Մշակույթի, տնտեսական շահի եւ գիտակցության խաչմերուկում - Mediamax.am

exclusive
17026 դիտում

Մշակույթի, տնտեսական շահի եւ գիտակցության խաչմերուկում


Լուսանկարը` Մեդիամաքս

Մկրտիչ Մինասյանը
Մկրտիչ Մինասյանը

Լուսանկարը` PAN Photo


Ամռան սկզբին Հայաստանի պատմության թանգարանի կամարակապ հատվածի կողային մասում բացվեց Collection անվանումը կրող հանրային սննդի վաճառակետը:

 

Հանրապետության հրապարակի համալիրը իր բոլոր շինություններով ներառված է ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, հետեւաբար՝ այդ տարածքում տնտեսական գործունեությունն իրականացվում է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում: 

 

Օրենքի 38-րդ հոդվածը, մասնավորապես, ասում է.

 

«Հուշարձանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային եւ ճանաչողական նպատակներով, ինչպես նաեւ իրենց սկզբնական ու հարմարեցված (ադապտացիոն) գործառնական նշանակությամբ: Հուշարձանների օգտագործումը տնտեսական եւ այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությունը, չի նսեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական եւ գեղարվեստական արժեքը»:

 

Մեդիամաքսը հարցում էր ուղարկել ՀՀ մշակույթի նախարարություն՝ պարզելու, թե երբ, ում եւ ինչ հիմնավորմամբ է տարածքը տրվել վարձակալության, ու արդյոք կա պետական որեւէ մարմին կամ մասնագետների հանձնաժողով, որտեղ որոշում են տնտեսական գործունեության իրականացման համապատասխանությունը օրենքի վերոհիշյալ:

 

Հարցմանն ի պատասխան Մշակույթի նախարարությունից պատասխանել են հետեւյալը.

 

«ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից իրականացված աճուրդի արդյունքում՝ «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին ամրացված շենքի զբաղեցրած բացօթյա տարածքում գտնվող հատվածը թանգարանի այցելուների եւ զբոսաշրջիկների սպասարկման նպատակով վարձակալության է տրվել «Վենդինգ» ՍՊԸ-ին: Վերջինիս եւ ՊՈԱԿ-ի միջեւ 2016 թվականի հուլիսի 20-ին կնքվել է պայմանագիր:

 

Տարածքը հասարակական նպատակներով վարձակալության տրամադրելու վերաբերյալ «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ը մինչ այդ դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը, իսկ վերջինս ՀՀ կառավարության 2001թ․ փետրվարի 22-ի N125 որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ աճուրդի կազմակերպման նպատակով հայտը ուղարկել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն, դրանով իսկ տալով «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով սահմանված իր համաձայնությունը»:

 

Հարցում ուղարկեցինք նաեւ տարածքի աճուրդն իրականացրած ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն՝ ճշտելու, թե ինչպես է ապահովվել օրենքի 38-րդ հոդվածի վերոնշյալ պահանջը:

 

Հարցմանն ի պատասխան վարչությունից պատասխանել են հետեւյալը.

 

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների օգտագործման վերաբերյալ եզրակացությունների տրամադրումը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության լիազորություններից դուրս է, հետեւաբար՝ տարածքի օգտագործման համար տրամադրված եզրակացություն վարչությունում առկա չէ»:

 

Թե՛ Մշակույթի նախարարության, թե՛ Պետական գույքի կառավարման վարչության պատասխանում չկա հիշատակում որեւէ եզրակացության կամ եզրակացություն տրամադրող մարմնի մասին: Այսինքն՝ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի իրացումն ապահովող որեւէ մարմին Հայաստանում գոյություն չունի:

 

Ստացվում է, որ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքները տնտեսական նպատակներով օգտագործվում են առանց փորձագիտական եզրակացության՝ հաշվի առնելով միայն դրանից եկող տնտեսական շահը:

 

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով, մշակութային արժեքների կողքին տնտեսական գործունեություն իրականացնելը բխում է զբոսաշրջության շահերից, բայց չպետք է հակասի օրենքին եւ պարտավոր է պահպանել հուշարձանների պատմական եւ գեղարվեստական արժեքը:

 

«Եվրոպական շատ երկրներում թանգարանների եւ պատմական շենքերի կողքին վաճառակետեր կան: Դրանք նախ անմիջականորեն չեն հարում պատմական շենքերին եւ միտված չեն զուտ շահույթ ստանալուն: Նման տարածքներում սնունդ վաճառելը սովորաբար բերում է տարածքի աղտոտման: Կարծում եմ, միանգամայն օրինաչափ կլիներ, եթե այդ տարածքում սննդի փոխարեն զբոսաշրջիկներին հուշանվերներ եւ քաղաքի խորհրդանիշեր վաճառեին: Բայց այդ պարագայում շահույթը շատ ավելի քիչ կլիներ»,- Մեդիամաքսին ասաց Մկրտիչ Մինասյանը:

 

Պատմության եւ մշակույթի հուշարձաններ ունեցող հանրային տարածքներում սպասարկման ոլորտի աշխատանքի խնդիրը կա աշխարհի շատ երկրներում:

 

Ճարտարապետ Էրիկ Հովհաննիսյանը հարցի լուծումը տեսնում է գիտակցական մակարդակում, քանի որ հուշարձանների տարածքում վաճառակետերի շահագործումը արգելող օրենք չկա.

 

«Նման տարածքներում հանրային սպասարկման օբյեկտների լինել-չլինելու հարցը որոշվում է Մշակույթի նախարարության գիտխորհրդում: Եվրոպական երկրներում ոչ ոքի մտքով անգամ չէր անցնի նման վայրում տաղավար տեղադրել, իսկ այստեղ հաստատվում է ամենաբարձր մակարդակով: Քանի դեռ օրենքը հստակ չի կարգավորում խնդիրը, այն մնում է մի խումբ մարկանց մտածելակերպի ու ճաշակի հույսին, ինչի արդյունքը տեսնում ենք»,- ասաց Էրիկ Հովհաննիսյանը:

 

Սուրեն Ստեփանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին