Հարցազրույցները [չ] համաձայնեցնելու կարգը - Mediamax.am

Հարցազրույցները [չ] համաձայնեցնելու կարգը
2084 դիտում

Հարցազրույցները [չ] համաձայնեցնելու կարգը


Քանի որ մեդիայի հանդեպ վստահության, մեդիագրագիտության եւ հարակից թեմաները դեռ երկար են առաջնային մնալու, որոշել ենք առավել հաճախ խոսել դրանց մասին։ Եվ ոչ միայն խոսել, այլեւ կոնկրետ քայլեր ձեռնարկել։

Կարծում եմ՝ գործընկերներիցս շատերն առնչվել են այս խնդրին. հարցազրույց տալուց առաջ կամ հետո զրուցակիցը պահանջում կամ խնդրում է մինչ հրապարակելն իր հետ համաձայնեցնել տեքստը։

Աշխարհում այս խնդիրը ունիվերսալ կարգավորում կամ լուծում չունի։ Պատճառները տարբեր են։ Օրինակ՝ անգլո-սաքսոնյան լրագրության մեջ հարցազրույցը որպես ժանր այնքան էլ տարածված չէ։ Այսինքն՝ Անգլիայում հարցազրույց վերցնելով՝ հեղինակը, որպես կանոն, ներկայացնում է այն ոչ թե հարց ու պատասխանի ձեւով, այլ նյութ է գրում՝ մեջբերումներ անելով զրուցակցի խոսքերից։ Երբեմն հեղինակը կարող է զրուցակցին ցույց տալ վերջինիս խոսքից այն հատվածը, որն օգտագործելու է, բայց ոչ ամբողջական նյութը։

Հայկական լրագրությունը խորհրդային եւ ռուսաստանյան լրագրության ժառանգորդն է, որտեղ շատ տարածված են հենց հարցազրույցները՝ հարց ու պատասխանի ձեւով։ Առաջատար ռուսաստանյան լրատվամիջոցները, օրինակ, «Ֆորբսի» 100 առաջատար գործարարների ցանկի անդամների հետ հարցազրույց անելուց հետո համաձայնեցնում են տեքստը զրուցակցի մամուլի ծառայության հետ։ Երբ հարցազրույցում շոշափվում են թեմաներ, որոնք վերաբերում են տասնյակ միլիոնների ներդրումներին, նման համաձայնեցումը թույլ է տալիս խուսափել հնարավոր փաստական սխալներից, որոնք կարող են ճակատագրական լինել բորսաներում ցուցակված ընկերությունների համար:

Բայց դրա հետ մեկտեղ՝ Ռուսաստանում լրագրողները հաճախ կրճատում են հարցազրույցը եւ պարտավորություն չեն զգում ընթերցողին մատուցել զրույցի ողջ բովանդակությունը։ Տեր-Պետրոսյանը, Թոյնբին եւ Շեւելյովը սյունակում պատմել եմ այն մասին, թե ինչպես էր 1996 թվականին «Մոսկովսկիե նովոստի» թերթի իմ խմբագիր Միխայիլ Շեւելյովը առանց վարանելու կրճատում Հայաստանի նախագահի բացառիկ հարցազրույցը։

Մեր իրականության մեջ հարցազրույցի կամ տեքստի համաձայնեցումը, հաճախ, անցնում է բանականության եւ թույլատրելիի սահմանները։ Բանը հասել է նրան, որ անգամ եթե մի քանի տողանոց մեկնաբանություն ես խնդրում, կարող են պայման դնել, որ «տեքստը հետո պիտի նայենք»։ Իսկ առավել զավեշտալին այն դեպքերում է, երբ զրուցակիցը կամ նրա մամուլի քարտուղարը հարցազրույցից հեռացնում են ամբողջական հատվածներ եւ/կամ ավելացնում են կտորներ, որոնք հարցազրույցի ընթացքում ընդհանրապես չեն հնչել։

Վերջերս մեր լրագրողը չափազանց հաջողված հարցազրույց էր արել։ Տեքստը ուղարկել էինք համաձայնեցման՝ պայմանով, որ եթե մինչեւ հաջորդ օրվա առավոտը առարկություններ չստանանք, այն հրապարակվելու է։ Այդպես էլ արեցինք, իսկ քիչ անց ստացանք վիրավորված հեռախոսազանգ. «Պարոն այսինչը ամբողջ գիշեր նոր տեքստ էր գրել, իսկ դուք հրապարակել եք այդ ձեւով»։ Կրկնում եմ՝ հարցազրույցը փայլուն էր, ինչն ի վերջո ընդունեց նաեւ դրա «հերոսը»։

Հասկանալով, որ ավելի հաճախ ենք ժամանակ ու նյարդեր վատնում հարցազրույցների համաձայնեցման հետ կապված հարցերի վրա, որոշեցինք խնդրին համակարգային լուծում տալ եւ մշակել մի Կարգ։

Կարգին կարող եք ծանոթանալ ստորեւ։ Այսուհետ այն մշտապես հասանելի է լինելու մեր կայքում եւ զրուցակիցների հետ աշխատելու ենք այդ կարգին համապատասխան։ Եթե կգտնվեն գործիչներ, որոնք պատրաստ չեն լինի պատասխանատվություն կրել իրենց արտահայտած եւ ձայնագրված մտքերի համար, իրենց իրավունքն է։

Եթե կլինեն լրատվամիջոցներ, որոնք կցանկանան հետեւել Մեդիամաքսի օրինակին, կարող են օգտագործել մեր Կարգը՝ այս ձեւով, կամ էլ խմբագրելով ու համապատասխանեցնելով իրենց կարիքներին։

***

Հարցազրույցի, հարցազրույցի հիման վրա պատրաստվող հոդվածների  հրապարակման կարգ

Սույն կարգը համապատասխանում է ՀՀ «ԶԼՄ-ների մասին» օրենքին եւ Մեդիամաքս մեդիա ընկերության ներքին կանոնակարգին

1. Մեդիամաքսի մեդիա ընկերության կազմի մեջ մտնող կայքերի (Mediamax.am, Banks.am, Itel.am, Bravo.am, Sport.Mediamax.am) լրագրողները պարտավոր չեն հարցազրույցի վերջնական տեքստը համաձայնեցնել հարցազրույց տվողի կամ նրա ներկայացուցչի հետ։

Եթե հարցազրույցի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու պահին հարցազրույց տվողը կամ նրա ներկայացուցիչը վերջնական տեքստի համաձայնեցման առաջարկով հանդես չեն եկել, նման առաջարկը չի կարող ընդունվել հարցազրույցի պահին կամ դրանից հետո:

2. Մեդիամաքսի լրագրողների համար հարցազրույցի տեքստի հիմք է հանդիսանում ձայնագրությունը, որը նրանք պարտավոր են պահպանել հարցազրույցին հաջորդող առնվազն 6 ամսվա ընթացքում։

3. Հարցազրույցը սղագրելիս՝ Մեդիամաքսի լրագրողներն իրավունք ունեն խմբագրումներ կատարել (կրճատումներ, խոսակցական խոսքը փոխադրել գրականի եւ այլն)՝ այն պայմանով, որ կատարված խմբագրական աշխատանքը չի խեղաթյուրում հարցազրույց տվողի արտահայտած մտքերի բովանդակությունը:

4. Մեդիամաքսի լրագրողներն իրավունք ունեն ընդունել հարցազրույցի տեքստի վերջնական տարբերակի համաձայնեցման առաջարկը միայն այն դեպքում, երբ հարցազրույց տվողը բացառապես այդ պայմանով է համաձայնվում հարցազրույց տալ։

5. Մեդիամաքսին տրված հարցազրույցի տեքստի համաձայնեցման ընթացքում հարցազրույց տվողը կամ նրա ներկայացուցիչը կարող են առաջարկել հնարավոր փաստական անճշտությունների ուղղումներ եւ ճշգրտումներ, որոնք լրագրողն իրավասու է ընդունել կամ մերժել։

Հարցազրույց տվողի կողմից առաջարկվող ուղղումներն ու ճշգրտումները պետք է ներկայացվեն հարցազրույցի տեքստը ստանալուց հետո՝ առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Հարցազրույց տվողը կամ նրա ներկայացուցիչը իրավունք չունեն բովանդակային կամ խմբագրական փոփոխություններ կատարել տեքստում, տեքստից հեռացնել հատվածներ կամ ավելացնել հատվածներ, որոնք չեն հնչել հարցազրույցի ընթացքում և չկան ձայնագրության մեջ:

6. Հարցազրույցի տեքստի վերջնական տարբերակում այլ փոփոխությունների առաջարկի դեպքում որոշումը կայացվում է Մեդիամաքս մեդիա ընկերության գլխավոր խմբագրի կողմից: Առաջարկի անընդունելի լինելու դեպքում գլխավոր խմբագիրը կարող է հրապարակել հարցազրույցը լրագրողի առաջարկած տարբերակով կամ հրաժարվել հարցազրույցի հրապարակումից՝ իրավունք վերապահելով հանրայնացնել հարցազրույցը չհրապարակելու մասին:

7. Մեդիամաքսի մեդիա ընկերության կազմի մեջ մտնող կայքերում արդեն հրապարակված հարցազրույցներում կամ դրանց հիման վրա պատրաստված նյութերում հնարավոր է կատարել միայն ուղղագրական, կետադրական կամ փաստական սխալների շտկումներ, որոնք հաստատվում են գլխավոր խմբագրի կողմից:

Հատուկ կետ. Մեդիամաքսի մեդիա ընկերության կազմի մեջ մտնող կայքերում հրապարակվող լուսանկարները հարցազրույց տվողին կամ նրա ներկայացուցչին նախապես չեն ցուցադրվում։ Հարցազրույց տվողի լուսանկարահանումը կատարվում է վերջինիս համաձայնությամբ։ 

Հարցազրույց տվողն իր կողմից  տրամադրված լուսանկարների դեպքում հավաստում է այն փաստը, որ դրանք ենթակա են հրապարակման և երրորդ անձանց իրավունքներով ծանրաբեռնված չեն։

***

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին