5/10/15. Մարգարյանի սպանությունը, Դեւիսը, Կադիրովն ու Վարդանյան-լեգենդը - Mediamax.am

exclusive
7481 դիտում

5/10/15. Մարգարյանի սպանությունը, Դեւիսը, Կադիրովն ու Վարդանյան-լեգենդը


Գուրգեն Մարգարյանի շիրիմը Եռաբլուրում
Գուրգեն Մարգարյանի շիրիմը Եռաբլուրում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ահմադ Կադիրովը
Ահմադ Կադիրովը

Լուսանկարը` REUTERS

Սերժ Սարգսյանը՝ 2014թ. փետրվարի 21-ին կայացած խորհրդակցության ժամանակ
Սերժ Սարգսյանը՝ 2014թ. փետրվարի 21-ին կայացած խորհրդակցության ժամանակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Թերի Դեւիսը՝ 2004 թվականին
Թերի Դեւիսը՝ 2004 թվականին

Լուսանկարը` REUTERS

Տիգրան Սարգսյանը՝ 2014թ. փետրվարի 21-ին
Տիգրան Սարգսյանը՝ 2014թ. փետրվարի 21-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-24

 

«Ինքնուրույնությունն իր գինն ունի»

 

Փետրվարի 18-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ ԱՄՆ-ի վարչակազմի՝ Ադրբեջանին եւ Հայաստանին ռազմական օգնության ծավալներում հավասարության խախտելու մտադրությունը կարող է պայմանավորված լինել Երեւանի ինքնուրույն քաղաքականությամբ:

 

«Մենք բավականին ինքնուրույն քաղաքականություն էինք վարում եւ Իրաքում պատերազմի ընթացքում, եւ մի շարք այլ հարցերում: Ինքնուրույնությունն իր գինն ունի»,- նկատել էր ՀՀ նախագահը՝ հայաստանյան հեռուստաալիքներին տված հարցազրույցներում:

 

Ավագ Կադիրովը` հայոց Ցեղասպանության մասին

 

Փետրվարի 23-ին, չեչենների եւ ինգուշների տեղահանության 60-րդ տարելիցի կապակցությամբ, Չեչնիայի նախագահ Ահմադ Կադիրովը անսպասելի հայտարարություն էր արել Հայոց ցեղասպանության մասին:

Ահմադ Կադիրովը Ահմադ Կադիրովը

Լուսանկարը` REUTERS

«Ոչ ոք չի մտածում Հոլոքոսթը կամ Թուրքիայում հայերի ցեղասպանությունը մոռանալու մասին, իսկ ինչո՞ւ չեչենները պետք է մոռանան իրենց ազգային ողբերգությունը»,- ասել էր Ահմադ Կադիրովը: 

 

Գուրգեն Մարգարյանի սպանությունը

 

Փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա, 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում մասնակցում էր անգլերենի եռամսյա դասընթացների, դաժանաբար սպանվել էր ադրբեջանցի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: 

 

Առավոտյան ժամը 5-ին Սաֆարովը կացնահարել էր քնած հայ սպային: Սաֆարովը փորձել էր սպանել եւս մեկ հայ սպայի, սակայն այդ փորձը կանխվել էր:

 

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «այս վայրագ սպանությունը Ադրբեջանի իշխանությունների` հայ ժողովրդի նկատմամբ ատելության եւ թշնամանքի սերմացման քաղաքականության անմիջական հետեւանք է»:

 

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում էր.

 

«Այս հանցագործությունը տրամաբանական հետևանքն է Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ ի վեր սանձազերծված հակահայկական հիստերիայի և վերջին ամիսների ռազմատենչ քարոզչության, որով հետևողականորեն վարակվում է ադրբեջանական ողջ հասարակությունը:

Ակնհայտ է նաեւ, որ նման պետական քաղաքականությունն անցել է այն եզրագիծը, որից այն կողմ արտասահմանում Ադրբեջանը ներկայացնող պաշտոնական անձինք սառնասրտորեն մարդասպանություն են գործում»:

Գուրգեն Մարգարյանի շիրիմը Եռաբլուրում Գուրգեն Մարգարյանի շիրիմը Եռաբլուրում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Փետրվարի 23-ին ՆԱՏՕ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, դեսպան Վիգեն Չիտեչյանը Բրյուսելում հանդիպել էր ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Սխեֆֆերին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել էր հայ սպայի դաժան սպանությունը եւ խնդրել դեսպան Չիտեչյաին իր անկեղծ ցավակցությունները փոխանցել լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի ընտանիքին:

 

Դեսպան Չիտեչյանը Յաափ դե Հուփ Սխեֆֆերին էր փոխանցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի նամակը: Օսկանյանը նամակում ընդգծել էր, որ ադրբեջանցի զինծառայողի արարքը «ինչ-որ իմաստով սպասելի էր՝ որպես Ադրբեջանի նոր եւ հին իշխանությունների ռազմատենչ հայտարարությունների հետեւանք»:

 

«Մարդիկ տարածքներից կարեւոր են»

 

Փետրվարի 23-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Թերի Դեւիսն այցելել էր Ստեփանակերտ եւ հանդիպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:

Թերի Դեւիսը՝ 2004 թվականին Թերի Դեւիսը՝ 2004 թվականին

Լուսանկարը` REUTERS

ԵԽԽՎ զեկուցողը հայտարարել էր, որ իրեն շատ է մտահոգում փախստականների չլուծված խնդիրը, որը բացասաբար է ազդում տարածաշրջանի բոլոր ժողովրդների վրա: «Ողբերգության կրկնությունից խուսափելու համար պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնել փախստականների խնդրին, որը ղարաբաղյան հակամարտության բաղկացուցիչ մասն է կազմում», - ասել էր Թերի Դեւիսը:

 

Մինչ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպելը Թերի Դեւիսը Շուշիում հանդիպել էր Ադրբեջանից հայ փախստականների հետ: ԵԽԽՎ զեկուցողը նշել էր, որ իր համար չափազանց կարեւոր է հանդիպել մարդկանց եւ ծանոթանալ նրանց խնդիրներին:

«Մարդիկ ինձ համար տարածքներից կարեւոր են», - նշել էր Թերի Դեւիսը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-24

 

ՊՆ-ը հերքում է ՀԱԿ-ի հայտարարությունները

 

Փետրվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հայտարարությունները այն մասին, որ Զինված ուժերը մասնակցել են 2008 թ. մարտի 1-2-ին ընդդիմության հանրահավաքի ցրելուն եւ մայրաքաղաք էին բերվել մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը:

 

ՊՆ-ում հայտարարել էին, որ 2008 թ. մարտի 1-ին, ժամը 22:45-ին ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները պաշտպանության տակ էին վերցրել պետական հատուկ նշանակության օբյեկտներ՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը ստորագրելուց հետո:

 

ՊՆ մամուլի ծառայությունում շեշտել էին, որ Զինված ուժերի ստորաբաժանումներին ուժ չկիրառելու հրաման էր տրվել: Այնտեղ նաեւ նշել էին, որ բանակային ստորաբաժանումները ոչ միայն չեն օգտագործել զենք, այլեւ չեն մասնակցել հասարակական կարգի վերականգնմանն ուղղված որեւէ գործողությունների:

 

«Նման գործողությունները իրականացվել են ոստիկանական ստորաբաժանումների կողմից, այդ թվում՝ ոստիկանության զորքերի կողմից: Ոստիկանության զորքերի ներկայացուցիչները կրում են նույն դաշտային համազգեստը, ինչ Զինված ուժերում: Այդ պատճառով որոշ մարդկանց մոտ սխալ կարծիք է առաջանում հասարակական կարգի վերականգնման հարցում զինված ուժերի մասնակցությանը վերաբերյալ»,- նշել էին ՊՆ մամուլի ծառայությունում:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-24

 

Օգտագործել «Վարդանյանի լեգենդը»

 

Փետրվարի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր անցկացրել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ղեկավար անձնակազմի հետ, որի ընթացքում հայտարարել էր, որ «Հայաստանն իրեն շռայլություն է թույլ տվել ունենալու սպորտի նախարար, ով սպորտի կենդանի լեգենդ է»

 

«Ես կարծում եմ, որ գիտեք՝ ձեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի Յուրի Վարդանյան լեգենդի օգտագործումը: Բոլորիդ եմ ասում, թող որեւէ մեկին չթվա, թե ես հաշվի եմ առել Յուրի Վարդանյանի կազմակերպչական մեծ ունակությունները, որ առաջարկել եմ դառնալ նախարար: Ես առաջարկել եմ, որ այս մարդը, ով կենդանի լեգենդ է, դառնա նախարար, որպեսզի նրան որպես այդպիսին նաեւ ի ցույց դնենք: Ձեզնից քանի՞սն են այս մարդու հետ գնացել մի դպրոց:

Սերժ Սարգսյանը՝ 2014թ. փետրվարի 21-ին կայացած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը՝ 2014թ. փետրվարի 21-ին կայացած խորհրդակցության ժամանակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Քանի՞ անգամ է անցած մեկ տարվա ընթացքում այս մարդը հանդիպել երիտասարդների հետ: Քանի՞ անգամ է դուրս եկել, գնացել մի բակ եւ ասել՝ երեխե՛ք, պարապեք, պարապե՛ք, որ ինձ նման դառնաք: Ո՞վ պետք է անի դա: Դուք պետք է անեք՝ փոխնախարարներ, աշխատակազմի ղեկավար, ովքեր նախարարի աշխատակարգն են կազմում: Եթե դուք հինգ տեղեկանք պակաս գրեք, ես դա թերություն չեմ համարի, բայց եթե դուք ձեռքից բաց թողնեք այն երիտասարդներին, այն երեխաներին, ովքեր կարող են Յուրի Վարդանյանի ճանապարհով գնալ, ա՛յ, դա մեծ թերություն կլինի»,-ասել էր Սերժ Սարգսյանը:

 

«Հայաստանի ապագան երաշխավորող ռեֆորմ»

 

Փետրվարի 21-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ

կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրումը «Հայաստանի ապագան երաշխավորող ռեֆորմ է»:

Տիգրան Սարգսյանը՝ 2014թ. փետրվարի 21-ին Տիգրան Սարգսյանը՝ 2014թ. փետրվարի 21-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Մենք պետք է դրսեւորենք քաղաքական կամք. ի՞նչ է դա նշանակում: Ցանկացած բնագավառում հենց խնդիր է լինում, մեր ընդդիմախոսներն ասում են պարոն վարչապետ, քաղաքական կամք դրսեւորեք, լուծեք այս խնդիրը: Ի՞նչ է դա նշանակում: Քաղաքական կամք առանց համոզմունքի չի լինում: Մեր քաղաքական թիմը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ ունի այն համոզմունքը, որ սա ճիշտ բարեփոխում է, որ սա Հայաստանի ապագան երաշխավորող ռեֆորմ է, սա փոփոխություններ բերող ռեֆորմ է, ինստիտուցիոնալ կառույցներ ստեղծող ռեֆորմ է, մտածողության փոփոխության ռեֆորմ է, քաղաքացիական հասարակություն ձեւավորող ռեֆորմ է, պատասխանատու քաղաքացի ձեւավորող ռեֆորմ է», - ասել էր Տիգրան Սարգսյանը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին