Հայտնի է «Երեւան. XX դար» մրցույթի հաղթողը - Mediamax.am

exclusive
6047 դիտում

Հայտնի է «Երեւան. XX դար» մրցույթի հաղթողը


Հայտնի է «Երեւան. XX դար» մրցույթի հաղթողը
Հայտնի է «Երեւան. XX դար» մրցույթի հաղթողը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունն ամփոփել են «Երեւան. XX դար» հատուկ նախագծի շրջանակում անցկացված համատեղ մրցույթի արդյունքները:

 

Ընդհանուր առմամբ, մրցույթի հարցերին պատասխանել են 43 մասնակիցներ: Բոլոր 10 հարցերին ճիշտ են պատասխանել 11 մասնակիցներ. Աստղիկ Ավետիքյանը, Մարիամ Մեյրոյանը, Սիրուն Թադեւոսյանը, Ասյա Ասատրյանը, Դավիթ Ազիզյանը,

Ռուզան Ասատրյանը, Անժելա Ստեփանյանը, Վահե Ավետիսյանը, Դավիթ Ավետիսյանը, Թամարա Մինասյանը եւ Տաթեւիկ Հարությունյանը:

 

Մրցույթը հայտարարելիս նշել էինք, որ եթե մասնակիցներից մի քանիսը ներկայացնեն ճիշտ պատասխաններ բոլոր 10 հարցերին, նախապատվությունը կտրվի առավել ամփոփ պատասխաններ տրամադրած մասնակցին:

 

Առավել ամփոփ պատասխանների հեղինակը Դավիթ Ազիզյանն է, ով ճանաչվել է մրցույթի հաղթող եւ որպես գլխավոր մրցանակ «ԱրմենՏել» ընկերությունից կստանա Samsung GT-P5100 16GB պլանշետային համակարգիչ: Դավիթ Ազիզյանի պատասխանները ներկայացված են ստորեւ:

 

Մնացած 10 հաղթողները որպես խրախուսական մրցանակներ Մեդիամաքս-ից կստանան «Երեւան. XX դար» գիրքը եւ «Երեւան. XX դար» նախագծի հեռուստատեսային տարբերակի DVD-ն:

 

Դավիթ Ազիզյանի պատասխանները մրցույթի հարցերին

 

- Կողոպուտի ի՞նչ յուրօրինակ մեթոդ են կիրառել գողերը Երեւանի Կենտրոնական հանրախանութում:

 

1950-ական թվականների սկզբներին Երեւանի Ունիվերմագում գողություն է կատարվել: Գողերին հաջողվել է գիշերը մնալ հանրախանութում: Նրանք հավաքել էին իրենց հավանած ապրանքները եւ թաքնվել կահույքի բաժնում դրված պահարանում, իսկ առավոտյան խանութը բացվելուց անմիջապես հետո, նրանց հանցակիցները եկել եւ արագ գնել են այդ պահարանը:

 

Այդ դեպքից հետո գիշերները Ունիվերմագում սկսել են հատուկ վարժեցված շներ բաց թողնել, որոնք իրենց հերթին գիշերվա ընթացքում որոշակի վնաս են հասցրել, սակայն հատուկ ֆոնդի միջոցների հաշվին վերականգնվել է շների կողմից պատճառված վնասը։

 

- Ի՞նչ նպատակով էր նախագծվել Մարգարյանի անվան ծննդատան շենքը եւ ի՞նչը խանգարեց նախնական ծրագրերի իրականացմանը:

 

Մարգարյանի անվան ծննդատան շենքը 1930-ական թվականներին  նախագծվել է   որպես կառավարության ժամանակավոր կացարան։ Շենքի ճարտարապետն է եկել Նիկոլայ (Նիկողայոս) Բունիաթյանը, որն ավարտել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան եւ զբաղվել է պատմական կառույցների չափագրմամբ եւ մի քանի տարի աշխատել էր Անիում` Նիկողայոս Մառի արշավախմբում:

 

Ն. Բունիաթյանը երկար եւ բեղմնավոր աշխատել է Երեւանում` կառուցելով հիսունից ավելի շենքեր: Լինելով Երեւանի գլխավոր ճարտարապետ՝ ոչ միշտ է համաձայնվել Թամանյանի հետ։

 

Հայաստանի կառավարությունը 1930-ական թվականների սկզբերին տեղակայված է եղել Արամի եւ Կողբացի փողոցների անկյունային շենքում (նախկին Տեր-Գաբրիելյան): Հրապարակի Կառավարության տունը այն ժամանակ ավարտված չէր, կառուցվել էր միայն մեկ թեւը, որը դուրս էր գալիս դեպի Նալբանդյան փողոց: Այն երկհարկանի էր եւ այնտեղ էր տեղակայված Ժողկոմհողը՝ հողագործության ժողկոմիսարիատը, որը ղեկավարել է Թամանյանի ընկեր եւ հովանավոր Արամայիս Երզնկյանը:

 

Սակայն սովետական բյուրոկրատկան ապարատի համար հետագայում անհրաժեշտ են եղել նոր տարածքներ, եւ ճարտարապետ Ն. Բունիաթյանը կարողացել է Մինիստրների խորհրդի համար նոր, ժամանակավոր շենքի պատվեր ստանալ, որը պետք է հնի հարեւանությամբ գտնվեր:

 

1932 թվականին հաստատվել է Մինիստրների խորհրդի ժամանակավոր շենքի նախագիծը եւ սկսվել է շինարարությունը։

 

Ալ. Թամանյանը կտրականապես դեմ է եղել շենքի կառուցմանը եւ գտել է, որ անգամ ժամանակավոր որակված շենքը չէր կարող ազդեցություն չունենալ իր կողմից հեղինակած Կառավարության շենքի նախագծման եւ կառուցման վրա ապագա հրապարակում, որը, ըստ Թամանյանի, պետք է դառնար Հանրապետության ադմինիստրատիվ կենտրոնը:

 

Սակայն, չնայած Թամանյանի ակտիվ դիմադրությանը, գումարները հատկացվել էին, իսկ շինարարությունը՝ սկսվել:  

 

Պայքարը այն ժամանակվա ճատարապետների ուղղությունների միջեւ շարունակվում էր: «Երկար եւ համառ պնդումներից հետո այն մասին, որ պետք չէ միջոցներ վատնել ժամանակավոր շենքի կառուցման համար, կառավարությունը փոխել է իր որոշումը: Այդ բացառիկ կարեւոր գործում կրկին օգնել է Ա. Երզնկյանը, ով Ալ. Թամանյանի հետ գրեթե երկու տարի հիմնավորել է Լենինի հրապարակում Կառավարության տուն կառուցելու հնարավորությունն ու անհրաժեշտությունը։ Արդյունքում, Մինիստրների խորհրդի համար ժամանակավոր շենքի կառուցումը սառեցվել է: Մի քանի տարի անց որոշվեց շինարարությունն ավարտին հասցնել եւ այնտեղ ծննդատուն տեղակայել: Մարկ Գրիգորյանը ստիպված է եղել ավարտին հասցնել Ն. Բունիաթյանի աշխատանքը՝ հետագայում փոփոխելով  նախնական նախագիծը շենքը նոր պահանջներին հարմարեցնելու համար: 

 

1938 թվականին ավարտին է հասցվել ծննդատան շենքի կառուցումը։

 

- Այդ ճարտարապետի մի քանի շենքեր քանդվեցին` խորհրդային շրջանում եւ Հայաստանի անկախությունից հետո: Նշեք ճարտարապետի անունը եւ քանդված շենքերը:

 

Ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանի նախագծով Երեւանում կառուցվել են Աբովյան փողոցում գտնվող բնակելի շենքերից մեկը, Աբովյան-Կորյուն փողոցների հատույթում (Ուրարտու խանութի) բնակելի շենքը, Բաղրամյան-Մոսկովյան փողոցների հատույթում գտնվող բնակելի շենքը, Մայակովսկու անվան դպրոցը, ՀՀ Ոստիկանության շենքը, Սախարովի հրապարակի վրա տեղակայված Երեւանի հրշեջ կայանի շենքը:

 

Աննա Տեր-Ավետիքյանը ծնվել է 1908 թվականին եւ եղել է առաջին կին ճարտարապետը։ Աննա Տեր-Ավետիքյանի նախագծով 1960-ական թվականներին կառուցվել է «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը՝ ՀԽՍՀ Կուլտուրայի մինիստրության  քաղաքի բոլոր շրջաններում «կուլտուրայի գոտիներ» ունենալու որոշման համաձայն։ Կինոթատրոնի շենքը ունեցել է մեկ դահլիճ։ Այն փակվել է 1980-ականների սկզբին, որից հետո քանդվել է կինոթատրոնի շենքը: Որպես քանդման պատճառ, հիմնավորում նշում են անձնական հակակրանքը շենքի հեղինակի նկատմամբ: Հայաստանի անկախացումից հետո քանդվել են նաեւ Աննա Տեր-Ավետիքյանի հեղինակած մեկ այլ շենք՝ Սայաթ-Նովա եւ Աբովյան փողոցների խաչմերուկում տեղակայված Հայաստանի գիտությունների ակադեմիայի հին շենքը։ Այն քանդվել է նոր եկեղեցի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի երեւանյան նստավայր կառուցելու նպատակով:

 

- Ո՞վ էր որոշել պատժել ճարտարապետ Կարո Հալաբյանին եւ ո՞վ եւ ինչպե՞ս փրկեց նրան:

 

Կարո Հալաբյանը համարվել է խորհրդային լավագույն ճարտարապետներից մեկը: Նրան չափազանց բարձր են գնահատել նաեւ արտերկրում: Մասնավորապես, Բրիտանական թագավորական ճարտարապետական ինստիտուտը նրան շնորհել էր պատվավոր թղթակից-անդամի կոչումը: Կարո Հալաբյանը արժանացել էր նաեւ Նյու Յորքի պատվավոր քաղաքացու կոչմանը`1939 թվականին այդ քաղաքում կայացած միջազգային ցուցահանդեսում խորհրդային պավիլյոնի ձեւավորման համար:

 

Հայրենական Մեծ Պատերազմի ավարտից հետո, երբ Մոսկվայում սկսվել է հայտնի «ստալինյան» բարձրահարկ շենքերի կառուցումը, խորհրդակցություններից մեկի ժամանակ Կարո Հալաբյանը (նա այդ ժամանակ զբաղեցրել է Մոսկվայի գլխավոր ճարտարապետի պաշտոնը) համարձակություն է ունեցել հակաճառել Լավրենտի Բերիային` ասելով, որ այդ շենքերի սպասարկումը չափազանց ծախսատար կլինի: Մի քանի օր անց Կարո Հալաբյանին ազատել են բոլոր պաշտոններից եւ զրկել են պատվերներից:

 

Հալաբյանին փրկել է նրա մանկության ընկերը` Անաստաս Միկոյանը (նրանք միասին սովորել են Թիֆլիսում): Միկոյանը Հալաբյանին գրեթե բռնի կերպով ուղարկել է  Երեւան` ասելով` «գնա, որպեսզի որոշ ժամանակ քեզ այստեղ չտեսնեն ու չհիշեն»: Քաղաքացիական պատերազմի տարիներին Հալաբյանը փրկել է Միկոյանի կյանքը ու այսպես Միկոյանը «վարձահատույց» է եղել ընկերոջը: Հալաբյանը Հայաստանում մնացել է մոտ մեկ տարի, այնուհետեւ վերադարձել է Մոսկվա:

 

- «Ռոսիա» կինոթատրոնի կինոսրահներից մեկում բացման պաշտոնական արարողության նախօրեին մի դուռ հայտնվեց, որը շենքի նախագծում չկար: Ինչպե՞ս եւ ինչո՞ւ հայտնվեց այդ դուռը: 

 

 «Ռոսիա» կինոթատրոնը ճարտարապետներ Հրաչ Պողոսյանի, Արթուր Թարխանյանի եւ Սպարտակ Խաչիկյանի երկրորդ համատեղ խոշոր նախագիծն է հանդիսացել, որոնց առաջին համատեղ աշխատանքը Աբովյան քաղաքի գլխավոր հատակագիծն է եղել:

 

Նախկինում «Ռոսիա» կինոթատրոնի տարածքում գտնվել է Երեւանի ամենահին շուկաներից մեկը` բավականին կեղտոտ տարածքով, սակայն ինքնատիպ կոլորիտով:

 

Որոշում է կայացվել, որ շուկայի փոխարեն պետք է կինոթատրոն կառուցվի: Այդ մասին կինոթատրոնի  նախագծի հեղինակներն իմացել են մամուլից, երբ տեսել են Գեւորգ Թամանյանի արված նախագծի լուսանկարը: Հեղինակ ճարտարապետները տարված լինելով այդ ժամանակվա համաշխարհային ճարտարապետության նորամուծություններով եզրակացրել են, որ Գ. Թամանյանի նախագիծը դասական ոգով է արված եղել եւ չէր կարող ժամանակակից դիտվել: Հեղինակների կողմից 1970-71 թվականներին կատարված նախագիծը ներկայացրել են ճարտարապետների միության դատին, որը սակայն միանշանակ չի ընդունվել։  Նախագծի վերաբերյալ քննարկումները տեւել են երկու օր։Սակայն երկու օր անց ստացվել է դրական արձագանք եւ նախագիծը մեծամասնության կողմից հավանության է արժանացել: Ավելի ուշ այն հաստատվել է նաեւ Երեւանի քաղաքային խորհրդի կողմից: Նախագիծն իրականացնելու պատվերը տրվել է «Հայպետնախագիծ» ինստիտուտին:

 

«Ռոսիա» կինոթատրոնը (որը ցանկացել են անվանել «Արարատ» կամ «Նոյան տապան») ունեցել է երկու մեծ դահլիճ` 1600 եւ 1000 նստատեղով: Երկու հարկանի մասում, որտեղ այժմ առեւտրային սրահներ են, կար եւս մեկ սրահ`280 նստատեղով: Մյուս մասերում գտնվել են ցուցասրահներ, պարասրահներ, սրճարաններ` «Ռոսիան» լիարժեք մշակութային կենտրոն է հանդիսացել:

 

«Ռոսիա» կինոթատրոնի բացումը կայացել է 1974 թվականի դեկտեմբերին՝  ՀԿԿ Կենտկոմի պլենումի նիստով, որը վարել է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարի պաշտոնը ստանձնած Կարեն Դեմիրճյանը: Հաջորդ օրվանից կինոթատրոնում սկսվել են ֆիլմերի  ցուցադրությունները:

 

1978 թվականին Երեւանում պետք է տոնեին Արեւելյան Հայաստանի՝ Ռուսաստանի հետ միավորման 150-ամյակը, եւ սպասվում էր, որ Հայաստան պետք է ժամաներ նաեւ Լեոնիդ Բրեժնեւը: Հանդիսավոր նիստը պետք է կայանար «Ռոսիա» կինոթատրոնում: Մոսկվայի ՊԱԿ-ից աշխատակիցները ուսումնասիրել են «Ռոսիա» կինոթատրոնի տարածքը: Կինոթատրոնն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո ՊԱԿ-ի աշխատակիցների մոտ հարց է ծագել, թե որտեղի՞ց է Լեոնիդ Բրեժնեւը ներս մտնելու, որն այդ ժամանակ արդեն վատառողջ է եղել եւ դժվարությամբ է քայլել:

 

Ցույց են տվել հիմնական մուտքը, սակայն ՊԱԿ-ի աշխատակիցները չեն համաձայնվել, պատճառաբանելով, որ Բրեժնեւը չի կարող դեպի դահլիճ տանող աստիճաններով բարձրանալ: Առաջին հարկում հանգստյան սենյակ է եղել, որը դրսից մուտք չի ունեցել: Հանձնարարվել է քանդել դահլիճներին հարակից պատը եւ դուռ բացել: Մեծ դժվարություններով հնարավոր է եղել դուռ բացել, սակայն Բրեժնեւը այդպես էլ Երեւան չի եկել, իսկ այդ դուռը մինչ այսօր պահպանվել է:

 

- Ստալինի արձանի բացման ժամանակ Երեւանում ուժեղ մառախուղ էր, ինչը խանգարում էր բացման լուսանկար անել: Ինչպե՞ս գտնվեց ելքն այդ իրավիճակից:

 

«Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրը` Ստալինի արձանով, բացվել է 1950թ. նոյեմբերի 29-ին: Պատվանդանի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է եղել, իսկ Ստալինի 17 մետր բարձրություն ունեցող պղնձե արձանի հեղինակը հանդիսացել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովը։

 

Ստալինի արձանը համարվել է ամենամեծը Խորհրդային Միության տարածքում:

 

1962 թվականին Ստալինի արձանը ապամոնտաժվել է եւ հինգ տարի պատվանդանը դատարկ մնալուց հետո 1967 թվականին տեղադրվել է Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» արձանը։

 

Արձանի պաշտոնական բացման օրը Երեւանում մառախուղ է եղել: Այնքան ուժեղ է, որ հստակ երեւացել են միայն պատվանդանը ու արձանի ստորին մասը: Արձանի վերին մասը, Ստալինի դեմքը պատված է եղել շղարշով: Արձանի բացմանը ներկա են եղել ֆոտոլրագրողներ Մոսկվայից, սակայն մառախուղի պատճառով չեն կարողացել որակյալ նկարներ ստանալ:

 

Ստեղծված իրավիճակում ելքը գտել է Հայաստանում ֆոտոլրագրության հիմնադիր Նեմրութ Բաղդասարյանը։ Վերջինս նախկինում նկարած լինելով արձանը, օգտագործել է այդ կադրերից մեկը, մոնտաժել է արձանի վերին մասը բացման օրն արված կադրի հետ, որտեղ երեւացել է պատվանդանի տակ հավաքված ժողովուրդը:

 

- Հրազդանի կիրճի հետ կապված Միքայել Մազմանյանի ո՞ր նախագիծն այդպես էլ մնաց թղթի վրա: 

 

1935 թվականին Միքայել Մազմանյանի նախագծով կառուցվել է Երեւանի Մանկական երկաթուղու այգին։

 

Մանկական երկաթուղու կառուցման գաղափարը պատկանում էր Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանին: 1935 թ-ի դեկտեմբերին Երեւանի Մանկական երկաթուղու կառուցումը ԽՍՀՄ-ի Պետպլանով ներառվեց  1936թ. ժողովրդա-տնտեսական պլանի մեջ: Օբյեկտի հանձնման վերջնական ժամկետն էր 1937թ. նոյեմբերի 7-ը։

 

Առաջին տարիներին Մանկական երկաթուղու կայարանի շենքը եղել է փայտից, իսկ  1940-ական թվականների վերջին դրա փոխարեն տուֆից կառուցվել է նոր շենք:

 

1938 թվականին սկսվել է Մանկական երկաթուղու երկրորդ հերթի շինարարությունը: Ըստ նախագծի, երկաթուղին Զանգվի վրա կառուցվելիք կամրջի վրայով պետք է անցներ գետի մյուս ափը եւ կտրեր մեկ եւ կես կիլոմետր տարածություն, իսկ հետագայում մանկական գնացքը զառիվեր պետք է բարձրանար ֆունիկուլյորով Ծիծեռնակաբերդ կոչվող բլրի գագաթը:

 

- Որտե՞ղ էր գտնվում Երեւանի առաջին «Արագիլ» սրճարանը, եւ հայ մեծերից ո՞վ էր «օրհնել» դրա ստեղծումը:

 

Երեւանի «Արագիլ» սրճարանը գտնվել  է Թումանյան 31 հասցեում գտնվող շենքի տակ առկա ազատ տարածքում։ Սրճարանը ստեղծվել է 1960-ական թվականների սկզբներին, ավելի կոնկրետ՝ 1961 թվականին եւ գործել է 2 տարի։ Սրճարանի կառուցման հեղինակներն են եղել ճարտարապետներ Լոլա Դոլուխանյանը, Սաշուր Քալաշյանը եւ Լեւոն Էլոյանը։ Սրճարանի ստեղծման աշխատանքներին աջակցել է այդ տարիներին առեւտրի մինիստր Ստեփան Սաֆարյանը։

 

Մոսկովյան 31 հասցեի շենքում է ապրել Թաթուլ Ալթունյանը, ով սրճարանի կառուցման ժամանակ այցելել է հեղինակներին ։ Սրճարանի կառուցման ժամանակ այդտեղ են այցելել նաեւ արվեստի մի շարք ներկայացուցիչներ, որոնց թվում է եղել Մարտիրոս Սարյանը, ով իր հավանությունն է տվել կատարվող աշխատանքների վերաբերյալ (այցելել է երկու անգամ)։

 

- Երեւանի ամենահայտնի շենքերից մեկի համահեղինակը հանրահայտ ռուս բանաստեղծի հետ մի կուրսում է սովորել: Նշեք ճարտարապետի եւ գրողի անունները:

 

«Մոսկվա» կինոթատրոնի շենքը կառուցվել է 1937 թվականին՝ ճարտարապետներ Տիրան Երկանյանի եւ Գեւորգ Քոչարի նախագծով։

 

Տիրան Երկանյանը սովորել է Թբիլիսիի Ներսիսյան դպրոցում: Լավ նկարիչ է եղել եւ  նկարչություն է դասավանդել Երեւանի կոնյակի գործարանի հիմնադիր, հայտնի Թաիրովի  դստերը: Թաիրովի աղջկա աջակցությամբ Տ. Երկանյանը Մոսկվայում կրթությունը շարունակելու հնարավորություն է ստացել: Իր համար հատկացված  կրթաթոշակով նա իր եղբոր հետ մեկնել է արտերկիր սովորելու: Տ. Երկանյանը սովորել է Մոսկվայում, Վլադիմիր Մայակովսկու հետ նույն կուրսում եւ ավարտելուց հետո աշխատել է Մոսկվայում, այնտեղ նախագծել է մեծ թվով շենքեր:

 

- Սփյուռքի ո՞ր նշանավոր ներկայացուցիչն է աջակցել Երեւանում այդ շենքի կառուցմանը: Նշեք մարդուն եւ շենքը:

 

Անի հյուրանոցի կառուցման ծրագիրը սկսվել է 1960-ական թվականների սկզբից: Երեւանում այդ պահին գործել է ընդամենը 3 հյուրանոց` «Արմենիան», «Սեւանը» եւ «Երեւանը»:

 

Անի հյուրանոցի կառուցման թույլտվությունը ստանալու հարցում հարցում շատ մեծ դեր է ունեցել «Ինտուրիստի» հայաստանյան ղեկավար Իլյա Գեւորգովը։

 

Անի հյուրանոցի շենքի ճարտարապետներն են հանդիսացել Էդուարդ Սաֆարյանը, Ֆենիքս Դարբինյանը եւ Ֆելիքս Հակոբյանը։ Սկզբում այն նախագծվել է որպես Աբովյան փողոցում կառուցվող բնակելի շենքը, որի վերջում պետք է վեր խոյանար բարձրահարկ հյուրանոցային մասնաշենք: Սակայն, հետագայում հյուրանոցն առանձնացվել է։

 

Կոնստրուկտորներն են եղել Գ. Բալայանը եւ Ա. Շահնազարյանը։

 

Անի հյուրանոցի կառուցմանը նպաստել են նաեւ շատ նշանավոր մարդիկ, այդ թվում` Շարլ Ազնավուրը: Երբ, 1964 թվականին Ազնավուրը առաջին անգամ այցելել է  Հայաստան, նրան ծանոթացրել են Անի հյորանոցի մանրակերտին եւ խնդրել են, որ Մոսկվայում «բարեխոսի» դրա համար: 

Մեր ընտրանին