Ծածկած Շուկան. պատմության ու ներկայի, հիշողության եւ իրականության միջեւ` մաս II - Mediamax.am

exclusive
4993 դիտում

Ծածկած Շուկան. պատմության ու ներկայի, հիշողության եւ իրականության միջեւ` մաս II


Ծածկած Շուկան:
Ծածկած Շուկան:

Լուսանկարը` ՀՀ Ազգային արխիվ:

Ծածկած Շուկան «վերանորոգումից» առաջ:
Ծածկած Շուկան «վերանորոգումից» առաջ:

Լուսանկարը` ՀՀ Ազգային արխիվ:


Ներկայացնում ենք ճարտարապետության տեսաբան Եվա Սարգսյանի «Ծածկած Շուկան. պատմության ու ներկայի, հիշողության եւ իրականության միջեւ» էսսեի երկրորդ մասը:

 

Առաջին մասը կարդացեք այստեղ:

 

Մաս 2:  Շուկան՝ որպես հանրային հիշողության արտեֆակտ

 

Եվա Սարգսյան, ճարտարապետության տեսաբան

 

Կրելով անցյալից եկող հաղորդագրություններ՝ սերունդների պատմական հուշարձանները ներկայում ապրող մարդկանց համար դարերի պատմություն ունեցող ավանդույթների կենդանի վկաներն են: Մարդկությունը հետզհետե առավել շատ է գիտակցում մարդկային արժեքների կարեւորությունը եւ համարում հին հուշարձանները որպես մարդկության համընդհանուր ժառանգություն:

 

Վենետիկի Խարտիա, 1964 թ.

 

Քաղաքը քաղաք է դառնում իր իմաստավորված ավանդույթներով, տեղերով, վայրերով, որոնք փոխանցվում են սերնդե սերունդ` կազմելով մարդկանց՝ ժամանակի ու տարածության մեջ ձգվող հիշողությունը: Որոշակի ավանդույթների վրա հիմնված հանրային հիշողության միջոցով է, որ կառույցը դառնում է իկոնիկ, կազմում տվյալ մշակույթի բնորոշ մասը եւ այդպիսով դառնում ներկայացուցչական նաեւ աշխարհի համար: Բայց այստեղ շատ կարեւոր է մի բան՝ ավանդույթի կենդանի, ակտուալ լինելը:

 

Փակ Շուկան ավանդույթ էր, միջավայր էր: Եվ այդ ավանդույթը՝ պրոցեսը անմիջականորեն կապված էր տեղի՝ կառույցի հետ: Դրանք մեկը մյուսի շարունակությունն էին հանդիսանում: Բայց արդյո՞ք այդ ավանդույթը շարունակվում էր վերջին տարիներին: Արդյո՞ք շուկան նույն ակտիվ հանրային վայրն էր, որտեղ մարդիկ գնում էին առեւտրի ինչպես ծեսի, որտեղ հաճախորդներն ունեին իրենց մատակարարներին եւ հակառակը, որտեղ հանդիպում էին միմյանց, զրուցում:

 

Արդյո՞ք շուկան այն վայրն էր, որի մասին նոստալգիկ խոսում են ավագ սերնդի ներկայացուցիչները եւ որտեղ մենք էինք գնում մեր ծնողների հետ: Արդյո՞ք շուկան պահպանեց իր՝ սովորական, աշխատավոր մարդու համար տաճարի իր հանրային դերը:

 

Եթե անկեղծ լինենք, պետք է խոստովանել, որ ոչ: Արդեն վաղուց «շուկա անելու» ավանդույթը փոխարինվել է սուպերմարկետից առեւտուր անելու եւ անկյունի փոքրիկ կրպակից «ձեռի հետ» միրգ-բանջարեղեն առնելու կենցաղային հոգսով: Փակ Շուկան էլ, որպես հասարակության եւ հասարակարգի անմիջական պատկեր, դարձել էր «աշխատավոր էլիտայի» այցելության վայր, լավագույն դեպքում՝ տուրիստների համար ազգային ֆոլկլորի վիտրինա: Այն արդեն վաղուց սովորական մարդկանց համար չէր, իսկ դրա երբեմնի ավանդույթից մնացել էր միայն փայլուն շապիկը:

 

Խոսելով Շուկայի կորստի մասին, ճարտարապետական աուտենտիկության կորստից բացի շատերը հիշատակում էին նաեւ դրա հանրային գործառույթի կորուստը, որը ոչ թե շուկա լինելն է, այլ շուկա լինելով հանդերձ՝ ավանդույթ լինելը: Բայց այդ ավանդույթն արդեն չկար, հիշողությունն ու նոստալգիան էլ զարթնեց, ինչպես միշտ, միայն կորստից հետո: Ուրեմն ի՞նչ: Ի՞նչպես գնահատել այս ամենը: Արդյո՞ք հնարավոր էր պահել Շուկայի ճարտարապետական եւ գործառնական աուտենտիկությունը:

 

Կառույցի գործառույթի խնդիրը

 

Հուշարձան կառույցի ֆունկցիան նույնպես կարող է ֆիքսված լինել որպես այդպիսին եւ փոփոխման ենթակա չլինել: Սակայն նման կետ մեր հուշարձանային օրենսդրության մեջ կարծես թե չկա (նման միտք տարալուծված կերպով հուշարձանների տեղափոխման մասին օրենքում մտցնելու փորձ է արվում այս օրերին): Համենայն դեպս, հուշարձանի վաճառքի ժամանակ սեփականատիրոջը տրամադրված պարտավորագրի մեջ (եթե այդպիսին եղել է) նման կետ, ամենայն հավանականությամբ, բացակայել է: Եվ տրամաբանական է, որ եթե հուշարձան շենքը վաճառվում է որեւէ մեկին եւ այն դառնում է տվյալ անձի սեփականությունը, այդ սուբյեկտը, հատկապես եթե նա գործարար է (այլ բնորոշումներից զերծ եմ մնում), այդ շենքի շահագործմամբ նպատակ ունի անպայման որոշակի դիվիդենտներ ետ ստանալ իր ներդրումից (խոսքս Գաֆեսճեանի եւ այլոց մասին չէ, ովքեր իրենց կարողությունն արդեն կերտել են, եւ անշարժ գույքի նկատմամբ ունեն առավելապես մշակութային հետաքրքրություն): Ապա էլ ի՞նչի համար էր շենքը պետք նրան: Եվ բնական է, որ նա պետք է մտածի, թե ի՞նչ նոր կիրառում, գործառույթ կարող է տալ այդ շենքին, որը հետաքրքիր է իր բիզնեսի տեսանկյունից: Սա է մեր իրականությունը, եւ ոչինչ հնարավոր չէ անել գործարարության տրամաբանության դեմ, որն, այո, հաճախ գնում է թե հանրության, թե նույնիսկ պետության շահերին դեմ:

 

Ծածկած Շուկան «վերանորոգումից» առաջ:

Լուսանկարը` ՀՀ Ազգային արխիվ:

 

Հնարավոր չէ պահանջել, որպեսզի գործարարի սեփականություն հանդիսացող հսկայական Փակ Շուկան շարունակի ամբողջովին գործել որպես գյուղական մթերքների շուկա, որտեղ գյուղացիները տարածքի կամ սեղանի վարձակալությամբ իրենց բարիքները կվաճառեն քաղաքաբնակներին: Դա անհնարին ու անտրամաբանական է գործարարության տեսանկյունից: Ժամանակին էր պետք մտածել:

 

Մյուս կողմից, մեր օրերում արդեն ակտուալ է նաեւ դառնում շենքի՝ վերեւում նշված կառուցվածքի եւ իրականացրած գործառույթի ռացիոնալության կապը: Եթե խորհրդային տարիներին այդ կառուցվածքի արդարացումը որոշակի գաղափարներով էր պայմանավորված, ապա այսօր այդ իմաստները այլեւս չեն գործում, եւ շենքի կիրառելիությունը դառնում է խնդրահարույց: Այն մեծ է, բարձր, ինչը դժվարացնում է ջեռուցման հարցը, կառույցի ներսույթի ներկա կազմակերպման պարագայում օգտագործելի է միայն մեկ մակարդակում, ունի ակուստիկ խնդիրներ՝ ներսում մշտապես առկա է «սպիտակ աղմուկը», որը հոգնեցնող է:

 

Հաշվի առնելով գործառնական խնդիրները՝ ի՞նչ կիրառում կարելի է տալ այս տարածությանը առանց ձեւափոխման կամ մինչեւ ո՞րտեղ է ընդունելի միջամտություն կառույցի ճարտարապետության մեջ:

 

Առանց ներսույթում հիմնավոր ձեւափոխումներ անելու՝ շուկայի ներքին տարածքը կարող է օգտագործվել միայն որպես մարզական կամ հանդիսական դահլիճ, հատկապես, որ առկա են կողային գալերեաների վերին հարկերի պատշգամբները, որոնք կարող են օգտագործվել որպես հանդիսատեսների հարթակ: Սակայն կամարները կարող են խանգարել այդ պատշգամբներից կողային տեսանելիությանը, ինչը գուցե հնարավոր է լուծել դրանք կոնսոլաձեւ մի փոքր առաջ բերելու միջոցով՝ ներգծելով դրանք կամարների հիմքերին այնպես, որ դրանց «ընթերցումը» չխաթարվի: Այլապես շենքի ներքին տարածությունը կարելի է մասնատել ենթազոնաների թեթեւ, ժամանակավոր կոնստրուկցիաներով կամ բազմաթիվ ճարտարապետական միջոցներով, որոնք չեն ենթադրում հիմնավոր կոնստրուկտիվ միջամտություն շենքի կառուցվածքի մեջ:

 

Սակայն նույնիսկ մինչեւ նման հարցերի մասին մտորելը, առավել կարեւոր է մյուս հարցը՝ որքանո՞վ է ընդունելի միջամտությունը շենքի ճարտարապետության մեջ, ո՞րտեղ է սկսվում եւ ո՞րտեղ կարող է ավարտվել դրա ճարտարապետական ինքնությունը, արժանիքներն ու աուտենտիկությունը:

 

Շարունակելի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին