«Էրեբունի-Երեւան 2750» շատրվանները՝ սրճարանի «պատանդ» - Mediamax.am

exclusive
19215 դիտում

«Էրեբունի-Երեւան 2750» շատրվանները՝ սրճարանի «պատանդ»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանն արձագանքել է Մեդիամաքսի հրապարակմանը «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանների տեսքի աղավաղման մասին:

 

Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հայտնել է.

 

«Արձագանքելով Վ. Սարգսյան փողոցին հարակից այգու շատրվանների պահպանման առնչությամբ շրջանառվող մտահոգությանը, հայտնում եմ, որ «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանների հարեւանությամբ, իրականացվում են տվյալ տարածքում երկար տարիներ գործող բացօթյա սրճարանի արդիականացման աշխատանքներ: Նաեւ նշեմ, որ իրականացվող արդիականացման աշխատանքների շրջանակում շատրվանների արտաքին տեսքի փոփոխման միջամտություն կամ այլ շինությունների կառուցում չի նախատեսվում», - նշել է Տիգրան Բարսեղյանը:

 

Գլխավոր ճարտարապետը նաեւ հիշեցրել է, որ «տարիներ առաջ կառուցված տվյալ սրճարանի նախկին տեսքը, որի լուսանկարները եւս առկա են, ակնհայտ են դարձնում, որ այն ոչ միայն աղավաղում էր այգու եւ շատրվանների տվյալ հատվածի ամբողջ տեսքը, այլեւ տեխնիկապես ավելի ապահով եւ այգուն համահունչ դարձնելու կարիք ուներ»:

 

«Վստահեցնում եմ, որ սրճարանի արդիականացման աշխատանքները խստորեն վերահսկվում են մեր համապատասխան մասնագետների կողմից», - հավելել է Տիգրան Բարսեղյանը:

 

Այսօր առավոտյան Մեդիամաքսի լուսանկարիչը կրկին եղել է այգում: Ներկայացվող լուսանկարներից պարզ երեւում է, որի մետաղական կոնստրուկցիաները բետոնապատվում են շատրվանի եզրագծի երկայնքով, ինչը հարցեր է առաջացնում դրանց ժամանակավոր լինելու մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Քաղաքապետարանի ներկայացմամբ, «շատրվանների արտաքին տեսքի փոփոխման միջամտություն չի նախատեսվում», սակայն ակնհայտ է, որ կոնստրուկցիաների տեղադրումից հետո շատրվանը «պատանդ» է մնալու սրճարանի նստարանների ու սեղանների արանքում:

 

Նշենք նաեւ, որ NEWS.am-ը զրուցել է սրճարանի շահագործմամբ զբաղվող «Մագա» ՍՊԸ-ի տնօրեն Վիոլետա Գալստյանի հետ, որը, մասնավորապես, ասել է.

 

«Էստեղ առաջ զոնտիկներ էին, անցուդարձի տեղը քիչ էր, ագռավները ծրտում էին հաճախորդներիս ուսերին: Որոշեցի տեսքի բերեմ սրճարանս, նավեսներ են լինելու, ու կարճ ապակի շատրվանի կողքին, որ ջուրը չթռնի մարդկանց վրա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին