Դիսիդենտական Հայաստան. Հայկ Իսկանդարյան - Mediamax.am

exclusive
2813 դիտում

Դիսիդենտական Հայաստան. Հայկ Իսկանդարյան

Ինժեներ, Հայրենական պատերազմի մասնակից, «Հանուն Հայրենիքի» կազմակերպության ակտիվիստ

Լուսանկարը` http://s48.radikal.ru/


Ինժեներ, Հայրենական պատերազմի մասնակից, «Հանուն Հայրենիքի» կազմակերպության ակտիվիստ

 

Ծնվել է Հայաստանի Հախլաթյան գյուղում 1909թ հոկտեմբերի 23-ին: Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, 1922թ. տեղափոխվել է Բաքու, որտեղ 1926թ. ավարտել է դպրոցը: 1928թ. վերադարձել է Երեւան, ընդունվել ԵՊՀ հիդրոտեխնիկական ֆակուլտետ: 1930թ. տեղափոխվել է Մոսկվայի Կույբիշեւի անվան ռազմաինժեներական ակադեմիա, որն ավարտել է 1936թ.: 1936-1939թթ. աշխատել է որպես նախագծող "Վոլգոստրոյ" տրեստում, ապա մինչեւ 1941թ.՝ Մոսկվայի ավիացիոն արդյունաբերության թիվ 25 գործարանում որպես տեղամասի պետ:  

 

 

1941թ. վերջում ընտանիքի հետ միասին տարհանվել է Երեւան, որտեղից 1942թ. սկզբին զորակոչվել է բանակ որպես գումարտակի ինժեներ: Մասնակցել է Կերչի ռազմական գործողություններին, իսկ 1942թ. մայիսի 20-ին՝ Կերչի անկումից հետո, գերեվարվել է ֆաշիստների կողմից: Մինչեւ 1944թ. օգոստոս ամիսը գտնվել է տարբեր նացիստական ճամբարներում, այդ թվում՝ Թեոդոսիայում, Նիկոլաեւում, Խորոլում, Մայնի Ֆրանկֆուրտում: 1944թ. այլ ռազմագերիների հետ միասին տեղափոխվել է Ֆրանսիայի հարավ, որտեղից նույն տարվա օգոստոսի սկզբին Իսկանդարյանին հաջողվել է փախչել եւ միանալ ֆրանսիական պարտիզանական ջոկատներին: Ապա մտել է խորհրդային պարտիզանական ջոկատ, որից հետագայում ձեւավորվել է գունդ: Սկսելով շարքայինից՝ արդեն մի քանի շաբաթ անց դարձել է վաշտի հրամանատար, որից հետո՝ գումարտակի շտաբի պետ, իսկ Հայրենական պատերազմի ավարտին արդեն զբաղեցրել է գնդի ուսումնական մասով պետի պաշտոնը: Սպաներին դասավանդել է տակտիկա, մաթեմատիկա, ֆիզիկա եւ ԽՄԿԿ պատմություն:

 

1945թ. վերջին վերադարձել է Երեւան: Բազմաթիվ անգամներ հրավիրվել է պետական անվտանգության մարմիններ եւ հարցաքննվել գերության մեջ գտնվելու մանրամասների վերաբերյալ: ՊԱԿ-ը մի քանի անգամ առաջարկել է նրան համագործակցել, սակայն տարբեր պատճառաբանություններով նա հրաժարվել է: 1946-1947թթ. աշխատել է Երեւանի "Վոյենստրոյ" եւ "Ստրոյսոյուզ" շինտրեստերում: 1947-1951թթ. եղել է ավագ աշխղեկ "Գյումուշ ՀԷԿ" տրեստում, իսկ 1951-1957թթ. աշխատել որպես "Հայհիպրոքաղգյուղշին" տրեստի գլխավոր ինժեներ:

 

1957թ. ՊԱԿ-ի հետ համագործակցելու հերթական առաջարկից հետո Իսկանդարյանը գերադասել է մեկնել Ռուսաստան, որտեղ մինչեւ 1961թ. աշխատել է Բրատսկայա ՀԷԿ-ում որպես տեղամասի պետ: Սակայն 1961թ. վերադարձել է Հայաստան եւ աշխատանքի անցել "Երեւաննախագիծ" ինստիտուտում որպես հիդրոտեխնիկական խմբի ղեկավար: Հենց այդ ժամանակ էլ սկսվել է Իսկանդարյանի քաղաքական կյանքը:

 

1965թ. մտել է "Հանուն Հայրենիքի" քաղաքական կազմակերպություն, որը մի քանի համախոհների հետ միասին հիմնել էր իր ընկերը՝ Ասատուր Բաբայանը: Իսկանդարյանը տարիքով ամենամեծն էր խմբում, բայց չնայած տարիքին՝ դառնում է ամենաակտիվ անդամներից մեկը: Կազմակերպության նպատակներն էին՝ Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի վերամիավորումը Հայաստանի հետ Սահմանադրության շրջանակներում, Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արեւելյան Հայաստանի հողերը վերադարձնելը, հայերենը որպես ազգային եւ պետական լեզու պահպանելը:

 

1965-1968թթ. Իսկանդարյանը մասնակցել է կազմակերպության հովանու ներքո անցկացված բազմաթիվ միջոցառումների: Ավելին, նա հեղինակել է մի քանի ցասումնալից նամակներ՝ հասցեագրված խորհրդային իշխանություններին, որոնցում նա առաջարկում էր հանրաքվե կազմակերպել Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը Հայաստանի հետ վերամիավորելու հարցի շուրջ: Նա նաեւ ձեռնարկել է ստորագրահավաք այդ գաղափարի պաշտպանության վերաբերյալ: Անմիջական մասնակցություն է ունեցել "Հանուն Հայրենիքի" ընդհատակյա ամսագրի (խմբագիր՝ Հովակիմ Վասիլյան) առաջին համարի կազմման եւ հրատարակման գործին 1968թ. գարնանը: Նույն թվականին ցասումնալի նամակ է հղել գրող Շոլոխովին՝ նրան քննադատելով ազգային խնդիրների լուծման հարցում ունեցած դիրքորոշման համար:

 

1968թ. ամռանը պետական անվտանգության աշխատակիցներին հաջողվում է բացահայտել կազմակերպությունը: Խմբի ղեկավարները ձերբակալվում են եւ ուղարկվում ՊԱԿ-ի մեկուսարան: Իսկանդարյանին ձերբակալում են 1968թ. սեպտեմբերի 10-ին: Ձերբակալության ընթացքում հայտնաբերվում են բոլոր փաստաթղթերը: Նրան նույնպես մեղադրանք է ներկայացվում ՀԽՍՀ ՔՕ 65 (հակախորհրդային ագիտացիա եւ քարոզչություն) եւ 67 (մասնակցություն հակախորհրդային կազմակերպություններին) հոդվածներով: 1968թ. դեկտեմբերի 16-ին Իսկանդարյանի հարազատներին կարճատեւ հանդիպման թույլտվություն են տալիս: Հանդիպման ժամանակ նա հայտնում է, որ չի պատրաստվում լռել դատարանում եւ պատրաստվում է բացահայտողական ելույթ հնչեցնել:  1968թ. դեկտեմբերի 27-ին Իսկանդարյանի հարազատներին շտապ հրավիրում են ՊԱԿ: Այնտեղ նրանց հայտնում են, որ մեկ օր առաջ Իսկանդարյանը սրտի կաթվածից մահացել է նախաքննության սենյակում: ՊԱԿ-ը կազմակերպում է թաղումը, որին ընտանիքի անդամներից բացի ներկա են լինում միայն "Երեւաննախագծի" ղեկավարության ներկայացուցիչները:

Պատրաստեց Դավիթ Ալավերդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին