Երեւանն ու իր «քույրերը» - Mediamax.am

6217 դիտում

Երեւանն ու իր «քույրերը»


Լուսանկարը` Dubravka Franz


Հաճախ ենք լսում Երեւանի «քույր քաղաքների» մասին, սակայն քչերս գիտենք, թե իրականում ինչ է այն ենթադրում, որոնք են այդ քաղաքները եւ ինչ հարաբերություններ ունեն մեր մայրաքաղաքի հետ: Մեդիամաքսի այս անդրադարձը նվիրված է Երեւանի «քույրերին»:

 

«Քույրերն» իրականում քաղաքի գործընկերներն են

 

Երեւանի քաղաքապետարանում Մեդիամաքսին տեղեկացրել են, որ «քույր քաղաքը» խորհրդանշական հասկացություն է եւ ոչ թե իրավաբանական կատեգորիա:

 

Համագործակցության տեսանկյունից «քույր քաղաք» եւ «գործընկեր քաղաք» հասկացությունները համարժեք են, ընթացակարգը եւս նույնատիպ է՝ համապատասխան առաջարկության ներկայացում, կողմերի միջեւ բանակցությունների վարում, պայմանագրի տեքստի համաձայնեցում, կնքում եւ ավագանու հաստատմանը ներկայացում:

 

Կարարայից մինչեւ Անտանանարիվու

 

Հայաստանի մայրաքաղաքն ունի 22 քույր-քաղաք, որոնց հետ համագործակցում է առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, շինարարության եւ այլ ոլորտներում:

 

Երեւանը «բարեկամական հարաբերություններ» է հաստատել աշխարհի տարբեր անկյուններում՝ սկսած արեւելյան մշակույթի գոհար Դամասկոսից մինչեւ Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվու:

 

Ստավրոպոլ, Նիցցա, Դոնի Ռոստով, Բեյրութ, Բրատիսլավա, Դամասկոս, Սպահան, Կարարա, Անտանանարիվու, Լոս Անջելես, Քեմբրիջ, Քիշնեւ, Մարսել, Թբիլիսի, Բուենոս Այրես, Մոնրեալ, Օդեսա, Սան Պաուլո, Վենետիկ, Ռիգա, Ամման, Նովոսիբիրսկ. ահա այն քաղաքները, որտեղ երեւանցիները կարող են որպես «հարազատ» այցելել:

 

Համագործակցության տարբեր մակարդակներ

 

Երեւանն իր «քույրերից» առավել սերտ համագործակցում է Ստավրոպոլի, Դոնի Ռոստովի, Թբիլիսիի, Սպահանի, Մարսելի եւ Քեմբրիջի հետ:

 

ՀՀ անկախացումից ի վեր առաջին քաղաքը, որի հետ կնքվել է համագործակցության պայմանագիր, Մարսելն է, իսկ արդեն 2007թ. այս երկու քաղաքները «քույրացել» են: 2015թ. ապրիլի 4–ին՝ «Անրի Վերնոյի օրերը Երեւանում» խորագրով միջոցառումների շրջանակում, Երեւանում բացվել է Անրի Վերնոյի անունը կրող փողոցը:

 

Երեւանն իր մյուս «քրոջ»՝ Քեմբրիջի հետ համագործակցում է հիմնականում գիտակրթական ոլորտում: Գործում է «Քեմբրիջ-Երեւան քույր քաղաքներ» ասոցիացիան:

 

Իսկ «ամենամոտ քույր» Թբիլիսիում 2013թ. բացվել է Երեւանի պուրակը: Ներկայում բանակցություններ են ընթանում պուրակում խաչքարի տեղադրման ուղղությամբ։

 

Անժելա Կժդրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին