Իրական ներդրումներն ու «բարձի տակ» մնացած գումարները - Mediamax.am

Իրական ներդրումներն ու «բարձի տակ» մնացած գումարները
3733 դիտում

Իրական ներդրումներն ու «բարձի տակ» մնացած գումարները


Մեր քաղաքացիների ամենասիրելի «մարզաձեւը», թվում է, բիզնեսի մասին մտածելն է, բայց երբեք դրանով չզբաղվելը։ Բոլորս ունենք ծանոթ, ով մոտ $ 10 հազար խնայողություններ ունի եւ ցանկանում է ներդրում կատարել։ Ինչ-որ ժամանակ մտածելով հնարավորությունների մասին՝ նա որեւէ ներդրում չի կատարում, այդ գումարը ավանդ է դնում կամ, ինչն ավելի վատ է, պահում «բարձի տակ»՝ սպասելով ավելի լավ ժամանակների։ 

 

Միգուցե այդ անձը ոչ թե Ձեր ծանոթն է, այլ՝ հենց Դուք։ Եվ այսպես՝ ինչո՞ւ մենք ներդրումներ չենք անում։ Պատճառը մեր պասիվությու՞նն է, թե կա՞ ավելի խորը, ինստիտուցիոնալ խնդիր։ 

 

Օտարերկրյա ներդրումների ներգրավման անհրաժեշտության մասին խոսվում է բավական երկար։ Գրեթե բոլոր ընտրություններում, գրեթե բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում եւ բոլոր կառավարությունների օրակարգում այդ խնդիրը կենտրոնական տեղում է։ Սակայն հարց է ծագում՝ եթե բոլորն այդքան շատ են խոսում ներդրումների մասին, ինչո՞ւ որեւէ որակական առաջընթաց չի լինում։

 

Նախ, կարեւորագույն հիմնաքարային սխալը, ըստ իս, այն է, որ խոսքը գերազանցապես միայն օտարերկրյա ներդրումներ մասին է լինում, իսկ օտարերկրյա եւ տեղական ներդրումները ֆունկցիոնալ առումով իրարից ոչ մի բանով չեն տարբերվում։ Եթե սեփական երկրի քաղաքացիները չեն կատարում ներդրումներ, ապա դժվար է ակնկալել, որ արտասահմանցին մեծ հետաքրքրություն կդրսեւորի:

 

Իսկ ինչո՞ւ Հայաստանի քաղաքացիները ներդրում չեն անում մեր տնտեսության մեջ։ Բացատրությունները կարող են տարբեր լինել՝ սկսած այն բանից, որ ինչ-որ մեկն իրենցից «բիզնեսի փայ» կպահանջի, վերջացրած՝ հարկային բեռի ծանրությամբ։ 

 

Եթե փորձենք ներդրումների բացակայության պատճառները խմբավորել, ապա Հայաստանում ներդրումներ չկան, քանի որ.

 

- աշխարհաքաղաքական տեսանկյունից վատ տարածաշրջանում ենք,

- ներդրումները պաշտպանված չեն կոռուպցիոն ռիսկերից,

- հարկային քաղաքականությունը չի նպաստում ներդրումների ներգրավմանը,

- բացակայում են համապատասխան մասնագետները։

 

Նշված բոլոր պայմանները շատ կարեւոր են։ Մյուս կողմից՝ գրեթե չի խոսվում ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ քաղաքացիաիրավական կառուցակարգի բացակայության մասին։ Ի՞նչ է սա նշանակում։ Դա քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված այն կառուցակարգերի առկայությունն է, որոնք ապահովելու են ներդրումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ։

 

Ստիպված եմ փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական օրենսդրությունում բարեփոխումները գրեթե երբեք չեն կատարվել տնտեսության առողջացման նպատակով, այլ հիմնականում նպատակ են ունեցել արդարացնել օտարերկրյա տարբեր դրամաշնորհների ծախսը՝ արդյունքում, գրեթե, չբերելով որեւէ դրական արդյունքի։

 

Առանձնացնեմ երկու հիմնական քաղաքացիաիրավական խնդիր՝ առանց որոնց լուծման անհնար է խոսել տնտեսության զարգացման մասին։

 

Ներդրում կատարելու համար պետք է լինի ներդրում կատարելու «վայր»։ Ներդրում անելու հիմնական ձեւն առեւտրային իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի համալրումն է, որը հիմնականում կատարվում է բաժնետոմսերի գնման միջոցով։ Ի՞նչ խնդիր կա այստեղ։

 

Հայաստանում 2018թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված է 96 հազ. 926 անհատ ձեռնարկատեր, 49 հազ. 315 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, 2 հազ. 539 փակ բաժնետիրական ընկերություն եւ ընդամենը 723 բաց բաժնետիրական ընկերություն:

 

Նշված 723 բաց բաժնետիրական ընկերությունից ընդամենը յոթն է որպես թողարկող ցուցակագրված Հայաստանի ֆոնդային բորսայում։ 

 

Սա նշանակում է, որ Հայաստանում գրեթե 150 000 հազ. գործարար սուբյեկտից ընդամենը յոթ ընկերությունում կարելի է ազատորեն ներդրում կատարել՝ ակնկալելով ստանալ շահաբաժին։

 

Արդյունքում՝ այն ՀՀ քաղաքացին, ով ունի օրինակ 10 հազ. ԱՄՆ դոլար, ոչ թե ներդրում է կատարում տնտեսության մեջ՝ տալով գործարարին էժան գումար, այլ գնում է բանկ, ավանդ է դնում իր գումարը, բանկը ավանդատուին տալիս է ցածր տոկոսներ, իսկ գործարարին՝ բարձր տոկոսով վարկ։ Սա լավագույն դեպքում։ Ավելի հաճախ այդ գումարը քաղաքացին պահում է «բարձի տակ»՝ արդյունքում հանելով գումարը շրջանառությունից։ Բարեւներ դասական տնտեսագիտության ջատագովներին։

 

Այս առումով պետք է շեշտակի փոխել առեւտրային իրավաբանական անձանց կարգավորումը Հայաստանում՝ նպատակ ունենալով ավելացնել բորսայում ցուցակագրված անձանց թիվը, հետեւաբար՝ ավելացնելով պոտենցիալ ներդրումների «վայրերը» եւ էժանացնելով գործարարին տրվող գումարի արժեքը։

 

Ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն՝

 

1. Նախ, քաղաքացիաիրավական տեսանկյունից բավական վիճահարույց սահմանափակ պատասխանատվության ընկերությունները պետք է վերացվեն։ Մի կողմ դնելով ՍՊԸ-ների կարգավորման մանրամասները, պարզապես ասեմ, որ ի տարբերություն բաժնետիրական ընկերությունների՝ ՍՊԸ-ն ընդհանրապես չի կարող բորսայում ցուցակվել, քանի որ չունի բաժնետոմս։ Սրանով արդեն՝ այն բավական խնդրահարույց գույքային համալիր է։ 

 

Փոխարենը ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը պետք է նախատեսի ընկերությունների երկու տեսակ՝ ընկերություններ, որոնց բաժնետոմսերն ազատ շրջանառության մեջ են եւ ընկերություններ, որոնց բաժնետոմսերն ազատ շրջանառության մեջ չեն։ 

 

2. Նշված բարեփոխումն իրականացնելուց հետո, պետք է փորձել ավելացնել ազատ շրջանառվող բաժնետոմսերով ընկերությունների թիվը։ Դա կարող է կատարվել երկու ձեւով՝ վարչական-պարտադրող եւ տնտեսական-խթանող։ Առաջին դեպքում օրենսդիրը հստակ սահմանում է, օրինակ, որ որոշակի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները պետք է անպայման ցուցակվեն բորսայում։ Ես, սակայն, այդպիսի մոտեցմանն առանձնապես կողմնակից չեմ, քանի որ այսպիսի մեթոդները վանում են գործարարին։

 

Երկրորդ դեպքում պետությունը որոշակի արտոնություններ է տալիս այդպիսի ընկերություններին, օրինակ՝ պետական գնումների ժամանակ առավելություն։ Մեծ դեր ունի նաեւ Կենտրոնական բանկը, որը կարող է իր ունեցած գործիքակազմով ապահովել, որպեսզի այսպիսի ընկերություններին բանկերն ավելի մեծ ցանկությամբ վարկեր տրամադրեն։ Այսինքն՝ պետությունը պետք է խթանի բիզնեսի վարման նոր մշակույթ, երբ որոշակի գաղափարի առկայության դեպքում՝ ներգրավվում են միջոցներ մեծ թվով անձանցից, երբ արժեւորվում է գաղափարը, ոչ թե գրավի առարկան։

 

Պետք է փոխել բանկային գործունեության փիլիսոփայությունը։ Ո՞րն է բանկերի արժեքը տնտեսության համար։ Բանկերն այն կառույցներն են, որոնք, ներգրավելով ազատ միջոցներ, տրամադրում են այդ միջոցներն անձանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Պետությունը պետք է ստեղծի այնպիսի կառուցակարգ, որի շնորհիվ ազատ միջոցների տեղաբաշխումը գործարար ոլորտ կկատարվի հնարավորինս էժան։

 

Ինչպե՞ս է կատարվում այդ տեղաբաշխումը։ Երկու հիմնական ձեւ կա՝ վարկավորում եւ ներդրում։ Վարկավորման դեպքում բանկը որոշակի տոկոսի դիմաց տրամադրում է դրամական միջոցներ՝ որպես ապահովում հիմնականում ստանալով նաեւ որոշակի գույքի նկատմամբ գրավի իրավունք։ Այս դեպքում, բանկն, ըստ էության, մեծ շահագրգռվածություն չունի վարկավորվող բիզնեսի հաջողության մեջ, քանի որ ինչ էլ լինի, բանկը գրավով իր գումարը կստանա։

 

Ներդրման դեպքում բանկը միջոցները տեղաբաշխում է հենց ընկերության կանոնադրական կապիտալում՝ գնելով բաժնետոմսեր, ստանալով այդ ընկերության նկատմամբ վերահսկողության իրավունք, դրա հետ մեկտեղ տրամադրելով նաեւ որոշակի կառավարչական, իրավաբանական, հաշվապահական աջակցություն։ Պարզ ասած՝ բանկը, լինելով մեծ մասնագիտացված կառույց, ոչ միայն գումար է տալիս, այլեւ տրամադրում է այլ օժանդակություն։ Դա իր համար ձեռնտու է, քանի որ բանկն այս դեպքում շահագրգռված է լինում բիզնեսի հաջողության մեջ։

 

Մեզ մոտ կիրառվում է գումարի տեղաբաշխման միայն առաջին ձեւը։ Այսինքն, ՀՀ-ում բանկերը մեծ հաշվով, գրեթե, չեն տարբերվում գրավատներից։ Դրա պատճառով բանկից գումար ստանալ կարող է ակնկալել ոչ թե լավ գաղափար ունեցող անձը, այլ միայն մեկը, ով ունի գրավադրելու համար պիտանի գույք։

 

Պետությունը եւ Կենտրոնական բանկը պետք է նպաստեն, որպեսզի բանկերն ավելի ակտիվ իրականացնեն ներդրումային գործունեություն։

 

Սա ընդամենը երկու խնդիր, առանց որոնց լուծման չի կարելի ակնկալել, որ ներդրումները Հայաստանում լայն տարածում կստանան։ Այդպիսի խնդիրները բազմաթիվ են, սակայն բոլորը լուծելի են ու պետք է մասնագիտորեն ուսումնասիրվեն եւ իրագործելի հստակ առաջարկներ ներկայացվեն:

 

Արսեն Թավադյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, փաստաբան, ԵՊՀ դասախոս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին