Մի հարկ ավել, մի շենք պակաս - Mediamax.am

exclusive
5795 դիտում

Մի հարկ ավել, մի շենք պակաս


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանում հին շենքերի վրա սնկի նման հարկեր են «աճում», բավարար է անցնել կենտրոնի մի քանի փողոցով՝ տեսնելու համար շենքերի «մեջքին բարձրացած եւ բարձրացող» նոր հարկերը: Նման օրինակներից է ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի՝ Բաղրամյան 2 հասցեում կառուցած շենքը, իսկ շարքը կարելի է երկար թվարկել՝ Մաշտոցի պողոտայի տարբեր հատվածներ, Սայաթ-Նովա-Տերյան խաչմերուկ, Նալբանդյան, Թումանյան փողոցներ... Մարդիկ այդ կերպ փորձում են լուծել իրենց բնակարանի հարցը՝ վտանգի տակ դնելով շենքի սեյսմակայունությունը, աղավաղելով ճարտարապետությունը: 

 

Քաղաքի զարգացո՞ւմ, թե՞ աղճատում

 

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով, ձեղնահարկ ավելացնելիս, նախ պետք է հաշվի առնել, թե ինչ արժեք ունի շենքը. «Պարտադիր չէ, որ բոլորի վրա ձեղնահարկ լինի: Դրանք, երբեմն, արվում են՝ չպահելով շենքի ամբողջականությունը եւ խեղաթյուրում են: Ուղղակի չի կարելի այդպիսի բան անել, ամեն շենք իր ավարտուն տեսքն ունի»:

 

Երբ շենքը կառուցվում է, հաշվի է առնվում շրջապատն ու միջավայրը, որպեսզի այն ներդաշնակ լինի, իսկ նման միջամտությունների դեպքում, ըստ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի, ներդաշնակությունը խախտվում է: Հաճախ աղավաղումը զսպվում է ճակատային մասերում, բայց բակային տարածքներում արդեն նկատելի է:

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

Մայրաքաղաքում շենքերի վրա «աճած» հարկերը Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը բացատրում է նրանով, որ յուրաքանչյուր բնակավայր ընդլայնվում է ոչ միայն հատակագծային, այլեւ ծավալատարածական հորինվածքներով, այդ թվում՝ կցակառույցների վերնահարկերի կամ մանսարդների տեսքով։

 

Մեդիամաքս-ի՝ գլխավոր ճարտարապետին ուղղված հարցման պատասխանում նշվում է, որ «քաղաքի լանդշաֆտային առանձնահատկություններից ելնելով, մանսարդների համահունչ իրականացումը կբարելավի Երեւանի հեռանկարային տեսքը բարձրադիր դիտակետերից»։

 

Այն, որ վերջին 15-20 տարիների փորձը այնքան էլ հաջող չի եղել, ընդունում են նաեւ Երեւանի քաղաքապետարանում: Գլխավոր ճարտարապետի դիտարկմամբ, այդ փորձը վկայում է գործընթացի հաճախ ոչ պատշաճ լուծումների մասին, «ինչն ափսոսանքի հետ մեկտեղ պարտադրում է առավել մանրամասն պահանջներ եւ պայմաններ կիրառել նախագծման եւ շինարարական հետեւողական հսկողության գործընթացներում»:

 

Գուրգեն Մուշեղյանը կտրականապես դեմ է արդեն կառուցված շենքերին միջամտելուն, քանի որ, երբ կառույցն անընդհատ փոփոխման մեջ է, իսկական կերպարը, դեմքը կորցնում է:

 

«Մենք դրանով վերացնում ենք տվյալ ժամանակաշրջանի կառուցողական եւ շինարարական տեխնիկայի, մտածելակերպի, ուղղվածության նմուշները, համապատասխանեցնում ենք այսօրվա պահանջներին: Իհարկե, քաղաքները զարգանում են, բայց նաեւ պատմություն գոյություն ունի»,- նշում է Գուրգեն Մուշեղյանը:

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

Սեյսմիկ անվտանգություն

 

Ավելացող հարկերը վտանգում են ողջ շենքի կայունությունը: Բանն այն է, որ նախկինում շենքերը կառուցված են եղել 7 բալ սեյսմակայունությամբ, եւ, բացի նրանից, որ չեն համապատասխանում այսօրվա նորմերին, ավելի խոցելի են դառնում հարկերի ավելացման դեպքում:

 

«Շենքերի վրա նախատեսվող հարկերի քանակը սահմանափակվում է սեյսմակայունության բավարարման պայմաններից եւ տվյալ տարածքի ճարտարապետական միջավայրի առանձնահատկություններից ելնելով»,- ասում է քաղաքի գլխավոր ճարտարապետը:

 

Գուրգեն Մուշեղյանը համակարծիք չէ եւ պաշտոնական հայտարարությունների կողքին դնում է իր տեսածը. «Հաճախ մարդիկ չեն գիտակցում, որ շենքը թուլացնում են, մտածում են միայն իրենց բնակարանի մասին: Քարի շենքերը երկաթբետոնե միջուկ չունեն, որը տարածական ամրությունն է պահում, շաղախներն էլ նախապատերազմյան ժամանակաշրջանում են արվել, հիմնականում կիր-ավազ են: Այդ շենքերի փայտյա ծածկերը փոխարինում են բետոնով, ինչի հետեւանքով ծավալատարածական կայունությունն է կորում»:

 

Ըստ ճարտարապետի, կարեւոր այլ հանգամանք է այն, որ եթե շենքը հինգ հարկից բարձր է, ապա պետք է վերելակ ունենա, ինչի հնարավորությունը երեւանյան ցածրահարկ շենքերը չունեն. «Այս դեպքում, վերելակը, բացի հարմարավետությունից, նաեւ էվակուացիայի խնդիր է լուծում: Պահանջ է, որ պետք է ապահովվի»:

 

Վերահսկողության մասին

 

Երեւանի գլխավոր ճարտարապետի գրասենյակի համաձայն, շինարարության թույլտվության տրամադրման գործընթացում ձեղնահարկի կամ վերնահարկի ճարտարապետաշինարարական փաստաթղթերի կազմման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում շենքի կոնստրուկտիվ տարրերի տեխնիկական վիճակին, որի համար իրավասու կազմակերպության կողմից նախապես կազմվում է մասնագիտական եզրակացություն՝ շենքի վրա ավելացվող կամ փոփոխվող ծավալի հնարավորության մասին։

 

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ խնդիրը կանոնակարգման կարիք ունի: Հսկողությունը, ճարտարապետի պնդմամբ, այնքան թույլ է, որ, երբեմն ձեղնահարկը, որը պետք է շատ համահունչ լիներ շենքին, սեփականատիրոջ կամքով վերածվում է մի քանի հարկի:

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

«Լինում է նաեւ, որ քաղաքային իշխանությունները, տեսնելով իրավիճակը, կանգնեցնում են պրոցեսը: Բայց քիչ չեն դեպքերը, որ խախտումներն աննկատ են անցնում կախված այն բանից, թե ով է կառուցողը: Օրենքը բոլորի համար հավասար չէ, լծակներ ունեցող մարդուն թողնում են կառուցել ձեղնահարկը նույնիսկ արգելված դեպքերում».- ասում է նա:

 

Մինչդեռ Տիգրան Բարսեղյանի գրասենյակը հակառակն է ասում.

 

«Ճարտարապետաշինարարական փաստաթղթերի հիման վրա կառուցվող յուրաքանչյուր օբյեկտի նկատմամբ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման, ինչպես նաեւ նախագծի հեղինակի կողմից իրականացվում է վերահսկողություն՝ համաձայնեցված նախագծից շեղումները բացառելու նպատակով»:

 

Սակայն այս պնդմանն էլ Մկրտիչ Մինասյանը հակադարձում է դառը փորձի օրինակներով. «Քիչ չեն լինում դեպքերը, երբ շենքի վրա ձեղնահարկ ավելացնելու լավ նախագիծ է լինում, բայց սեփականատերը մեկի փոխարեն երկու կամ երեք հարկ է կառուցում՝ անտեսելով նախագիծը: Արդյունքում, արդեն իսկ լարված եւ այսօրվա սեյսմիկ նորմերին չհամապատասխանող շենքը լրացուցիչ բեռ է կրում»:

 

Մարի Թարյան

Լուսանկարները` հեղինակի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին