Օզդեմիր. Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը բեկանման ենթակա չէ - Mediamax.am

exclusive
121605 դիտում

Օզդեմիր. Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը բեկանման ենթակա չէ


Ջեմ Օզդեմիրը
Ջեմ Օզդեմիրը

Լուսանկարը` Bunte.de

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը Մեդիամաքսին ասել է, որ Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը բեկանման ենթակա չէ:

«Գրեթե միաձայն Բունդեսթագը ճանաչել է հայերի ցեղասպանությունը: Ուստի միայն Գերմանիայի Բունդեսթագը կարող է այդ բանաձեւը տնօրինել, քանի որ հենց Բունդեսթագն է՝ որպես սահմանադրական մարմին, որոշում կայացրել այդ բանաձեւի բովանդակության եւ կառուցվածքի վերաբերյալ», - Մեդիամաքսի հետ զրույցում ասել է ազգությամբ թուրք գերմանացի խորհրդարանականը:

Լուսանկարը` REUTERS

Նա ընդգծել է, որ «Գերմանիայի Դաշնային կառավարությունը կիսում է այն տեսակետները, որոնք ներկայացված են բանաձեւում»:

 

Ջեմ Օզդեմիրը շեշտել է, որ բանաձեւի ընդունմամբ գերմանացի խորհրդարանականները առաջնային ցանկացել են ընդգծել, որ այսօրվա Գերմանիան ընդունում է 1915 թվականին տեղի ունեցածում Գերմանական կայսրության մեղքը եւ ձախողումը:

 

«Երբեք նպատակ չենք հետապնդել ինչ-որ կերպ մեղադրել Թուրքիայի ներկայիս իշխանություններին: Մենք հույս ունենք, որ Թուրքիան պատրաստակամություն կցուցաբերի եւ քննարկումներ կկազմակերպվեն այս թեմայով: Կարեւոր է, որ Հայաստանը եւ Թուրքիան զարգացնեն լավ եւ բարիդրացիական հարաբերություններ», - Մեդիամաքսին ասել է «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահը:

 

Ջեմ Օզդեմիրը «Օսմանյան կայսրությունում 1915 եւ 1916 թթ. հայերի ու մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի եւ դատապարտման մասին» բանաձեւի հեղինակն է: Բանաձեւը ձայների մեծամասնությամբ ընդունվել էր 2016 թվականի հունիսի 2-ին:

 

Վերջերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ չի պատրաստվում «ետ քաշվել» Բունդեսթագի կողմից ընդունված բանաձեւից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին