Քաղաքապետարանը մեկնաբանել է ասֆալտապատման գործընթացի ձգձգումը - Mediamax.am

15252 դիտում

Քաղաքապետարանը մեկնաբանել է ասֆալտապատման գործընթացի ձգձգումը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանն այսօր ներկայացրել է ասֆալտապատման աշխատանքների կազմակերպման գործընթացը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ասֆալտբետոնե ծածկի կտրման աշխատանքները Երեւանում արվում են քաոտիկ եղանակով:

«Մինչ ասֆալտապատման բուն աշխատանքների մեկնարկը, նախ գույքագրվում են փողոցների վերանորոգման կարիք ունեցող հատվածները, սխեմատիկ նշումներ են կատարվում տվյալ փողոցների հատակագծերի վրա, որից հետո միայն ձեռնարկվում են փողոցների վնասված հատվածների վերանորոգման նախապատրաստական աշխատանքները:

 

Այնուհետ սկիզբ են առնում ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքները, որի շրջանակում է փողոցների երթեւեկելի մասի ասֆալտի վնասված հատվածների հետահար մուրճով (կոմպրեսոր) կամ տաշող սարքով՝ ֆրեզով, կտրելու գործընթացը: Այս փուլը՝ կախված փողոցի վերանորոգվող ծավալից, վիճակից եւ տվյալ փողոցի տրանսպորտային բեռնվածությունից, կարող է տեւել մի քանի օր, ընդ որում, մասնավորապես գերբեռնված երթեւեկով փողոցների դեպքում տվյալ աշխատանքները կազմակերպվում են հատված առ հատված՝ քաղաքի երթեւեկությունը չպարալիզացնելու նկատառումից ելնելով:

 

Այնուհետ կտրված հատվածները փոշեմաքրվում են, որից հետո բիտումապատվում՝ այն նախապատրաստելով ասֆալտապատման բուն աշխատանքների իրականացմանը: Ի դեպ, ֆրեզի աշխատանքը կազմակերպվում է ջրաշիթի կիրառման օգնությամբ, որպեսզի սարքի ատամնանիվները չվնասվեն, ինչն իր հերթին կտրված մակերեսը դարձնում է խոնավ, իսկ ինչպես բոլորին է հայտնի, խոնավ մակերեսը նախ պետք է չորանա, որպեսզի բիտումի շերտն ապահովի լիարժեք կպչողականություն: Իսկ եթե սրան էլ գումարենք անձրեւային եղանակի գործոնը, որն ի դեպ վերջին օրերին առկա է նաեւ Երեւանում, ապա առավել քան կամբողջանա մայրաքաղաքի որոշակի փողոցների ասֆալտապատման բուն աշխատանքների ձգձգման օբյեկտիվ պատճառները»,- նշել են քաղաքապետարանում:

 

Անդրադառնալով Մաշտոցի պողոտայի ասֆալտապատման աշխատանքներին՝ քաղաքապետարանը տեղեկացրել է, որ պահպանելով վերոնշյալ գործընթացի ամբողջ հաջորդականությունը՝ այն ավարտին կհասցվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին