5/10/15. Պերինայի կոչը, բաշխիչ ցանցերի վաճառքը, Բեթղեհեմի դեպքերը - Mediamax.am

exclusive
12173 դիտում

5/10/15. Պերինայի կոչը, բաշխիչ ցանցերի վաճառքը, Բեթղեհեմի դեպքերը


Լինաս Լինկյավիչուսը
Լինաս Լինկյավիչուսը

Լուսանկարը` REUTERS

Հայկական խաչը Բեթղեհեմում
Հայկական խաչը Բեթղեհեմում

Լուսանկարը` REUTERS

Ռիմա Դեմիրճյանը
Ռիմա Դեմիրճյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուդոլֆ Պերինան Սլովակիայում 2015 թվականին
Ռուդոլֆ Պերինան Սլովակիայում 2015 թվականին

Լուսանկարը` ԱՄՆ Զինված ուժեր


Այսօր մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը գործարկում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնելու իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ՝ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-27

 

Հոկտեմբերի 27-ը, մահապատիժը եւ Դալլաքյանը

 

Օգոստոսի 21-ին, Ռիմա Դեմիրճյանի նախաձեռնությամբ, Երեւանում կայացավ 1999թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկչության զոհերի հարազատների հանդիպումը ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիտեի համազեկուցողների հետ: Հանդիպման հիմնական թեման ահաբեկիչների պատժի հարցն էր: Հարազատները պնդում էին, որ ահաբեկիչները պետք է մահապատժի ենթարկվեն, իսկ համազեկուցողները հիշեցնում էին, որ ստանձնած պարտավորություններին համաձայն, Հայաստանը պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացնի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը, որը անվերապահ արգելում է մահապատիժը:

Ռիմա Դեմիրճյանը Ռիմա Դեմիրճյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հանդիպման կազմակերպիչը Ազգային Ժողովի պետա-իրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանն էր: 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո նա Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ամենաանհաշտ հակառակորդներից էր: Բայց դա չխանգարեց, որ 2012 թվականին Դալլաքյանը նշանակվի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Այդ պաշտոնում նա աշխատեց գրեթե 5 տարի, որից հետո կրկին ընդդիմադիր դարձավ: Տարբերությունն այն է, որ եթե 15 տարի առաջ Վիկտոր Դալլաքյանն որոշակի քաղաքական կշիռ ուներ, իսկ այսօր

նրա ընդդիմադիր դառնալը գրեթե աննկատ դարձավ:

 

Միջազգային արձագանքը Բեթղեհեմի դեպքերին

 

15 տարի առաջ Իսրայելի բանակը Բեթղեհեմում գրավել էր Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը պատկանող հողատարածքը: Թեման ակտիվ քննարկվում էր ոչ միայն Հայաստանում:

 

Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Ալեքսին, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջորջ Քերին, ԱՄՆ եկեղեցիների Ազգային խորհրդի նախագահ Ռոբերտ Էդգարը մտահոգություն հայտնեցին եւ առաջարկեցին աջակցել խնդրի կարգավորմանը:

Հայկական խաչը Բեթղեհեմում Հայկական խաչը Բեթղեհեմում

Լուսանկարը` REUTERS

Անցել է 15 տարի, իսկ Հայաստանը շարունակում է Իսրայելում դեսպանություն չունենալ, ինչը միանշանակ թուլացնում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիրքերը:

 

Սերժ Սարգսյանը Լիտվայում եւ ՆԱՏՕ-ի վարժանքները

 

15 տարի առաջ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այցելեց Վիլնյուս եւ ողջունեց Լիտվայի առաջարկը՝ Հարավային Կովկասի երկրների հետ իր ռազմական փորձով կիսվելու մասին:

 

Իր լիտվացի գործընկեր Լինաս Լինկյավիչուսի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը լիտվացի զինվորականներին հրավիրեց մասնակցել 2003 թվականին Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Cooperative Best Effort զորավարժությանը:

Լինաս Լինկյավիչուսը Լինաս Լինկյավիչուսը

Լուսանկարը` REUTERS

Այսօր Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահն է, Լինաս Լինկյավիչուսը՝ Լիտվայի արտաքին գործերի նախարարը, իսկ Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններ այլեւս չեն անցկացվում:

 

Պերինան եւ փոխզիջումների կոչերը

 

Օգոստոսի 24-ին Բաքվի «Էքսպրես» թերթում հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Պերինայի հարցազրույցը, որում նա Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ արեց ավելի ակտիվ լինել եւ փոխզիջումների պատրաստակամություն ցուցաբերել:

Ռուդոլֆ Պերինան Սլովակիայում 2015 թվականին Ռուդոլֆ Պերինան Սլովակիայում 2015 թվականին

Լուսանկարը` ԱՄՆ Զինված ուժեր

Նա ասաց, որ «կողմերը բազմիցս շատ մոտ էին խաղաղ համաձայնագրի կնքմանը, սակայն ամեն անգամ բաց էին թողնում շանսը»: Ռուդոլֆ Պերինան նաեւ կոչ արեց չմեղադրել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը, նրա խոսքով, շատ բան է արել խնդրի լուծման համար եւ «10 տարվա ընթացքում կողմերին բազմիցս հնարավորություններ է ընձեռել կարգավորման բոլոր հնարավոր տարբերակների մանրակրկիտ քննարկման համար»:

 

Բաշխիչ ցանցերի վաճառքը

 

Օգոստոսի 26-ին վերջապես հանգուցալուծվեց մոտ երեք տարի ձգվող Հայաստանի բաշխիչ էներգանցերի մասնավորեցման գործընթացը՝ հաղթող ճանաչվեց

Midland Resources Holding ընկերությունը: Գործարքի ընդհանուր արժեքը կազմեց 37 մլն դոլար:

 

Որպես Midland Resources Holding-ի իրական սեփականատեր նշում էին ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանին, որը, սակայն, պնդում էր, որ ընդամենը միջնորդի դերում է հանդես եկել:

 

Եթե 15 տարի առաջ բաշխիչ էներգանցերի մասնավորեցումը դիտարկվում էր որպես աշխարհաքաղական պայքարի մի մասնիկ (հավանական գնորդների թվում էին ամերիկյան AES Silk Road եւ ռուսական ՌԱՕ ԵԵՍ-ը), ավելի քան 10 տարի անց դրանք նաեւ ներքաղաքական լարման պատճառ դարձան՝ 2013թ. ամռանը ծավալվեց #ElectricYerevan-ը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ՝ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-27

 

Պասիվ պատերազմ

 

Օգոստոսի 21-ին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն ասաց, որ «շփման գծում գրեթե ամեն օր գնում է դիրքային, պասիվ պատերազմ»:

 

Ինչպես տեսնում ենք, իրականում 10 տարվա ընթացքում մեր զինվորականների բառապաշարը շատ չի փոխվել:

 

Նոր զարգացումներ հեռահաղորդակցության ոլորտում

 

Օգոստոսի 21-ին ռուսական ԱՖԿ Սիստեմա ընկերության նախագահ Ալեքսանդր Գոնչարուկն առաջին անգամ պաշտոնապես հաստատեց, որ ՄՏՍ-ը բանակցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը գնելու մասին:

 

Օգոստոսի 24-ին էլ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց, որ 2007 թվականի հոկտեմբերի 1-ից ԱրմենՏելը կկորցնի իր բոլոր մենաշնորհային իրավունքները:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ՝ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-27

 

Դվժար է հավատալ, բայց հինգ տարի առաջ Սիրիայում արդեն մոլեգնում էր պատերազմը: Բերիո թեմի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ զինված բախումները մոտեցել են Հալեպի հայկական շրջաններին:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին