Բեռնել տառատեսակը (Arial AMU)
eng  rus
 
Մեդիամաքս - Հարցազրույցներ - Արա Նազարյան
Հարցազրույցներ

Գլխավոր էջ

“Քաղաքացիական ծառայության համակարգն արդեն ներդրված է Պաշտպանության նախարարությունում

(ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի հարցազրույցը, 2010թ., փետրվար)


- Ի՞նչ տեղ է զբաղեցնում քաղաքացիական ծառայության ներդրումը ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների հայեցակարգում:

- 2007 թվականին ՀՀ նախագահի կողմից հաստատվեց 2007-20015 թթ. պաշտպանական բարեփոխումների միջոցառումների ծրագիրը: Որպես այդ ծրագրի մի տարր հանդես է գալիս քաղաքացիական ծառայության ինստիտուտի ներդրումը պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում:

Նշված հարցը պայմանավորված է այն հանգամանքով, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 8-2 հոդվածի, զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո: Ինքնին քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի ներդրումն իր հերթին հանդես է գալիս որպես քաղաքացիական վերահսկողության տարր, որովհետեւ քաղաքացիական վերահսկողությունը Զինված ուժերի նկատմամբ ավելի լայն բովանդակություն ունի: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ թե պաշտպանության նախարարի, եւ թե նրա տեղակալների պաշտոնները քաղաքացիական են: Խոսքը, իհարկե, վերաբերում է ոչ քաղաքացիական հատուկ ծառայությանը: Մի դեպքում նախարարի պաշտոնը քաղաքական է, տեղակալներինը` հայեցողական: Վերահսկողության մեխանիզմներն են Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, հասարակական իրազեկման մի շարք ինստիտուտներ, որի մի համատեքստում հանդես է գալիս նաեւ քաղաքացիական հատուկ ծառայության ինստիտուտը:

- Ո՞ր փուլում է գտնվում քաղաքացիական տարրի ներդրումը ՊՆ-ում, քանի՞ փուլից է բաղկացած գործընթացը եւ ե՞րբ է նախատեսվում ավարտը:

- Պայմանականորեն կարելի է նշել երկու փուլ` ներդրում եւ կիրառում: Ներկայումս մենք կարող ենք քաղաքացիական հատուկ ծառայությունը ներդրված համարել պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում, եւ 2010 թվականից կսկսվի արդեն բուն կիրառման փուլը:

Կցանկանայի համառոտ ներկայացնել, թե ի՞նչ ժամանակագրական ընթացք է անցել քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի ներդրումը: Քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենքն ընդունվել է 2007թ. նոյեմբերին, ապա անցել է նախապատրաստական փուլ,որի ընթացքում ընդունվել են տասնյակից ավել նորմատիվ-իրավական ակտեր, մասնավորապես, պաշտպանության նախարարի 12 նորմատիվ հրամանները, որոնք վերաբերում են քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնների համար մրցույթի անցկացման կարգին, քաղծառայողների ատեստավորման, վերապատրաստման եւ մի շարք այլ հարցերի:

Բացի դրանից, անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի մենք համապատասխան այլ օրենքներում եւս փոփոխություններ կատարենք: Խնդիրը պայմանավորված էր նրանով, որ պաշտպանության նախարարությունը, ի տարբերություն ՀՀ մյուս գործադիր մարմինների, ունի իր առանձնահատկությունները` կապված իր իրականացնելիք խնդիրների հետ եւ դրանով պայմանավորված` նաեւ համապատասխան կառուցվածքով: Այդ կապակցությամբ փոփոխություններ կատարվեցին “Պետական կառավարչական հիմնարկների մասին” օրենքում, ՀՀ նախագահի 2008թ. հուլիսի 18-ի 174 հրամանագրում, որի արդյունքում 2008թ. դեկտեմբերի 25-ին հաստատվեց ՀՀ ՊՆ կանոնադրությունը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի կանոնադրությունը, ինչպես նաեւ քննչական ծառայության եւ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի կանոնադրությունները:

Բավականին ժամանակատար գործընթաց էր, եւ մենք այդ իրավական բազան ստեղծելուց հետո ձեռնամուխ եղանք կոնկրետ ներդրմանը, որը պայմանավորված էր մի շարք այլ իրավական ակտերի ընդունմամբ: Դա, մասնավորապես, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկն էր, որի հաստատման լիազորությունը վերապահված է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդին: Անվանացանկի հաստատումից հետո պաշտպանության նախարարը հաստատեց հաստիքացուցակները, որից հետո` յուրաքանչյուր խմբում եւ ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը: Եվ արդեն նախորդ տարվա դեկտեմբերի12-ին համապատասխան անձինք հրամանագրվեցին քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում: Ըստ էության, կարող ենք արդեն փաստել, որ քաղաքացիական ծառայության համակարգն արդեն ներդրված է Պաշտպանության նախարարությունում:

- Ինչպիսի՞ն է լինելու ՊՆ-ում զինվորականների եւ քաղաքացիական անձանց հարաբերակցությունը գործընթացի ավարտից հետո, եւ հատկապես ո՞ր ստորաբաժանումներն են անցնելու քաղծառայության, որո՞նք են մնալու զինվորական ուսադիրներով: Քաղծառայողներ դառնալ ցանկացողները որտեղի՞ց կարող են իմանալ հայտարարվող մրցույթների մասին:

- Անվանացանկով նախատեսված` քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ են զբաղեցնելու արդեն հրամանագրված 403 պաշտոնատար անձինք: Հարաբերակցության առումով կարող եմ ասել, որ բավականին պատկառելի թիվ է:

Ընդգրկված են այն ստորաբաժանումները, որոնք չեն իրականացնում բուն զինվորական գործառույթ, այսինքն, հատուկ զինվորական գիտելիքների անհրաժեշտություն չկա. տվյալ գործառույթը կարող են իրականացնել նաեւ քաղաքացիական անձինք: Դրանք են իրավաբանական, ֆինանսաբյուջետային եւ պլանավորման, հասարակայնության հետ կապերի, կադրերի եւ ռազմական կրթության ստորաբաժանումները եւ այլն: Ընդ որում, այստեղ կան նաեւ առանձնահատկություններ. նույն ստորաբաժանման մեջ կարող են լինել նաեւ զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք: Դա պայմանավորված է նրանով, որ, օրինակ, կադրերի եւ ռազմական կրթության վարչությունը գործ ունի նաեւ ռազմաուսումնական հաստատությունների հետ, կա նաեւ որոշակի զինվորական մասնագիտական գիտելիքների անհրաժեշտություն: Ստեղծված է ճկուն մեխանիզմ, որպեսզի հնարավոր լինի իրականացնել ՊՆ առջեւ դրված խնդիրները:

- Որքանո՞վ մրցունակ կլինի պաշտպանական համակարգերում ներդրված քաղաքացիական ծառայությունը ֆինանսական կամ այլ առումներով` համեմատած մյուս քաղծառայողների ինստիտուտների հետ: Արդյո՞ք չի տուժի մրցակցությունը լավ մասնագետ ընտրելու հարցում:

- Ցանկացած երկրում պետական պաշտոն զբաղեցնելու առավելությունն այն է, որ պետությունը հանդես է գալիս որպես կայուն գործատու: Ինչ վերաբերում է մրցունակությանը, կան նաեւ համապատասխան երաշխիքներ քաղաքացիական հատուկ ծառայողների համար, որոնք ամրագրված են “Զինվորական ծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին” օրենքով:

Համապատասխան փոփոխություններ են կատարվել “Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին” օրենքում, որի համաձայն հնարավորություն է ընձեռվում պաշտպանության համակարգում քաղծառայողներին վճարել հավելումներ իրենց պաշտոնային դրույքաչափի կրկնակիի չափով:

Ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ որեւիցե մեկը չտուժի աշխատավարձի առումով, եւ դրա համար մշակվել են համապատասխան մեխանիզմներ:

- Ոչ բոլոր զինվորականները գոնե ներքուստ կցանկանան թողնել այն ուսադիրները, որոնք տարիներ շարունակ “աճեցրել են”: Ենթադրենք, գործ ունենք մի մասնագետի հետ, որը շատ կարեւոր նշանակություն ունի պաշտպանական ոլորտում, եւ նա, օրենքի համաձայն, պետք է անցնի քաղծառայության: Ինչպե՞ս պետք է վարվել այդ դեպքերում:

- Ես նշեցի, որ մենք քաղաքացիական հատուկ ծառայողների պաշտոններում ընդգրկել ենք զինվորական գործառույթ չիրականացնող պաշտոնատար անձանց, այսինքն, որտեղ չկա մասնագիտական գիտելիքների կարիք, եւ դա կարող է իրականացնել նաեւ քաղաքացիական անձը: Իսկ զուտ պրոֆեսիոնալ զինվորականները մնում են որպես զինվորականներ, եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբը որպես կառավարման մարմին համալրված է զինվորականներով:

- Զինծառայողի եւ քաղծառայողի պաշտոնը ինչպե՞ս է համապատասխանեցվում: Օրինակ, ավագ սպան քաղծառայության ինչ պաշտոնյա է դառնում:

- Ավագ սպան ներառվում է գլխավոր խմբում: Քաղծառայության պաշտոնները դասակարգվում են 4 խմբի` բարձրագույն, գլխավոր, առաջատար եւ կրտսեր պաշտոններ: 2008 թվականին կառավարության կողմից սահմանվել է քաղաքացիական հատուկ ծառայության եւ զինվորական ծառայության պաշտոնների հավասարազորությունը: Այսինքն, այս խնդիրը եւս կարգավորված է:

- Երբ ներդրվեց քաղաքացիական ծառայության համակարգը, պետական մարմիններում որոշակի փուլերով անցկացվեցին վերապատրաստման եւ ատեստավորման գործընթացներ: Ինչպե՞ս է դա կատարվելու ՊՆ-ում:

- Այս առումով մենք կկիրառենք նույն մեխանիզմը: Ընդ որում, պետք է տարանջատել առաջին վերապատրաստում եւ առաջին ատեստավորում հասկացությունները: Համակարգն ինքնին նոր է: Նախկինում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցրած անձինք օրենքով համարվում են քաղաքացիական հատուկ ծառայողներ: Այս պարագայում օրենքների դրույթները, դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերի դրույթները լրացուցիչ ուսուցանելու անհրաժեշտություն կա, որից հետո կարելի է անցկացնել մասնագիտական ատեստավորման գործընթաց, որն իրականացվելու է երեք տարին մեկ անգամ: Ամեն տարի քաղաքացիական ծառայողների մեկ-երրորդը ենթակա է եւ վերապատրաստման, եւ ատեստավորման: Այսինքն, նախատեսվում է նախապատրաստել, ապա միայն ատեստավորել:

- Ենթադրվում է, որ բարեփոխումների ողջ գործընթացում ուսումնասիրել եք որոշ երկրների փորձը: Հատկապես ո՞ր երկրի անցած ուղին է օրինակ հանդիսացել մեզ համար:

- 2002 թվականին, երբ Հայաստանում ներդրվում էր քաղաքացիական ծառայությունը, ուսումնասիրել էինք Մերձբալթյան հանրապետությունների եւ Արեւելյան Եվրոպայի որոշ պետությունների փորձը, եւ արդեն ունենք 7 տարվա քաղծառայության համակարգի փորձ: Սակայն մենք արդեն որպես հիմք ենք ընդունում գործող քաղաքացիական ծառայությունը: Հաշվի առնելով պաշտպանության նախարարության գործառույթների խնդիրների առանձնահատկությունները եւ համահունչ կառուցվածքային առանձնահատկությունները` մենք ամրագրեցինք քաղաքացիական հատուկ ծառայությունը` որպես պետական ծառայության տարատեսակ տվյալ խնդիրների բնականոն ընթացքը լուծելու համար: Այստեղ պետք է նշել առկա մի շարք առանձնահատկությունները. պաշտպանության բնագավառում կա միանձնյա ղեկավարման սկզբունք, համապատասխան տարբերություն կա նշանակումների առումով, պաշտպանական համակարգում քաղաքացիական հատուկ ծառայող դառնալու իրավունք ունեցող անձանց շրջանակի առումով /օրենքում կան համապատասխան սահմանափակումներ, որոնք տարբերվում են քաղաքացիական ծառայության մասին օրենքի դրույթներից, մասնավորապես այն անձանց վերաբերյալ, ովքեր նախկինում զինվորական պաշտոններից ազատվել են բացասական հիմքերի պարագայում կամ անցել են այլընտրանքային ծառայության/, ինչպես նաեւ հանձնաժողովների ձեւավորման ու ծառայողական քննությունների անցկացման առումներով:

 
Նորությունների վերնագրեր

06.09.10
ՀՀ գինեգործների միության ղեկավարը մեկնաբանել է Լուկաշենկոյի եւ Ծառուկյանի պայմանավորվածությունները

06.09.10
“Կոնվերս բանկը” մշակել է զեղչային համակարգ իր քարտապանների համար

06.09.10
«ՎՏԲ-Հայաստան Բանկը» եւ MoneyGram-ը համատեղ ակցիա են անցկացնում

 

 

 
 
 
Հարցազրույցներ

 
 

Գլխավոր էջ