5/10/15. Հայկական «բանալին», ՆԱՏՕ-ն եւ Իրանը, Մեղրիի ՀԷԿ-ը - Mediamax.am

exclusive
8731 դիտում

5/10/15. Հայկական «բանալին», ՆԱՏՕ-ն եւ Իրանը, Մեղրիի ՀԷԿ-ը


Լորդ Ջորջ Ռոբերտսոնը
Լորդ Ջորջ Ռոբերտսոնը

Լուսանկարը` ՆԱՏՕ

ՀՀ եւ Ֆինլանդիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եև Տարյա Հալոնենը
ՀՀ եւ Ֆինլանդիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եև Տարյա Հալոնենը

Լուսանկարը` 2rd.am կայք

Սերժ Սարգսյանը՝ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությանը
Սերժ Սարգսյանը՝ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-12

 

Հայկական «բանալին»

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Լորդ Ջորջ Ռոբերտսոնը նոյեմբերի 6-ին  Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի ձեռքում է գտնվում Եվրոպան եւ Ասիան կապող կարեւոր տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության բանալին:

Լորդ Ջորջ Ռոբերտսոնը Լորդ Ջորջ Ռոբերտսոնը

Լուսանկարը` ՆԱՏՕ

«Հայաստանը ակտիվ մասնակցում է Եվրատլանտյան Գործընկերության Խորհրդի/Գործընկերություն հանուն խաղաղության շրջանակներում խորհրդատվություններին եւ համագործակցությանը եւ մի երկիր է, որի ձեռքում է գտնվում Եվրոպան եւ Ասիան կապող կարեւոր տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության բանալին: Դա ավելի քան բավարար է, որպեսզի Հայաստանը համարենք կարեւոր եւ արժեքավոր գործընկեր ամբողջական եւ ազատ Եվրոպայի մեր որոնումների մեջ», - ասել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ: 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-12

 

Հայաստանը, ՆԱՏՕ-ն եւ Իրանը

 

Ելույթ ունենալով նոյեմբերի 6-ին Հելսինկիի համալսարանի Ալեկսանթերի ինստիտուտում՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասել էր, որ «Հայաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին չի կարող չազդել հայ-իրանական հարաբերությունների վրա»:

ՀՀ եւ Ֆինլանդիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եև Տարյա Հալոնենը ՀՀ եւ Ֆինլանդիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եև Տարյա Հալոնենը

Լուսանկարը` 2rd.am կայք

«Մենք չենք խոսում ՆԱՏՕ–ին անդամակցելու մասին՝ լինելով այլ կազմակերպությունների լիիրավ անդամ։ Բացի այդ, մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ ՆԱՏՕ-ին անդամակցելը առաջ կբերեր բազում նոր խնդիրներ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ։ Գնահատում ենք այդ հարաբերությունները եւ հասկանում ենք, որ ՆԱՏՕ–ին անդամակցելը չի կարող չազդել այդ հարաբերությունների վրա։ Այդ պատճառով մենք ընդունում ենք համագործակցության այն ծավալը, որը չի գրգռում մեր գործընկերներին եւ չի պակասեցնում անվտանգության մակարդակը»,- հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը:

 

«Հանրաքվե» թե՞ «պլեբիսցիտ»

 

Հելսինկիի համալսարանի նույն ելույթում Ռոբերտ Քոչարյանը ասել էր, որ «Ադրբեջանի հետ քիչ վիճելի հարցեր են մնացել, սակայն կարգավորման հեռանկարները շարունակում են մնալ անորոշ»:

 

«Մնացյալ հարցերը հիմնականում տեխնիկական բնույթի են: Օրինակ՝ օգտագործել «հանրաքվե» թե՞ «պլեբիսցիտ» տերմինը: Այստեղ կարելի է համաձայնության գալ: Բայց եթե դիտարկենք այն ամենը, ինչ տեղի է ունենում իրականում՝ սպառազինությունների մրցավազք, ռազմատենչ արտահայտություններ, մշտական սպառնալիքներ, ապա այն տպավորությունն է, թե խոսքը բոլորովին տարբեր նախագծերի մասին է: Դա շարժում է տարբեր ուղղություններով. փաստաթուղթը, կարծես թե, միտված է դեպի ինչ-որ խելամիտ լուծման, իսկ այն, ինչ տեղի է ունենում իրականում, բոլորովին այլ գործընթաց է։ Այդ պատճառով էլ լավատեսության առիթ շատ չունեմ», - ասում էր ՀՀ նախագահը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ: 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-12

 

Հայ-իրանական ՀԷԿ-ը Մեղրիում

 

Նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր գտնվել Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությանը, որը կառուցվելու էր Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու վերաբերյալ հայ-իրանական համաձայնագրերի հիման վրա:

Սերժ Սարգսյանը՝ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությանը Սերժ Սարգսյանը՝ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Արարողության ժամանակ հայտարարվել էր, որ «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցումը կտեւի 5 տարի: Այդ 5 տարիներն անցել են, սակայն ՀԷԿ-ի կառուցումը ոչ միայն չի ավարտվել, այլեւ փաստացի դեռ չի սկսվել:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին