Ռիլկեն ու Բեյլերյանը կամ «երբ միֆը գտնում է իր պոետին» - Mediamax.am

exclusive
4903 դիտում

Ռիլկեն ու Բեյլերյանը կամ «երբ միֆը գտնում է իր պոետին»


Լուսանկարը` candidata4

Հրաչյա Բեյլերյանը
Հրաչյա Բեյլերյանը

Լուսանկարը` ընտանիքի արխիվից

Մարիամ Եփրեմյանը
Մարիամ Եփրեմյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


«Ակտուալ արվեստ մշակութային միությունը» Հրաչյա Բեյլերյանի (1952-2013թթ.) թարգմանությամբ հրատարակել է Ռայներ Մարիա Ռիլկեի «Սոնետներ Օրփեոսին»  գիրքը:

 

«Առավել  քան տասը տարի տեւած ստեղծագործական ճգնաժամից հետո Ռիլկեն ընդամենը 14 օրվա ընթացքում կերտում է 55 սոնետից բաղկացած իր հռչակավոր «Սոնետներ Օրփեոսին» քնարական շարքը, այնուհետեւ ավարտին է հասցնում «Դուինյան էլեգիաները»: Սոնետների այս «հեղեղը» «սադրել էր» մի նամակ, որը Ռիլկեն ստացել էր 22 թվի տարեմուտին. նամակում մյունխենյան մեկենասի այրի Հերտրուդ Օուկամա-Կնոոպը գուժում էր արյան քաղցկեղով հիվանդ իր դստեր` տասնիննամյա Վերայի մահը: Այս դեռատի գեղեցկուհուն, խոստումնալից պարուհուն Ռիլկեն հպանցիկ տեսել էր մեկ-երկու անգամ…»,-  գրում է գրքի առաջաբանում Հրաչյա Բեյլերյանը:

 

Ռիլկեի պոեզիան առաջին անգամ հայերեն ներկայացրել է Հակոբ Մովսեսը (1982թ.), ով նաեւ սույն գրքի խմբագիրն է: Գրքի ձեւավորումը Մկրտիչ Մաթեւոսյանինն է: Թարգմանությունները ներկայացվում են գերմաներեն բնագրերին զուգահեռ: Տողացի թարգմանությունը գերմաներենից Մարիամ Եփրեմյանինն է:

Մարիամ Եփրեմյանը  Մարիամ Եփրեմյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ Հրաչյա Բեյլերյանի՝ Ռիլկեին տողացի թարգմանելու առաջարկին համաձայնել է անմիջապես. «Ռիլկեին բարդ էր նույնիսկ տողացի թարգմանելը, ուր մնաց պոետիկ թարգմանությունը: Կային բառեր, որոնց նշանակությունը բառարանի ոչ մի բառ չէր տալիս: Ես գրում էի բոլոր հնարավոր տարբերակները, հոմանիշները, իմաստները, չգիտեմ, ոնց էր պարոն Բեյլերյանին հաջողվում գտնել այն բառը, որ պակասում էր բառարանում, ու որը պետք է լիներ հենց տեքստում: Սովորաբար բանաստեղծները թարգմանելիս մի քիչ իրենցից են դնում: Հրաչյա Բեյլերյանը իսկապես թարգմանել է Ռիլկեին»:

 

«Սոնետներ Օրփեոսին» գրքի հայերեն թարգմանության մասին զրուցել ենք Հրաչյա Բեյլերյանի մտերիմ ընկերոջ՝ գրող, թարգմանիչ Վարդան Ֆերեշեթյանի հետ: 

 

-  Ձեր հարցազրույցներից մեկում նշում եք, որ կարեւոր է ոչ միայն լավ թարգմանությունը, այլեւ այն, թե ում ես թարգմանում: Ինչու՞ Հրաչյա Բեյլերյանը անդրադարձավ Ռիլկեին, եւ ինչու՞ հենց «Սոնետներ Օրփեոսին» շարքին:

 

- Իր վերջին բանաստեղծություններից մեկում Ռիլկեն ասում է, որ ներքին տարածությունը «թարգմանում է իրերը»՝ ստիպում է դրանց փոխանցվել մի լեզվից մյուսին, օտարված արտաքին լեզվից դեպի ամենաներքին լեզուն եւ նույնիսկ դեպի հենց լեզվի ներսը, երբ վերջինս անվանում է մունջ, մնջանքի ներսում, եւ բառը դարձնում է մնջանքի մասնիկը (միտս եկավ Ավագ Եփրեմյանի «Բանաստեղծություն իմ, մի աղմկիր» տողը): Տարածությունը, որ մեզանից շատ է եւ որը թարգմանում է իրերը, հենց կերպափոխիչն է, թարգմանը, (ինչպես ասում է Բլանշոն Ռիլկեին նվիրված իր էսսեում), բայց այդ ակնարկը ստիպում է մեզ ավելի շատ խոհածել՝ իսկ արդյոք չկա՞ մեկ այլ թարգմանիչ, այլ մի  տարածություն, որտեղ ամեն ինչ դադարում է տեսանելի լինել, որպեսզի կենա իր անտեսանելի թաքնաթաքուրության մեջ։

 

Ինչ վերաբերում է այն բանին, որ կարեւոր է ոչ միայն լավ թարգմանությունը, այլեւ այն, թե ում ես թարգմանում, առավել քան ճշմարիտ է Հրաչյա Բեյլերյանի դեպքում, ով լինելով անհաշտ, կռվազան ու ըմբոստ մեր դոնդողանման կենցաղում, միշտ խոնարհ էր Բանաստեղծության առաջ, եւ ինչպես բոլոր իսկական բանաստեղծները, երբեմն հիշեցնում էր այլմոլորակայինի, որ պատահաբար ընկել էր այստեղ։

Հրաչյա Բեյլերյանը Հրաչյա Բեյլերյանը

Լուսանկարը` ընտանիքի արխիվից

Այն հարցի պատասխանը, թե ինչու Հրաչյան անդրադարձավ Ռիլկեին, եւ հատկապես «Սոնետներ Օրփեոսին» շարքին, ինչպես նաեւ Օսիպ Մանդելշտամին, կգտնեք ընթերցելով հենց իր բանաստեղծությունները, որոնք, ցավոք սրտի, դեռևս շատ քիչ են կարդում եւ առավել եւս զգում եւ ըմբռնում։

 

-Ռիլկեի պոեզիան համարվում է չթարգմանվող, դժվար թարգմանելի:

 

-Դժվար թարգմանելին եւ չթարգմանվողը միանգամայն տարբեր բաներ են։ Չթարգմանվողը աղվեսի դնչի ու խակ խաղողի ոլորտից է։ Կարծում եմ, որ ամենաանթարգմանելի հեղինակներն էլ, վաղ թե ուշ, գտնում են իրենց թարգմանին, եւ դրա լավագույն ապացույցներից մեկը Օսիպ Մանդելշտամի հայերեն գիրքն է, ինչպես նաեւ Անգելուս Սիլեզիուսի թարգմանությունները «Քերովբեական ճամփորդ» գրքից, որը, ցավոք սրտի, Հրաչյան չհասցրեց իր ավարտին բերել, ինչպես նաեւ Անդրեյ Պլատոնովի հանճարեղ «Գուբը», եւ շատ այլ բաներ։

 

Ռիլկեի «Սոնետներ Օրփեոսին» եւ «Դուինյան էլեգիաներ» շարքերը բնագրից թարգմանելը Հրաչյա Բեյլերյանի վաղեմի երազանքն էր։ Քանի որ Հրաչյան գերմաներեն չգիտեր, դիմեցինք Ավագ եփրեմյանի աղջկան՝ Մարիամ Եփրեմյանին, ով սիրով համաձայնվեց ու մանրակրկիտ արեց տողացիները, եւ ով հետո, Հրաչյա Բեյլերյանի գեղարվեստական, վերջնական թարգմանությունը կարդալուց հետո, մի օր ինձ ասաց․ «Ես հասկացա, որ հայերեն Ռիլկե եմ կարդում, ու հասկացա նաեւ, որ շատ բաներ չէի հասկանում»։

 

Որպես ընթերցող, կարծում եմ, որ սա Հրաչյայի թարգմանության լավագույն գնահատականն է։

 

-Ինչու՞ Հրաչյա Բեյլերյանը որոշեց, որ անհրաժեշտ է գրքում զետեղել սոնետների մեկնությունները: Ինչպես ինքն է նշում՝  ընթերցողի ընկալումը դյուրացնելու՞ համար, թե՞ այդ ամենի ուսումնասիրության, պրպտումների արդյունքում է նաեւ հաջողվել թարգմանել Ռիլկեին:

 

- Գրքեր կան, որ կարոտ են մեկնությունների։ Ինչպես Հրաչյան նշում է «Սոնետներ Օրփեոսին» գրքի առաջաբանում․ «Այստեղ, անշուշտ, կարելի է ինչ-որ չափով ուրվագծել այդ, ոնց ասեմ, «ներաշխարհա-սրտա-միջնա-տարածքը», երբ հայեցողությունը դառնում է այնքան սրտառուչ, որ խոսքի եւ ունկնդրումի, խոհի եւ զգայական ապրումի միջեւ սահմանները վերանում են։ Ընթերցողը (այսօր՝ չգիտեմ որտեղից) պատրաստ պետք է լինի այս ու այն կողմի, բառի ու լռության ոլորտների հոգեւոր հաղթահարումներին, երբ գազանների, բույսերի, անշունչ առարկաների (իրերի) կեցության գաղտնախորհուրդ ինքնասեւեռումը նպատակամղվում է աշխարհի ներքին ներդաշնության գերզգայական ճանաչմանը։ Եվ այդ ամենը «տեղի է ունենում» Օրփեոսի ու մահվան թեմաների փոխներհյուսվածքում։ Իսկ Օրփեոսն անտեսանելիորեն ներկա է ամենուր, նաեւ այնտեղ, ուր անմիջաբար չի հիշատակվում։ Նրա (ինչպես եւ, կարծում եմ, Ռիլկեի) միջոցով պոեզիան դառնում է արվեստի արտաժամանակյա, մոգական արարք․․․»։ Իսկ «մոգական արարքները», ինչպես գիտենք, անընդհատ մեկնաբանվելով, մնում են անմեկնելի, քանի որ իրենց մեջ կրում են անսահմանությունը։

 

Ինչպես ասում էր Ռիլկեի վաղամեռիկ հոգեղբայրնեից մեկը՝ Նովալիսը․ «Մենք երազում ենք ճամփորդել տիեզերքի տարածությունների միջով։ Բայց մի՞թե տիեզերքը մեր մեջ չի պարփակված։ Մենք ոչինչ չգիտենք մեր ոգու խորությունների մասին։ Առեղծվածային ճանապարհը տանում է դեպի այդ սահմանները։ Հավերժությունը՝ մեր ներսում է, բոլոր իր աշխարհներով, անցյալով եւ ապագայով»։

 

Ընդհանրապես մեկնարվեստը, շատ մեծ տեղ է գրավել եւ մեր մշակույթում (մանավանդ միջնադարում)։ Ունենք փայլուն նմուշներ եւ հետագայում էլ (վկա Մեծարենցի, Ինտրայի ինքնավերլուծական գրությունները, ինչպես նաեւ Հակոբ Օշականի բազում մեկնարվեստի նրբին նմուշները)։ Այն, որ մեկնարվեստը նվազել է (ի բացառյալ մի քանի ներսույզ վերլուծումների) վկայում է միայն, որ մտածումի խոփը հազվադեպ է անցնում հայ մշակույթի անդաստաններով։

 

Կարծում եմ, որ շատ շուտով կգրվեն նաեւ հենց Հրաչյա Բեյլերյանի բանաստեղծական շարքերին նվիրված մենագրություններ ու մեկնություններ, քանզի նրա շնորհն ու ջանքը անտարակուսելիորեն արժանի են դրան։

 

- Ռիլկեն երկար դադարից հետո է գրել «Սոնետներ Օրփեոսին» սոնետների շարքը։ 1923-ից նրա մոտ ծագում են առողջական մեծ խնդիրներ, որոնք առողջարանային կյանք են պահանջում գրողից։ Խորհրդանշական թվաց.  Հրաչյա Բեյլերյանն ավելի շուտ հեռացավ կյանքից, քան կտպագրվեր գիրքը:

 

-Այն, թե երբ եւ ինչ պայմաններում եւ ինչ վիճակում է Ռիլկեն գրել «Սոնետներ Օրփեոսին» շարքը, կարող եք կարդալ Ռիլկեին նվիրված բազում մենագրություններում եւ հոդվածներում, ինչպես նաեւ հենց Հրաչյա Բեյլերյանի «Երբ միֆը գտնում է իր պոետին» հրաշալի առաջաբան-խոհագրությունում։

 

Գիրքը էջադրված եւ կազմ-պատրաստ էր 2012 թվականին (շնորհիվ Մկրտիչ Մաթեւոսյանի ջանքերի, որ մեծ սիրով պատրաստել էր այն), եւ ցավոք սրտի, չգտնվեց ե ոչ մի «բարեկամ», ով կնպաստեր տպագրությանը։ Մինչեւ որ վերջերս, իմ կրտսեր ընկեր՝ Դավիթ Մոսինյանի շնորհիվ (ում տպարաններից մեկում փոքր-ինչ պարտք էին մնացել) հարյուր օրինակ տպագրվեց «Սոնետներ Օրփեոսին» գիրքը։

 

 

- Ձայնագրություններ կան, որտեղ Հրաչյա Բեյլերյանը արտասանում է Ռիլկե: Նա առանձնահատու՞կ է վերաբերվել Ռիլկեին:

 

- Շնորհիվ Հրաչյայի ավագ որդու՝ Մհեր Բեյլերյանի, պահպանվել են որոշ ձայնագրություններ, որտեղ Հրաչյան կարդում է Մանդելշտամ, Ռիլկե, խոսում է Բանաստեղծությունից։ Իսկ թե ինչպե՞ս է նա վերաբերվել  Ռիլկեին, կզգաք, եթե նայեք այդ տեսագրությունները։

 

Հուսով եմ ականատեսը լինել այն օրերի, երբ կգա Հրաչյա Բեյլերյանի ժամանակը։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին