Հրանուշ Վանեսյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

2862 դիտում

Հրանուշ Վանեսյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Բարև՛, մա՛րդ: Այդ ինչպե՞ս իմացար, որ քո կարիքն ունենք: Ինչպե՞ս հասկացար, որ հենց դու: Ինչու՞ հենց էստեղ: Ցավն ու մարդկությունն ինչպե՞ս են ծնվում:

 

Մեկը կքում է ծանր բեռի տակ, մյուսը՝ սողում, մեկը երգում է անիմաստ ցավից, մյուսը՝ անզոր ելք է որոնում… Իսկ դու, մա՛րդ, սեփական տառապանքի թելերից պարան, հետո փրկօղակ ու նավ ես հյուսում ու խեղդվողներին հասցնում ես ափ:

 

Մենք ափին կանգնած ծափահարում ենք, սուլում, թռչկոտում, որ … չէինք կարող մեզ քեզ պես պահել: Որ … մենք էլ ենք մարդ:

 

Մենք էլ ենք ցավում, ափսոսում, լալիս, բայց ուժեղ չենք այդքան, որ փլված պատը ձեռքերով պահենք ու պատնեշ դառնանք փոթորկի առաջ: Որ մարդկությունը մեր անձով մաքրենք ու անմեղներին շնորհենք նոր կյանք: Ու զարմանում ենք..

 

Մենք միայն մարդ ենք, երբ պետք է խոսել, գովեստի խոսքեր անվերջ շռայլել:

 

Բարև՛, մա՛րդ: Շնորհակալություն հայտնելու համար չեմ եկել: Պարզապես ասա՛՝ ինչպե՞ս իմացար, թե որն է քո տեղն ու դերն այս կյանքում:

 

Ասում են՝ ցավը անհնար է կիսել: Բայց կարելի է բաժանել անվերջ փոքր մասերի: Ուրիշի ցավը:

 

Անծանոթի՝ ցրտից կարմրած ձեռքերը սեփական շնչովդ տաքացնելու պես: Երազանքդ իրականացնել՝ գլխավոր դերը տալով ուրիշին:

 

Բարև՛, մա՛րդ: Լռում ես: Ծանր է: Լինել հերոս ու օրինակ այլոց համար: Դժվար է բացատրել ուրիշներին, որ երբ երկընտրանքի առաջ ես կանգնած ու չգիտես՝ աջ գնալ, թե ձախ, հարկավոր է ընդամենն առաջ քայլել: Դժվար է հասկացնել, որ ամենևին էլ պարտադիր չէ տեսնել միայն աչքերով, լսել միայն ականջներով ու քայլել ոտքերով, ինչպես մնացածը:

 

Մա՛րդ, սովորեցրու մեզ լինել մարդ՝ մարդուց դուրս: Սովորեցրու տալ՝ առանց փոխհատուցման հույսի: Սովորեցրու լինել՝ առանց գնահատանքի սպասման: Սովորեցրու լսել ավելին ու ասել ամենակարևորը: Ազատի՛ր մեզ սին «շնորհակալություն» հայտնելու պարտականությունից:

 

Ապրիր մեզ հետ կողք կողքի, որ յուրաքանչյուր նոր օր սկսվի:

 

Բարև՛, մա՛րդ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին