«Չգիտեմ՝ ինչ է նշանակում մայր եւ հայր»․ Անի Առաքելյան - Mediamax.am

exclusive
13560 դիտում

«Չգիտեմ՝ ինչ է նշանակում մայր եւ հայր»․ Անի Առաքելյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Մանկատնից հետո» հատուկ նախագիծը, որը ներկայացնում է մանկատան նախկին սաների ճակատագրերը՝ 18 տարին լրանալուց հետո, երբ հարազատ դարձած մանկատունը լքելու ժամանակն է: Հոդվածաշարը ներկայացնում է տարբեր ճակատագրեր՝ ինչպես հաջողության հասած ու կայացած, այնպես էլ՝ անօթեւան եւ գործազուրկ մնացած մարդկանց:

 

31-ամյա Անի Առաքելյանը մեծացել է Գավառի մանկատանը։ 18 տարին լրանալուց հետո շարունակել է ապրել այնտեղ, քանի որ մանկատան սաներին բնակարան տրամադրելու խնդիրը լուծված չէ, հերթերը մեծ են։ 21 տարեկանում նա տեղափոխվել է Էջմիածին՝ «Մեր տունը» բարեգործական կազմակերպություն։ Տասը տարվա պայքարից հետո՝ երկու տարի առաջ, Անին բնակարան է ստացել Երեւանում՝ Նոր Նորքի երկրորդ զանգվածի հանրակացարանի առաջին հարկում։ Մեդիամաքսի թղթակցի հետ զրույցում Անին պատմել է բնակարան ստանալու բարդությունների, մանկատան պատերից այն կողմ հանդիպած խոչընդոտների եւ տարիներ անց մորը հանդիպելու մասին։

 

«Տասը տարի սպասելուց հետո ի վերջո բնակարան ստացա։ Ամեն տարի ասում էին՝ այս տարի կտանք, արդեն հույսս կտրել էի։ Մանկատան երեխաներին փորձաշրջանով են տուն տալիս, եթե տեսնում են՝ լավ չես պահում, հետ են վերցնում։ Քանի որ ես վերանորոգել եմ տունը, ոչինչ չեմ փչացրել, առաջիկայում կսեփականաշնորհեմ այն։ Երեւանում բնակարան ստանալը հեշտ չէ։ Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, որ ինձ Երեւանում տուն տվեցին, ես միայն խնդրել էի, որ ինձ հանկարծ Մասիսում տուն չտան։ Ծննդով այնտեղից եմ։ Չէի ուզում օրերից մի օր հանդիպել ծնողներիս»,- ասում է Անին ու հավելում, որ իր տունը 42 քմ է։ Նրա խոսքով՝ ի սկզբանե այն եղել է վատ վիճակում, սակայն ինքն ու ամուսինը վերանորոգել են։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ապրիլին Անին ամուսնացել է ամերիկաբնակ տղայի հետ։ Առաջիկայում պատրաստվում է մեկնել ԱՄՆ։ Ասում է՝ ամուսնու ընտանիքը մի հոդված է կարդացել այն մասին, որ մանկատան աղջիկներին հարս չեն տանում, որոշել են, որ իրենք պետք է մանկատնից հարս տանեն, հետո Նարեկն իրեն տեսել եւ հավանել է։ 

 

«Մանկատան երեխաների համար շատ դժվար է ընտանիք ստեղծելը, քանի որ սովոր ենք շատ մարդկանց հետ ապրել, տխրում ենք, երբ փոքր ընտանիքում ենք լինում։ Նաեւ՝ դժվար ենք մերվում, մարդկանց մեզ հարազատ ընդունում։ Մենք աղջիկ ենք ունեցել, որը մոտ 6 ամիս չէր կարողանում «մամա»-ով դիմել սկեսուրին։ Ես դեռ նշանված էի, սկսեցի սկեսուրիս «մամա» ասել։ Դա ինքնաբերաբար ստացվեց։ Սկեսրայրիս էլ դեռ չեմ տեսել, բայց հավեսով ասում եմ՝ «պապ ջան»։ Երբեք ոչ ոքի այդպես չէի դիմել։ Մանկատան 130 երեխաներից միայն յոթս ծնող չունեինք։ Երբ փոքր էի, ասում էին՝ դուք մեծանաք, մայր եք դառնալու, ասում էի՝ մաման ի՞նչ է։  Մեր խմբում 12 երեխա էինք։ 11-ը ծնող ունեին, ես՝ ոչ։ Ինձ համար դա ոչ թե դժվար էր, այլ զարմանալի։ Չէի հասկանում՝ ինչու են մյուսների մոտ մամա-պապա գալիս, ինձ մոտ՝ ոչ։ Երբ ասում էին՝ այսինչի մաման եկել է, գնում էի տեսնելու՝ մաման ինչ է։ Երբ մեծացա, հասկացա, բայց հիմա էլ չգիտեմ՝ իրականում ինչ է նշանակում մայր եւ հայր»,- պատմում է Անին, ով միայն վերջերս է ծանոթացել մոր հետ, սակայն այդպես էլ նրան չի դիմել որպես մայր։

 

«Ծնողներս եւս 4 երեխա ունեն, բայց միայն ինձնից են հրաժարվել։ Ես ոչ առաջին երեխան եմ, ոչ էլ վերջինը․ ծնվել են՝ քույրս, եղբայրս, ես, ինձանից հետո՝ եւս 2 եղբայր։ Մինչեւ հիմա չգիտեմ՝ որն էր ինձանից հրաժարվելու պատճառը։ Ես փնտրում եմ պատճառն ու չեմ գտնում։ Մամաս ասում է, թե տատիկս է մեղավոր եղել, ասել են՝ ձեր աղջիկը մահացել է, բայց ես չեմ հավատում։ Իրեն արդարացնելու համար շատ բան կարող է պատմել, ես իմ աչքերով եմ կարդացել իր գրած դիմումը։ Ի վերջո, հոգեբանություն եմ սովորել։ Եթե մարդը չցանկանալով հրաժարվելու դիմում է գրում, չի գրի այդքան սիրուն, մի տեղ կվրիպի, ձեռքը կդողա, բայց ինքն այնքան գեղեցիկ էր գրել․ «Ես՝ Գայանե Նազարյանս, հրաժարվում եմ Անի Կորյունի Առաքելյանից, ուստի խնդրում եմ նրա խնամքն ու դաստիարակությունն ընդմիշտ վերցնել ձեզ վրա»,- պատմում է Անին։

 

Նա այդ դիմումը հաճախ է կարդացել։ Անգիր հիշում է յուրաքանչյուր բառը, որոնք արտասանում է դանդաղ, բայց դիպուկ։ Իր հարսանիքին Անին ընտանիքի անդամներից որեւէ մեկին չի հրավիրել։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ես չէի կարող հարսանիքիս հրավիրել մի կնոջ, որն ինձ համար նույնիսկ ասեղ չի թելել։ Հասկանում եմ, որ դրանում մեղավոր չեն եղբայրներս ու քույրս։ Իրենք ձգտում են շփվել ինձ հետ, պետք է իրենց հրավիրեի, բայց ցանկություն չունեի։ Եթե իրենք իմ կյանքում հայտնվեին 10-15 տարի առաջ, կընդունեի առանց մի վայրկյան շունչ քաշելու։ Միշտ երազել եմ եղբայր ունենալու մասին, բայց այս տարիներին ինչ-որ կոպտություն է մտել իմ մեջ։ Չեմ կարողանում ընդունել իրենց, գուցե միասին չենք ապրել, դա է պատճառը, բայց մանկատան ընկերներիս ավելի հարազատ եմ ընդունում։ Հոգուս խորքում երբեմն ատելություն եմ զգում։ Մտածում եմ՝ ինչո՞ւ հենց իրենց պահեցին, ինձ թողեցին։ Մի ամբողջ ցեղ ունենք։ Մտածում եմ՝ մա՞յրս էր վատը, բա հա՞յրս, լավ, հայրս էլ էր վատը, բա տատիս ու պապիս, բա մյուս տատիս։ Ցեղում մի խելացի մարդ չկա՞ր, որ ասեր՝ ինչո՞ւ եք չորսին պահել, մեկին թողել,- ցավով նշում է  Անին, հետո ինքն իրեն հակադարձում,- Մյուս կողմից շնորհակալ եմ, որ հենց ինձանից են հրաժարվել։ Եթե ես իրենց հետ ապրեի, չէի ունենա այն մտածելակերպը, որ հիմա ունեմ, չէի ստանա գիտելիքներ, ուսում։ Մայրս ուղղակի մեծացրել է իր երեխաներին։ Մի անգամ եղբայրս էլ ասաց, որ գուցե ես ավելի եմ շահել»։

 

Անին ասում է, որ հարազատներին պատահաբար է գտել․ մայրը 2 տարով դատապարտված է եղել, երեխաներից մեկը մնացել է քեռու խնամակալության տակ, մյուսը՝ մորաքրոջ, իսկ 2 եղբայրներին ժամանակավոր հանձնել են «Զատիկ» մանկատուն․ «Բնակարան ստանալուս փուլն էր։ Ծրագրի ղեկավարի ձեռքի տակ նաեւ «Զատիկի» սաների տվյալներն էին, ծնողների անուն-ազգանունների համադրությամբ հասկացել էր, որ հնարավոր է՝ իմ եղբայրները լինեն։ Նույնիսկ պարզվեց, որ մի տարի ես ու եղբայրս հանգստացել ենք նույն ճամբարում, բայց չենք իմացել, որ քույր ու եղբայր ենք»։

 

Շուտով աղջիկը մեկնելու է ԱՄՆ, ասում է՝ երբեք չի երազել Հայաստանից գնալու մասին, բայց քանի որ կյանքն այսպես է դասավորվել, երբ հասնի ԱՄՆ՝ բիզնես է սկսելու։ Նա որոշել է գորգերի գործարան հիմնել, առաջին աշխատավարձն էլ «Մեր տուն» ուղարկել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա մյուս ցանկությունն անձնական է՝ երազում է երեխաներ ունենալ․ «Ես էլ, Նարեկն էլ ուզում ենք 2 աղջիկ ունենալ։ Ես իմ երեխաներին կտամ այն ամբողջ սերը, ուշադրությունն ու հոգատարությունը, որը չեմ ստացել։ Այն, ինչ ուզել եմ անեն ինձ համար, ես կանեմ իմ երեխաների համար»։

 

Անին նշում է, որ կյանքը լիովին փոխվել է, երբ տեղափոխվել է «Մեր տուն», որտեղ հիմնադրից՝ Տիգրանուհի Կարապետյանից մայրական հոգատարություն է զգացել։

 

«Ինձ համար շատ զարմանալի էր էջմիածինցիների վերաբերմունքը, այնքան հոգատար ու ուշադիր էին։ Գավառում այդպես չէր։ Տեղացիների ու մանկատան երեխաների միջեւ հաճախ էին վեճեր լինում։ Մանկատան դիմացն այգի կար, տեղացիներ էլ էին գալիս, բայց առանձին էին խաղում։ Երբ գնդակը գալիս էր մեր կողմ, գոռում էին՝ մեր գնդակին չկպնեք։ Ես շատ շփվող երեխա էի, բայց եթե քույրերիս հետ մի բան լինում էր, համարում էի, որ ինձ հետ է եղել։ Եթե ինչ-որ մեկը մեր երեխաներին բան էր ասում, անկախ նրանից՝ ինչ հարաբերություների ունեի իր հետ, այլեւս չէի շփվում։ Գավառում այդ պիտակը ճակատներիս էր, բայց Էջմիածին գալուց հետո նույնիսկ մոռանում եմ, որ մանկատան սան եմ եղել»,- ասում է Անին ու հիշում, թե ինչպես է իր համար բացահայտել՝ ինչ է նշանակում մանկատուն։

 

«Երկրորդ դասարանում դասարանս փոխեցին։ Առաջին օրը գնացի, երեխաներն ասացին՝ յախք, մի հատ էլ մանկատան երեխա եկավ։ Լացելով հետ եկա մանկատուն։ Ես չգիտեի՝ ինչ է նշանակում մանկատուն, իմ մեջ ավելի շատ «յախք»-ն էր տպավորվել։ Դաստիարակին հարցրեցի՝ ի՞նչ է նշանակում մանկատուն։ Ասաց՝ դու մանկատանն ես ապրում, հարցրեցի՝ բայց ինչով եմ տարբերվում մյուսներից․․․ Փառք Աստծո, շատ լավ դասղեկ ունեի, մանկատան երեխաների համար սիրտը կտար, լուծեց այդ խնդիրը։ Երեխաներին այլեւս չասացին՝ «յախք»»,- հիշում է Անին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա նշում է, որ Գավառում իրենց բոլորն էին հիշեցնում, որ մանկատան սան են։ «Մանկատանն էլ, դրսում էլ հիշեցնում էին դա։ Դաստիարակները տարբեր էին։ Մեկը փողի համար էր գալիս, մյուսը՝ հոգատար էր, իր  համար կարեւոր էր երեխաների ուսումը, սերը, ուշադրությունը,- ասում է նա ու հավելում,- ես հասկացել եմ, որ եթե մեկի ոտքը մի քիչ տրորես, քեզ կհիշեցնեն, որ մանկատնից ես։ Պետք է ուժեղ լինես, որ չխեղճանաս, տաս պատասխանը։ Պետք է գիտելիք ստանաս, որպեսզի ցույց տաս, որ կապ չունի, որ դու մանկատնից ես։ Մեր աղջիկներից շատերն ամուսնանում են, սկեսուրներն անընդհատ հիշեցնում են, որ մանկատնից են։ Հասկանում եմ, որ չի կարելի միայն սկեսուրներին մեղադրել։ Պետք է հարսն էլ կոմպրոմիսի գնա, բայց եթե ամբողջ կյանքում պետք է հիշեցնեք, որ մանկատան երեխա է, ինչո՞ւ եք հարս բերել։ Մենք գալիս ենք ձեր տուն, որ մեզ մայր լինեք, մենք էլ ձեզ՝ աղջիկ։ Մանկատան երեխաներս միշտ հարմարվողի դերում ենք»։

 

Ամալյա Հովհաննիսյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին