ԱԱԾ. «Երեւան» հիմնադրամը խոշոր գումարներ է հափշտակել - Mediamax.am

12722 դիտում

ԱԱԾ. «Երեւան» հիմնադրամը խոշոր գումարներ է հափշտակել


Լուսանկարը` https://hy.wikipedia.org


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձիք, կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, քաղաքացիներին պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

ԱԱԾ-ում նշել են, որ նման հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից եւ Ա.Խ.-ից: 

 

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել եւ հափշտակվել է: 

 

Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ») եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով: 

 

Երեւանի քաղաքապետարանի շենքում տեղակայված «Երեւան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: 

 

Իրականացվում են լայնածավալ միջոցառումներ եւ քննչական գործողություններ՝ քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները եւ նպատակայնությունը, ինչպես նաեւ օրինականությունը պարզելու ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին