Դիսիդենտական Հայաստան. Վիգեն Բաբայան - Mediamax.am

exclusive
5071 դիտում

Դիսիդենտական Հայաստան. Վիգեն Բաբայան

Ընդհատակյա գործիչ, քաղբանտարկյալ, ՀԵՄ հիմնադիր եւ ղեկավար

Լուսանկարը` http://blog.i.ua

Վիգեն Բաբայանը
Վիգեն Բաբայանը
2004-ին ԱՄՆ-ում մտերիմները նշել են Վիգեն Բաբայանի 70-ամյակը:
2004-ին ԱՄՆ-ում մտերիմները նշել են Վիգեն Բաբայանի 70-ամյակը:
Վիգեն Բաբայանը
Վիգեն Բաբայանը

Ընդհատակյա գործիչ, քաղբանտարկյալ, ՀԵՄ հիմնադիր եւ ղեկավար

 

Վիգեն Բաբայանը ծնվել է 1940թ. նոյեմբերի 12-ին Երեւանում: Վիգենի հայրը` Ասատուր Բաբայանը, եղել է «Հանուն Հայրենիքի» ընդհատակյա կազմակերպության ակտիվիստներից մեկը: 1941թ-ին` որդու ծնվելուց մեկ տարի անց, ավագ Բաբայանը զորակոչվել է Խորհրդային բանակ` որպես սպա: Բաբայանին մեծացրել է մայրը, իսկ հայրը բանակից վերադառնձել է միայն 1953թ.` հայկական դիվիզիայի լուծարումից հետո:  

 

1957թ. Բաբայանն ավարտում է Երեւանի Կիրովի անվ. թիվ 17 միջնակարգ դպրոցը: Նույն տարում ընդունվում է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ: Այստեղ նա ծանոթանում է իր հասակակիցների հետ, որոնց հետ միասին 1958թ. հիմնում է Հայ երիտասարդների միություն (ՀԵՄ) ընդահատակյա կազմակերպությունը: Բաբայանը նաեւ ՀԵՄ-ի ղեկավարներից էր: Իր առաջնահերթ նպատակը Միությունը համարում էր ռուսական կրթության վերացումը Հայաստանի դպրոցներում, գրաբարի (հին հայերեն լեզվի) ուսուցանման ներմուծումը, ինչպես նաեւ մշակութային հեղափոխությունը: Հետագայում` 60-ականների սկզբին, կազմակերպությունն իր ծրագրում կետեր է մտցնում Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը Հայաստանի հետ վերամիավորելու, Արեւմտյան Հայաստանի հողերը վերադարձնելու մասին:

 

ՀԵՄ-ը թերթիկներ էր տարածում, որոնք պարունակում էին Խորհրդային իշխանությունների անարդար եւ կեղծ, «Դաշնակցություն» կուսակցության հեղինակության վարկաբեկմանն ուղղված քաղաքականությունը բացահայտող հոդվածներ: Միությունը գործունեություն էր ծավալում հայ երիտասարդության շրջանում ազգային ինքնագիտակցության վերածնման ուղղությամբ: ՀԵՄ-ի գործունեության հիմնական մեթոդներն էին ագային թեմայով դասախոսությունների կազմակերպումն ու թերթիկների տարածումը: Այդ ամենն ուղեկցվում էր զանգվածային միջոցառումներով, հայկական պոեզիայի երեկոներով, պատմական վայրեր այցելություններով, որոնց կազմակերպիչը հիմնականում հենց Բաբայանն էր: Նա կազմակերպության գաղափարներն ակտիվորեն քարոզում էր ուսանողության շրջանում, եւ այդ ժամանակ ուսանողների զգալի մասն օժանդակում էր ՀԵՄ-ի գործունեությանը, իսկ շատերը ցանկանում էին անդամակցել կազմակերպությանը: Այդ հանգամանքը չէր կարող վրիպել հատուկ ծառայությունների ուշադրությունից: ՊԱԿ-ը ուշադիր հետեւում էր ՀԵՄ-ի գործունեությանը: Քաղաքական քննարկումները հիմնականում ծավալվում էին Բաբայանի տանը, եւ ժամանակի ընթացքում դրանց սկսեցին մասնակցել ոչ միայն հասակակիցները, այլեւ ավագ սերդնի ներկայացուցիչներ, այդ թվում Վիգենի հայրը` Ասատուր Բաբայանը: Այդ հանդիպումների շնորհիվ նրանցից շատերը ոգեշնչվեցին հայրենասիրական գաղափարներով եւ հետագայում ստեղծեցին իրենց ընդհատակյա կազմակերպությունները: Հենց Վիգեն Բաբայանը 1963 թ-ին համոզեց ՀԵՄ մտնել իր մանկության ընկեր Շահեն Հարությունյանին, ով հետագայում դարձավ ԱՄԿ հիմնադիրներից մեկը:

 

1963թ. դեկտեմբերի 24-ին, երբ Բաբայանը սովորում էր 4-րդ կուրսում, նրան եւ ՀԵՄ-ի եւս 6 ղեկավարների ձերբակալում են պետական անվտանգության մարմինները: Հաջորդ օրը հետախուզվում են ՀԵՄ բազմաթիվ անդամների բնակարանները: ՊԱԿ-ին հաջողվում է գտնել հսկայական քանակությամբ ընդհատակյա գրականություն, այդ թվում՝ Բաբայանի բնակարանում: Ձերբակալվածներին մեադրանք է ներկայացվում ՀԽՍՀ ՔՕ 65 (հակասովետական ագիտացիա եւ քարոզչություն) եւ 67 (մասնակցություն հակասովետական կազմակերպությանը) հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է շուրջ 8 ամիս: Այդ ամբողջ ժամանակահատվածում Բաբայանը եւ նրա համախոհները պահվում են ՊԱԿ-ի մեկուսարանում:

 

Նրանց բաց դատավարությունը անց է կացվում 1964թ. օգոստոսի 5-ին Երեւանում` Ալավերդյան փողոցում գտնվող Հուշարձանների պաշտպանության միության շենքում (Հայաստանի Գերագույն դատարանի դահլիճը չէր կարող տեղավորել դատավարությանը ներկա գտնվել բոլոր ցանկացողներին): Ժողովուրդն այդ գործն անվանեց «7 հայրենասերների դատ»: Իշխանությունները ցանկանում էին այդ դատավարությունը դարձնել ցուցադրական. հենց դրանով է բացատրվում դրա բաց լինելու հանգամանքը: Բայց ստացվեց հակառակը: 1964թ. օգոստոսի 12-ին դատավճռի ընթերցումից հետո դատարանի դահլիճն ամբողջությամբ ողողվեց անեծքներով դատավորների եւ իշխանությունների հասցեին: Հենց այստեղ սկիզբ առավ «Հանուն Հայրենիքի» ընդհատակյա կազմակերպությանը, որի ակտիվիստներից մեկը դարձավ Վիգենի հայրը: Գործով վկաներ էին Սարգիս Թորոսյանն ու ՀԵՄ անդամ Գեորգի Հեքիմյանը:    

 

Այսպիսով, ՀԽՍՀ Գերագույն դատարանը Բաբայանին, որպես ընդհատակյա հակախորհրդային կազմակերպության ղեկավարի, դատապարտեց 5 տարի ազատազրկման: Մի քանի օր անց նրան ուղարկեցին Մորդովիայի ճամբարներ, որտեղ էլ նա կրեց պատիժը:

 

Ճամբարում Բաբայանը մասնակցում է բողոքի բամաթիվ միջոցառումների, այդ թվում հացադուլների եւ այլ ակցիաների: 

 

Պատժի ժամկետի ավարտից հետո` 1968թ. դեկտեմբերի վերջին, Բաբայանը վերադառնում է Երեւան: Դրանից մի քանի ամիս առաջ իշխանությունները որպես «Հանուն Հայրենիքի» ընդհատակյա կազմակերպության ղեկավարներից մեկին ձերբակալել էին Բաբայանի հորը: Վիգեն Բաբայանին թույլ են տալիս ներկա գտնվել հոր փակ դատավարությանը, բայց հետո դատավորը որոշում է նրան հեռացնել դահլիճից, քանի որ Բաբայանն անընդհատ բողոքում է մեղադրողի ելույթների դեմ: Ասատուր Բաբայանին դատապարտում են 6 տարվա ազատազրկման: 

 

1969 թ-ին Վիգեն Բաբայանը վերականգնվում է համալսարանում եւ շարունակում ուսումը: 1970թ., ավարտելով ԵՊՀ-ն, աշխատանքի է ընդունվում Պետհեռուստառադիոյի երաժշտական ծրագրերի խմբագրության գրական բաժնում: Զուգահեռաբար գրում է բանաստեղծություններ: Սակայն իշխանությունները նրան թույլ չեն տալիս հանգիստ աշխատել` նրա առջեւ ծառացնելով նոր խոչընդոտներ: Մասնավորապես, նրան թույլ չեն տալիս հաղորդումներ վարել ռադիոյով, չեն բարձրացնում պաշտոնը, մշտական ստուգումների են ենթարկում եւ այլն:

 

1981թ. սկզբին Բաբայանը հրաժարվում է Խորհրդային Միության քաղաքացիությունից եւ այլ երկրում ապրելու թույլտվություն է խնդրում: Իշխանությունները երկրից դուրս գալու թույլտվություն տալիս են, եւ 1981թ. մայիսին Բաբայանը ընտանիքի հետ (կնոջ եւ երեխաների) արտագաղթում է ԱՄՆ` Լոս-Անջելես: Մինչեւ 1984թ. աշխատում է տեղի հայկական հաստատություններում: 1984թ. տեղափոխվում է Վաշինգտոն, որտեղ աշխատանքի է ընդունվում «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական ծառայությունում` որպես լրագրող եւ հաղորդավար, որտեղ էլ աշխատում է մինչեւ 2004թ. դեկտեմբերի 17-ին վրա հասած մահը:  

 

Վիգեն Բաբայանը հեղինակել է բազմաթիվ բանաստեղծություններ եւ թարգմանություններ, ունեցել է մեծ թվով հրապարակումներ Հայաստանի գրական հանդեսներում, այդ թվում՝ «Գարուն» ամսագրում:

 

Պատրաստեց Դավիթ Ալավերդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին