5/10/15. «Առավոտի» անհետացումը, Թերի Դեւիսը, գույք՝ պարտքի դիմաց - Mediamax.am

exclusive
9791 դիտում

5/10/15. «Առավոտի» անհետացումը, Թերի Դեւիսը, գույք՝ պարտքի դիմաց


«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը
«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը
Իլյա Կլեբանովը եւ Սերժ Սարգսյանը
Իլյա Կլեբանովը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Թերի Դեւիսը եւ Վարդան Օսկանյանը
Թերի Դեւիսը եւ Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•   15 ՏԱՐԻ ԱՌԱՋ.  2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  30-ՆՈՅԵՄԲԵՐԻ 5

 

«Առավոտի» անհետացումը

 

Երեւանի մամուլի ակումբը եւ Հայաստանի ժուռնալիստների միությունը «հանցագործություն» էին անվանել այն փաստը, որը հոկտեմբերի 31-ին «Առավոտ» օրաթերթի հերթական համարը չէր հասել ընթերցողներին:

«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը

 

«Ըստ մեր ունեցած տեղեկությունների, թերթի տպաքանակը տպարանից հանձնվել է «Հայմամուլ» գործակալությանը, սակայն այնուհետեւ «անհետացել է»: «Առավոտը» ոչ միայն այդ գործակալության կրպակներն ու բաժանորդները չեն ստացել, այլեւ՝ մյուս տարածող կազմակերպությունները, որոնք իրենց տարածման չափաբաժինները ստանում են «Հայմամուլից»: Թերթի տարածման խափանումը տեղեկություններ ստանալու մարդկանց իրավունքի կոպիտ ոտնահարում է, ինչը Հայաստանի Հանրապետության սահմանադրության 24-րդ հոդվածի, Հայաստանի ստորագրած միջազգային պայմանագրերի խախտում է: Մենք սա գնահատում ենք իբրեւ հանցագործություն եւ իրավապահ մարմիններից պահանջում ենք հայտնաբերել ու պատժել մեղավորներին», - ասվում էր հայտարարության մեջ:

 

«Առավոտը» իր համարի «անհետացման» պատճառ էր անվանել հոդվածը, որում խոսվում էր ձեռնարկության ապօրինի սեփականաշնորհման գործընթացում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հարազատներից մեկի մասնակցության մասին:

 

Ստեփան Դեմիրճյանը առաջադրվել է նախագահի թեկնածու

 

Հայաստանի Ժողովրդական կուսակցության նոյեմբերի 2-ին կայացած համագումարը որոշում կայացրեց 2003 թվականի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրել Ստեփան Դեմիրճյանին:

 

Ելույթ ունենալով համագումարում, Ստեփան Դեմիրճյանը հայտարարել էր, որ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի նախագահի պաշտոնում ընտրվելն «ապօրինի» էր, քանի որ ընտրությունների արդյունքները կեղծվել էին: ՀԺԿ նախագահը մեղադրել էր նախագահին «հակաժողովրդական տնտեսական քաղաքականություն» վարելու մեջ:

 

«Գույք՝ պարտքի դիմաց»

 

Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ ՌԴ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը Երեւանում ստորագրեցին Ռուսաստանի առջեւ Հայաստանի պարտքի դիմաց 5 ձեռնարկությունները Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու մասին արձանագրությունները:

Իլյա Կլեբանովը եւ Սերժ Սարգսյանը Իլյա Կլեբանովը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռուսաստանի Դաշնությանը փոխանցվեցին  «Մարս» ՓԲԸ-ի, «Երեւանի նյութագիտության  գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի, «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի, «Երեւանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը եւ Հրազդանի ՋԷԿ-ի գույքային համալիրը:

 

Կնքման առաջին իսկ օրվանից այս գործարքը քննադատության առարկա է հանդիսանում: Շատերը հիշատակում են այն հանգամանքը, որ վերջին տարիների ընթացքում Ռուսաստանը միլիարդների պարտքեր է ներել մի շարք երկրներին: Շարունակվում է բաց մնալ նաեւ Ռուսաստանին փոխանված ակտիվների կառավարման արդյունավետության հարցը:

 

•   10 ՏԱՐԻ ԱՌԱՋ.  2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  30-ՆՈՅԵՄԲԵՐԻ 5

 

Թերի Դեւիսը «անջատողականների մասին»

 

Նոյեմբերի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ու Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Երեւանում քննարկեցին ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարները:

Թերի Դեւիսը եւ Վարդան Օսկանյանը Թերի Դեւիսը եւ Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Թերի Դեւիսը հիշեցրել էր, որ եղել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի` Լեռնային Ղարաբաղի հարցով առաջին զեկուցողն ու շարունակում է ուշադիր հետեւել խաղաղ գործընթացին: Խոսելով Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասին, Թերի Դեւիսը նրանց անվանել էր «ռեժիմ» եւ «անջատողականներ», որոնք, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի խոսքերով, չեն տարբերվում Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Մերձդնեստրի «ռեժիմիների» ներկայացուցիչներից: Դեւիսը նաեւ հրաժարվել էր զուգահեռներ անցկացնել Կոսովոյի հետ, որտեղ, նրա խոսքերով, կառավարում է ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծված ժամանակավոր վարչությունը, որը կազմավորվել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերին համապատասխան:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ.  2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  30-ՆՈՅԵՄԲԵՐԻ 5

 

«Վիրահատություն» ընդդեմ կոռուպցիայի

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նոյեմբերի 1-ի նիստում ասել էր, որ «կոռուպցիայի ասպարեզում ստեղծված վիճակը մեզ չի բավարարում»: Տիգրան Սարգսյանը ընդգծել էր, որ ՀՀ նախագահը պահանջում է վճռական գործողություններ, այդ թվում՝ «վիրահատական» մեթոդների կիրառում:

 

Եթե «վիրահատական» մեթոդները չեն գործում, գուցե, անհրաժեշտ է «անդամահատումներ» կատարել:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին