Ծածկած Շուկան. պատմության ու ներկայի, հիշողության եւ իրականության միջեւ` մաս I - Mediamax.am

exclusive
7323 դիտում

Ծածկած Շուկան. պատմության ու ներկայի, հիշողության եւ իրականության միջեւ` մաս I


Ծածկած Շուկան:
Ծածկած Շուկան:

Լուսանկարը` ՀՀ Ազգային արխիվ:

Ծածկած Շուկայի գծագրերից:
Ծածկած Շուկայի գծագրերից:

Լուսանկարը` ՀՀ Ազգային արխիվ:

Ծածկած Շուկան «վերանորոգումից» առաջ:
Ծածկած Շուկան «վերանորոգումից» առաջ:

Լուսանկարը` ՀՀ Ազգային արխիվ:

Ծածկած Շուկան «վերանորոգումից» հետո:
Ծածկած Շուկան «վերանորոգումից» հետո:

Լուսանկարը` Ե. Սարգսյանի արխիվից:


Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում հարյուրավոր հրապարակումներ եղան Ծածկած (Փակ շուկայի) ճակատագրի եւ այդ հրաշալի հուշարձան-շենքի աղավաղման մասին: Հրապարակումները, ըստ էության, անարդյունք էին` պետությունը որեւէ բան չարեց հուշարձան-շենքը փրկելու համար, իսկ սեփականատերն այն «վերանորոգեց» սեփական ճաշակին համապատասխան: Այսօր ունենք այն, ինչ ունենք, իսկ ավելի ճիշտ` Փակ շուկա այլեւս չունենք:

 

Ներկայացնում ենք ճարտարապետության տեսաբան Եվա Սարգսյանի «Ծածկած Շուկան. պատմության ու ներկայի, հիշողության եւ իրականության միջեւ» էսսեն` բաղկացած 3 մասերից: Հեղինակը Ծածկած շուկայի խնդրին անդրադառնում է մասնագիտական տեսակետից` փորձելով զերծ մնալ զգացական գնահատականներից:

 

Ներկայացնում ենք էսսեի առաջին մասը:

 

Մաս 1: Ճարտարապետական ինքնությունն, արժեքն ու արժանիքները

 

Եվա Սարգսյան, ճարտարապետության տեսաբան

 

Հուշարձան: Ո՞րն է հուշարձանի արժեքն ու կարեւորությունը: Ի՞նչով է այդ արժեքը պայմանավորված: Ի՞նչու եւ ի՞նչպես է պետք այն պահել: Ի՞նչի համար:

 

Ծածկած, կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ Փակ Շուկայի հուշարձան շենքի աղավաղման դեպքը անցած տարվա ամենաքննարկվող թեմաներից էր երկրի քաղաքական եւ մշակութային կյանքում: Եթե ընդհանրացնենք, ապա դեպքը դիտարկվում էր հիմնականում երեք դիտանկյուններից՝ իրավական խախտումներով շինարարական գործունեությունը, շուկան՝ որպես հանրային եւ անհատական հիշողության կորուստ եւ դրա վերակառուցման էսթետիկ որակավորումը: Թվում է, թե խնդրի էությունը շատ պարզ է եւ միանշանակ, կար հուշարձանի կարգավիճակ ունեցող, բոլորի կողմից սիրված մի կառույց, հաստատություն, որը, ի հեճուկս բոլոր օրենքների ձեւափոխվեց՝ կորցնելով իր ճանաչելի եւ սիրելի կերպարն ու ֆունկցիան, այն է՝ աուտենտիկությունը:

 

Վատ է, շատ վատ: Բայց ի՞նչու:

 

Կատարված իրողությունը մասնագիտորեն գնահատելու համար պետք է հասկանալ, թե հուշարձանի կարեւորությունը ինչումն էր կայանում, եւ ինչ արժանիքներով էր այդ կարեւորությունը պայմանավորված եւ ինչու են դրանք համարվում կորսված: Սրանք հարցեր են, որոնց մասին սովորաբար չենք մտածում՝ թերեւս համարելով դրանք շատ տրիվիալ կամ ակնհայտ: Մինչդեռ 1993-ին ճապոնական Նառա քաղաքում ստորագրված հուշարձանների աուտենտիկության հայտնի փաստաթղթի մեջ հատուկ ֆիքսվում է հուշարձանի արժանիքների գնահատման կարեւորությունը այն իրապես արժեւորելու համար, եւ, մասնավորապես, ասվում է, որ հուշարձանի աուտենտիկությունը կամ էությունը հասկանալու համար շատ կարեւոր է դրա բնույթի եւ հատկանիշների մասին հավաստի տեղեկատվության եւ գիտելիքի տիրապետումը:

 

Այդ պատճառով մինչ կառույցի հետ կատարվածի մասին մեկնաբանություններ անելը՝ պետք է ֆիքսենք դրա մշակութային, հանրային եւ պատմական կարեւորությունը՝ դիտարկելով դրա արժանիքները որպես պատմական եւ ճարտարապետական հուշարձան:

 

Շուկան՝ որպես ճարտարապետական հուշարձան

 

Կառուցվածքի եւ ֆունկցիայի կապը: Շինարարությունը խորհրդային շրջանում հայտնի է իր էկոնոմ եւ ռացիոնալ լինելու պահանջով: Այս առումով հարց է առաջանում, ի՞նչով է պայմանավորված շուկայի այս հսկայական կառուցվածքը, եթե նման դահլիճային տարածությունը ֆունկցիոնալ առումով կապված չէ բուն շուկայի գործառույթների հետ: Ի՞նչու կարիք առաջացավ ստեղծելու հսկա կամարների միջոցով ծածկված մեկ ամբողջական տարածություն, օրինակ, փոքր թռիչքներով ավելի ռացիոնալ կարկասային համակարգի փոխարեն, երբ անխախտ տեսանելիության խնդիր այս պարագայում չկար:

 

Տնտեսա-գործառնական տեսանկյունից սա ընդամենը գյուղմթերքների շուկա էր: Բայց բացի դրանից, կառույցը նաեւ ուներ որոշակի գաղափարական խորհուրդ, որն, ըստ Կարեն Բալյանի բնորոշման, «ռեժիմի իկոնա» լինելն է, եւ բնականաբար, այն պետք է լիներ գրանդիոզ, ճոխ, ազդեցիկ՝  որպես «աշխատավոր մարդկանց, կոլտնտեսականների համար տաճար»: Ճարտարապետության պատմության մեջ Հին Եգիպտոսից, եվրոպական միջնադարյան պաշտամունքային ճարտարապետությունից մինչեւ 20-րդ դարի սովետական կամ ֆաշիստական տոտալիտար ճարտարապետությունը գործառնական խնդիրների հետ զուգահեռ որպես ճարտարապետությանը ներկայացվող պայման հաճախ առկա է նաեւ մեկ այլ գիծ. դա ճարտարապետության միջոցով որոշակի գաղափարական հաղորդագրությունների փոխանցումն է: Եվ այս դեպքում նույնպես, կառույցի գործառնական խնդիրը նախ եւ առաջ կարելի է համարել իր գաղափարական հաղորդագրությունը՝ ձոն առ հասարակ, աշխատավոր մարդկանց, նրանց համար տաճարի կերտումը՝ շքեղ ու ազդեցիկ: Այս պարագայում կառույցի հսկայական ծավալն ու տարածությունը ստանում է իր հիմնավոր տրամաբանումը:

 

Հսկայական կամարների միջոցով միասնական տարածքի կառուցվածքը կարող է մեկնաբանվել նաեւ մեկ այլ տեսանկյունից. գուցե նման կառուցվածքով Աղաբաբյանը փորձել է վերստեղծել ավանդական բաց շուկաների տարածական ավանդույթն ու պատկերը՝ անխախտ տեսանելիությամբ բաց միջավայրը, բայց արդեն ժամանակների պահանջներին համապատասխան ծածկի տակ, շենքի մեջ առնված: Չէ՞ որ, ի վերջո, շուկայի կենտրոնում նա վերստեղծել է բաց շուկաներին բնորոշ ավանդական ջրավազանը:

 

Միջնադարը շուկայի կառուցվածքի մեջ: Եթե խոսենք Շուկայի ճարտարապետությունից, ապա նախ եւ առաջ պետք է շեշտել հայկական միջնադարյան ճարտարապետության հետ դրա կապը, որին սիրում են հղում կատարել մեր մասնագետները` շենքի ճարտարապետական նկարագրությունն անելիս: Սակայն կամարների վրա հենվող թաղով թռիչքներ ծածկելու ճարտարապետական թեման բազային ճարտարապետական կառուցվածք է, որը կիրառելի էր ոչ միայն միջնադարյան Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում:

 

Այնուհանդերձ կառույցի ճարտարապետության մեջ միջնադարյան թեման առկա է թեկուզեւ այն պարզ պատճառով, որ խորհրդային ճարտարապետության մեջ ընդհուպ մինչեւ 60-ական, 70-ականները զարգանում էր միջնադարյան եկեղեցական ճարտարապետության որոշ թեմաների ադապտացիայի սկզբունքը աշխարհիկ կառույցներում (այլ կերպ դա ընդունված է անվանել «ազգային ոճի» վերստեղծում): Դրանք հիմնականում առանձին ճարտարապետական դետալների, մոտիվների եւ զարդանախշերի կիրառումն է որպես լոկալ, փոքր ճարտարապետական ձեւեր, թեմաներ: Սակայն հայկական միջնադարյան քարե ճարտարապետությանը բնորոշ լակոնիզմն ու մոնումենտալիզմը որպես կառույցի ծավալային եւ ճակատային կոմպոզիցիայի տրամաբանություն՝ նույնպես տեղափոխվում է 20-րդ դար: Եվ այս ամենը, իհարկե, կիրառելի է նաեւ Շուկայի ճարտարապետության նկարագրության պարագայում: Հայկական միջնադարը այստեղ արտահայտված է ասկետիկ եւ մոնումենտալ կառուցվածքի մեջ, ինչպես նաեւ դետալների եւ զարդամոտիվների թեմաներում: Կառույցի գեղարվեստական ձեւավորման պարագայում միջնադարյան լակոնիկ լեզվից բացի հնչում է նաեւ նախորդ դարի 30-ականներին Եվրոպայում տարածված առ դեկոյի նոտան, որն իր պաճուճիկությամբ հանդերձ միաժամանակ նաեւ խիստ երկրաչափական է եւ պարզ: Այս ոճը, որը խորհրդային տարածք մուտք գործեց մի քանի տասնյակ տարի ուշացումով, հայկական ճարտարապետության պարագայում ստանում է իր լոկալ, վերնաքուլար պատկերը: Առ դեկոն շուկայի ճարտարապետության մեջ վառ արտահայտված է կամարների եւ թաղի հատման մասում դեկորատիվ ձեւավորման, ինչպես նաեւ շենքի գլխավոր ճակատի չուգունե վիտրաժի կոմպոզիցիայի մեջ: Այս դեկորատիվ դետալները հայկական միջնադարից եկող զարդամոտիվների՝ ժամանակակից կոմպոզիցիոն լեզվով ադապտացիայի հոյակապ օրինակներ են:  

 

Ծածկած Շուկայի գծագրերից:

Լուսանկարը` ՀՀ Ազգային արխիվ:

 

Կամարները: Կառույցի կամարները շենքի ճարտարապետության բովանդակության հիմնական մասն են կազմում: Հետաքրքրականը դրանց կառուցվածքի մեջ այն է, որ կամարները եռակոր են, ընդ որում` վերին կորը առնված է թաղի տակ, ինչը յուրահատուկ ճարտարապետական լուծում է, որը ստեղծում է որոշակի երկրաչափական խաղ եւ, ազատելով թաղը կամարներից, այն դարձնում է առավել թեթեւ, ճախրող, իսկ տարածությունն առավել ընդարձակ ու միասնական: Իսկ թաղով, իրականում ծածկված է միայն կամարների վերին հատվածը, մինչդեռ դրա կողային հատվածները առնված են հովհարաձեւ ծածկի տակ: Յուրահատուկ վիզուալ խաղ, հետաքրքրություն է ստեղծում նաեւ այս լուծումը՝ թաղի շարունակությունը կողային գալերեաների հատվածում, որտեղ այն լծորդվում է երկթեք, հովհարաձեւ ծածկերին: Այս լծորդման երկրաչափական տրամաբանությունը ընդգծվում է այդ հատման սահմանագծի դեկորատիվ երիզով, որի միջոցով այս երկրաչափական լուծումը ստանում է առավել շեշտված արտահայտչականություն: Սա ոչ միայն երկրաչափության, կոնստրուկցիայի եւ գեղարվեստականության համատեղ լուծման հոյակապ օրինակ է, այլեւ յուրահատուկ լուծում է, որը, թերեւս, ներկայացված է միայն այս կառույցի օրինակով:

 

Ինժեներա-տեխնիկական տեսանկյունից կամարների իրականացումը նույնպես որոշակի հետաքրքրություն է ներկայացնում: Դրանք իրականացված են թեթեւ տուֆաբետոնով, որը, ըստ կոնստրուկտոր Թեմուր Մարգարյանի հավաստման, նորարարական մոտեցում էր այն ժամանակների համար, եւ մինչ շուկայի կառուցումը այս տեխնոլոգիայով իրականացվել էր միայն ներկայիս «Վան» ատամնաբուժարանի շենքի գմբեթը: Տուֆաբետոնը, լինելով առավել թեթեւ շինանյութ, միաժամանակ ապահովում է ցանկալի ամրություն, ինչը՝ ըստ ինժեների հավաստման, դարձնում է այս տեխնոլոգիան նպատակահարմար շինարարության մեջ կիրառման համար նույնիսկ մեր օրերում:

 

Ծածկած Շուկան «վերանորոգումից» առաջ:

Լուսանկարը` ՀՀ Ազգային արխիվ:

 

Հետաքրքիր է գտնված նաեւ կամարների՝ կոնստրուկտիվ տեսանկյունից աշխատանքի համատեղումը շենքի ողջ ծավալային լուծման մեջ: Կամարների միջոցով ծածկված դահլիճը երկու կողմերից երկայնական ուղղությամբ երիզվում է գալերեաների երկհարկանի ծավալով, որոնք, կամարների ռիթմին զուգահեռ, մասնատված են լայնական պատերով: Այս պատերը իրենց վրա են վերցնում կամարներից եկող տարահրման ուժը եւ այդպիսով դառնում ոչ միայն գալերեաները ենթատարածությունների՝ խանութների բաժանող հատվածներ, այլեւ միաժամանակ կարեւոր կոնստրուկտիվ էլեմենտ: Այս մոտեցումը հենց միջնադարյան մտածողությանը բնորոշ լուծում է, երբ ֆունկցիան, ծավալների կազմակերպումը եւ կոնստրուկտիվ համակարգը լուծվում են համատեղ մեկ միասնական կառուցվածքի միջոցով:     

 

Ծածկած Շուկան «վերանորոգումից» հետո:

Լուսանկարը` Ե. Սարգսյանի արխիվից:

 

Այսպիսով, Շուկայի շենքն արժեւորվում է որպես յուրօրինակ ինժեներական կառույց, որպես ճարտարապետության միջոցով լայն հանրային եւ մշակութային գաղափարների արտահայտման ու իմաստների թարգմանության օրինակ եւ, իհարկե, որպես արվեստի գեղարվեստական նմուշ: Սակայն ինչու՞ է կարեւոր այս ամենը պահպանել իր աուտենտիկ վիճակում եւ ո՞րն է այն սահմանագիծը, որտեղից հետո կորչում է այդ աուտենտիկությունն ու իր հետ տանում կառույցի արժեքը: Այս հարցին կարող եմ պատասխանել` հղում անելով նույն Նառայի փաստաթղթին, որի 4-րդ կետում ասվում է, որ հուշարձանների աուտենտիկության պահպանությունը կարեւոր է հատկապես այսօրվա գլոբալիզացվող եւ հոմոգեն դարձող աշխարհում՝ ինքնատիպ մշակութային նկարագրի մասին փաստարկների պահպանության միջոցով մարդկության հավաքական հիշողությունը հստակ պահելու համար: 

 

Մյուս կողմից, 1964 թ. Վենետիկի խարտիայում ասվում է, որ հուշարձանի պահպանությունը կարեւոր է ոչ միայն որպես արվեստի գործ, այլեւ որպես պատմական փաստարկ:  Պատմական փաստարկ է հուշարձանի գոյությունը եւ դրա դերն ու գործառույթը հանրության կյանքում, երկրի մշակութային պատկերի ձեւավորման եւ միջավայրի ստեղծման մեջ: Այս ամենի ստեղծմանը հուշարձանը մասնակցում է ոչ միայն իր ծավալով՝ ճարտարապետությամբ, այլ նախ եւ առաջ իր մասնակցությամբ հանրային կյանքին, որն էլ ժամանակի ընթացքում դառնում է քաղաքի մշակութային մթնոլորտը ձեւավորող ավանդույթ: Այդպիսով կառույցը կարեւորվում է նաեւ որպես ավանդույթ ու հիշողություն ամրագրող պատմա-մշակութային փաստարկ:

 

Շարունակելի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին