- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը Երեւանում մայիսի 31-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների նախօրեին, որոնք ընդդիմությունն արդեն որակել է որպես անցյալ տարվա նախագահական ընտրությունների “երկրորդ փուլ”:
- Մենք տեսնում ենք աշխույժ քաղաքական բանավեճեր: Դա լավ է: Մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններն ազգային քաղաքական ընտրություններ չեն, սակայն ազգային կուսակցությունների մասնակցությունն ընդգծում է դրանց կարեւորությունը: Մենք կցանկանայինք, որպեսզի ընտրություններն անցնեին միջազգային չափանիշներին համապատասխան: Իհարկե, դժվար է միանգամից հասնել հարյուր տոկոսանոց համապատասխանության, բայց կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուր հաջորդ ընտրություններում առաջընթաց արձանագրվի նախորդի համեմատ: Մենք ցանկանում ենք հուսալ, որ առաջիկա ընտրությունները կլինեն թափանցիկ եւ արդար, նախորդ փորձից դասեր կքաղվեն, եւ մենք թեժ, սակայն խաղաղ պայքարի ականատեսը կլինենք:
- Դուք հավատու՞մ եք, որ եթե ընդդիմությունը ներկա լինի քաղաքային խորհրդարանում, դա կարող է սկիզբ հանդիսանալ ՀՀ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսության համար:
- Այդ հարցը պետք է լուծեն հայերը, այլ ոչ թե դրսի դիտորդները: Կան “հաղթողը վերցնում է ամեն ինչ” սկզբունքի վրա հիմնված քաղաքական համակարգեր, ներառյալ բրիտանականը, կան նաեւ կոալիցիոն կամ համամասնական ներկայացուցչության սկզբունքի վրա ձեւավորվող համակարգեր: Ցանկացած համակարգ ունի իր դրական եւ բացասական կողմերը: Իհարկե, ընդդիմությունը կարեւոր դեր ունի ցանկացած քաղաքային եւ ազգային կառավարությունում` կամ որպես կոալիցիայի մասնակից, կամ, ինչպես մենք Մեծ Բրիտանիայում անվանում ենք, որպես լոյալ ընդդիմություն /լոյալ Թագուհուն, այլ ոչ թե կառավարությանը/: Կարծում եմ, որ Հայաստանը պետք է ինքը որոշի` ի՞նչն ընտրել ժողովրդավարական հնարավորություների ամբողջ փաթեթից:
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշակի հույսեր ունեն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` հունիսի սկզբին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումը կարող է “ճեղքում” դառնալ: Դուք կիսու՞մ եք այդ լավատեսությունը:
- Ես լավատես եմ: Եվ իմ լավ ընկերը, հավանաբար, երեք համանախագահներից ամենալավատեսն է: Եկեք հուսանք, որ այս տարի հնարավորություններ կլինեն, որ արդարացնենք նրանց լավատեսությունը: Վերջին 2-3 տարիների ընթաքում բավականին թվով հիասթափություններ են եղել. մարդիկ գրեթե հասնում էին գագաթնակետին, ապա նորից ներքեւ էին սահում: Մենք լրացուցիչ խթանի կարիք ունենք եւ հուսով ենք, որ այդպիսին կարող է լինել առաջիկա հանդիպումը: Պատասխանատվությունը նախեւառաջ դրված է երկու նախագահների վրա, սակայն համանախագահները պետք է ցույց տան, որ գործում են միջազգային հանրության անունից:
Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ առկա ձեւաչափը սխալ է եւ որ պետք է այլ ճանապարհ ընտրել: Մենք համամիտ չենք այդ կարծիքներին եւ կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը լավ աշխատանք է կատարում:
- Հավատու՞մ եք, որ Թուրքիան իսկապես հրաժարվել է նախապայմանների քաղաքականությունից եւ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել տեսանելի ապագայում:
- Թուրքական եւ հայկական կառավարությունների միջեւ կա համաձայնություն: Եվ կա հետագա քայլերի ժամանակացույց, որը, հուսով եմ, կիրականացվի: Հուսով եմ, որ Բաքվի ԶԼՄ-ներում նկարագրված իրադարձությունները [Բրայան Ֆոլն ի նկատի ունի Թուրքիայի վարչապետի` մայիսի 13-ին Բաքու կատարած այցի լուսաբանումը մամուլում-ՄԵԴԻԱՄԱՔՍ] “փոթորիկ են մեկ բաժակ ջրում” եւ ոչինչ ավելին:
Սակայն կարեւոր է վերականգնել կողմերի միջեւ շփումները: Ես չեմ տեսել համաձայնության տեքստը եւ չգիտեմ, թե արդյո՞ք կողմերից մեկը մեղադրում է մյուսին դրա խախտման մեջ: Մենք ցանկանում ենք տեսնել թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը: Լավ կլիներ ունենալ բաց սահմաններ, երկխոսություն մի շարք հարցերի շուրջ, եւ, միաժամանակ, մենք պետք է վստահ լինենք, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով:
- Կարծիքներ են հնչում այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կփոխի ողջ աշխարհաքաղաքական դասավորությունը Հարավային Կովկասում: Համաձա՞յն եք դրա հետ:
- Ներկա համատեքստը նորմալ չէ, քանի որ բազմաթիվ խնդիրներ կան Հայաստանի եւ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ: Դժվար է կանխատեսումներ անել: Եթե Հարավային Կովկասի երկրները համագործակցեն, դա տնտեսապես եւ սոցիալապես դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի բնակչության համար: Մենք կցանկանայինք տեսնել հենց այդպիսի դասավորություն: Եթե սահմանը բաց լինի, դա “կանաչ լույս” եւ շատ դրական հոգեբանական ազդանշան կդառնա:
- Հարավային Կովկասի տարածաշրջանը միշտ եղել է մեծ տերությունների շահերի բախման վայր: Բայց այսօր, հետեւելով ղարաբաղյան կարգավորման եւ հայ-թուրքական երկխոսության գործընթացներին, մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ ԵՄ-ը համակարծիք են իրենց դիրքորոշումներում: Ո՞րն է մեծ տերությունների նման համերաշխության պատճառը:
- Իհարկե, համանախագահներն արդյունավետորեն են համագործակցում: Բայց նրանք իրենց երկրների ամենաբարձրաստիճան գործիչները չեն: Կարծում եմ, որ Ռուսաստանն ունի իր շահը խաղաղ կարգավորման նկատմամբ, որին ձգտում են նաեւ արեւմտյան տերությունները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հետեւանքներ կունենա Ռուսաստանի` Հայաստանի հետ երկարաժամկետ հարաբերությունների համար: Վստահ լինելու համար, որ այն տարածքները, որոնցից Հայաստանը կհեռանա, չեն ռազմականացվի եւ չեն օգտագործվի Լեռնային Ղարաբաղի դեմ, հակամարտության գոտում պետք է տեղակայվի միջազգային խաղաղապահ առաքելություն: Պետք է համաձայնություն ձեռք բերվի այն մասին, թե հատկապես ինչպե՞ս է դա արվելու: Մի ժամանակ քնարկվում էր “ոչ համանախագահներ, ոչ հարեւաններ” բանաձեւը [ի նկատի ունի, որ խաղաղապահ ուժերը չպետք է ներկայացնեն ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան կամ Թուրքիան-ՄԵԴԻԱՄԱՔՍ]: Հնարավոր է, որ դա մնում է ճիշտ ձեւաչափ: Սակայն մենք չգիտենք, թե որքան են ռուսները դրան հավատարիմ: Մենք չգիտենք` Ամերիկա-Ռուսաստան հարաբերություններն իսկապե՞ս կկառուցվեն “վերաբեռնավորման” կոճակի վրա: Եթե մոտեցումը լինի հենց այդպիսին, մենք շատ երջանիկ կլինենք:
- ՀՀ քաղաքական շրջանակներում ձեւավորված կարծիք կա այն մասին, որ Մեծ Բրիտանիան հատուկ հետաքրքրություններ չունի Հայաստանում, հատկապես եթե զուգահեռներ անցկացնենք Ադրբեջանի հետ: Որքանո՞վ է արդարացված այդ տեսակետը: Դուք հնարավորություններ տեսնու՞մ եք հայ-բրիտանական հարաբերությունների ակտիվացման համար:
- Կարծում եմ, մարդիկ հաճախ թերագնահատում են մեր գործունեությունը Հայաստանում, որտեղ գործում են Բրիտանիայի Խորհրդի ակտիվ ծրագրերը, Chevening, John Smith Fellowships ուսումնական ծրագրերը եւ այլն: Հայաստանում միտում կա կարծելու, որ, պատկերավոր ասած, եթե մենք շոկոլադե տորթ ունենք Բաքվում, ապա նույնպիսին պետք է լինի նաեւ Երեւանում:
Մենք Ադրբեջանում խոշորագույն օտարերկրյա ներդրողն ենք, եւ դա հսկայական պարտավորություն է, որը հանգեցնում է բրիտանական ընկերությունների ակտիվ ներգրավմանը: Բայց դա չի վկայում այն մասին, որ քաղաքական իմաստով մենք նախապատվությունը տալիս ենք մի երկրին` ի վնաս մյուսի:
|