Ավարտին է մոտենում Դավթաշեն-Աշտարակի խճուղի հատվածի կառուցումը - Mediamax.am

19179 դիտում

Ավարտին է մոտենում Դավթաշեն-Աշտարակի խճուղի հատվածի կառուցումը


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մեկնարկել է Երեւանի շրջանցիկ ճանապարհի մի մասը կազմող Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի շինարարության ավարտական փուլը:

Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում կառուցվող անընդհատ երթեւեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթեւեկելի գոտի՝ միջինը 28 մետր լայնությամբ, շուրջ 5.4 կմ երկարությամբ: 

 

Երեւանի Դավթաշեն վարչական շրջանը նոր ճանապարհով կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երեւանի արեւմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն։ 

 

Ճանապարհահատվածը ուղիղ կապ կհաստատի Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի եւ Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջեւ եւ կապահովի անընդհատ երթեւեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման: 

 

Անընդհատ երթեւեկությունն ապահովելու նպատակով Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի եւ Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցներում կառուցվում են երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ: 

 

Ընթացքի մեջ է նաեւ շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակի խճուղի անընդհատ երթեւեկությամբ նոր ճանապարհահատվածի կառուցումը, որը կունենա 9,4 կմ երկարություն, 6 երթեւեկելի գոտի՝ միջինը 24 մ լայնությամբ: 

 

Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածը կունենա 3 ուղեանց՝ Օհանով, Տիչինա փողոցներում, եւս մեկն էլ՝ Չաուշ - Նոր Սիլիկյան փողոցների խաչմերուկում: Ճանապարհի երկայնքով կկառուցվեն նաեւ 3 անցումներ՝ երկրորդային փողոցների համար, ինչպես նաեւ տրանսպորտային մեկ հանգույց՝ նոր կառուցվող ճանապարհի եւ Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում: 

 

Շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ ավարտելուց հետո կունենանք Երեւանի հյուսիսային եւ հարավային մուտքերն ու Երեւանի չորս՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններն իրար կապող 23 կիլոմետր երկարությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր ճանապարհ, որը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնն ու գլխավոր փողոցները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին