Մոնթեն «ազնվության բացարձակ չափանիշ» էր, ասել է նախագահը - Mediamax.am

23045 դիտում

Մոնթեն «ազնվության բացարձակ չափանիշ» էր, ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ իր համար Մոնթե Մելքոնյանը «ոչ միայն հայրենասեր ու անձնազոհ ազատամարտիկ էր, այլեւ ազնվության բացարձակ չափանիշ»:

Սերժ Սարգսյանն այդ մասին ասել է նոյեմբերի 21-ին Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նոր շենքի պաշտոնական բացման արարողության ժամանակ: Նոյեմբերին 25-ին լրանում է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյակը:

 

«Մոնթեի կենսագրությանն անդրադառնալիս՝ բավական է նշել, որ Ճապոնիայում, Կալիֆոռնիայում բարձրակարգ կրթություն ստացած եւ Օքսֆորդի համալսարան ընդունված, 6-7 լեզուների տիրապետող երիտասարդը, հրաժարվելով հանգիստ ու ապահով ապագայից, իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայ ժողովրդի շահերի եւ անվտանգության պաշտպանությանը: Արցախյան ազատամարտը նրան բերեց Արցախ: Մնացածն արդեն պատմություն է` Շահումյանի համար մղվող մարտեր, Մարտունու սաստիկ պաշտպանությունն ու անառիկ Մոնթեբերդի վերածելու պատմությունը: Հայրենիքի հանդեպ նրա սերն անանձնական էր, եւ դա անջնջելի է դարձել հայ ժողովրդի նորագույն պատմության մատյաններում», - ասել է Սերժ Սարգսյանը:

 

«Ինձ համար Մոնթեն ոչ միայն հայրենասեր ու անձնազոհ ազատամարտիկ էր, այլեւ ազնվության բացարձակ չափանիշ: Առաջին հայացքից բարդ ու հակասական կերպարի հետեւում պարզ ու հասարակ, խիստ սակավապետ, իրեն մյուսներից չգերադասող ու կռվի թոհուբոհի ու դաժանությունների մեջ բյուրեղյա մաքրությունը չկորցրած մարդ էր: Նրանից երբեք՝ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում, ոչ ոք հայհոյանք չի լսել. նրա օգտագործած ամենակոպիտ բառը «էշն» էր: Նա մշտապես մտածում էր, որ խրամատի մյուս կողմում կռվող հակառակորդին միշտ պետք է հարգանքով վերաբերվել: Դա էր հաղթանակի ճանապարհը», - ասել է Հայաստանի նախագահը:

 

«Ես հիշում եմ՝ Մոնթեի մահվան օրը նրա կինը՝ Սեդան, զսպելով սոսկալի վիշտը, ուժ գտավ ասելու, որ Մոնթեի հոգին հանգիստ կլինի, եթե նրա պայքարը շարունակվի ու հասցվի վերջնական հանգրվանի: Փաստ է, որ այդ պայքարը դեռ վերջնականապես ավարտին չի հասել, եւ մենք ձեզ հետ այս առումով դեռ պարտք ունենք տալու Մոնթեին եւ մեր մյուս ընկերներին: Այս վարժարանը Մոնթեի գործի շարունակականության փայլուն վկայությունն է, եթե կուզեք՝ դրա խորհրդանիշը: Մոնթեն պետականության եւ կանոնավոր բանակի ստեղծման ամենաեռանդուն ջատագովներից մեկն էր: Նա առաջիններից էր, որ հասկացավ կարգապահ, արհեստավարժ ու ներդաշնակ ստորաբաժանումների ստեղծման կարեւորությունը: Մարտունու պաշտպանական շրջանում նրա ղեկավարած ստորաբաժանումների բացառիկ հաջողությունները պայմանավորված էին առաջին հերթին այս հանգամանքով:

 

Մոնթեն իր տեսակի մեջ բացառիկ առաջնորդ էր: Այս վարժարանն ու իր սաները պետք է լինեն այդպիսին՝ առաջինն ամեն ինչում եւ ամենուր: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի համապատասխան պայմաններ ստեղծենք այս վարժարանի սաների համար», - ասել է Սերժ Սարգսյանը:

 

Նոյեմբերի 21-ին վարժարանի տարածքում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանի արձանի բացման արարողությունը: Բացման պատիվը տրվել է Ազգային հերոսի զինակից Մարտիրոս Ժամկոչյանին եւ վարժարանի շրջանավարտ Վահագն Ասատրյանին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին