Էրեբունու ամֆիթատրոնը կկառուցվի մինչեւ 2018 թվականը - Mediamax.am

exclusive
11343 դիտում

Էրեբունու ամֆիթատրոնը կկառուցվի մինչեւ 2018 թվականը


«Էրեբունի» արգելոց-թանգարանը՝ 1968թ.-ին
«Էրեբունի» արգելոց-թանգարանը՝ 1968թ.-ին

Լուսանկարը` թանգարանի արխիվից

«Էրեբունի» արգելոց-թանգարանի մակետը
«Էրեբունի» արգելոց-թանգարանի մակետը

Լուսանկարը` թանգարանի արխիվից

Ամֆիթատրոնի սխեմատիկ հատակագիծը
Ամֆիթատրոնի սխեմատիկ հատակագիծը

Լուսանկարը` հնավայրի վերականգնման եւ արդիականացման ծրագրից

«Էրեբունի» արգելոց-թանգարանի մակետը
«Էրեբունի» արգելոց-թանգարանի մակետը

Լուսանկարը` թանգարանի արխիվից


Մոտ երկու տարի առաջ, 2013 թվականի հուլիսին, Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ասել էր, որ Էրեբունի հնավայրի տարածքում կառուցվելու է ամֆիթատրոն, որտեղից երեկոյան ժամերին հնարավոր կլինի դիտել քաղաքի պատմության մասին լուսաձայնային եռաչափ ներկայացումներ։ Մեդիամաքսը որոշեց պարզել, թե ինչ է արվել ծրագրի իրականացման ուղղությամբ:

 

Ամֆիթատրոնը նախատեսվում է տեղադրել միջնաբերդի մուտքի հանդիպակաց բլրի հյուսիսային լանջին` մուտքից մոտ 50մ հեռավորության վրա:

 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը Մեդիամաքսին ասել է, որ թանգարանում հնավայրի պատմության մասին լուսաձայնային մեկնաբանմամբ գիշերային ներկայացում է լինելու: Այն հանդիսատեսին հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով կծանոթացնի քաղաքի հիմնադրմանը, քաղաքային կյանքին եւ կործանման պատմությանը:

 

«Հետազոտություններ կարվեն, կորոշվի ամֆիթատրոնի տեսակը: Նման ամֆիթատրոններ կան Եգիպտական բուրգերի, Պերսեպոլիսի տարածքում: 25 րոպեում այցելուն կկարողանա պատկերացնել Էրեբունու պատմությունը»,- ասել է Գագիկ Գյուրջյանը:

 

Երեւանի քաղաքապետարանից Մեդիամաքսին հայտնել են, որ ամֆիթատրոնի մանրամասն նկարագիրը եւ նախագծային տեսքը նախատեսվում է իրականացնել հաջորդ փուլերում՝ հաշվի առնելով առաջին փուլով նախատեսված հնագիտական դիագնոստիկ պեղումները։

 

«Էրեբունի» հնավայրի վերականգնման, թանգարանի արդիականացման եւ այցելուների սպասարկման բարելավման հավաք ծրագրի համաձայն՝ ներկայացման գլխավոր ռեկվիզիտը միջնաբերդն է լինելու՝ իր կառույցներով եւ բլրի լանդշաֆտով: Ներկայացման երաժշտական ձեւավորումը, լուսային էֆեկտները կհամադրվեն հնավայրի առանձին շինությունների վերակազմությունների հոլոգրաֆիկ պատկերներով: Ներկայացումները կլինեն սեզոնային` նախատեսված տարվա բարենպաստ եղանակի համար:

Ամֆիթատրոնի սխեմատիկ հատակագիծը Ամֆիթատրոնի սխեմատիկ հատակագիծը

Լուսանկարը` հնավայրի վերականգնման եւ արդիականացման ծրագրից

Ամֆիթատրոնի կառուցման համար անհրաժեշտ ներդրումների արժեքը, ըստ ծրագրի, կկազմի 140 մլն դրամ:

 

Գագիկ Գյուրջյանը նշել է, որ ամֆիթատրոնի կառուցումը հավաք ծրագրի մի մասն է միայն: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերականգնել եւ ամրակայել Էրեբունի ամրոցի որոշակի հատվածներ, իսկ գլխավոր թիրախը միջնաբերդն է:

 

«Պետք է վերստեղծել եւ ամրակայել Խալդի աստծո տաճարը, պալատը, կարասային սրահը եւ պորտիկը (սյունազարդ նախասրահը): Ենթակառուցվածքներ կստեղծվեն բլրի ստորոտին, կարգելվի ծանր մեքենաների մուտքը բլուր: Սպասարկման համապատասխան ծառայություններ եւս կունենանք, մարդիկ միջնաբերդ կկարողանան բարձրանալ նաեւ ավտոկառքերով: Կա ձիերով երթուղի ստեղծելու նպատակ, ձիակառքերից մի քանիսը ճիշտ մասշտաբով կվերականգնվեն»,- ասել է արգելոց-թանգարանի տնօրենը: 

«Էրեբունի» արգելոց-թանգարանի մակետը «Էրեբունի» արգելոց-թանգարանի մակետը

Լուսանկարը` թանգարանի արխիվից

Երեւանի քաղաքապետարանի փոխանցած տեղեկության համաձայն՝ Էրեբունի բերդաքաղաքը նորարական միջոցներով ներկայանալի դարձնելու ծրագիրը բաղկացած է մի քանի փուլերից:

 

Առաջին փուլով նախատեսվում է հնավայրի տարածքում` ամֆիթատրոնի, ուրարտական խոհանոցի, ավտոկայանատեղիի, սպասարկման եւ այլ շինությունների տեղադրման վայրերում իրականացնել հնագիտական դիագնոստիկ պեղումներ, նույն տարածքներում իրականացնել երկրաբանական հետազոտություններ, հնավայրի ամբողջ տարածքը պարագծով ցանկապատել: Հնավայրի երկու մուտքերի մոտ անցակետեր կլինեն:

 

«Նախատեսվում է նաեւ հնավայր տանող ճանապարհի վերակառուցում, ամբողջ երկայնքով՝ մինչեւ ամֆիթատրոնի հարթակը, լուսավորության անցկացում, ինչպես նաեւ արգելապատնեշի տեղադրում»- հայտնել են քաղաքապետարանից՝ հավելելով, որ աշխատանքների տեխնիկական բնութագրի նախագիծը համաձայնեցվել է ՀՀ մշակույթի նախարարության հետ:

 

Ներկայում ընթանում է նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման եւ ձեռքբերման աշխատանքների գնման գործընթացը «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն։

 

«Հավաք ծրագրի նախնական արժեքը հաշվարկվել է 1,5 մլրդ դրամ, բայց թիվը խոշոր պլաններով է հաշվարկված, ճշգրտվելու է: Նախագծային փուլն անցել է, շուտով մրցույթ կհայտարարվի»,- ասել է Գագիկ Գյուրջյանը: Քաղաքապետարանում էլ նշել են, որ վերջնական բյուջեն հայտնի կլինի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատրաստ լինելուց հետո։

 

Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է իրականացնել մինչեւ 2018թ., որպեսզի թանգարանը պատրաստ լինի Էրեբունի-Երեւանի 2800-ամյակին:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին