Pictures of home
 

2010թ, օգոստոսին «Շանթ» հեռուստաընկերության եթերում Մեդիամաքսը ներկայացրեց իր “Pictures of home” վավերագրական ֆիլմը Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանի մասին:
 
Ֆիլմի համար հիմք էին հանդիսացել 2009թ. հոկտեմբերին Armenia Grateful 2 Rock ծրագրի շրջանակներում ռոք-աստղերի` Հայաստան կատարած այցի ընթացքում արված նկարահանումները եւ Իէն Գիլանի հետ ձայնագրված հարցազրույցը` 2010թ. մարտին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Deep Purple-ի վոկալիստի բարեգործական համերգներից հետո:

«Կարծում եմ` Իէն Գիլանի բազմաթիվ երկրպագուներ նրան կբացահայտեն նոր կողմից: Ֆիլմում Գիլանը խոսում է կրոնի, Աստծո, մշակույթի նկատմամբ իր վերաբերմունքի մասին եւ ներկայանում որպես մի մարդ, ով չափազանց խորը եւ փիլիսոփայական հայացքներ ունի»,- ասաց Մեդիամաքսի տնօրեն եւ ֆիլմի սցենարի հեղինակ Արա Թադեւոսյանը:

Ֆիլմի անվանումը պատահական չի ընտրվել: Նախ, “Pictures of home”-ը Deep Purple-ի ամենավառ հիթերից է, որը Իէն Գիլանը կատարել է նաեւ Երեւանում մարտին կայացած համերգների ընթացքում: Երկրորդ, ինչպես ասել է ինքը երաժիշտը, նա Հայաստանը համարում է իր «հոգեւոր տունը»:

Ֆիլմի պրեմիերան նվիրված էր Deep Purple-ի վոկալիստի 65-ամյա հոբելյանին, որը երգիչը նշեց 2010թ. օգոստոսի 19-ին:

“Pictures of home” ֆիլմը Մեդիամաքսի կողմից արտադրվել է Zoom Production ստուդիայի հետ համագործակցությամբ: Ֆիլմի գլխավոր հովանավորն էր «ՀայՌուսգազարդը», որը հովանավորել էր նաեւ Armenia Grateful 2 Rock նախագիծը:

 
Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am