«Սանիթեք»-ը խոստանում է ամենամոտ ապագայում լուծել խնդիրը - Mediamax.am

6306 դիտում

«Սանիթեք»-ը խոստանում է ամենամոտ ապագայում լուծել խնդիրը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Սանիթեք» ընկերությունն այսօր հայտարարել է, որ ավելի քան €500 հազ. է ներդրել՝ 5 նոր մեքենա գնելու համար, որի շնորհիվ աղբահանության խնդիրը կկարգավորվի:

«Հարցը 100 տոկոսով կլուծվի, երբ մեքենաները Երեւանում լինեն: Դրանց սպասում ենք մինչեւ շաբաթվա վերջ կամ եկող շաբաթվա սկիզբ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը:

 

«Սանիթեք»-ը տուգանվել է 12 մլն դրամով

 

«Երբ մենք որոշեցինք դիմել միջազգային տենդերին, արժեքի հետ կապված մանրամասն վերլուծություն արեցինք եւ որոշեցինք, որ մուտք կգործենք այս երկիր եւ ներդրում կանենք այս ծրագրում՝ փոքր եկամուտով եւ հետո ավելի ընդլայնվելու ակնկալիքով»,- հավելել է «Սանիթեք»-ի գործադիր տնօրենը:

 

Ըստ նրա՝ 2014թ. դեկտեմբերից մինչեւ այսօր այրվել է ավելի քան 1000 աղբաման, ինչի պատճառով ընկերությունը $ 700 հազ-ի կորուստ է ունեցել: 

 

Մյուս խնդիրը, շինարարական աղբն է, որը հայտնվում է աղբամաններում:

 

«Շատ մարդիկ հարցնում են՝ ինչո՞ւ է մեքենաներից ջուր հոսում: Հենց աղբը լցվում է ոչ նպատակային տոպրակի մեջ, կամ այդ տոպրակը լավ փակված չէ, դրա հետեւանքով ամբողջը ծորում է տոպրակներից: Շատ անգամ փորձել ենք Եվրոպայից մասնագետներ բերել, որպեսզի կարողանանք լուծում տալ հարցին, բայց լուծումը պարզվում է յուրաքանչյուր մեջ է»:

 

Որպես երրորդ խնդիր ընկերությունն առանձնացնում է Նուբարաշենի աղբավայրը: 

 

«Երբ մուտք էինք գործում Հայաստան, մեզ խոստացան, որ Նուբարաշենի աղբանոցը շատ արագ կվերանորոգվի եւ պատշաճ տեսքի կբերվի: Մինչեւ այս խնդիրը կարգավորված չէ»,- նշել է Նիկոլաս Թավիլը:

 

«Սանիթեք»-ի տնօրենը մանրամասնել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագիրը: Այն երեք կետ ունի՝ ընկերությունը պատասխանատու է կենցաղային աղբի հավաքման համար, որը չի ներառում շինարարական, կանաչապատման աղբն ու բարձրահարկերի աղբատար խողովակների մաքրումը: Երկրորդը՝ քաղաքի սանիտարական մաքրումն է եւ երրորդը՝ ձմեռային մաքրման աշխատանքները:

 

 

««Սանիթեք»-ը որեւէ կապ չունի այլ մարդկանց, այլ ընկերությունների, քաղաքական գործիչների, կամ առհասարակ ինչ-որ մեկի հետ: Մենք միջազգային ընկերություն ենք, ավելի քան 14 մլրդ դրամի ներդրում ենք կատարել Հայաստանում եւ երբեք սաբոտաժի չենք գնա ինչ-որ մեկի պատճառով»,- ընդգծել է Նիկոլաս Թավիլը:

 

Ներկայում «Սանիթեք»-ն ունի 150 մեքենա, 9000 աղբաման եւ տարեկան 780 մլն դրամ հարկային պարտավորություն է իրականացնում: Արդեն իսկ վճարել է բոլոր տուգանքները: Սպասում են քաղաքապետի ընտրությանը եւ պատրաստ են €7 մլն-ի ներդրում անել:

 

«Նոր քաղաքապետի հետ պիտի հստակ քննարկենք, թե ինչ պիտի անենք։ Չեմ կարող ես €7 մլն-ի ներդրում անել եւ կորցնել։ Այն խնդիրները, որոնց Երեւանում բախվում է «Սանիթեքը», կբախվի ցանկացած այլ օպերատոր»,- հայտարարել է Նիկոլաս Թավիլը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին