Երեւանի ամանորյա լույսերը կվառվեն դեկտեմբերի 19-ին - Mediamax.am

25145 դիտում

Երեւանի ամանորյա լույսերը կվառվեն դեկտեմբերի 19-ին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այսօր ներկայացրել է «Նոր տարին Երեւանում 2018» միջոցառումների ծրագիրը:

Տոնական միջոցառումներն այս տարի մեկնարկում են ավելի վաղ: Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացման հանդիսավոր արարողությունը:

 

Ձմռան ամիսներին ամեն օր կգործի նաեւ Իրինա Ռոդնինայի սահադաշտը:

 

Ամանորի հիմնական միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 19-ին` ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի եւ մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ:

 

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:00-ից մինչեւ հունվարի 1-ի ժամը 01:00-ը, գլխավոր տոնածառի շուրջ՝ Հանրապետության հրապարակում, կկազմակերպվի «Նոր տարվա գիշերը» ծրագիրը: Միջոցառումը կուղեկցվի դիսկոտեկով, իսկ ուղիղ կեսգիշերին Նոր տարվա գալուստը կազդարարի տոնական հրավառությունը:

 

«Մեր համաքաղաքացիների, ինչպես նաեւ քաղաքի հյուրերի համար այս տարի առաջին անգամ տոնական միջոցառումներով հագեցած կլինեն նաեւ հունվարի 1-ը, 2-ը եւ 3-ը: Ազատության հրապարակում երիտասարդների, մեծերի ու մանուկների համար նախատեսված է հետաքրքիր ծրագիր: Այս տարի տոնական երթուղով կաշխատի «Երեւան Սիթի Տուր» ծրագիրը: Այն կգործի դեկտեմբերի 20-ից՝ Հանրապետության հրապարակից»,- նշել է Արամ Սուքիասյանը:

 

Որոշակի նոր լուծումներ են սպասվում նաեւ տոնական ձեւավորման մեջ:

 

Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ համերգային ծրագիր կկազմակերպվի: Տոնական բացօթյա միջոցառումներ կանցկացվեն նաեւ վարչական բոլոր շրջանների կենտրոնական հատվածներում:

 

Մայրաքաղաքում Ամանորի միջոցառումները կամփոփվեն Ազատության հրապարակում նախատեսված տոնական համերգով՝ հունվարի 13-ին՝ ժամը 19:00-ին:

 

Հունվարի 2-7-ը՝ ժամը 11:00-17:00-ը, այցելուների համար բաց կլինեն նաեւ երեւանյան թանգարանները, այդ թվում՝ Երեւան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ինչպես նաեւ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության մի շարք այլ թանգարաններ:

 

Տոնական միջոցառումների ծրագրերի մասին բուկլետները կբաժանվեն բնակիչներին: Բուկլետը ներառում է «Օգտակար տեղեկություններ» բաժինը, որտեղ հյուրերի համար ներկայացված է հունվարի 1-ից գործող սննդի եւ ժամանցի մի շարք վայրերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:

 

Անդրառանալով սոցիալական նշանակության ծրագրերին՝ փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ Ամանորին ընդառաջ սոցիալական որոշակի խմբերի 23 հազ. ընտանիքի կտրամադրվեն պարենային փաթեթներ:

 

«Մայրաքաղաքի շուրջ 40 հազ. երեխաների համար էլ պատրաստվել են նվերների փաթեթներ: Բացի այդ, «Նոր տարին Երեւանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում 4000 երեխա հնարավորություն կունենա անվճար այցելելու թատրոններ եւ դիտելու ամանորյա ներկայացումներ»,- ամփոփել է Արամ Սուքիասյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին