Ավագ դպրոցի ծրագրերը կբեռնաթափվեն - Mediamax.am

5721 դիտում

Ավագ դպրոցի ծրագրերը կբեռնաթափվեն


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ասել է, որ ավագ դպրոցի բարեփոխումն այժմ պատասխանատու փուլում է:

«Անցյալ տարվա վերջին համարձակ քայլ կատարեցինք՝ փորձելով ուսումնառության վերջին տարվա երկրորդ կիսամյակում աշակերտի ուշադրությունը կենտրոնացնել երեք առարկայի վրա: Այժմ խնդիր ունենք գնահատելու եւ վերլուծելու այդ փորձնական քայլի արդյունավետությունը»,- ասել է նախարարը Երեւանի ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը:

 

Լեւոն Մկրտչյանի խոսքով՝ ներկայում ավագ դպրոցում ներկայացված է 16 առարկա, որոնք, ըստ նախարարի, թույլ չեն տալիս աշակերտներին կենտրոնանալ այն առարկաների վրա, որոնք անհրաժեշտ են ապագա մասնագիտության համար: Նա բերել է միջազգային փորձի օրինակը, որտեղ ավագ դպրոցում ուսանում են 6 առարկա:

 

Լեւոն Մկրտչյանի խոսքով՝ պետք է փորձ արվի ուսումնական ծրագրի առարկայական բեռնաթափումն իջեցնել մինչեւ 11-րդ դասարան։

 

«Մենք մտածում ենք, որ իրենք 11-րդ դասարանով կարող են ավարտել մեծ առարկայախմբի ուսուցումը, իսկ 12-րդ դասարանում կենտրոնանալ միայն մասնագիտական կողմնորոշման համար իրենց հետաքրքրող առարկաների վրա»,- ասել է նա:

 

Ինչ վերաբերում է դպրոցական պետական ավարտական քննությունների նոր ընթացակարգին, նախարարը նշել է, որ այն քննարկվելու է նաեւ մարզերի եւ գյուղական միջնակարգ դպրոցների տնօրենների հետ:

 

«Այն ավագ դպրոցներում, որտեղ հոսքային դասարաններ են ձեւավորված, նոր ընթացակարգը գրեթե խնդիրներ չի հարուցել: Իսկ միջնակարգ դպրոցներում, որտեղ ձեւավորված ուղղություններ չկան, խնդիրներ առաջացել են: Այս տեսանկյունից նոր կարգի արդյունավետությունը գնահատելիս պետք է հաշվի առնենք կրթական նորարարության բովանդակությունը եւ դպրոցների ֆինանսավորման խնդիրը, քանի որ բեռնաթափումը անդրադառնում է նաեւ ֆինանսական վիճակի վրա»,- ասել է նախարարը:

 

Անդրադառնալով ավագ դպրոցում պահվող առարկաներին՝ ԿԳՆ ղեկավարն ասել է, որ պարտադիր պետք է պահել «Նախնական զինվորական պատրաստությունը»:

 

«Բեռնաթափմանը զուգահեռ՝ մենք պիտի պահենք դպրոցի դաստիարակչական գործառույթը: Պիտի հաշվի առնենք, որ կան նաեւ երեխաներ, որոնք չեն ուզում գնալ բուհ, այդ դեպքում նրանց պետք է նախապատրաստենք որեւէ այլ մասնագիտության, որը պահանջված է շուկայում»,- ասել է Լեւոն Մկրտչյանը: 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին