UWC Dilijan քոլեջը ճանապարհեց շրջանավարտների երկրորդ սերունդը - Mediamax.am

20784 դիտում

UWC Dilijan քոլեջը ճանապարհեց շրջանավարտների երկրորդ սերունդը


Լուսանկարը` UWC Dilijan College

Լուսանկարը` UWC Dilijan College

Լուսանկարը` UWC Dilijan College

Լուսանկարը` UWC Dilijan College

Լուսանկարը` UWC Dilijan College


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 27-ին UWC Dilijan միջազգային քոլեջը ճանապարհեց շրջանավարտների երկրորդ սերունդը՝ 87 տղաներ եւ աղջիկներ 50 երկրից։

«Դուք պատրաստ եք փոխել աշխարհը»,- իր ողջույնի խոսքում հայտարարեց UWC Dilijan-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ հաջողություն մաղթելով բոլոր շրջանավարտներին։ 

 

Ամբողջ ավարտական օրը նվիրված էր 2017-ի շրջանավարտների հրաժեշտին։ Այն լի էր հուզիչ միջոցառումներով, որոնք թույլ տվեցին 700 հյուրերին զգալ UWC շարժման մթնոլորտը։

 

Օրը մեկնարկեց «Կրթությունը եւ կյանքը UWC Dilijan-ում» միջոցառումների շարքով, որոնք ուսանողների ծնողներին, հյուրերին եւ դպրոցի դոնորներին ծանոթացրեցին դպրոցի հետաքրքրաշարժ եւ ոգեշնչող կրթական գործընթացին։

 

Ուսանողները եւ դասախոսներն անցկացրեցին անգլերենի, իսպաներենի, ֆիզիկայի, պատմության, ինչպես նաեւ տնտեսագիտության, բնագիտական առարկաների եւ մաթեմատիկայի բաց դասեր, կազմակերպեցին կերպարվեստի բաժնի ուսանողների աշխատանքների ցուցահանդես, թատերական ներկայացում եւ նորաձեւության հանդես, հանդես եկան մարտարվեստի բաժնի ցուցադրական ելույթով եւ անցկացրեցին ֆուտբոլային հանդիպում։ 

 

Օրը շարունակվեց «Aurora Dialogues» քննարկումներով, որոնք կազմում են համաշխարհային հումանիտար ամենասուր խնդիրների լուծմանը նվիրված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մի մասը։

 

Ելույթ ունենալով «Կրթությունը բոլորի համար» քննարկմանը՝ UWC International-ի գործադիր տնօրեն Յենս Ուոլտերմանը պատմեց, թե ինչպիսինն է UWC շարժման մոտեցումը կրթական գործընթացին։ Տարբեր սոցիալական խավերի տաղանդավոր երեխաներին բարձրակարգ կրթության մատուցումը օգնում է ոչ միայն ուսանողների եւ իրենց ծնողների, այլեւ ամբողջ հասարակության առաջընթացին։ «UWC-ն խրախուսում է երեխաներին դառնալ հասարակության առաջնորդ, իրացնել իրենց ներուժը եւ գործել։ Չեմ ուզում ճնշում գործադրել այսօրվա շրջանավարտների վրա, բայց սա այն է, ինչ ակնկալում ենք ստանալ ձեզնից»,- հայտարարեց նա։

 

Քննարկումների ծրագիրը ներառում էր նաեւ UWC համակարգի երեք դպրոցների ուսանողների շնորհանդեսներ։ Դրանք են՝ Հնդկաստանի UWC Mahindra College-ը, Սվազիլենդի Waterford Kamhlaba UWC-ն, որտեղ սովորում են ուսանողներ ողջ աֆրիկյան մայրցամաքից, եւ Գերմանիայի UWC Robert Bosch College-ը։ Այս ուսանողական թիմերը անցել էին «Ավրորա» հումանիտար նախաձեռնության կողմից UWC դպրոցների համար կազմակերպված նախագծի եզրափակիչ փուլ։ Նախագիծը միտված էր ոգեշնչել ուսանողներին՝ ստեղծելու հասարակության համար օգտակար նախաձեռնություններ, որոնք կօգնեն լուծել տվյալ UWC դպրոցի տարածաշրջանի առավել արդիական հումանիտար խնդիրները։ Հաղթող ճանաչվեց UWC Robert Bosch College-ի «DoGood» («Բարին արա») նախագիծը, որի նպատակն էր աջակցել փախստականներին՝ ստեղծելով ուսուցմանը եւ մասնագիտական վերապատրաստմանը ծառայող մի ամբողջ հարթակ։

 

Aurora Humanitarian Initiative մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի կողմից հայտարարված ժյուրիի որոշման համաձայն, բոլոր երեք թիմերը ստացան 4000-ական եվրո՝ իրենց ծրագրերի հետագա զարգացման համար։ Մրցանակները ուսանողներին հանձնեց Նյու-Յորքում Կարնեգի հիմնադրամի նախագահ եւ Aurora Humanitarian Initiative համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։

 

UWC Dilijan-ի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը հայտարարեց, որ UWC Dilijan-ի տնօրենների եւ հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել՝ վերանվանելու դպրոցի գրադարանը «Վարդան Գրեգորյանի անվան ուսումնական կենտրոն»։

 

Ավարտական օրը եզրափակվեց UWC Dilijan-ի ուսանողների կողմից նախապատրաստված ներկայացմամբ։

 

«Մենք հույս ունենք, որ դուք կվերադառնաք Դիլիջան որպես շրջանավարտներ, հյուրեր եւ ապագա ուսանողների ծնողներ», - դիմելով ուսանողներին՝ ասաց Վերոնիկա Զոնաբենդը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին