«Հրազդան» մարզադաշտ` կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
56881 դիտում

«Հրազդան» մարզադաշտ` կենդանի պատմություն

«Հրազդան» մարզադաշտը Երեւանի հպարտություններից մեկն է: Բոլոր նրանք, ովքեր հոկտեմբերի 12-ին ներկա էին Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղին, հնարավորություն ունեցան հերթական անգամ զգալ մարզադաշտի մոգական ուժն ու էներգիան:

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից:

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից:

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից:

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից:

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից:

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից:

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից:

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից:

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից:

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից:

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից:

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից:

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից:

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից:

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Թադեւոսյանի արխիվից:

Էդուարդ Թոսունյանն ու Վլադիմիր Թադեւոսյանը:
Էդուարդ Թոսունյանն ու Վլադիմիր Թադեւոսյանը:

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Դրվագ Արարատ-Դինամո (Կիեւ) հանդիպումից, 1975թ.:
Դրվագ Արարատ-Դինամո (Կիեւ) հանդիպումից, 1975թ.:

Լուսանկարը` Ս. Բաղդասարյանի արխիվից:

Արարատը գոլ է խփում Դնեպր-ի դարպասը, 1972թ.:
Արարատը գոլ է խփում Դնեպր-ի դարպասը, 1972թ.:

Լուսանկարը` Ս. Բաղդասարյանի արխիվից:

Լուսանկարը` Ս. Բաղդասարյանի արխիվից:

Դրվագ Արարատ-Դինամո (Կիեւ) հանդիպումից, 1976թ.:
Դրվագ Արարատ-Դինամո (Կիեւ) հանդիպումից, 1976թ.:

Լուսանկարը` Ս. Բաղդասարյանի արխիվից:

Ալեքսանդր Կովալենկոն փոխանակում է շապիկը:
Ալեքսանդր Կովալենկոն փոխանակում է շապիկը:

Լուսանկարը` Ս. Բաղդասարյանի արխիվից:

ԽՍՀՄ օլիմպիական հավաքականը, որի կազմում ընդգրկված են Արարատի 5 ֆուտբոլիստներ:  1973 թ., «Հրազդան» մարզադաշտ:
ԽՍՀՄ օլիմպիական հավաքականը, որի կազմում ընդգրկված են Արարատի 5 ֆուտբոլիստներ: 1973 թ., «Հրազդան» մարզադաշտ:

Լուսանկարը` Ս. Բաղդասարյանի արխիվից:

Լուսանկարը` հեղինակը հայտնի չէ:

Լուսանկարը` հեղինակը հայտնի չէ:

Ալլա Պուգաչովան ու Կոնստանտին Օրբելյանը «Հրազդան» մարզադաշտում:
Ալլա Պուգաչովան ու Կոնստանտին Օրբելյանը «Հրազդան» մարզադաշտում:

Լուսանկարը` հեղինակը հայտնի չէ:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Լուսանկարը` PanArmenian Photo


«Հրազդան» մարզադաշտը Երեւանի հպարտություններից մեկն է: Բոլոր նրանք, ովքեր հոկտեմբերի 12-ին ներկա էին Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղին, հնարավորություն ունեցան հերթական անգամ զգալ մարզադաշտի մոգական ուժն ու էներգիան:

 

Հետաքրքիր տեղեկություններ «Հրազդան» մարզադաշտի վերաբերյալ

 

Առաջին ֆուտբոլային խաղը «Հրազդան»-ում տեղի է ունեցել 1971 թ. մայիսի 19-ին` Երեւանի «Արարատ» եւ Ալմա-Աթայի «Կայրատ» թիմերի միջեւ` «Արարատ»-ը  հաղթեց 3:0 հաշվով:

 

Տարողությամբ «Հրազդան»-ը ԽՍՀՄ-ում 5-րդն էր, իսկ հաճախելիությամբ ՝ 1-2-րդը:

 

Մոտավոր հաշվարկներով, 1971 թվականից ի վեր մարզադաշտ գրեթե 15 մլն մարդ է այցելել:

 

«Հրազդան»-ում «արարատցիներից» բոլորից արդյունավետ խաղացել է Խորեն Հովհաննիսյանը (63 գոլ), իսկ մրցակիցներից՝ Օլեգ Պրոտասովը (6):

 

«Հրազդան» այցելել են Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը, ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Ժոաու Ավելանժը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Լենարտ Յոհանսոնը:

 

«Հրազդան» մարզադաշտի նախագծի համահեղինակ, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Գուրգեն Մուշեղյանը

 

Մարզադաշտի նախագծումը դիպլոմային աշխատանքիս թեման էր: Երբ կայացվեց մարզադաշտը կառուցելու որոշումը, սկսվեցին նախագծային աշխատանքները` «Հայպետնախագիծ» ինստիտուտի տնօրեն Կորյուն Հակոբյանի գլխավորությամբ (նա նաեւ դիմպլոմային աշխատանքիս ղեկավարն էր): Հեղինակային խմբի կազմում ընդգրկված էինք նաեւ ես ու կոնստրուկտոր Էդուարդ Թոսունյանը: Երկար քննարկումներից հետո, մարզադաշտի նախագիծը ավարտին հասցվեց մեր երեքի կողմից:

 

Երեւանում գործում էր Հանրապետական մարզադաշտը: Մայրաքաղաքում նոր մեծ մարզադաշտ ունենալը մեծապես պայմանավորված էր նրանով, որ «Արարատ» ակումբն այդ շրջանում հիանալի ֆուտբոլ էր ցուցադրում, իսկ Հանրապետականը նախատեսված չէր մեծ թվով հանդիսատեսներ ընդունելու համար: 

 

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

 

«Հրազդան»-ի կառուցման մասին որոշումը ընդունվեց 1968 թ.-ին: Սակայն պետք է նշեմ, որ այդ տարածքում մարզադաշտ կառուցելու գաղափարը պատկանում է խորհրդային հայտնի պետական գործիչ Անաստաս Միկոյանին: 1950-ական թթ.-ին այցելելով Հայաստան եւ հյուրընկալվելով մարզադաշտի վերին հատվածում գտնվող կառավարական ամառանոցում` բոլորիս հայտնի «սեւ շենքում», Միկոյանը նկատել էր Հրազդան կիրճի բնական ամֆիթատրոնը: Միկոյանն առաջարկել էր 20 հազար տեղանոց մարզադաշտ կառուցել: Անցան տարիներ, սակայն Անաստաս Միկոյանի այդ առաջարկը չիրականացվեց:

 

Ավելի ուշ, երբ «Հրազդան»-ի շինարարությունն արդեն ավարտին էր մոտենում, մի օր շինհրապարակի մոտ ես հանդիպեցի Անաստաս Միկոյանին, մոտեցա նրան, ներկայացա: Ասացի, որ գիտեմ, թե ում էր պատկանում  մարզադաշտ կառուցելու մտահղացումը: Նա շատ ուրախ էր՝ տեսնելով, որ այդ գաղափարը իրականություն է դառնում:

 

1968 թ.-ին սկսվեց «Հրազդան» մարզադաշտի շինարարությունը: Նախագծային, եւ շինարարական աշխատանքները տարվում էին զուգահեռաբար: Մարզադաշտի բացումը նախատեսված էր 1970 թ.-ի նոյեմբերին, երբ նշվելու էր Հայաստանի խորհրդայնացման 50-րդ տարեդարձը:

 

ՀԿԿ Կենտկոմի եւ Երեւանի քաղկոմի ղեկավարությունը ուշադրության կենտրոնում էին պահում մարզադաշտի կառուցումը: Դիսպետչերական խորհրդակցություններն անցկացնում էր անձամբ Կարեն Դեմիրճյանը, ով այդ տարիներին ՀԿԿ Երեւանի քաղկոմի 3-րդ քարտուղարն էր: Շաբաթը մեկ անգամ, երեկոյան ժամերին, շինհրապարակ այցելում էր ՀԿԿ առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը:

 

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

 

Կարելի է ասել, որ «Հրազդան»-ի շինարարությանը մասնակցում էր ամբողջ Հայաստանը: Հանրապետության բոլոր գործարանները ՝ «Նաիրիտը», «Հատուկշինմոնտաժ» տրեստը, արդյունաբերական կառույցները, գրեթե բոլոր նախարարությունները, շինարարական կազմակերպությունները ներգրավվել էին աշխատանքներին: Դա համաժողովրդական շարժում էր:

 

Շինարարության ընթացքում միութենական ղեկավարներից ոմանք եկան Հայաստան եւ ցանկացան դադարեցնել մարզադաշտի կառուցումը: Բերվում էր այն փաստարկը, թե 750 000 բնակչություն ունեցող քաղաքը 70 000 տեղանոց մարզադաշտի կարիք չունի: Սակայն հաջողվեց համոզել միութենական իշխանություններին, որ մարզադաշտը ծառայելու է ոչ միայն մայրաքաղաքին, այլ ողջ հանրապետությանը: Եվ դա իսկապես այդպես էր:

 

Մարզադաշտի շինարարությունը բացառիկ երեւույթ էր` «Հրազդան»-ը կառուցվեց ընդամենը 19 ամսում: Դա շատ կարճ ժամկետ է նման հսկա համալիրի կառուցման համար:

 

«Հրազդան»-ը առաջին երկհարկանի մարզադաշտն էր ԽՍՀՄ-ում: Մարզադաշտը բացառիկ էր նաեւ իր լուսավորությամբ` այն լուսավորվում էր հալոգեն լամպերով, որոնք պատրաստվում էին Երեւանում: Սա եւս բացառիկ երեւույթ էր Խորհրդային Միությունում:

 

 

«Հրազդանն» առանձնանում էր նաեւ իր կատարյալ խոտածածկով: Առաջարկել էի ամբողջ դաշտի տակ սնուցող համակարգ տեղադրել, որն իր կառուցվածքով նման էր բետոնե տաշտակի: Այսինքն` մարզադաշտի խոտածածկը ջրով սնվում էր ոչ թե վերեւից, այլ ներքեւից: Առավելությունն այն էր, որ կանաչը չէր խոնավանում, հողը չէր քայքայվում եւ ֆուտբոլիստների խաղին ոչինչ չէր խանգարում: Խոտածածկի սնուցման այդպիսի համակարգ աշխարհում դեռեւս չէր կիրառվել: Առաջին անգամ դա արվեց «Հրազդանում»:

 

Մարզադաշտի բացմանը սպասում էր ամբողջ Հայաստանը: Մարդիկ գալիս էին շինհրապարակ, փորձում էին մասնակից դառնալ գործին ու անհամբեր սպասում էին շինարարության ավարտին: Շինարարական աշխատանքները տարվում էին օր ու գիշեր, առանց դադարի:

 

Լուսանկարը` Հ. Քեհեյանի արխիվից:

 

Շինարարությունը ավարտվեց 1970թ.-ին: Մարզադաշտի բացումը նախատեսված էր նոյեմբերի 29-ին՝ Հայաստանի խորհրդայնացման օրը: Այդ օրերին Հայաստան էր ժամանել ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնեւը, ում ներկայությամբ պետք է կայանար «Հրազդանի»-ի հանդիսավոր բացումը: Սակայն նախօրեին տեղացած առատ ձյունը խոչընդոտեց նախատեսված միջոցառմանը ու մարզադաշտի պաշտոնական բացումը հետաձգվեց: Այն տեղի ունեցավ 1971 թվականի մայիսին, երբ Երեւանի «Արարատ»-ը հանդիպում անցկացրեց Ալմա-Աթայի «Կայրատ»-ի  հետ:

 

Այդ խաղի ավարտին մարդիկ սկսեցին այրել թերթերը, որոնք բերել էին իրենց հետ՝ նստարաններին փռելու համար: Այդ պահին ամբողջ մարզադաշտը վերածվեց մի հսկա վառվող «թասի»: Շատ տպավորիչ տեսարան էր:

 

«Հանրապետական նոր մարզադաշտը»

«Հայրենիքի ձայն» թերթ

1970թ.

 

Ծիծեռնակաբերդի բարձունքի ստորոտում՝ Հրազդանի գեղատեսիլ ձորում հասակ է առնում նոր մարզադաշտը: Մեր աշխատակիցը եղավ նոր մարզադաշտի նախագծի հեղինակներից ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի մոտ եւ խնդրեց նրան պատասխանել մի քանի հարցրերի:

 

- Ո՞րն է հանրապետական հին ու նոր մարզադաշտի տարբերությունը:

 

- Առաջին տարբերությունը տարողության մեջ է: Ներկայումս գործող մարզադաշտը 23 հազար տեղանոց է, իսկ կառուցվողը կարող է ընդունել 70 հազար հանդիսատես:

 

Երկրորդ տարբերությունը. ֆուտբոլի նոր դաշտը կառուցվում է միջազգային ամենամեծ չափանիշով, նրա երկարությունը լինելու է 104, իսկ լայնությունը՝ 69 մետր: Այդ հանգամանքը հնարավորություն կտա մարզադաշտում անցկացնել միջազգային ցանկացած մակարդակի ֆուտբոլային մրցություն:

 

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

 

 

Բացի այդ, նստատեղերի 70 տոկոսը նոր մարզադաշտում տեղադրված է արեւմտյան, 30 տոկոսը՝ արեւելյան մասում, իսկ դա, գիտեք, Երեւանի նման արեւոտ քաղաքի համար ինչպիսի առավելություն է: Ճիշտն ասած, տարբերություններն այնքան շատ են, որ բոլորը թվարկել դժվար է:

 

- Իսկ ի՞նչ տարբերություն Հանրապետական կառուցվող մարզադաշտի եւ Սովետական Միությունում գործող մարզադաշտերի միջեւ:

 

- ՍՍՀՄ-ում առաջին անգամ կառուցվող նմանատիպ խաղադաշտի համար հիմք է հանդիսանում  երկաթբետոնե տաշտակը, որի շնորհիվ հնարավոր կլինի կատարել կանաչ դաշտի ընդգետնյա ոռոգում: Դա հնարավորություն կտա խաղադաշտը միշտ պահել չոր, բայց եւ կանաչ վիճակում: Նստատեղերի առաջին շարքը դաշտի մակերեսից բարձր է 2,5 մետր: Այդ հանգամանքը առաջին շարքին լավ տեսողության հնարավորություն է տալիս եւ երկրորդ՝ անհնար է դարձնում հանդիսատեսի մուտքը խաղադաշտ: Մարզադաշտի վերջին շարքի հանդիսատեսը չնայած դաշտի հարթությունից կգտնվի 40 մետր բարձրության վրա, տեղանքի շնորհիվ իր տեղը հասնելու համար կհաղթահարի ընդամենը 15 մետր վերելք:

 

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

 

Եվ բացի այդ, նախատեսված է տեղարդել լուսարձակներ՝ նորատիպ էլէկտրալամպերի օգտագործմամբ: Դրանց շնորհիվ հնարավոր կլինի ստանալ 500 լյուքս լուսավորություն եւ երեկոյան խաղերի համար ապահովել լավ տեսանելիություն:

 

- Իսկ ովքե՞ր են նախագծողները: 

 

- Նախագծի հեղինակներն են ճարտարապետ Կ. Հակոբյանը, որ մարզական կառույցների նախագծման մեծ փորձ ունի, կոնստրուկտոր Է. Թոսունյանը եւ նախագծողների մի մեծ խումբ: Չի կարելի չնշել կոնստրուկտորներ Ի. Բաղրամյանի, Վ. Թադեւոսյանի, Ն. Գայդարի, Ա. Զորաբյանի, Ա. Խոջամիրյանի, ճարտարապետներ Լ. Քրիստափորյանի եւ Ս. Ադամյանի անունները: Նախագծողների այդ մեծ խմբի աշխատանքը բարեխղճորեն իրականացնում են «Երքիմշին» տրեստի շինարարները:

 

- Ինչի՞ց է բաղկացած լինելու Ծիծեռնակաբերդում ստեղծվելիք մարզական համալիրը:

 

- Կենտրոնական ասպարեզից բացի, համալիրը կունենա թեթեւատլետիկական մարզադաշտ, ֆուտբոլի երկու դաշտեր (մարզվելու համար), թենիսի 12, բասկետբոլի 6, վոլեյբոլի 5, ձեռքի գնդակի 4 դաշտեր, ծածկած եւ բաց լողավազաններ, թենիսի ծածկած կորտ: Նախատեսված է հետագայում կառուցել 10 հազար տեղով մարզական պալատ, 4 հազար տեղով փոքր դաշտ եւ թեթեւատլետիկական մանեժ:

 

- Նոր մարզադաշտը ե՞րբ է շահագործման հանձնվելու:

 

- Հուսով ենք, որ Հայաստանում Սովետական կարգերի հաստատման 50-րդ տարեդարձի հանդիսությունները տեղի կունենան նոր մարզադաշտում: 

 

«Հրազդան» մարզադաշտի համահեղինակ, գլխավոր կոնստրուկտոր Էդուարդ Թոսունյան` ունեմ երեք զավակ` դուստր, որդի եւ «Հրազդան» մարզադաշտը

 

Երբ աշխատում էինք «Հրազդան» մարզադաշտի ստեղծման վրա, երիտասարդ էինք եւ լի եռանդով, նորարար մտքերով: Այսօր, այդ օրերը հիշելիս, ինքս ինձ հարցնում եմ` արդյո՞ք ավելի հասուն տարիքում կհամաձայնեի զբաղվել նման պատասխանատու եւ բարդ նախագծով:

 

Առաջին օրվանից մեզ մոտ կազմավորվեց հիանալի թիմ: Ցավոք, այսօր այդ մարդկանցից շատերը մեզ հետ չեն... Աշխատում էինք օր ու գիշեր, նույնիսկ եթե Գուրգեն Մուշեղյանի հետ մեքենայով ինչ-որ տեղ էինք գնում, կարող էինք հանկարծ կանգ առնել եւ տեղում սկսել ինչ-որ հատված նախագծել:

 

Էդուարդ Թոսունյանն ու Վլադիմիր Թադեւոսյանը:

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից:

 

Մարզադաշտի նախագծի առաջին տարբերակում կոնստրուկցիոն սխեման այլ էր` երկու հիմքով, սակայն մենք փոխեցինք այն եւ յարուսը կառուցվեց միայն մեկ հիմքով:

 

Իհարկե, շինարարության ընթացքում եղան բազմաթիվ բարդություններ: Յարուսի կառուցման ժամանակ մետաղական կոնստրուկցիաները բարձրացվում էին 30 մետր բարձրության վրա երեք 100-տոննանոց վերամբարձ կռունկներով: Որպեսզի պատկերացում կազմեք կոնստրուկցիաների չափերի մասին, նշեմ, որ դրանցից յուրաքանչյուրի երկարությունը 40 մետր էր, իսկ քաշը` 70 տոննա:

 

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

 

Բարձրացնելու առաջին օրը բազմություն հավաքվեց` այդ գործընթացը դիտելու համար, սակայն այդ փորձն անհաջողությամբ ավարտվեց. բարձրացնելու ժամանակ  կոնստրուկցիան կորացավ: Հետագայում, երբ բոլոր կոնստրուկցիաները արդեն հավաքված էին, պարզվեց, որ դրանցից մեկը վնասված է ու ես պնդեցի, որ այն ապամոնտաժվի: Ու քանի որ նման հսկա կոնստրուկցիայի համար ոչ մի կիրառություն չգտնվեց, այն պարզապես թաղեցին դաշտերից մեկում:

 

Բարդ կոնստրուկցիաների տեղադրման գործում շատ մեծ ներդրում ունեցան Հատուկ շինմոնտաժային գլխավոր վարչության աշխատակիցները` վարչության պետ Վասակ Խաչիկյանի գլխավորությամբ:

 

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

 

Խնդիրներ եղան նաեւ արեւմտյան տրիբունայի կառուցման ընթացքում: Մի օր, երբ այնտեղ ինչ-որ բան էի նայում, նկատեցի, որ կառավարական օթյակի վերեւի հատվածում ճաք է առաջացել: Սարսափելի էր անգամ պատկերացնել, թե ի՞նչ կկատարվեր, եթե այդ հատվածը հանկարծ փլվեր` ամեն օր այնտեղ աշխատում էին հարյուրավոր մարդիկ: Ողջ գիշեր անցկացրեցի գծագրերի վրա եւ ամրապնդման տարբերակներ մշակեցի:

 

Շինարարության ընթացքում մեզ հաճախ այցելում էր ճարտարապետ Արթուր Թարխանյանը. շատ էր հավանում մարզադաշտը: Տարիներ անց, երբ դասավանդում էի, միասին օգնեցինք նրա դստերը` դիպլոմային աշխատանքի նախագծման գործում: Աշխատանքի թեման էր` «Стадион на рельефе», որը շատ մեծ հաջողություն ունեցավ եւ որտեղ օգտագործվեցին Թարխանյանի մտահղացումները, որոնք նրա մոտ ծագել էին «Հրազդանի» կառուցման ընթացքում:

 

Քանի որ կիրճում մարզադաշտ կառուցելու մտահղացումը պատկանում էր Անաստաս Միկոյանին, շատ էինք ցանկանում, որ ստադիոնը կրի նրա անունը: Սակայն, մեր այդ ցանկությունը իրականություն չդարձավ:

 

Շատ լավ եմ հիշում «Հրազդանի» բացման օրը: Երբ Ալեքսանդր Կովալենկոն խփեց առաջին գոլը «Կայրատի» դարպասը, մարզադաշտը թնդած մարդկանց ձայներից: Այդ օրվանից ներկա եմ գտնվել գրեթե բոլոր խաղերին: Մենք ունեինք մեր «հեղինակային» տեղերը եւ մշտական երկուական տոմս: Նույնիսկ կատակում էինք, որ մարզադաշտն ունի 70 430 նստատեղ `գումարած մեր տեղերը: 

 

Ալեքսանդր Կովալենկոն փոխանակում է շապիկը:

Լուսանկարը` Ս. Բաղդասարյանի արխիվից:

 

Հաճախ, երբ ընտանիքով անցնում էինք «Հրազդանի» կողքով, աղջիկս կատակում էր, որ ես ունեմ երեք զավակ` դուստր, որդի եւ «Հրազդան» մարզադաշտը: Եվ իրոք, դա այդպես է. «Հրազդանը» մեր երեխան է, մեր սերը, մեր ցավը:

 

Չնայած արդեն 12 տարի է, ինչ բնակվում եմ Մոսկվայում, սակայն տեղյակ եմ «Հրազդանի» հետ կապված բոլոր նորություններից եւ շատ ծանր եմ տանում տոնավաճառի առկայությունը, որի «շնորհիվ» մարզադաշտի որոշ հատվածներ չեն համապատասխանում մեր հորինվածքին: Իհարկե, դա չի վերաբերում վերջերս կատարված վերանորոգման աշխատանքներին, որոնք անհրաժեշտություն էին: Այդ աշխատանքների ընթացքում ինձ հետ համաձայնեցրին որոշ կոնստրուկցիոն փոփոխությունները:

 

«Երքիմշին» տրեստի վարչության պետ, վաստակավոր շինարար, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Պետրոս Թումանյան

 

(Հուշեր` «Կաթիլներ մեծ ծովից» գրքից)

 

1969թ-ի ուշ աշնանը ինձ իր մոտ կանչեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը եւ ասաց, որ խոսք է տվել ժողովրդին Հայաստանի խորհրդայնացման 50-ամյակին շահագործման հանձնել «Հրազդան» մարզահամալիրը եւ ցանկանում է, որ այդ աշխատանքը կատարվի իմ գլխավորած «Երքիմշին» տրեստի միջոցով: Նաեւ հայտնեց, որ Մոսկվայում չի հաջողվել այդ օբյեկտը մտցնել պլանի մեջ, քանի որ մարզական եւ մշակույթի օբյեկտների շինարարությունը այդ ժամանակ դադարեցված էր` հիմնականում շինանյութերի պակասի պատճառով:

 

Ես անմիջապես պատասխանեցի, որ կարող եմ շինարարություն կազմակերպել, տեխնիկապես ղեկավարել եւ ժամանակին հանձնել, բայց քանի որ օբյեկտը պլանի մեջ չկա եւ նրա արժեքը շուրջ 10 մլն ռուբլի է, այդպիսի ծավալի աշխատանքը կատարել տրեստի շինանյութերի ֆոնդերի հաշվին չի լինի:

 

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

 

Շինանյութերի հարցը կարեւորագույնն էր, բայց շինարարության ընթացքում կառաջանային նաեւ բազմաթիվ այլ հարցեր, որոնց լուծումը արագացնելու նպատակով խնդրեցի շինարարությանը կցել մի բարձրակարգ ղեկավարի:

 

Անտոն Երվանդիչը ինձ իրավունք տվեց ընտրել ցանկացած ղեկավարի եւ ես առանց տատանվելու խնդրեցի այդ գործը հանձնարարել Կարեն Դեմիրճյանին, քանի որ Կարեն Սերոբովիչի հետ համագործակցել ենք, երբ կառուցվում էր Եղեռնի հուշարձանը, եւ ժամանակին այն շահագործման հանձնվեց Դեմիրճյանի շնորհիվ:

 

Կարեն Սերոբովիչը համաձայնվեց: Շինանյութերի ապահովման վերաբերյալ իր առաջարկություններն արեց:

 

- Մարզադաշտի շինարարության եւ շինանյութերի ապահովման հարցը պետք է լուծել առաջին հերթին հանրապետության շինանյութերի պահուստային ֆոնդերի եւ պլան չկատարող տրեստների ֆոնդերի հաշվին:

 

Կարեն Սերոբովիչը շատ պահանջկոտ էր եւ խիստ: Նրա հանձնարարությունները պետք է կատարվեին անպայման եւ ժամանակին: Հերթական օրվա ընթացքում նա մի քանի անգամ գալիս էր մարզադաշտի շինարարություն, հաճախ մնում էր մինչեւ գիշերվա 2-3-ը, ստուգում երրորդ հերթափոխի աշխատանքները:

 

 

Նա շատ արագ էր յուրացնում շինարարության նրբությունները եւ հաճախ որոշ երեւույթներ նկատում էր մեզանից արագ: Օրինակ` մարզադաշտն արդեն ուրվագծվում էր, երբ ստացանք լուսավորության աշտարակների գծագրերը եւ պարզվեց, որ կիրառվող մետաղական պրոֆիլները ոչ մի տրեստում չկան: Նախագծողների հետ մենք մինչեւ ուշ գիշեր մտածում էինք, թե ինչպե՞ս դուրս գալ վիճակից: Իհարկե, քննարկմանը մասնակցում էին մարզադաշտի կոնստրուկտոր Է.Թոսունյանը, գլխավոր ճարտարապետ Գ. Մուշեղյանը: Այդ քննարկումներին եռանդուն եւ շատ տրամաբանական առաջարկներով մասնակցում էր Կարեն Դեմիրճյանը: Նա առաջարկեց այդ կոնստրուկցիաները պատրաստել խողովակներից: Առաջարկությունն արժանացավ բոլորիս հավանությանը: Անհրաժեշտ խողովակները ճարվեցին:

 

Մարզադաշտի շինարարության մասին իմացել էին Մոսկվայում եւ Շինարարության միութենական մինիստր Տոկարեւը Երեւան եկավ ու խնդրեց ցույց տալ շինարարությունը: Մարզադաշտում նրան դիմավորեց Կարեն Սերոբովիչը, որոշ տեղեկություններ հաղորդեց եւ նշեց, որ մարզադաշտը կոչվելու է Լենինի անունով: Դա շատ դուր եկավ Տոկարեւին եւ երբ Կարեն Սերոբովիչը խնդրեց օգնել 100տ կարողությամբ մեկ վերամբարձիչով, Տոկարեւը շատ շտապ ուղարկեց:

 

Երկու կոլաժի պատմություն

 

Այս բացառիկ կոլաժը լայն հանրությանը ներկայացվում է առաջին անգամ: Այն պատրաստել են «Հայպետնախագիծ» ինստիտուտի աշխատակիցները` որպես «հիմք» վերցնելով ռուս գեղանկարիչ Իլյա Րեպինի “Запорожцы пишут письмо турецкому султану” նկարը:

 

 

Կոլաժի վրա պատկերված է «Հրազդան» մարզադաշտի հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահը:

 

Կոլաժի կենտրոնական մասում պատկերված են

 

Վերեւի շարքում՝  ՀԿԿ Երեւանի քաղկոմի քարտուղար, մարզադաշտի շինարարության համակարգող Կարեն Դեմիրճյան, ճարտարապետ Սամսոն Ադամյան, ինժեներ Ալլա Խոջամիրյան, ինժեներ-կոնստրուկտոր Վլադիմիր Թադեւոսյան, մարզադաշտի առաջին տնօրեն Արամայիս Սահակյան, «Երքիմշին» տրեստի կարավարիչ Պետրոս Թումանյան, շինվարչության պետ Արտաշես Մինասյան, ճարտարապետ Լեւոն Քրիստափորյան, Երեւանի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Արամ Արամյան:

 

Լուսանկարը` Ա. Թադեւոսյանի արխիվից:

 

Մեջտեղի շարքում՝  ինժեներ-կոնստրուկտոր Ինեսա Բաղրամյան, ինժեներ Միքայել Ահարոնյան, Հայաստանի Պետշինի նախագահ Գրիգոր Աղաբաբյան, Երեւանի քաղխորհրդի գործկոմի նախագահ Գրիգոր Հասրաթյան, հեղինակային խմբի անդամ Էդուարդ Թոսունյան:

 

Ներքեւի շարքում՝  ՀԿԿ Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար Լյուդվիգ Ղարիբջանյան, հեղինակային խմբի անդամ, «Հայպետնախագիծ» ինստիտուտի տնօրեն Կորյուն Հակոբյան, հեղինակային խմբի անդամ, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան, Հայաստանի Սպորտկոմիտեի նախագահ Հրանտ Շահինյան:

 

Երկրորդ կոլաժի վրա ֆուտբոլային թիմի նման պատկերված են «Հայպետնախագիծ» ինստիտուտի այն աշխատակիցները, որոնք մասնակցել են «Հրազդանի» նախագծման աշխատանքներին:

 

Լուսանկարը` Ա. Թադեւոսյանի արխիվից:

 

ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ, «Արարատ»-ի հարձակվող Նիկոլայ Ղազարյան` «Վարժեցրել» էին «Հրազդանի» քամին

 

1971 թ-ն կայացավ «Հրազդան» մարզադաշտի բացումը: Մինչ այդ, մոտ 11 ամիս շինարարություն էր ընթանում` հենց մեր աչքի առջեւ: Հրազդան մարզադաշտի վերեւի հատվածում Աղասի Խանջյանի ամառանոցի շենքն էր (այժմ այդտեղ բնակվում է ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը-խմբ): Շենքի ներքեւի հատվածում ընկած տարածքը տրամադրվել էր «Արարատին»: Այդ բարձունքից հետեւում էինք մարզադաշտում ընթացող աշխատանքներին եւ չէինք կարողանում հավատալ, որ այդքան կարճ ժամանակահատվածում ժայռանման տարածքը վերածվեց մարզադաշտի:

 

Մարզադաշտի բացմանը պետք է խաղայինք Ալմա-Աթայի «Կայրատ» թիմի հետ: Խաղն ավարտվեց 3:0 հաշվով՝ մեր օգտին: Շատ ուրախ եմ, որ «Հրազդանում» առաջին հանդիպման ընթացքում գոլի հեղինակ դարձա` խփեցի երրորդ գոլը: Շատ կարեւոր էր, որ հաղթեցինք այդ օրը՝ մարդիկ հավատացին, որ ունենք գերազանց մարզադաշտ եւ մրցունակ թիմ:

 

Արարատը գոլ է խփում Դնեպր-ի դարպասը, 1972թ.:

Լուսանկարը` Ս. Բաղդասարյանի արխիվից:

 

Այդ տարիներին կանայք հազվադեպ էին գնում մարզադաշտ, քանի որ  տղամարդիկ հաճախ չէին կարողանում զսպել էմոցիաները: Նոր մարզադաշտը ավելի մեծ էր, նստատեղերը ավելի հարմար էին ու կանայք ավելի հաճախ սկսեցին ներկա գտնվել մեր խաղերին: Սակայն առաջին խաղին մեր խաղացողների կանայք ներկա չէին` մտածեցինք, որ նրանց ներկայությունը ստադիոնում հաջողություն չի բերի:

 

Դրվագ Արարատ-Դինամո (Կիեւ) հանդիպումից, 1975թ.:

Լուսանկարը` Ս. Բաղդասարյանի արխիվից:

 

Երբ դրսից հյուրեր էինք ունենում, բոլորն ապշում էին, թե ինչ հրաշալի մարզադաշտ ունենք: Մենք շատ մրցաշարերի ենք մասնակցել արտերկրում եւ վստահաբար կարող եմ ասել, որ մեր հանդերձարանները ամենահարմարավետն էին: Ասում են՝ հիմա ավելի լավ է լինելու: Մի քանի անգամ ներկա եմ գտնվել մարզադաշտի վերանորոգման աշխատանքներին, իսկապես, բարձր մակարդակով են իրականացվում:

 

Հարազատ մարզադաշտում «պատերն» իսկապես օգնում են: Մենք գիտեինք Հրազդան մարզադաշտի ամեն «ծակուծուկը»: Մեզ նույնիսկ հաջողվել էր «վարժեցնել» մարզադաշտում փչող ուժեղ քամին՝ երբեմն դրա օգնությամբ դիմում էին որոշ հնարքների եւ դժվարացնում հակառակորդ թիմի խաղը:

 

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, «Հրազդան» մարզադաշտի տնօրեն Հարություն Քեհեյան

 

Մինչ «Հրազդան» մարզադաշտի բացումը աշխատում էի «Արարատ» ակումբում` թիմի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի օգնականն էի:

 

Մարզադաշտի առաջին տնօրենն էր Արամայիս Սահակյանը: Հետագայում նա դարձավ Երեւանի Ֆիզկուլտուրայի քաղաքային կոմիտեի նախագահ: Նրան փոխարինեց մեկ ուրիշ տնօրեն` Նիկողոսով ազգանունով: Նիկողոսովից հետո տնօրեն նշանակվեցի ես ու 1975 թ.-ից մինչեւ օրս աշխատում եմ «Հրազդան» մարզադաշտում՝ որպես տնօրեն: Այդ տարիների ընթացքում եղել եմ այն ամենի ականատեսը, ինչ կատարվել է մարզադաշտում:

 

«Հրազդան»-ը դարձավ մեր ֆուտբոլասերների ամենասիրելի վայրը: Դրա պատճառը շատ պարզ է` մարզադաշտը խորհրդանշում էր «Արարատ»-ի բոլոր մեծ հաղթանակները: Ֆուտբոլասերները, գալով մարզադաշտ, վստահ էին, որ «Արարատը» հաղթանակ կտանի: Նրանք միայն չգիտեին, թե ի՞նչ հաշվով է հաղթելու իրենց սիրելի թիմը: Վստահ կարող եմ ասել, որ եթե ֆուտբոլասերները չլինեին, չէին լինի ոչ մեր հաղթանակները, ոչ էլ «Հրազդան» մարզադաշտը:

 

Հարություն Քեհեյանը 1973 թ.-ին “Արարատ”-ի նվաճած ԽՍՀՄ գավաթը ձեռքին: 

Լուսանկարը` Հ. Քեհեյանի արխիվից:

 

«Հրազդան»-ի բացման օրը շատ լավ եմ հիշում: Այդ օրը մարզադաշտը տոնական տեսք էր ընդունել: Արարողությունը սկսվեց ֆուտբոլային դպրոցների սաների շքերթով, ֆուտբոլի ասպարեզի ներկայացուցիչների ողջույնի խոսքերով: Բայց, իհարկե, ամենամեծ նվերը, որը մատուցվեց «Հրազդան» -ի բացման օրը, «Արարատի» հաղթանակն էր՝ 3:0 հաշվով:

 

«Հրազդան» մարզադաշտի պատմության մեջ առանձնացնում եմ երկու դրվագ:

 

Առաջինը՝ 1975 թ. մարտի 19-ն էր: Այս օրը «Հրազդան»-ում UEFA-ի Չեմպիոնների Լիգայի շրջանակում կայացավ Երեւան «Արարատ»-Մյունխեն «Բավարիա» ակումբների հանդիպումը: «Արարատ»-ն այդ խաղում 1:0 հաշվով հաղթեց Եվրոպայի ամենաուժեղ ակումբային թիմին: Այսօրվա պես հիշում եմ՝ գնդակը գլխի հարվածով «Բավարիայի» դարպասն ուղարկեց Արկադի Անդրեասյանը:

 

(Մեդիամաքս` այդ հանդիպման մասին պատմող ռեպորտաժը կարող եք կարդալ այստեղ):

 

Երկրորդ հիշարժան օրը արդեն անկախ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումն էր աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի ընտրանու հետ: Այդ խաղում մենք պարտվեցինք 2:3 հաշվով, բայց մեր ֆուտբոլիստների ցուցադրած խաղը շատ տպավորիչ էր:

 

«Հրազդան» մարզադաշտը հայտնի ու սիրելի վայր էր ոչ միայն ֆուտբոլային հանդիպումների տեսանկյունից: Այստեղ էին անցկացվում նաեւ մեծ մշակութային միջոցառումներ, ինչպես օրինակ «Ոսկե Աշունը», «Էրեբունի-Երեւանը»:

 

«Ոսկե Աշուն»-ի սկիզբը դրվել էր 1961 թ.-ին: Այն անցկացվում էր սեպտեմբերից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում եւ մինչ «Հրազդան»-ի կառուցումը տեղի էր ունենում «Հանրապետական» մարզադաշտում: 

 

Լուսանկարը` Ս. Բաղդասարյանի արխիվից:

 

«Ոսկե Աշուն»-ի «կնքահայրը» եւ հիմնադիրը Գեորգի Ասատրյանն է: Նա միջոցառումների հոյակապ կազմակերպիչ էր: Նա շատ «հզոր» մարդ է, կարողանում էր Մոսկվայից Հայաստան բերել հայտնի կատարողներին:

 

Մի անգամ «Ոսկե Աշնան» շրջանակներում Հայաստան ժամանեցին հայտնի դերասաններ Մորգունովը, Նիկուլինը եւ Վիցինը: Հանդիսատեսը մեծ խանդավառությամբ ընդունեց նրանց:

 

«Հրազդան»-ում տեղի են ունեցել նաեւ ավտոռոդեոներ, թեթեւ ատլետիկայի մրցումներ: 1975-ին «Հրազդան»-ում անցկացվեց թեթեւ ատլետիկայի  ԽՍՀՄ առաջնությունը: Դա իսկապես մեծ իրադարձություն էր Հայաստանի նման փոքր երկրի համար:

 

Արդեն 37 տարի յուրաքանչյուր օր, շաբաթ եւ կիրակի, սովորական թե տոնական օր, գալիս եմ մարզադաշտ: Կարծես, մարզադաշտի պատասխանատու հերթապահն եմ, ով մարզադաշտում «ցմահ» աշխատելու իրավունք է ստացել: 

 

Ինձ հաճելի է նկատել, որ այժմ մեր ազգային հավաքականը տպավորիչ խաղեր է ցուցադրում, ինչը «Հրազդան» է բերում նորանոր ֆուտբոլասերների:

 

Ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյան` «Հրազդանում» տիրում էր համերաշխ, բարի մթնոլորտ

 

Որպես ֆուտբոլային մեկնաբան՝ իմ բախտը շատ է բերել: Երբ սկսեցի մեկնաբանական գործունեությունս, հայկական ֆուտբոլում տեղի ունեցան պատմական իրադարձությունները՝ «Հրազդան» մարզադաշտի բացումը, «Արարատ»-ի վերելքը:

 

Որպես մեկնաբան, ես իմ առաջին ֆուտբոլային ռեպորտաժը վարել եմ 1971 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ «Արարատը» հանդիպեց Տաշկենտի «Պախտակոր»-ի հետ:

 

«Նոր «Հրազդան» մարզադաշտը հիանալի մարզական կառույց է: Այն շատ հետաքրքիր է ճարտարապետական տեսանկյունից: Այն հարմար է եւ՛ ֆուտբոլիստների, եւ ֆուտբոլը դիտողների համար: Լավն են մարզադաշտի հանդերձարանները, լողավազանը, լողասենյակները: Մարզադաշտն ունի հիանալի խոտածածկ»:

 

1971 թ.,  «Պախտակոր» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Քելլեր

 

Առաջին խաղը մարզադաշտում անցկացվել էր 1971 մայիսի 19-ին: Մեր տղաները փայլուն էին խաղում եւ այդ տարի առաջին անգամ դարձան ԽՍՀՄ փոխչեմպիոն:   

 

Մարզադաշտն այդ տարիներին լեփ-լեցուն էր, մարդիկ նստում էին ոչ միայն նստարաններին, այլեւ աստիճաններին, անցուղիներին: Տիրում էր համերաշխ, բարի մթնոլորտ: Մարդիկ «Հաղթանակ» կամրջից ոտքով գնում էին ստադիոն՝ խաղաղ, հանգիստ, հաղթական տրամադրությամբ: Մի տրամադրություն էր, որը հիմա չեմ նկատում:

 

 

Մեր հայրենակիցների համար «Արարատ»-ի վերելքը անասելի երջանկություն եւ հպարտություն էր: Մարդիկ մոլի ֆուտբոլասերներ էին դարձել: Հիշում եմ, որ դեռ այն ժամանակ, երբ «Հրազդանը» չէր կառուցվել եւ խաղերն անցկացվում էին Հանրապետական մարզադաշտում, կանայք ֆուտբոլի հանդիպումներին չէին հաճախում: «Հրազդան»-ի բացմամբ ֆուտբոլը դարձավ մասսայական, եւ արդեն «Արարատ»-ի խաղերին սկսեցին հաճախել կանայք, երեխաներ: Պատկերացրեք, միայն 40 հազար աբոնեմենտ էր վաճառվում: Դա շատ մեծ ցուցանիշ էր:

 

Դրվագ Արարատ-Դինամո (Կիեւ) հանդիպումից, 1976թ.:

Լուսանկարը` Ս. Բաղդասարյանի արխիվից:

 

Ֆուտբոլասերները մարզադաշտ էին գալիս զուռնա-դհոլներով, մեծ ցուցապաստառներով: Չեմ կարող փոխանցել այն զգացումները, որն ապրում էին մարդիկ 1973 հոկտեմբերի 28-ին, երբ «Հրազդանում» «Արարատ»-ը, հաղթելով Լենինգրադի «Զենիթին», ժամկետից շուտ ապահովեց ԽՍՀՄ Չեմպիոնի կոչումը, քանի որ նույն օրը Կիեւի «Դինամոն» զիջել էր Ալմա-Աթայի «Կայրաթին» եւ մեր թիմին որեւէ մեկը չէր կարող հաղթել: «Հրազդան»-ը վերածվել էր մի մեծ թատերաբեմի: Խաղից հետո, մարդիկ թափվեցին խաղադաշտ, սկսեցին քոչարի պարել: Դա ազգային ուրախություն էր: 

 

«Այնպիսի հրաշալի մարզադաշտում, ինչպիսին «Հրազդանն» է, վատ խաղեր չեն կարող անցկացվել: Մարզադաշտի տնօրինությունը անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի թե՛ ֆուտբոլիստները, թե՛ հանդիսատեսը եւ թե՛ մրցավարական կազմը հնարավորություն ունենան ցուցադրելու լավ, մեծ ֆուտբոլ»:

 

1973թ., «Արարատ»-«Դինամո» (Մոսկվա) խաղից հետո

Միջազգային կարգի մրցավար Թոֆիկ Բահրամով

 

Խորհրդային Միությունում «Հրազդան»-ն իր մեծությամբ երրորդ մարզադաշտն էր՝ Մոսկվայի «Լուժնիկի» եւ Սանկտ-Պետերբուրգի մարզադաշտերից հետո: Այդ շրջանում «Հրազդանը» ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլ աշխարհի լավագույն մարզադաշտերից էր: Խոտածածկը կատարյալ էր, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այն ժամանակ այսօրվա տեխնիկական հնարավորություններ չկային: «Հրազդան»-ը ուներ հիանալի ջրահեռացման համակարգ: ԽՍՀՄ բարձրագույն առաջնության  խաղերից հետո կազմակերպված մամուլի ասուլիսների ժամանակ մրցակիցների մարզիչները նշում էին այս առավելությունները:

 

«Նոր մարզադաշտ, որը պատկանում է ամենագեղեցիկ եւ ժամանակակից մարզադաշտերի թվին: Սա ինձ համար մեծ անակնկալ էր: Ես հիացած եմ»:

 

1973 թ., Ավստրիայի դաշնային սպորտային կազմակերպության նախագահ

Վ. Սեկիրա 

 

ԽՍՀՄ օլիմպիական հավաքականը, որի կազմում ընդգրկված են Արարատի 5 ֆուտբոլիստներ:  1973 թ., «Հրազդան» մարզադաշտ:

Լուսանկարը` Ս. Բաղդասարյանի արխիվից:

 

«Հրազդան»-ի ողջ պատմության ընթացքում ամենահիշարժան օրը Վորոշիլովգրադի «Զարյա» թիմի հետ հանդիպումն էր: Դա 1973 թվականն էր, երբ «Արարատը» արդեն հաղթել է Կիեւի «Դինամոյին» եւ դրվել էր մեր չեմպիոնական սկիզբը: Երկրորդ տուրում «Արարատը» ընդունեց «Զարյային», որն այդ ժամանակ երկրի չեմպիոնն էր: Այդ հանդիպման շուրջ իրարանցումը այնքան մեծ էր, որ բոլորը ցանկանում էին ներկա գտնվել: Տոմս ձեռք բերելու համար ինձ էին դիմում անգամ նախարարներ: Մեծ թվով մարդիկ դուրս մնացին մարզադաշտից: Այդ օրը մարզադաշտում մարդկային ծով էր, նստելու տեղ չկար: Այդ խաղում «Արարատը» հաղթեց 11 մետրանոցներով:      

 

Ալլա Պուգաչովա՝  երբ տխրում եմ, վերհիշում եմ համերգս «Հրազդան» մարզադաշտում

 

«Հրազդան» մարզադաշտի պատմության ամենավառ իրադարձություններից մեկը 1984 թվականին կայացած Ալլա Պուգաչովայի համերգն էր: Այդ համերգի հատվածներն ընդգրկվել են 1985 թվականին թողարկված «Пришла и говорю» ֆիլմի մեջ:

 

Ալլա Պուգաչովան ու Կոնստանտին Օրբելյանը «Հրազդան» մարզադաշտում:

Լուսանկարը` հեղինակը հայտնի չէ:

 

Երգչուհին խոստովանում է, որ այդ համերգն առանձնահատուկ տեղ ունի իր կարիերայում:

 

2009 թ. մարտին, հանդես գալով մամուլի ասուլիսում, Ալլա Պուգաչովան ասել է, որ երբ տխրում է, նայում է այդ ֆիլմի կադրերը եւ հայ հանդիսատեսի աչքերի անկեղծությունն օգնում է իրեն վերականգնել վստահությունը:

 

 

«Նման ելույթ ես ընդամենը մեկ անգամ եմ ունեցել: Եվ, փառք Աստծո, դա նկարահանված է ֆիլմում: Եվ երբ ես տխուր եմ կամ վստահ չեմ որեւէ բանի մեջ, կրկին նայում եմ այդ կադրերը՝ իմ ելույթը «Հրազդան» մարզադաշտում: Ինչպիսի անկեղծ զգացմունքներ, ինչպիսի անկեղծություն հանդիսատեսի աչքերի մեջ: Ինչպես են նրանք ծափահարում: Ինչպես են ընդունում: Ի վերջո, ի՞նչ կարելի էր տեսնել: Մի փոքր տեղաշարժվող կետ, այն տարիներին էկրաններ չկային: Այդպիսի պահերը չեն մոռացվում», - ասել էր երգչուհին:

 

«Հրազդանի» ապագան

 

2011թ. դեկտեմբերին երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժումը պայքար նախաձեռնեց «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ առեւտրի կենտրոն կառուցելու նախագծի դեմ: FAF-ը երթ նախաձեռնեց, որին միացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

 

Երթի ընթացքում, Երեւանի քաղաքապետարան եւ ՀՀ կառավարություն հանձնվեց բաց նամակ` հետեւյալ խնդրանք-պահանջով.

 

«Դիմում ենք Ձեզ` խնդրելով եւ պահանջելով, որպեսզի վերականգնվի «Հրազդան» մարզադաշտի համալիրում առկա ընդհանուր օգտագործման խնդրո առարկա հողատարածքի (1,047 հա) գործառնական նշանակությունը՝ խառը կառուցապատվողից սպորտայինի, ինչպես նաեւ՝ անվավեր ճանաչվի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տաղավարային տոնավաճառի եւ հարակից մարզումային դաշտերի տարածքում (1,047 հա) մինչեւ 20,0 մ բարձրությամբ շինության կառուցման համար: Խնդրում եւ պահանջում ենք, որպեսզի «Հրազդան» մարզադաշտը կրկին ընդգրկվի Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում»:

 

 

Արդեն ս.թ. հունվարին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնեց, որ «Հրազդան մարզադաշտի հարցը փակված է»: Նա նշել էր, որ գարնանը «վերակառուցելու ենք մարզադաշտը` պատրաստելով այն Իտալիայի հետ խաղին»:

 

Ապրիլին Ռուբեն Հայրապետյանն այցելել էր «Հրազդան» մարզադաշտ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող վերանորոգման աշխատանքներին: Նա ասել էր, որ վերանորոգման ծախսերը հոգում է ֆեդերացիան, իսկ մարզադաշտին նոր տեսք տալու համար կպահանջվի $ 10-15 մլն:

 

Մայիսին Ռուբեն Հայրապետյանն առաջարկեց «Հրազդան» մարզադաշտը կրկին ընդգրկել ՀՀ հուշարձանների պետական ցուցակում: Նա նշել էր, որ FIFA եւ UEFA ներկայացրել են նոր պահանջներ, որոնց համաձայն մարզադաշտերի անվտանգ շահագործման եւ մարդկանց անարգել տարհանման տեսանկյունից չի թույլատրվում մարզադաշտին հարող առնվազն 200 մետր տարածության վրա որեւէ կառուցապատում իրականացնել:

 

Լուսանկարը` Ֆոտոլուր:

 

«Մարզադաշտի վերանորոգումից հետո այդ տարածքում կրկնակի բարդ կլինի առեւտրի կենտրոնի կառուցումը: Այս խնդրի միակ լուծումը մարզադաշտը հուշարձանների ցուցակում ներառելն է»,- նշել էր Ռուբեն Հայրապետյանը:

 

Արտակարգ իրավիճակների նախարարության 2011թ. հոկտեմբերի 19-ին ներկայացրած եզրակացության hամաձայն, մարզադաշտին հարող տարածքում առեւտրի կենտրոնի կառուցումը անտեսում է անվտանգության պահանջները եւ կխոչընդոտի մարդկանց անարգել ու անվտանգ տարհանումը, եւ անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքների իրականացումը:

 

Երեւանի քաղաքապետարանից ստացան հետեւյալ պատասխանը.

 

«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում 2004 թվականից գործող տոնավաճառի տարածքը 1.047հա մակերեսով սեփականության իրավունքով պատկանում է «Եվրոպարկ» ՓԲԸ-ին։ Հաշվի առնելով հարցի հասարակական հնչեղությունը. «Հրազդան» կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի հետ ներկայումս քննարկվում են տոնավաճառի հետագա կարգավիճակի եւ քաղաքաշինական միջավայրի կարգավորման տարբերակները։ Միաժամանակ հայտնում ենք, որ շահագրգիռ կողմից ներկայացվել է տարածքի առեւտրի կենտրոնի կառուցման էսքիզային նախագիծ, որը Երեւանի քաղաքապետարանի կողմից հավանության չի արժանացել»։

 

«Հրազդան կենտրոնական մարզադաշտ»  ՓԲԸ-ի մամուլի ծառայության ղեկավար Թամարա Սարգսյանը մեզ տեղեկացրեց, որ մասնավորեցումից հետո «Հրազդան» մարզադաշտում առաջին խոշոր վերանորոգման աշխատանքներն իրականացվել են 2008 թ.-ին` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին ընդառաջ:

 

Դրանց արդյունքում, մարզադաշտի 70 հազար նստատեղերը կրճատվել են` հասնելով  շուրջ 55 հազարի: Պատճառն այն էր, որ ներկայումս հանդիսատեսի անհատական նստատեղի չափը ավելի մեծ է, քան նախկինում:

 

Իրականացված աշխատանքների շրջանակներում վերանորոգվել են մարզադաշտի հանդերձարանները, սանհանգույցները, բուժկետը, դոպինգ վերահսկողության սենյակը, լրատվական կենտրոնը, թիմերի համար նախատեսված սենյակները, դաշտի եւ հանդիսատեսի միջեւ ընկած գոտին:

 

Լուսանկարը` Ֆոտոլուր:

 

Թամարա Սարգսյանը տեղեկացրել է, որ 2008-ից առաջ գերմանական «Սիլ Փարթներս» ընկերության հետ համատեղ իրականացվել են նաեւ մարզադաշտի ջրահեռացման համակարգի արդիականացման աշխատանքներ:

 

Զրուցեցինք նաեւ «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ: Նա ասաց, որ ներկայումս մարզադաշտի համար գերակա խնդիրներ են անվտանգության տեսախցիկների տեղադրման եւ հակահրդեհային համակարգի արդիականացման հարցերը:

 

«Լավ է, որ մարզադաշտի նստատեղերը հրդեհվող նյութից չեն պատրաստված եւ հրդեհի բռնկման վտանգը քիչ հավանական է: Այնուամենայնիվ, մարզադաշտի անվտանգության ապահովման խնդիրը լուծելու համար մեզ նախ եւ առաջ անհրաժեշտ է լուծել տեսադիտման սարքերի տեղադրման եւ հակահրդեհային համակարգի արդիականացման հարցը, ինչը կապված է բավականին մեծ ֆինանսական ներդրումների հետ: Ուշադրության կենտրոնում ենք պահում նաեւ մարզադաշտի ծածկի կառուցման հարցը: Վերջին շրջանում մարզադաշտի վերանորոգման գործում բավականին մեծ միջոցներ են ներդրվել` թե իմ, թե` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Մենք հասկանում ենք, որ սա ընդհանուր գործ է` ուղղված մեր ֆուտբոլի զարգացմանը», - ասել է Աշոտ Աղաբաբյանը:

 

Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյան` ամեն անգամ վերապրում եմ հպարտության մեծ զգացումը

 

80-ական սկզբին փոքր երեխա էի, բայց արդեն այդ ժամանակ հատուկ վերաբերմունք ունեի «Հրազդան» մարզադաշտի նկատմամբ: Հայրս` ինժեներ-կոնստրուկտոր Վլադիմիր Թադեւոսյանը, աշխատում էր նախագծի հեղինակներ Գուրգեն Մուշեղյանի եւ Էդուարդ Թոսունյանի հետ եւ մեծ ներդրում ուներ մարզադաշտի նախագծման եւ կառուցման գործում: Մեր տանը այդ մասին միշտ առանձնահատուկ հպարտությամբ էին խոսում: Բնականաբար, այդ հպարտությունը նաեւ ինձ էր փոխանցվում` կրկնապատկվելով ու եռապատկվելով: Բոլոր ընկերներս գիտեին, որ հայրս մասնակցել է «Հրազդան» ստեղծմանը:

 

80-ականներին Կարեն Դեմիրճյանը Խորհրդային Հայաստանի ղեկավարն էր եւ ինձ զարմացնում էին հորս պատմություններն այն մասին, թե ինչպես էր տարիներ առաջ Դեմիրճյանը մասնակցում մարզադաշտի կառուցման բոլոր խորհրդակցություններին` հորս դիմելով «սիրուն տղա»: Երեխա էի, չէի հասկանում, թե ինչպես կարող էր այդ կարեւոր մարդը այդքան ընկերական ու անմիջական խոսել հորս հետ:

 

7-8 տարեկան հասակից հայրս ինձ հաճախ էր տանում «Հրազդան»` «Արարատի» խաղերը դիտելու: Սովորաբար ոտքով էինք գնում` Սարյանի փողոցով հասնում էինք մինչեւ թունելները, այնուհետեւ շարունակում էինք քայլել Հրազդանի կիրճով: Այդ «ճանապարհորդությունը» շատ էի սիրում:

 

Մարզադաշտի նախագծման բոլոր անմիջական մասնակիցներին հատուկ գրքույկներ էին տրվել, որոնք մարզադաշտ անվճար մուտք գործելու եւ հատուկ օթյակում նստելու հնարավորություն էին տալիս: Շատ էի սիրում այն պահը, երբ մարզադաշտ մտնելիս հայրս գրպանից հանում էր այդ գրքույկը, որպեսզի ցույց տա հսկիչին` ցանկանում էի, որ բոլորը տեսնեն այդ պահը ու իմանան, որ հայրս մասնակցել է այս ստադիոնի ստեղծմանը:

 

Շատ տարիներ են անցել, հայրս արդեն վաղուց կենդանի չէ: Սակայն ամեն անգամ, երբ գնում եմ «Հրազդան» մարզադաշտ, նորից վերապրում եմ հպարտության այդ մեծ զգացումը: Ստադիոնում ինձ միշտ հանգիստ ու ապահով եմ զգում` չնայած տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությանը: Կարծում եմ, այդ զգացումն իր պարգեւում է հորս հոգու այն մասնիկը, որը հավերժ մնացել է «Հրազդանում»:

 

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Աննա Զիլֆուղարյանը, Արա Թադեւոսյանը, Արմինե Մելքոնյանը:

 

Շնորհակալություն ենք հայտնում`Գուրգեն Մուշեղյանին, Կարեն Դեմիրճյանի թանգարանի աշխատակիցներին, Սուրեն Բաղդասարյանին, Թամարա Սարգսյանին:

 

Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին