» հյուրանոցի ավագ աշխղեկ Կառլեն Ղարիբյան. Քոչինյանն ասաց, որ սեղան չի նստի, մինչեւ բանվորներին ներս չթողնեն

 

«Անի» հյուրանոցի կառուցումը սկսվեց 1964 թ.-ին՝ ավագ աշխղեկ Ալբերտ Սարգսյանի ղեկավարությամբ: Նա կատարել էր միայն հողային աշխատանքները եւ հիմքերի կառուցումը: Նրանից հետո ավագ աշխղեկ նշանակվեց Վիկտոր Վիրաբյանը եւ մինչեւ 1967 թ-ը նրա գլխավորությամբ կառուցվեց շենքի կմախքը՝ մինչեւ 5-րդ հարկ: 1967 թ.-ին ես նշանակվեցի Անի հյուրանոցի ավագ աշխղեկ՝ շարունակելով Վիրաբյանի գործը:

 

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ:

 

«Անի» հյուրանոցը առաջին 16 հարկանի շենքն էր Երեւանում: Հյուրանոցը կառուցում էր քաղաքային խորհուրդը, ֆինանսական միջոցները շատ սուղ էին: Այդ ժամանակ հանրապետությունը հասարակական շենքերի ֆինանսավորմանը քիչ միջոցներ էին հատկացվում, քանի որ առաջնայինը բնակելի շենքերի կառուցումն էր:  

 

Շինարարության սկզբնական արժեքը 3 միլիոն ռուբլի էր: Դա շատ քիչ էր, եթե հաշվի առնենք, որ նույն ժամանակաշրջանում Թիֆլիսում «Իվերիա» հյուրանոցը կառուցվել էր 10 միլիոն ռուբլով, իսկ Ադրբեջանի մայրաքաղաքի «Բաքու» հյուրանոցը՝ 15 միլիոն ռուբլով:

 

Նախագծով նախատեսվում էր հյուրանոցը շահագործման հասցնել 1970 թ-ին, քանի որ այդ տարի մեծ շուքով նշվելու էր ԽՍՀՄ ձեւավորման 50-ամյակը: Մեծ թվով հյուրեր էին սպասվում Երեւանում, եւ պետք էր արագացնել շինարարության ընթացքը:

 

Քանի որ շինարարությունը ֆինանսական սուղ միջոցներով էր տարվում, Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը միջնորդեց, որպեսզի հյուրանոցի կառուցմանն աջակցի «Ինտուրիստ» կազմակերպությունը: «Ինտուրիստ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իլյա Գեւորգովի ջանքերով լրացուցիչ միջոցներ տրամադրվեցին, եւ շինարարության արժեքը կազմեց 5 միլիոն՝ նախկին 3-ի փոխարեն:

 

Հատված «Երեւանյան էսքիզներ» (1968) ֆիլմից` տրամադրված Հեռուստաֆիլմերի «Երեւան ստուդիայի կողմից»:

 

Դա թույլ տվեց, որպեսզի, օրինակ, արտասահմանից մահճակալներ ներկրենք 360-ից ավել հյուրանոցային համարների համար: Նախագծի համաձայն, նախատեսվում էր ունենալ մեկ եւ երկու հոգու համար նախատեսված համարներ: Հյուրանոցն ունենալու էր ռեստորան երկրորդ հարկում`400-500 հոգու համար:

 

Շինարարության ընթացքին ուշադիր հետեւում էր Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը: Նա առանց թիկնապահների ուղեկցության գալիս էր շինհրապարակ` Երեւանի քաղխորհրդի ղեկավար Գրիգոր Հասրաթյանի հետ: Հիշում եմ, մի անգամ պահակները չէին ճանաչել Անտոն Քոչինյանին եւ կոպիտ էին խոսել նրա հետ:

 

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ:

 

Հյուրանոցի կառուցման վրա աշխատող բանվորները շատ մեծ սիրով ու պատասխանատվությամբ էին աշխատում: 3 տարի անց հյուրանոցը պատրաստ էր: Պաշտոնական բացման օրը «Ինտուրիստը» մեծ բանկետ էր կազմակերպել՝ ի պատիվ շինարարների եւ ղեկավարության: Ինձ հանձնարարել էին 10 ոսկյա կրծքանշան պատվիրել՝ «Անի» հյուրանոցի պատկերով: Առաջինը նվիրեցինք Անտոն Քոչինյանին, իսկ թվով 8-րդ կրծքանշան ինձ հասավ:

 

Բացման ժամանակ Անտոն Քոչինյանը շրջեց հյուրանոցի բոլոր 16 հարկերով: Բացման օրը բանվորներին հանձնարարել էի գնալ տուն, գեղեցիկ հագնվել ու գալ բանկետի: Հյուրանոց վերադառնալով՝ պահակախումբը նրանց թույլ չտվեց ներս մտնել: Զայրացա ու բողոքեցի Անտոն Քոչինյանին, նա էլ հայտարարեց, որ սեղան չի նստի, մինչեւ բանվորներին ներս չթողնեն: Քոչինյանը շատ ժողովրդական մարդ էր:

 

Կառլեն Ղարիբյան

Լուսանկարը` Կ. Ղարիբյանի անձնական արխիվից:

 

Հենց բացման օրը «Զվարթնոց» օդանավակայանից միանգամից հյուրեր եկան  հյուրանոց, շուրջ 200 հոգի, որոնց «Անիի» անձնակազմը միանգամից ընդունեց ու սպասարկեց:

 

Լուսանկարը` Մեդիամաքս/Ազգային գրադարան:

 

Նորակառույց «Անին»

Ավանգարդ

1970թ. հուլիսի 27

Երեւանում կյանք մտավ մի խոշոր կառույց եւս` «Անի» հյուրանոցն ընդունվեց պետական հանձնաժողովի կողմից:

 

Հյուրանոցը տեղադրված է Աբովյան եւ Սայաթ-Նովա փողոցների հատման անկյունում, անմիջապես անկյունային մասում գտնվում է երկհարկանի սրճարանը, որից հետո վեր է խոյանում 15 հարկանի հյուրանոցի շենքը: Դա համալիրի առաջին հերթն է: Հյուրանոցն իր արտաքին եւ ներքին լուծումներով բավականին պարզ է եւ արտահայտիչ: Ձեւերը հարազատ են նրա ներքին բովանդակությանը: Կապ է ստեղծված շրջապատող միջավայրի հետ, թեեւ միջավայրի նկատմամբ շենքը բարձր է:

 

Շենքի առաջին երկու եւ 15-րդ հարկերը օժանդակման եւ սպասարկող հարկերն են: Պետք է նշել, որ երկաթբետոնի եւ ապակու հետ տեղական տուֆերի օգտագործումը ավելի ջերմ է դարձրել կահույքը եւ հնչեղ է դարձրել կապը միջավայրի հետ:

 

Հյուրանոցը դրսի մասերում եւ ներսի ունի որմնաքանդակներ եւ այլ գեղարվեստական մշակումներ եւ ձեւավորումներ: Հիմնական մուտքից ներս եք մտնում սրահը, որի սյուները սպիտակ մարմարով են երեսպատված: Այստեղ գտնվում է վարչական մասը, աջ կողմում տեղադրված են արտասահմանյան երկրներից ժամանած հյուրերի սպասարկման բյուրոն, փոքր սրճարանը, որը կապ ունի նաեւ ներքին բակի հետ: Ձախ կողմում գտնվում են վերելակները, փոստը, հեռագրատունը եւ հանդերձարանը, մուտքի դիմաց` միջանցիկ ծավալը, որտեղ հուշանվերների վաճառքի սեղանն է եւ կապ` 120 տեղանոց կինոսրահի հետ: Այդտեղից է սկսվում նաեւ 2-րդ կապը բակի հետ, որտեղ դեկորատիվ ավազանն է եւ հանգստի կանաչ անկյուններ: Աստիճաններով երկրորդ հարկ բարձրանալով, ձախ կողմում կտեսնեք ռեստորանը` 500 եւ 120 հաճախորդի համար, իսկ աջ կողմում` փոքր բարը եւ երկհարկանի անկյունային սրճարանը (երկրորդ հարկում): Բացի երկրորդ հարկի նշված կապից, սրճարանը եւ ռեստորանն ունեն իրենց առանձին մուտքերը` քաղաքի բնակիչների համար, իրենց հանդերձասրահներով:

 

Երրորդ հարկը, որը գտնվում է անմիջապես ռեստորանի վրա, ինժեներական կոմունիկացիաների հարկն է, 14-րդ հարկը հարուստ է սննդի, սպասարկող սրահներով: Այստեղ են գտնվում սրճարանը, հայկական խմիչքների համտեսման սրահը, բարը:

 

Լուսանկարը` «Անի» հյուրանոցի բուկլետ:

14-րդ հարկից աստիճանները տանում են տանիք, որտեղ հնարավորություններ են ստեղծված ճեմելու, պաղպաղակ ճաշակելու եւ քաղաքով հիանալու համար: Այդ բարձրից երեւում է քաղաքով հիանալու համայնապատկերը:

 

Հյուրանոցային համարները գտնվում  են 11 հարկում, դրանք մեկ սենյականոց, մեկտեղանոց, մեկսենյականոց երկու տեղանոց եւ երկու սենյականոց երկու տեղանոց համարներ են:

 

Լուսանկարը` «Անի» հյուրանոցի բուկլետ:

 

Անշուշտ, այս հակիրճ բացատրականով կարելի է պատկերացում կազմել հյուրանոցի մասին, ըմբռնել նրա ժամանակակից լինելը` ըստ օգտագործված շինանյութերի: Իսկ ինչ վերաբերում է ճարտարապետական լուծումերին եւ շինարարության որակին, թողնում ենք դիտորդների գնահատմանը:

 

Պետք է նշել, որ հյուրանոցի շինարարությանը մեծ օգնություն են ցույց տվել տարբեր կազմակերպություններ եւ ղեկավար աշխատողներ:

 

Նախագծման աշխատանքներին մասնակցել են «Երեւաննախագիծ» ինստիտուտի մեծ թվով մասնագետներ: Կարելի է նշել նախագծի հեղինակներ Ֆ. Հակոբյանին, Էդ. Սաֆարյանին, գլխավոր կոնստրուկտոր Գ. Բալայանին, ինժեներ Ա. Շախնազարյանին եւ ուրիշների ջանասեր աշխատանքը:

 

Նախագծերը իրականացրել են N2 տրեստի երրորդ շինվարչությունը (պետ` Վ. Վիրաբյան): Պետք է նշել, որ կառուցողները առանձնապես մեծ եռանդով աշխատեցին վերջին մեկուկես տարում եւ նշված ժամանակին հանձնեցին առաջին հերթը: Ուրախալի է նշել, որ հարդարման աշխատանքները կատարվել են բարձր որակով:

 

Լուսանկարը` «Անի» հյուրանոցի բուկլետ:

 

Հյուրանոցի կառուցմանը մասնակցել են տարբեր մասնագիտության բազմաթիվ մարդիկ, տարբեր կազմակերպություններ: Զգալի գործ են կատարել սանտեխմոնտաժողները, էլէկտրամոնտաժողները…Շենքը տարբեր մասնագիտության մեծ թվով կառուցողների աշխատանքի արդյունքն է:

 

Նշանակալի է, որ «Անի» հյուրանոցը հանձնվում է հայ ժողովրդի համար նվիրական այս օրերին: Դա կառուցողների հիանալի նվերներից մեկն է Սովետական Հայաստանի եւ ՀԿԿ կազմավորման 50 ամյակին:

 

Ֆ. Դարբինյան

«Երեւաննախագիծ» ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետ, հանրապետության վաստակավոր ճարտարապետ  

 

Ճարտարապետ Ռուբեն Հասրաթյան. «Անի»-ի կառուցմանը նպաստել է նաեւ Շարլ Ազնավուրը

 

«Անի» հյուրանոցի կառուցման ծրագիրը 60-ականների սկզբից էր քննարկվում: Երեւանում այդ պահին ընդամենը 3 հյուրանոց կար` «Արմենիան», «Սեւանը» եւ «Երեւանը»: Զբոսաշրջիկների մոտ մեծ հետաքրքրություն կար Հայաստանի եւ Երեւանի նկատմամբ, սակայն քաղաքը զրկված էր հյուրերին  ընդունելու պայմաններից:

 

Այդ տարիներին շատ դժվար էր նման ծավալուն շինարարություն իրականացնելը` հարկավոր էր Մոսկվայից թույլտվություն եւ ֆինանսավորում ստանալ: Այդ հարցում շատ մեծ դեր ունեցավ «Ինտուրիստի» հայաստանյան ղեկավար Իլյա Գեւորգովը, ով շատ ճկուն մտածելակերպ ուներ: Արդյունքում ստացանք չորս հյուրանոց կառուցելու թույլտվություն, որոնցից առաջինը «Անի»-ն էր, այնուհետեւ`«Տուրիստը», «Դվինը» եւ Երիտասարդական պալատը («Кукурузник»):

 

«Անի»-ի կառուցմանը նպաստել են նաեւ շատ նշանավոր մարդիկ, այդ թվում` Շարլ Ազնավուրը: Երբ 1964-ին Ազնավուրը առաջին անգամ այցելեց Հայաստան, նրան ցույց տվեցին «Անի»-ի մանրակերտը եւ խնդրեցին, որ Մոսկվայում «բարեխոսի» դրա համար: 

 

Գրիգոր Հասրաթյանը Շարլ Ազնավուրին ցուցադրում է «Անի» հյուրանոցի նախնական տարբերակի մանրակերտը:

Լուսանկարը` Ռ. Հասրաթյանի անձնական արխիվից:

 

Չնայած նրան, որ «Անի»-ն ստացավ տուրիստական, այլ ոչ թե առաջին կարգի հյուրանոցի կարգ` այն տարբերվում էր իր ինտերիերով, ուներ արտակարգ համեղ խոհանոց: Ժամանակին այնտեղ երգել է Լարիսա Դոլինան, նվագել են Լեւոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը: Երեւանի առաջին բարը նույնպես գտնվում էր «Անի»-ում: 

 

Բոլոր ճարտարապետների համար «Անի»-ն յուրահատուկ վայր էր, քանի որ երկար տարիներ հունվարի 13-ին հենց «Անի»-ի ռեստորանում էինք նշում Հին Նոր Տարին:

 

Սայաթ-Նովա պողոտան բացվեց 62-63թթ-ին: Երեւանը մեծ խանդավառություն էր ապրում: Մեր լավագույն նկարիչները, քանդակագործները, ճարտարապետները մասնակցեցին փողոցի կառուցմանը: Իրենց լուման ներդրեցին Ստեփան Քյուրքչյանը, Հռիփսիմե Սիմոնյանը, Հմայակ Բդեյանը եւ այլոք: Բազմաթիվ արձանիկներ, ցայտաղբյուրներ դրվեցին: Իսկ փողոցի վերջում գտնվում էր երեւանցիների կողմից շատ սիրված մի սրճարան, որի պատի մեջ տեղադրվեց Մինաս Ավետիսյանի որմնանկարը` Սայաթ-Նովայի պատկերով: Այժմ այդտեղ եւս սրճարան է` «Սայաթ-Նովա» համալիրը եւ, ի ուրախություն մեզ, սեփականատերերը գտան այդ որմնանկարը եւ տեղադրեցին ապակու տակ:

 

Ամբողջ փողոցը ծառատնկվեց պտղատու ծառերով`կեռասենիներով: Յուրաքանչյուր ծառի հետ մի պատմություն էր կապված: Պատմում էին, որ մի անգամ վաղ առավոտյան տեսել են, թե ինչպես են Մինասը եւ Հենրիկ Իգիթյանը բարձրացել ծառը եւ կեռաս էին ուտում:

 

«Անի»-ի վաճառքի եւ մարքեթինգի մենեջեր Նելլի Ալեքսանյանը, ով աշխատում է հյուրանոցում բացման օրվանից

 

Հյուրանոցի բացման օրը հյուրեր ունեինք Լիբանանից, Ֆրանսիայից:

 

Տարբեր տարիներին հյուրանոցը սպասարկել է բազմաթիվ օտարերկրյա պատվիրակությունների, հայտնի մարդկանց: Մեզ մոտ ապրել են հանրահայտ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, երգչուհիներ Ալլա Պուգաչովան, Սոֆիա Ռոտարուն: Նրանց երկրպագուները գալիս էին հյուրանոցի մուտքի մոտ ու նրանց տեսնելու հնարավորություններ փնտրում:

 

Այն ժամանակ սովետական քաղաքացիների համար «Ինտուրիստ»-ի հյուրանոցները հասանելի չէին` մենք հիմնականում սպասարկում էինք արտասահմանցի հյուրերին:

Հյուրանոցի ողջ կահույքը ներկրվել էր Ֆինլանդիայից, պաստառները մետաքսյա էին:

 

Լուսանկարը` «Անի» հյուրանոցի բուկլետ:

 

Մեր հյուրանոցը առանձնանում էր նաեւ նրանով, որ ուներ մառան, որտեղ կազմակերպվում էին հայկական գինիների, կոնյակների, ավանդական ուտեստների համտեսներ, ինչն ուղեկցվում էր հայկական ժողովրդական երաժշտությամբ: 

 

Լուսանկարը` «Անի» հյուրանոցի բուկլետ:

 

Երեւանում ճանաչված էր մեր հյուրանոցի ռեստորանը, որի խոհարարները եւ անձնակազմի անդամները վերապատրաստման հատուկ դասընթացներ էին անցնում ոչ միայն Մոսկվայում, այլեւ Ավստրիայում: Սպասարկումը ամենաբարձր մակարդակի վրա էր, հյուրերը միշտ գոհ էին մնում:  

“Անի” հյուրանոցի բուկլետից
դոսյե
“Անի” հյուրանոցի բուկլետից

Դասախոս Ալինա Թարջումանյան. մեր շենքի տղաներն «Անիի» բոլոր սենյակների հեռախոսահամարների «կարտոտեկա» ունեին

 

Նախկինում Սայաթ-Նովան շատ նեղ փողոց էր՝ հին, խարխուլ տներով: Մեր ընտանիքն ապրում էր այդ տներից մեկում, իսկ երբ հին տները քանդեցին եւ դրանց փոխարեն բնակելի շենքեր կառուցեցին, մենք էլ բնակարան ստացանք` «Անի» հյուրանոցի անմիջապես դիմացը գտնվող շենքում: Այդ ժամանակ «Անի»-ն նոր էր կառուցվում: Չգիտեինք, որ հյուրանոց է կառուցվում, կարծում էինք, որ հերթական բնակելի շենքն է լինելու:

 

Երբ աշխատանքներն ավարտվեցին, «Անին» Երեւանի առաջին բարձրահարկ շենքն էր: Հյուրանոցի տակ գտնվում էր «Ուրարտու» ռեստորանը, որտեղ հայրս էր աշխատում: Ռեստորանի համար նախատեսված շատ մթերքներ Մոսկվայից էին ստանում: Ամիսը մեկ անգամ հայրիկիս այցելում էր КГБ-ի աշխատակիցը եւ հարցաքննում. ո՞ւմ հետ է շփվել, արդյո՞ք նրան տարադրամ չեն առաջարկել եւ այլն:

 

Հատված «Հայրիկ» (1980) ֆիլմից, ռեժ. Հենրիկ Մալյան, տրամադրված Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից:

 

Շենքի վերեւում նույնպես ռեստորան կար, որտեղ հիմնականում հարսանիքներ էին կազմակերպվում: Լավ հիշում եմ, ինչպես հարսն ու փեսան մի փոքր կանգնում էին հյուրանոցի գլխավոր մուտքի առաջ, այնուհետեւ՝ վերեւ բարձրանում: Բնականաբար, երաժշտության ձայները լսվում էին մինչեւ առավոտ:

 

Աջ կողմի վրա գտնվում էր «Ձյունիկ» պաղպաղականոցը: Այնտեղ վաճառում էին քաղաքի առաջին գունավոր պաղպաղակը:

 

Փողոցի անկյունում մանր դեղին ծաղիկներ էին աճում: Թաղի երեխաները քաղում էին դրանք, նվիրում տուրիստներին եւ փոխարենը՝ ծամոն ստանում: Իսկ լեհ տուրիստները մեր շենքի մուտքերում արագ-արագ իրենց ապրանքն էին վաճառում:

 

Հատված «Երեւան» (1986) ֆիլմից` տրամադրված Հեռուստաֆիլմերի «Երեւան ստուդիայի կողմից»:

 

Իհարկե, «Անի»-ն թաղի տղաների ուշադրության կիզակետում էր: Դրան զգալիորեն նպաստում էր այն փաստը, որ զբոսաշրջիկ աղջիկները երբեմն սիրում էին պատշգամբներում արեւային լոգանքներ ընդունել: Մեր շենքի տղաները նույնիսկ «կարտոտեկա» ունեին՝ հյուրանոցի բոլոր սենյակների հեռախոսահամարներով: Նրանք պատշգամբից հետեւում էին աղջիկներին, եւ զանգահարում էին նրան, ում հավանում էին:

 

Տպավորվել է նաեւ, որ տուրիստները հաճախ իրենց սրբիչները կախում էին պատշգամբներում, եւ քամին փախցնում էր դրանք եւ օդում պտտում:

 

Սայաթ-Նովան նաեւ «Վարդերի փողոց» էին անվանում՝ պողոտայի ողջ երկայնքով բազմատեսակ վարդեր էին տնկված: Մինչեւ 80-ականները կային նաեւ պտղատու ծառեր եւ գարնանը վարդերը եւ ծառերը միաժամանակ էին ծաղկում: Ծառերի ճյուղերը կախվում էին բերքի ծանրությունից: Իհարկե, անցորդներն օգտվում էին բարիքներից, իսկ գիշերները սկսվում էր իսկական բերքահավաք՝ շենքի բնակիչներն իրենց պատշգամբներից հավաքում էին ծառերի  վերեւի`«ամենաքաղցր» բերքը:

 

Տիգրան Լիլոյան. «Այդ ի՞նչ բուդկա ես կառուցել «Անի»-ի գլխին

 

Հայրս` Հենրիկ Ցոլակի Լիլոյանը, 1982-89 թթ. Հայաստանի «Ինտուրիստի» վարչություն պետն էր (այդ գերատեսչության ամբողջական անվանումն էր` Հայկական ԽՍՀ արտասահմանյան տուրիզմի գլխավոր վարչություն, իսկ դրա ղեկավարը մտնում էր կառավարության կազմի մեջ): Մի անգամ, վաղ առավոտյան, ժամը 07.45-08:00, մեր տանը հնչեց հեռախոսի զանգը. 

 

- Ձեզ հետ կխոսի Կարեն Սերոբիչը (Դեմիրճյանը` Տ.Լ.), - հայտնեց կանացի ձայնը:

 

- Այդ ի՞նչ բուդկա ես կառուցել «Անի»-ի գլխին, - հորս խստորեն հարցրեց Կենտկոմի առաջին քարտուղարը: 

 

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Դեմիրճյանն ինչ-որ տեղ էր գնում Սայաթ-Նովա պողոտայով եւ հանկարծ մի շինություն է նկատում «Անի» հյուրանոցի տանիքին, որն իրեն տարօրինակ էր թվացել: Անմիջապես զանգահարել էր` ավտոմեքենայից:  Պարզվեց, որ դա մի կցակառույց էր, որի նպատակը հյուրանոցային վերելակների մեխանիզմները ձմեռային ցրտից պահպանելն էր:  Իհարկե, հանրապետություն ղեկավարի կամքով «բուդկան» ապամոնտաժվեց: 

 

 

Լուսանկարը` Է. Սաֆարյանի անձնական արխիվից:

 

Ընդհանուր առմամբ, Դեմիրճյանը շատ խստապահանջ էր Երեւանի ճարտարապետական տեսքի նկատմամբ: Օրինակ, չէր թույլատրվում օդորակիչներ տեղադրել Պետպլանի պատուհաններին (այժմ դա ՀՀ ֆինանսների նախարարություն շենքն է)` Կառավարության շենքի ճակատը չփչացնելու համար: Նույն պատճառով օդորակիչներ չուներ նաեւ Կենտկոմի շենքը` ճակատային մասում:

 

«Անին» Երեւանում «Ինտուրիստի» երեք հյուրանոցներից մեկն էր` «Արմենիայի» եւ «Դվինի» հետ մեկտեղ: Այնտեղ էր հեղինակավոր «Հայելային սրահը», որտեղ հյուրասիրում էին արտասահմանից եկած տարբեր պատվիրակություններին:

 

Ջազմեն Արմեն Թութունջյան` Չիկո. անմոռանալի երեկո անցկացրինք BB King-ի հետ

 

1975-1980 թվականներին աշխատում էի «Անի» հյուրանոցի ռեստորանում`Լեւոն Մալխասյանի, Ալիկ Զաքարյանի, Գեորգի Մանգասարյանի եւ Գագիկ Եփրեմյանի հետ: Ասեմ, որ այնտեղ աշխատանք ստանալը հեշտ չէր: Ինտուրիստի երաժշտական մակարդակը հսկում էր մշակույթի նախարարությունը: Հաշվի էին առնվում նաեւ հնչող երաժշտության հեղինակային իրավունքները` հեղինակները հոնորարներ էին ստանում:

 

Մայրս հայերենի ուսուցչուհի էր, նրա` մի ամսվա վաստակած աշխատավարձը ես մեկ օրում էի ստանում, երբեմն` ավելին: Այդ գումարներով շատ լավ ճապոնական տեխնիկա, գործիքներ, ձայնասկավառակներ էինք ձեռք բերում: Երաժշտական առումով չէի «կեղտոտվում» ` նվագում էինք ջազային ստանդարտներ, արտասահմանյան հիթեր, հայկական էստրադա, ժամանակակից նորաձեւ երաժշտություն:

 

Մի հայտնի կատակ կա` երեկոներից մեկի ընթացքում մեր երգիչը երգում էր հերթական երգը, երբ նրան մոտեցրեցին պատվիրված երգի գումարը եւ նա շարունակեց երգել. «Բարի Արագիլ, տար տուր Մալխասին»:

 

Լուսանկարը` «Անի» հյուրանոցի բուկլետ:

 

Երեւանը շատ առաջադեմ քաղաք էր: Կանանց ու աղջիկների ռեստորան գալը ընդունված էր ու նորմալ էր դիտվում: Այս կուլտուրան Թիֆլիսում չկար` ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին մեր ռեստորանը լի էր վրացիներով: Ռեստորան այցելելը մատչելի էր բոլորի համար, նույնիսկ այն մարդիկ, ովքեր համեստ էին ապրում, ամիսը մեկ-երկու անգամ ռեստորան էին գալիս: 1 անձը, վճարելով 8 ռուբլի, ստանում էր 2 ճաշատեսակ, աղցաններ, հյութեր ու կոնյակ:

 

«Անի» հյուրանոցը երկու մուտք ուներ` գլխավորը, որը մինչեւ այժմ էլ կա, եւ կողքի մուտքը` ամառային բացօթյա սրճարանի հարեւանությամբ: Ներս էինք մտնում այդ մուտքից, բարձրանում երկրորդ հարկ ու հայտնվում ռեստորանում: Ես փողոցին մեջքով էի նստում: Իմ ետեւում` դիմացի մայթում այժմյան «Լեւոն Թրեւլ» գրասենյակի փոխարեն երաժշտական գործիքների հայտնի խանութն էր: Ռեստորանի դահլիճը երկու թեւ ուներ` աջ ու ձախ: Այնքան մեծ էր, որ միաժամանակ սպասարկում էր տեղացիներին, արտասահմանցիներին եւ հատուկ հյուրերին: Առանձնացված էր նաեւ ընդունելությունների համար նախատեսված բանկետային դահլիճը:

 

Ռեստորանի յուրահատուկ խորհրդանիշը ‘’валютный бар’’-ն էր: Հաճախորդները պետք է այս բարից օգտվելու համար արտարժույթ ունենային, այսինքն` այն նախատեսված էր  միայն արտասահմանցիների համար: Հետագայում թույլ տվեցին, որ բարից նաեւ ռուբլով օգտվեն:

 

Արմեն Թութունջյան

Լուսանկարը` Մեդիամաքս

 

1979 թվականին BB King-ն ու իր բենդը եկան Երեւան: Նրանք կանգ էին առել «Անի»-ում: Դա առիթ էր մեզ համար, որ շփվենք նրանց հետ: Նրանք եկան, տեղավորվեցին հյուրանոցում, վերցրեցին գործիքներն ու եկան մեզ մոտ` միասին նվագելու: Անմոռանալի երեկո էր:

 

Բազմաթիվ հայտնի հյուրեր էին կանգ առնում այստեղ: Որպես ֆուտբոլի մեծ երկրպագու հիշում եմ, որ հաճախ այստեղ էին մնում հայտնի ֆուտբոլիստներ, անգամ Մյունխենի «Բավարիան»:

 

Լարիսա Դոլինայի անունը 1970-ական թվականներին միայն նեղ շրջանակներում էր հայտնի: Նա Օդեսայից էր ժամանել ու բնակություն հաստատել Երեւանում: Երեկոները մեզ հետ էր երգում, իսկ ցերեկները` «Սերպանտին» խմբում: Նրա տաղանդը ակնհայտ էր, մենք զարմացել էինք, թե որքան արագ նա հայերեն սովորեց ու հանգիստ խոսում էր:

 

Որոշ ժամանակ ռեստորանում վարիետե էր աշխատում, որի համար դահլիճում բեմ էր տեղադրվել, որը մնաց նաեւ վարիետեյի փակվելուց հետո: Այնտեղ երիտասարդներ էին հավաքվում` մարզերից կամ սփյուռքահայեր: Այդ ժամանակ շատ նորաձեւ էր դիսկո երաժշտությունը, ու այդ երիտասարդները դիսկո պարողների խումբ էին ձեւավորել: Այդ ժամանակների ամենահայտնի երգերից էր`''Kung Fu fighting''-ը, որի ժամանակ տղաները ոտքերով քունգ ֆուի շարժումներ էին անում: Շատ հաճախ բուռն վեճեր էին բռնկվում, որոնք, սակայն, հազվադեպ էին կապված լինում մեզ` երաժիշտներիս հետ: Ամեն դեպքում, մեր եւ մատուցողների միջեւ հաստատվել էր ամուր միություն` միասին կռվում էինք նրանց հետ մինչեւ ոստիկանները ժամանելը:

 

Մեդիամաքս-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյան. “Սայաթ-Նովա պողոտան դեռ նման լկտիություն չէր տեսել”

 

«Անի» հյուրանոցի հետ իմ անմիջական ծանոթությունը շատ անսպասելի եղավ:

Մինչ այդ բազմիցս անցել էի «Անիի» կողքով, բայց երբեք չէի մտածի, որ իմ առաջին լուրջ աշխատավայրը կարող է հենց այնտեղ լինել: 1992 սեպտեմբերին «Մերկուրի» ընկերության հովանավորությամբ ստեղծվեց «Բրավո» երիտասարդական շաբաթաթերթը: Ես ու Արա Թադեւոսյանն առաջարկ ստացանք պատրաստել դրա երաժշտական բաժինը: Այդ ժամանակ ես նոր էի փոխադրվել 2-րդ կուրս, իսկ Արան մի քանի օր առաջ ընդունվել էր ԵՊՀ: Հիշելով դպրոցական տարիները՝ մենք խելամտորեն հրաժարվեցինք մեզ առաջարկված 603 սենյակից, որն որոշակի բացասական ասոցիացիաներ էր առաջացնում, եւ էջադրողի հետ միասին տեղավորվեցինք 602-ում:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Անի»-ն արդեն գրեթե չէր գործում որպես հյուրանոց, կիսադատարկ էր, իսկ ներքեւի հարկերը զբաղեցրել էին բազմաթիվ փոքր «օֆիսներ», որոնք ծնվում եւ մեռնում էին մեր աչքերի առջեւ: Ասենք, երեկոյան մեր կողքին մի հարեւան էր, իսկ առավոտյան դռան վրա արդեն այլ կազմակերպության ցուցանակ էր կախված: Սակայն շուտով «Մերկուրին», որն անշարժ գույքով էր զբաղվում եւ բուռն զարգացում էր ապրում, գրավեց ամբողջ հարկը: Մեզ էլ առաջարկեցին տեղափոխվել 7-րդ հարկ, ուր թերթին, որն այն ժամանակ արդեն 30 հազար տպաքանակով էր հրատարակվում, մի ամբողջ թեւ տրամադրեցին:

 

Հյուրանոցի նախասրահը բավականին խղճուկ տպավորություն էր թողնում, վերեւի հարկերը դեռեւս շարունակում էին սպասարկել հյուրերին, բայց երբ վրա հասավ 92-ի ձմեռը, նրանց չնչին հոսքն էլ ընդհատվեց, փոխարենը հյուրանոցում եւս սկսեցին հովհարային անջատումները: Դրանք հիմնականում երեկոյան ժամերին էին լինում՝ 7-ից հետո, երբ մյուս «օֆիսներն» արդեն ավարտած էին լինում աշխատանքը, մինչդեռ մեզ համար դա աշխատանքի ամենաակտիվ ժամանակն էր: Բանն այն է, որ ցերեկային ժամերին մեր երկու համակարգիչներն էլ զբաղեցնում էին լրագրողներն ու մուտքագրողները, որից հետո սկսվում էր թերթի էջադրման եւ ձեւավորման գործընթացը: Այսպիսով, երբ հյուրանոցում, ինչպես եւ ողջ երկրում, սկսեցին անջատել էլեկտրաէներգիան, մենք հայտնվեցինք փակման եզրին: Ելքը մեզ հուշեց իրավիճակը: Նոյեմբերին գնեցինք երկու հատ բենզինային «դվիժոկ», տեղադրեցինք դրանք… հյուրանոցի 7-րդ հարկում՝ մեր սենյակների պատշգամբերում, եւ երբ սկսում էր հովհարային անջատումը, դիմացի շենքի բնակիչների բարձրաձայն անեծքների ներքո միացնում էինք մեր համակարգիչները դվիժոկներին եւ ավարտին հասցնում թերթը: Ենթադրում եմ, որ նման լկտիություն Սայաթ-Նովա պողոտան դեռ չէր տեսել, բայց դիմացի շենքերի բնակիչները, այդ թվում նաեւ մեր կուրսի «Պոնչ Կարենը», դեռ չգիտեին, որ մենք կպատրաստենք ենք եւս մեկ բացառիկ «շոու», որն այսօր՝ տարիների հեռավորությունից, ինձ էլ է խելահեղություն թվում:

 

Յուրաքանչյուր սենյակ ուներ մեկ կամ առավելագույնը 2 բանալի: Նյութերը սենյակներից հիմնական համակարգիչ էինք տեղափոխում նախնադարյան դիսկետներով, որոնք փչանալու մեծ հակում ունեին: Երբ պարզվում էր, որ դիսկետը փչացել է, անհրաժեշտություն էր առաջանում սենյակից կրկին բերել նյութը: Եվ քանի որ բանալին չկար, հեռախոսներն էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով անջատված էին, մնում էր մեկ ելք. պատշգամբից պատշգամբ ցատկոտելով՝ հասնել անհրաժեշտ սենյակ, բացել պատշգամբի դուռը, գրել նյութը դիսկետի վրա եւ նույն ճանապարհով հետ վերադառնալ: «Անիի» պատշգամբերի ճաղավանդակներն էլ կարծես ստեղծած լինեին մեկից մյուսը թռչկոտելու համար, եւ որոշ ժամանակ անց ոչ միայն խմբագրության տղաները, այլեւ որոշ աղջիկներ՝ հաղթահարելով մի քանի պատշգամբ, բերում էին անհրաժեշտ նյութը: Բայց երբ մի օր մեր կուրսի Կարենենց տանից տեսա «շոուն», հասկացա, թե ինչ սարսափ են ամեն անգամ ապրում մարդիկ, երբ տեսնում են մերոնց` պատշգամբից պատշգամբ անցնելիս: Այդ օրն էր, երբ «պատշգամբային հեղափոխությունը» արգելեցինք:

 

Զարմանալի է, բայց 92-93 թվերը, որոնք շատերի մոտ ասոցացվում են մթի, պատերազմի, սովի, ծայրահեղ չքավորության հետ, ինձ համար մեր լավագույն տարիներից են: Գուցե պատճառն այն է, որ հենց այդ տարիներին՝ նեղության մեջ, ձեռք բերեցի իմ լավագույն ընկերներին, ովքեր հիմա էլ կողքիս են: Կամ գուցե այն, որ չնայած մթին եւ քաղցին, մեծ հավատ կար, որ ամեն ինչ լավ է լինելու… Ինչեւէ, մինչ օրս էլ «Անի» հյուրանոցի մասին մնացել են միայն վառ ու հաճելի հուշեր: Մի օր անպայման կգնամ եւ կայցելեմ ինձ հարազատ դարձած 703 սենյակ, ուր «Բրավո»-ն լքելուց հետո երբեք չեմ գնացել:

 

Էդուարդ Սաֆարյան` ի՞նչ է լինելու «Անիի» հարեւանությամբ

 

Նոր նախագծի համաձայն, «Անի» հյուրանոցն ունենալու է նախագահական հարկաբաժին, որում կլինեն անձնակազմի համար նախատեսված սենյակներ, ընդունարան եւ լողավազան:

 

Լուսանկարը` Է. Սաֆարյանի անձնական արխիվից:

 

Հյուրանոցի ներսի բակում նախատեսվում է կառուցել ձմեռային այգի, որի մեջտեղում կլինի շատրվան ու փոքրիկ սրճարան: Այգու ներքեւի հարկում կլինի մառան, ինչպես ժամանակին «Դվին» հյուրանոցում էր:  

 

«Անի» հյուրանոցի հարեւանությամբ՝ դեպի Աբովյան փողոցի կողմը, կկառուցվի նաեւ նոր բազմաֆունկցիոնալ համալիր` «Ուրարտու» անունով: Համալիրի ամենավերին հարկում բացօթյա սրճարան կլինի, որը պտտվող է լինելու եւ մարդիկ հնարավորություն կունենան տեսնել քաղաքի տեսարանը:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մեդիամաքս. Չնայած Էդուարդ Սաֆարյանն ասում է, որ այս նախագծերը «համաձայնեցված են», մեզ չհաջողվեց կապվել «Անի Պլազայի» ղեկավարության հետ` պարզելու համար. արդյո՞ք դրանք որեւէ առնչություն ունեն հյուրանոցի հետ: Տեղեկություններ ունենք, որ «Անիի» հարեւանությամբ ներկայումս կառուցվող շենքը հյուրանոցի հետ որեւէ կապ չունի:

 

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Աննա Զիլֆուղարյանը, Արա Թադեւոսյանը, Դավիթ Ալավերդյանը, Էմին Արիստակեսյանը:

 

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում` Ամատունի Վիրաբյանին եւ Անահիտ Գալստյանին (Հայաստանի Ազգային արխիվ), Սուրեն Օհանյանին եւ Զառա Մամյանին (Երեւան նախագիծ), Խորեն Լեւոնյանին (Հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիա), Մարգարիտ Փիլիփոսյանին:

 

Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին