Ջերոնիմո Ստիլտոն մկնիկ-հրատարակչի արկածները - Mediamax.am

exclusive
3978 դիտում

Ջերոնիմո Ստիլտոն մկնիկ-հրատարակչի արկածները


Ջերոնիմո Ստիլտոնի կերպարը
Ջերոնիմո Ստիլտոնի կերպարը

Լուսանկարը` Bert Snyers

Լուսանկարը` Զանգակ

Սոնա Բալոյանը
Սոնա Բալոյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


«Զանգակ» հրատարակչությունը ներկայացնում է «Ջերոնիմո Ստիլտոն» մանկական գրքերի շարքը`Սոնա Բալոյանի թարգմանությամբ: Օրերս լույս է ընծայվել շարքի առաջին՝  «Իմ անունն է Ստիլտոն, Ջերոնիմո Ստիլտոն» գիրքը: 

 

Ստիլտոնն իր իսկ խոսքով`միանգամայն նորմալ մարդ է, ավելի ճիշտ` մուկ: Նրան է պատկանում Մկների կղզու ամենահայտնի օրաթերթը` կրծողի արձագանքը: Ստիլտոնի արկածների մասին պատմում  է հենց ինքը` Ստիլտոնը:

 

«Ո՞վ է գրքի հեղինակը»,- այսպիսին էր Սոնա Բալոյանին ուղղված մեր առաջին հարցը: 

 

-Հեղինակը Էլիզաբետա Դամին է, ով Միլանի հայտնի «Պիեմե» հրատարակչության համասեփականատերերից է։ Սակայն որպես հեղինակ գրքերի վրա նշվում է հենց մկնիկի՝ Ջերոնիմո Ստիլտոնի անունը: Գրքերի այս շարքը իտալերեն սկսել է հրատարակվել 2000-ից եւ անմիջապես դարձել բեսթսելլեր։ Թարգմանվել է 45 լեզվով։ Գրքերի շարքին հետեւել է նաեւ մուլտֆիլմերի շարքը։ Ջերոնիմո Ստիլտոնն ունի նաեւ իր սեփական կայքէջը, որտեղ կարելի է գտնել եւ՛  գրքերը, եւ՛ մուլտֆիլմերը»:

 

-Ո՞րն է «Ջերոնիմո Ստիլտոնի» հիմնական ասելիքը: Հետաքրքրաշարժ լինելուց զատ այն նաեւ դաստիարակչակա՞ն նշանակություն ունի: Կարծում եմ`անուղղակի հղում կա նաեւ մեծահասակներին, որ չկորցնեն կենսուրախությունը, չհեռանան մանկությունից: Տվյալ դեպքում`  չարաճճի, հնարամիտ մկնիկը վերափոխում է խստաբարո, նստակյաց, փոքր-ինչ վախկոտ հրատարակչին:

 

-Կարծում եմ, որ Ջերոնիմո Ստիլտոնի շարքն այսքան մեծ հաջողություն չէր ունենա, եթե լիներ միայն ժամանցային գիրք։ Քանի որ մեր գլխավոր հերոսը հրատարակիչ է, հենց ինքն իր օրինակով մեծ սեր է առաջացնում փոքրիկ ընթերցողների մոտ գրքի հանդեպ։

Սոնա Բալոյանը Սոնա Բալոյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Հաճախ, նա շատ գեղեցիկ կերպով է նկարագրում գրքերի հանդեպ ունեցած իր սերը, որը, անշուշտ, չի կարող չփոխանցվել երեխաներին։ Բացի այդ, գրքի մյուս գլխավոր հերոսներից մեկը՝ Պինկի Պիկը, 14-ամյա մի մկնիկ է, որն իր աշխատասիրության, հետաքրքիր գաղափարների շնորհիվ կարողանում է է՛լ ավելի հետաքրքրացնել հրատարակչության գործունեությունը, բարձրացնում է իրենց օրաթերթի որակը եւ այլն, այդպիսով երեխաները, ովքեր կսիրեն Պինկի Պիկի նման աշխույժ ու աշխատասեր կերպարի, իրենք էլ, բնականաբար, կձգտեն լինել այդպիսին։

 

Հետագայում, երբ լույս տեսնեն շարքի մյուս գրքերը, փոքրիկ ընթերցողները շատ հետաքրքիր տեղեկություններ կգտնեն նաեւ տարբեր պատմական կերպարների, հետաքրքիր վայրերի եւ իրադարձությունների մասին, որոնցով լի են Ջերոնիմո Ստիլտոնի գրքերը։ Օրինակ, մի շարք կա, որտեղ Ջերոնիմոն վերապատմում է դասական հեղինակների հայտնի ստեղծագործությունները՝ համապատասխան փոքր տարիքի երեխաների իմացությունների, ովքեր մինչ ավելի մեծ տարիքում կսկսեն կարդալ օրիգինալ ստեղծագործությունները:

 

- Ի՞նչ կասեք թարգմանության ընթացքի մասին: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել Ստիլտոն-մկնիկի պատմությունը մանուկ ընթերցողին  փոխանցելիս:

 

- Թարգմանության ամբողջ ընթացքից մեծ հաճույք եմ ստացել, քանի որ պատմություններն իսկապես շատ զվարճալի են եւ հետաքրքիր: Ինչ վերաբերում է թարգմանական դժվարություններին, ապա հումորային տեքստեր թարգմանելը եւ հումորը մի լեզվից մյուսը փոխադրելը արդեն իսկ դժվար է։ Պետք է կարողանալ թարգմանության ճանապարհին հանկարծ չկորցնել հումորի չափաբաժինը, համը եւ սրությունը։ Այդ պատճառով թարգմանելիս հաճախ իմ ընտանիքի անդամների, ընկերների համար կարդում էի հատվածներ, որպեսզի հասկանամ, թե այն ինչ ինձ այդպես զվարճացրել է իտալերեն տարբերակում, արդյո՞ք նույն ազդեցությունն է թողնում նաեւ հայերեն տարբերակում։

Լուսանկարը` Զանգակ

Բացի այդ, այս գրքում շատ են հորինված բառերը եւ անունները, որոնց արմատները կամ ուղղակի բառերի առաջին տառերը իտալերենում մկների հետ կապված ինչ-որ բառերի կրճատված տարբերակներն էին եւ, իհարկե, պետք էր հասկանալ, թե հեղինակը ինչ է նկատի ունեցել եւ նաեւ պետք էր այդ հորինված անունների համարժեք հայերեն տարբերակները գտնել, որպեսզի երեխաները այդ անունների իմաստն էլ հասկանան։ Բայց Ջերոնիմո Ստիլտոնին եւ մյուս հերոսներին այնքան շատ եմ սիրել, որ բոլոր դժվարությունները մեծ հաճույքով հաղթահարեցի:

 

- Գիրքն աչքի է ընկնում նկարազարդումներով, ոճավորված տառատեսակներով: Տպավորություն կա, որ մուլտֆիլմի սցենար ես կարդում: Հայերեն հրատարակության մեջ օգտագործվել են բնօրինակի՞ նկարազարդումները:

 

-Գրքի լավագույն կողմերից մեկը, իհարկե, գունագեղ նկարազարդումներն են, որոնք կենդանացնում են պատմությունները եւ ասես վերածում գիրքը մուլտֆիլմի։ Նկարազարդումների վրա աշխատել են մի շարք հեղինակներ, որոնց անունները  կարելի է գտնել շարքի բոլոր գրքերում (Ռոբերտո Ռոնկի, Էննիո Բուֆի, Անդրեա դա Ռոլդ, Անդրեա Կավալլինի, Լարրի Քեյս, Անդրեա դը Նեգրի, Վալենտինա Գրասսինի, Studio Parlapa & Andrea Cavallini)։ Ցանկացած երկրի հրատարակչություն, երբ ձեռք է բերում թարգմանության հեղինակային իրավունքները, ստանում է նաեւ նկարազարդումները, որպեսզի թարգմանված տարբերակն էլ անպայման հրատարակվի նույն նկարազարդումներով։ 

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին