Վարգաս Լյոսան ու նրա «այցելող կանանց» ջոկատը - Mediamax.am

exclusive
3616 դիտում

Վարգաս Լյոսան ու նրա «այցելող կանանց» ջոկատը


Դրվագ «Պանտալեոնը եւ այցելուների ջոկատը» ներկայացումից
Դրվագ «Պանտալեոնը եւ այցելուների ջոկատը» ներկայացումից

Լուսանկարը` Michael Palma

Լուսանկարը` Անտարես

Կառա Չոբանյանը
Կառա Չոբանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Մարիո Վարգաս Լյոսան
Մարիո Վարգաս Լյոսան

Լուսանկարը` https://i.guim.co.uk


«Անտարես» հրատարակչությունը «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարով ներկայացնում է Մարիո Վարգաս Լյոսայի «Պանտալեոնը եւ այցելուների ջոկատը» վեպը:

 

Հեղինակի վկայությամբ՝ վեպի հիմքում ընկած են իրական դեպքեր, որոնց ինքը ականատես է եղել՝ 1958 եւ 1964 թվականներին Պերուական Ամազոնիայում ճամփորդելիս:

 

Ընտանիքում եւ զինվորական ծառայության մեջ օրինակելի վարքով աչքի ընկնող  կապիտան Պանտալեոն Պանտոխային հանձնարարվում է ստեղծել մարմնավաճառ կանանց ջոկատ՝ հեռավոր զորամասի զինվորների համար: Վարգաս Լյոսան գրում է. «Սկզբում փորձեցի լուրջ տոնով պատմել այս պատմությունը: Հասկացա, որ հնարավոր չէ: Փրկարար մի փորձարկում ինձ համար բացահայտեց խաղի եւ հումորի հնարավորությունները գրականության մեջ»:

 

Գիրքը լույս է տեսել 1973-ին: Հայերեն ներկայացվում է առաջին անգամ: Վեպն  իսպաներենից թարգմանել է Կառա Չոբանյանը:

Լուսանկարը` Անտարես

- Լյոսան ասել է, որ վեպն այնքան մեծ հաջողություն է բերել իրեն, որպիսին չի ունեցել ո՛չ այս վեպից առաջ, ո՛չ նրանից հետո: Չեմ կարող ասել՝ Լատինական Ամերիկայում, Իսպանիայում արձագանքը պայմանավորված էր քաղաքակա՞ն ենթատեքստով, գրակա՞ն արժանիքով, թե՞ ավելի շատ որպես նորարարական վեպ է գնահատվել: Մեր ընթերցողը, կարծում եմ, առաջին հերթին գրական արժանիքն է գնահատում, որովհետեւ վեպում  քաղաքական ենթատեքստն այնքան էլ ակնհայտ չէ: Հեղինակը, ծաղրի ենթարկելով զինվորականությանը, ծաղրի է ենթարկում գործող իշխանությանը, իսկ Պերուի պատմությանն անծանոթ ընթերցողը չի կարող իմանալ, որ այդ շրջանում զինվորական ղեկավարությունը հենց իշխանությունն էր:

 

- Հասարակաց տան վերածված Իկիտոս քաղաքի մասին պատմությունը նո՞ւյնպես իրական է:

 

- Այո, բայց Վարգաս Լյոսան երկու անգամ է ճամփորդել, հնարավոր է`տարբեր պատմությունների է ականատես եղել եւ վեպում միահյուսել է դրանք: Նա պատմում է, որ գրքի լույս ընծայումից տարիներ անց անծանոթ մեկը զանգահարել է իրեն եւ ասել` ես կապիտան Պանտոխան եմ եւ ուզում եմ իմանալ, թե դուք ինչպե՞ս եք իմացել իմ պատմության մասին: Անծանոթը  հանդիպում է պահանջել:  Վարգաս Լյոսան ասում է` ես հրաժարվեցի, որովհետեւ իմ հերոսները ապրում են միայն իմ գրքերում, գրքերից դուրս ես ոչ մեկին չեմ ուզում ճանաչել:

Մարիո Վարգաս Լյոսան Մարիո Վարգաս Լյոսան

Լուսանկարը` https://i.guim.co.uk

-Պանտոխայի պատմությունը նաեւ ֆիլմի է վերածվել: Ընդ որում` ֆիլմերից մեկի համառեժիսորը Վարգաս Լյոսան է: Դուք նշել եք, որ չեք կարողացել նայել գրքի էկրանավորումը, քանի որ արդեն «տեսել եք» այն:  Ի՞նչ կասեք` վեպի ոճական առանձնահատկության մասին:

 

- Այո, մի առիթով արդեն ասել եմ, որ սա սովորական վեպ չէ, այլ վեպ-ֆիլմ: Ընթերցելիս կարծես կինո նայեք: Նույն բանը նկատել է նաեւ Վահրամ Դանիելյանը վեպի առաջաբանում: Վեպը գրված է արտասովոր ոճով, հեղինակի խոսքը ընդհանրապես բացակայում է: Դեպքերին ծանոթանում ենք նամակների, զեկուցագրերի, խնդրագրերի, լրագրողական հետաքննությունների, ռադիոհաղորդումների, հաշվետվությունների միջոցով, պատկերն ամբողջացնում են երկխոսությունները: Անցումները կտրուկ են, ինչպես կինոյում, սակայն հեղինակի վարպետության շնորհիվ ընթերցողը բոլորովին չի խճճվում այդ խառնաշփոթում:

 

-Թարգմանելիս ի՞նչ դժվարությունների էիք հանդիպում:

 

- Շատ էր խոսակցական լեզուն: Միջավայրը դա էր թելադրում. մարմնավաճառ կանայք, մերժված հետնախորշերի հասարակությունը պետք է իրեն բնորոշ լեզվով խոսեր: Բարդ էր այդ լեզուն գրականություն բերելը այնպես, որ շատ գռեհիկ չստացվեր: Թեեւ, երբ դա ոչ թե հեղինակի, այլ հերոսների ուղղակի խոսքն է,  թերեւս տանելի գռեհկություն է:

Կառա Չոբանյանը Կառա Չոբանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Դժվարություններից մեկը վերնագրի ընտրությունն էր: Հեղինակը վեպը վերնագրել է Pantaleón y las visitadoras: Visitadoras նշանակում է իգական սեռի այցելուներ, ընդ որում` բառը իսպաներենում ոչ միայն այցելուների սեռն է ցույց տալիս, այլ բնորոշում է  ոչ թե սովորական, այլ անսպասելի, անընդհատ, տեղի-անտեղի այցելող կանանց: Հայերենում մենք այդ իմաստն արտահայտող բառ չունենք, մի բառով հնարավոր չէր թարգմանել: Ի դեպ, այդ դժվարությունը, բացի ռոմանական լեզուներից, ունեցել են բոլոր լեզուները, որոնցով թարգմանվել է վեպը: «Այցելուների ջոկատը»  գուցե համարժեքորեն չի արտահայտում այն իմաստը, որը հեղինակն է դրել վերնագրում, բայց գոնե պատկերացում է տալիս ընթերցողին, որ խոսքը արտասովոր, անհեթեթ մի ջոկատի մասին է լինելու: 

 

- Մի առիթով ասել եք, որ իսպանալեզու գրականության հսկա ծովի մասին մեր ընթերցողը պատկերացում չունի: Քիչ թվով հեղինակներ են ներկայացվում, քիչ թվով գրքեր են թարգմանվում: Ի՞նչ կասեք ընթերցողի հետաքրքրության մասին: Պահանջվա՞ծ են իսպանալեզու հեղինակները, եւ հենց Վարգաս  Լյոսան:

 

-Ինձ հաճախ են հարցրել` իսկ Վարգաս Լյոսա չե՞ս թարգմանում: Իսկ երբ «Անտարեսի» նախատեսվող գրքերի ցանկում նշվեց նաեւ Վարգաս Լյոսայի «Պանտալեոնը եւ այցելուների ջոկատը», անգամ անծանոթ մարդիկ էին հետաքրքրվում, թե երբ է լույս տեսնելու գիրքը: Ակնհայտ էր, որ հետաքրքրություն կար: Ոմանք ռուսերեն էին կարդացել Վարգաս Լյոսային, ոմանք գիտեին, որ 2010-ի Նոբելյան մրցանակակիրն է, եւ սպասում էին հայերեն թարգմանությանը:

 

Իսպանալեզու գրականության բացը սկսել է լրացվել: Վերջին երկու-երեք տարվա ընթացքում բավական մեծ թվով հեղինակներ են թարգմանվել` Միգել դե Ունամունո, Խուլիո Կորտասար, Էռնեստո Սաբատո, Բորխես (լրացված տարբերակով),  Կառլոս Ֆուենտես, Ադոլֆո Բիոյ Կասարես, Խավիեր Մարիաս... Այնպես որ, առաջընթացն ակնհայտ է:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին