Էմմա Քոսակյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

1559 դիտում

Էմմա Քոսակյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Բարև, Հայր Բերնարդ Կինվի: Ես Էմման եմ` Ձեր աշակերտը: Այո՜, այո՜  աշակերտը: Դուք անկախ ձեր կամքից դարձել եք իմ խորհրդատուն, ուղենիշը` անգամ չիմանալով այդ մասին:

 

Մանկուց ինձ սովորեցրել են, որ ուսուցիչները միայն դպրոցում չեն և, որ ամենակարևորները կյանքի ուսուցիչներն են: Ու քանի դեռ իմ որևէ քայլով, անգամ չիմանալով այդ մասին, ես այլոց չեմ դրդել բարի քայլերի, բարի օրինակ չեմ ծառայել, ես աշակերտ եմ, դեռ սովորելու շատ բան ունեմ: Իմ կյանքում ես միշտ փնտրում եմ մարդկանց, Հայր Կինվի, որոնցից կարող  եմ սովորել այն, ինչ ես չգտա և ոչ մի գրքում, ինչի մասին ինձ չպատմեցին դպրոցում կամ համալսարանում: Օրինակ մեզ չսովորեցրեցին, որ օգնելով այլոց դու օգնում ես քեզ, օգնում ես, որ քեզ մարդ զգաս, զգաս Աստծո ստեղծած այն կատարյալը, որ կաս: Չեն սովորեցրել, որ անկախ նրանից ես քրիստոնյա եմ թե մուսուլման, եկեղեցում եմ, թե մզկիթում աղոթում եմ մեկ բանի համար` խաղաղության: Ու անկախ կրոնական պատկանելիությունից ես կարող եմ անել բարի քայլ, կարող եմ օգնել գոնե մեկ մարդու, իսկ նրա միջոցով ողջ մարդկությանը, որ կարող են իմ երազանքները տիեզերք հասնել… Ու երբ մի օր ես ինքս անապատում ծարավ լինեմ որևէ մարդուց ջուր խնդրելուց առաջ չեմ հարցնելու.

 

- Ներեցեք, իսկ դուք մուսուլմա՞ն եք թ՞ե քրիստոնյա :

 

Չէ՞ որ բոլորս էլ մարդ ենք, բոլորս մեր հոգում ունենք աստղեր փայլուն, որոնք առաջանում ու փայլում են այն ժամանակ, երբ բարի քայլ ենք կատարում, օգնում մեկին: Ու թե ուզում ենք մեր հոգին զարդարել ու մեզ մարդ զգալ պետք է գործենք: Երբեք չպետք է մտածենք, որ բարի քայլ չենք կարող անել: Երբեմն մարդուն պետք չեն հաց ու ջուր, այլ պետք են հույս  տվող մի խոսքը, կամեցող մի հայացք, մի անկեղծ ժպիտը, որոնց կարիքը ինչպես յուրաքանչյուրս ունենք ,այնպես էլ ունի մեր դիմացինը և մենք կարող ենք  տալ նրան այդ ամենը անշահախնդիր  ու երջանկացնելով երջանկանալ :

 

Այս ամենը Դուք եք ինձ սովորեցրել ,Հայր Կինվի : Դուք ձեր կյանքով ինձ համար օրինակ եք: Շնորհակալ եմ  Ձեզ:Դուք ոչ միայն  փրկել եք կյանքեր ,այլև շատերին,ինչպես ինձ,  ճանապարհ եք ցույց տվել, ճանապարհ դեպի բարին :

 

Ես ինքս լինելով քրիստոնյա մշտապես զգացել եմ քրիստոնյաների և մուսուլմանների միջև թշնամանքը, ինչը, վստահ եմ, խանգարում է մարդուն լինել կատարյալ երջանիկ :Երբ ատում են քեզ կամ դու ես ատում, դառնում ես թերի: Բայց, երբ սիրում ես մարդ էակին, ինչպես Դուք` անկախ ամեն ինչից, միայն նրա համար, որ նա մարդ է, ինչպես ինքդ, երբ ուզում ես օգնել և օգնություն խնդրել, ուզում ես դիմացիդ մարդը ապրի անվտանգ և առողջ, ժպիտ լինի նրա դեմքին…

 

Ու ես սովորել եմ ձեզնից և այդպես էլ ապրում եմ, անսահման սիրով սիրում եմ մարդ էակին անկախ հնարավորություններից ` ֆիզիկական ,մտավոր, անկախ մարդկանց ստեղծած հազար ու մի պատկանելիություններից` ռասայական, կրոնական,ազգային... Ես հավատում եմ ` սերն է այն բարին , որը կփրկի աշխարհը…

 

Հ.Գ. Հայր Կինվի, անխոս, այս նամակը ներկայացնում է Ձեզ իմ շնորհակալության մի փոքր մասը, իսկ մյուս մասը  ես կհայտնեմ բարի քայլեր կատարելով …

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին