Գալիցիական ռազմական գործողությունն ու «Բրուսիլովյան ճեղքումը» - Mediamax.am

exclusive
30340 դիտում

Գալիցիական ռազմական գործողությունն ու «Բրուսիլովյան ճեղքումը»


«Բրուսիլովյան ճեղքման» քարտեզը
«Բրուսիլովյան ճեղքման» քարտեզը
Գեներալ Ավգուստ ֆոն Մակենզենը
Գեներալ Ավգուստ ֆոն Մակենզենը
Գեներալ Բրուսիլովը եւ Նիկոլայ II-ը
Գեներալ Բրուսիլովը եւ Նիկոլայ II-ը
Պավել ֆոն Ռենենկամպֆը
Պավել ֆոն Ռենենկամպֆը

Մեդիամաքսը ներկայացնում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի «Համաշխարհային ռազմի պատմություն` 20-րդ դար» աշխատությունը: 

 

Առաջին մասը կարդացեք այս հղումով:

 

Երկրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Երրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

 

Քանի որ գերմանացիների համար առաջնային ճակատը արեւմտյանն էր, եւ նրանք պլանավորում էին Ֆրանսիային պարտության մատնելուց հետո անդրադառնալ Ռուսաստանին, ապա արեւելյան ճակատում ռազմական գործողությունները սկսվեցին ռուսական երկու բանակների հարձակումով, որոնք ունեին քանակական առավելություն: Բանակները երկուսն էին` Պ. ֆոն Ռենենկամպֆի հրամանատարությամբ գործող 1-ին բանակը եւ Ա. Սամսոնովի 2-րդ բանակը: 

 

Գերմանական հրամանատարությունը կարծում էր, որ կարող է թույլ տալ ռուսական բանակի առաջխաղացումը, մինչեւ լուծի Ֆրանսիայի հարցերը: Թեւային գրոհներով գերմանական բանակներից մեկը ձախից անցավ թիկունք եւ օգոստոսի 29-ին շրջապատեց Ա. Սամսոնովի ռուսական 2-րդ բանակը, որը ջախջախվեց: 

 

Պավել ֆոն Ռենենկամպֆը Պավել ֆոն Ռենենկամպֆը

 

 

Սեպտեմբերի 9-ին գերմանացիները սկսեցին ռուսների գլխավոր ուժերի թեւանցումը: Նրանց շրջապատելու փորձը (սեպտեմբերի 9-13) չհաջողվեց, սակայն, ի վերջո, բանակներից մեկի ջախջախումից հետո գերմանական բանակի հարվածների ներքո Պ. ֆոն Ռենենկամպֆի 1-ին բանակը նահանջեց: Այս ճակատում ռուսական զորքերը ռազմավարական նահանջից հետո զրկվեցին մեծ ռազմական գործողությունների իրականացման հնարավորությունից: Այս պարտությունը խոր հետք թողեց ռուսական բանակի վրա եւ երկար հիշվեց տարբեր առիթներով: 

 

Գալիցիական ռազմական գործողություն (1914թ. օգոստոս-սեպտեմբեր)

 

Վիսլա եւ Դնեպր գետերի միջեւ` 400 կմ ճակատով, ռուսական հինգ եւ ավստրո-հունգարական չորս բանակների միջեւ ծավալված ռազմական գործողությունները հայտնի են Գալիցիական ռազմական գործողություն անունով: Դրան երկու կողմից մասնակցում էր մոտավորապես 1.5 մլն մարդ: Գերմանացիների կողմից կրած պարտություններից հետո ռուսական բանակին ոչինչ չէր մնում, քան հարվածել հակառակորդի ամենաթույլ օղակին` ավստրո-հունգարական բանակին: Ռուսական բանակին հաջողվեց պարտության մատնել ավստրո-հունգարական բանակին: 

 

Ավստրիական բանակը տվեց 300.000 զոհ եւ 100.000 գերի, իսկ ռուսները` 230.000 զոհ: Սակայն ռազմական գործողության ամենակարեւոր արդյունքն այն էր, որ մինչեւ պատերազմի վերջը ավստրիական բանակը կորցրեց ինքնուրույն, առանց գերմանական բանակի օգնության ռազմական գործողություններ վարելու ընդունակությունը: 400 կմ ճակատով ռուսական բանակներն առաջացան 200 կմ: Սա ռազմավարական խոշոր ձեռքբերում էր Ռուսաստանի համար: Հետայսու այս պատերազմի ընթացքում մշտապես ավստրիական բանակը պարտություններ էր կրելու ռուսական բանակից, եւ հակառակը` ռուսական բանակը նմանատիպ պարտություններ էր կրելու գերմանական բանակից: 

 

 

 

1914թ. պատերազմական շրջանը ցույց տվեց ե´ւ նորը, որ կար ռազմարվեստում, ե´ւ այն թերությունները, որոնք հանգեցնում էին դրանց չիմացությանը կամ սխալ կիրառմանը: Մասնավորապես, արագ մարտական գործողություններ իրականացնողները սկսում էին մեծ առավելություն ստանալ, չնայած նրան, որ զորքերի կուտակումները ահռելի մակարդակի էին հասել, իսկ հրետանու խտությունն աննախադեպ էր: Այսպես, եթե դաշնակիցների հարձակման տեմպը Մառնում կազմեց 50 կմ 5 օրում, իսկ Գալիցիայում` 200 կմ 33 օրում, ապա գերմանական 1-ին բանակի տեմպը (Ախենից Մառն) կազմեց 23 օրում 520 կմ, ինչը չմեքենայացված զորամիավորումների համար ռեկորդային կարելի էր համարել: Գերմանական բանակը հերթական անգամ ցուցադրում էր իր բարձր որակական հատկանիշները: 

 

Հարձակման ժամանակ անբավարար էին օգտագործվում գնդացիրները, հրետանային կրակով ուղեկցում դեռ չկար (թեեւ կտրուկ աճեց կրակային պատրաստության դերը): Լավ կողմերով իրենց դրսեւորեցին ծանր հրետանին ու ականանետները: Հատկապես առաջինը լայնորեն կիրառում էր գերմանական բանակը: Մյուս բանակները փորձում էին հասնել այդ մակարդակին, սակայն դեռ չէին կարողանում: Օդուժը փոքրաթիվ էր: Առանձին հենակետերի կանոնագրքային պաշտպանությունն իրեն չարդարացրեց, արդեն կար ընդհանուր պաշտպանության գիծ, աճեց դիրքերի ինժեներական ապահովման դերը (սկսեցին կիրառել խրամուղային պաշտպանությունը` սկզբում 1, ապա 2 գծով): Ամրոցն ընդունակ էր երկարատեւ պաշտպանության, եթե ապահովվում էր դաշտային բանակով, օրինակ` Մառնի ռազմական գործողության ժամանակ Վերդենի հաջող պաշտպանությունը: Այսինքն՝ արտաքին բանակը պետք էր խուսավարման համար: Բանակները հիմնականում չէին կարողանում օգտագործել տեխնիկական նոր հնարավորություններն ու լուծումները: Գերմանական բանակները բարձրակարգ էին գրեթե ամեն ինչում: 

 

Փոքր-ինչ ցածր ինտենսիվությամբ, սակայն ռազմական գործողություններ ծավալվեցին նաեւ պատերազմի մյուս թատերաբեմերում: 

 

1914թ. նոյեմբերին Ճապոնիան գրավեց Ցինդաո ամրոցը` Շանդուն թերակղզում, ինչպես նաեւ անգլիական էքսպեդիցիոն խմբավորման հետ համատեղ Օվկիանիայում գտնվող Գերմանիայի տիրույթները: 1914-1915թթ. Գերմանիան զրկվեց նաեւ Աֆրիկայի իր տիրույթներից: 

 

Գորլիցյան ճեղքում (1915թ. մայիսի 2-5)

 

Ռուսական 3-րդ եւ 8-րդ բանակները պատրաստվում էին մտնել Հունգարիա եւ Կարպատներում պարտության մատնել գերմանական ու ավստրո-հունգարական բանակներին: Դանուբ գետի մոտ թողել էին նորաստեղծ 2-րդ բանակի երկու կորպուս եւ կատարել ուժերի վերախմբավորում: Գերմանական 11-րդ բանակը գեներալ Ա. ֆոն Մակենզենի ղեկավարությամբ պարտության մատնեց ռուսական բանակին եւ մասնավորապես 3-րդ բանակի տեղամասում ճեղքելով ռազմաճակատի պաշտպանությունը` խորացավ մինչեւ օպերատիվ բնագծեր: 

 

Գեներալ Ավգուստ ֆոն Մակենզենը Գեներալ Ավգուստ ֆոն Մակենզենը

 

 

Ավստրո-հունգարական 4-րդ բանակի հետ նրանք սպառնում էին շրջապատել ողջ ճակատի (ավելի կոնկրետ Հարավարեւմտյան ռազմաճակատի) ռուսական խմբավորմանը: Փաստացի իրականացավ ԱՀՊ-ի առաջին ճեղքումը, որն ավարտվեց շրջապատման վտանգով: Մի բան, որ արեւմտյան ճակատում ոչ մի կերպ չէր ստացվում նախնական հաջողություններից հետո: Արդյունքում՝ ռուսական հրամանատարությունը, կորցնելով գրեթե ամբողջ Լեհաստանի կեսը եւ ներկայիս Ուկրաինայի հարավ-արեւմուտքը, ստիպված ռազմավարական նահանջ սկսեց: Սա այն մեծ նահանջն էր, ռազմավարական այն բեկումը, որն այլեւս հետդարձ չունեցավ: Ռուսական բանակներն այլեւս գերմանական բանակների դեմ նշանակալի հա-ջողություններ չունեցան մինչեւ պարտությունը եւ պատերազմից դուրս գալը: 

 

«Բրուսիլովյան ճեղքում» (1916թ. հունիս-սեպտեմբեր)

 

Վերդենում ծանր դրության մեջ հայտնված ֆրանսիացիներին օգնելու համար 1916թ. հունիսին ռուսական բանակի հարավարեւմտյան ռազմաճակատը հարձակում սկսեց, որը հայտնի դարձավ «Բրուսիլովյան ճեղքում» անունով: 

 

«Բրուսիլովյան ճեղքման» քարտեզը «Բրուսիլովյան ճեղքման» քարտեզը

 

 

Ռազմաճակատի յուրաքանչյուր բանակ, իր ճեղքման տեղամասն ունենալով, ինքնուրույն հարձակում էր իրականացնում ռազմական գործողության առաջին տասը օրերի ընթացքում: Մինչեւ 70-75 կմ խորանալով` 8-րդ բանակը գրավեց Լուցկ քաղաքը, սակայն 7-րդ բանակը  ենթարկվեց հակագրոհի: Երկու շաբաթ ընդմիջումից հետո սկսված նոր գրոհով ռուսները խորացան եւս 10 կմ: Հետագայում իրականացված գրոհները չնչին արդյունքների բերեցին: Կրկին ավստրիական բանակը նահանջեց, իսկ գերմանական ուժերը դիմակայեցին: 

 

Գեներալ Բրուսիլովը եւ Նիկոլայ II-ը Գեներալ Բրուսիլովը եւ Նիկոլայ II-ը

 

 

1916թ. ռուսական բանակի համար արեւելյան ճակատում ամենանշանակալի ձեռքբերումն այս ճեղքումն էր, ինչպես նաեւ Ռումինիայի տարածքում ռուս-ռումինական զորքերի որոշ մարտավարական հաջողությունները: Ռուսական բանակի հետագա հաջողությունների համար ողբերգական եղան 1917թ. Փետրվարյան հեղափոխությունը եւ հատկապես հետագա քաղաքական անկայունությունները: 1917թ. դեկտեմբերի 15-ին Բրեստ-Լիտովսկում բոլշեւիկյան իշխանությունները Գերմանական կայսրության հետ կնքեցին հաշտություն, փաստացի կապիտուլիացիայի պայմանագիր: Այսպիսով, փաստացի փակվեց ԱՀՊ-ի արեւելյան ճակատի էջը:   

 

Առաջին մասը կարդացեք այս հղումով:

 

Երկրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Երրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Արծրուն Հովհաննիսյան

 

Շարունակելի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին