FAST-ի կրթաթոշակային ծրագիրն՝ էկոհամակարգի ստեղծման առաջին քայլ - Mediamax.am

43138 դիտում

FAST-ի կրթաթոշակային ծրագիրն՝ էկոհամակարգի ստեղծման առաջին քայլ


Լեւոն Մկրտչյանը եւ Արմեն Օրուջյանը
Լեւոն Մկրտչյանը եւ Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` Photolure

Լեւոն Մկրտչյանը եւ Արմեն Օրուջյանը
Լեւոն Մկրտչյանը եւ Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` Photolure


Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին, որը կաջակցի ասպիրանտներին եւ հայցորդներին բնական գիտությունների կամ ճարտարագիտության ոլորտներում գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու նպատակով ՀՀ առաջատար բուհերում զբաղվել հետազոտական աշխատանքով:  

 

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը եւ ՀՀ կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ներկայացրել են կրթաթոշակային ծրագրի մանրամասները, FAST-ԿԳՆ համագործակցության հեռանկարները:

 

40 կրթաթոշակ՝ լավագույն ասպիրանտներին եւ հայցորդներին

 

FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը մամուլի ասուլիսին ասել է, որ ասպիրանտների եւ հայցորդների համար նախատեսվում են տարատեսակ ամենամյա կրթաթոշակներ:

 

Կրթության եւ գիտության նախարարության ու FAST-ի ստորագրած այս առաջին համաձայնագիրը, ինչպես ասել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, համագործակցության առաջին քայլն է, որը «հողի վրա ամուր կանգնած ծրագիր է»:

 

«Փորձ ենք անում մեր գիտությամբ զբաղվող ուսանողներին ապահովել անհրաժեշտ հենքով, խոսքը վերաբերում է թե կրթաթոշակներին, թե Հայաստանում գիտությամբ զբաղվելու համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելուն, թե որակավորումը բարձրացնելուն: Առաջիկայում մենք կունենանք բեկումնային իրավիճակ, հատկապես, բարձրագույն կրթության որակի առումով, կրթություն-գիտություն կապի ամրապնդման ուղղությամբ»,- ասել է նախարարը:

 

«FAST-ը հարթակ է, որն օգնում է մեկտեղել մարդկանց, կենտրոնացնել եւ հավաքագրել ռեսուրսները: Մենք կատարում ենք արագացուցչի դեր: Այս կրթաթոշակի ծրագիրը ֆիզիկայի, մաթեմատիկայի, կենսաբանության, քիմիայի եւ ճարտարագիտության ոլորտներում սովորողների լավագույն 10%-ի համար է լինելու»,- ասել է Արմեն Օրուջյանը: 

 

2018-19թթ. ուսումնական տարվա համար հիմնադրամը կհայտարարի 5 ամբողջական կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը $ 7000, եւ մասնակի 25 կրթաթոշակ՝ $ 3500-ի չափով, ինչպես նաեւ կին ասպիրանտների եւ հայցորդների համար՝ 10 ամբողջական կրթաթոշակ՝ $ 7000: 2018թ.-ին համար ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ $ 200 հազ. է:

 

Արմեն Օրուջյանն ասել է, որ երիտասարդ կին գիտնականներին ամբողջական կրթաթոշակի տրամադրումը նպատակ ունի խթանել բնագիտության եւ ճարտարագիտության բնագավառներում կանանց ներգրավվումը:

Լեւոն Մկրտչյանը եւ Արմեն Օրուջյանը Լեւոն Մկրտչյանը եւ Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` Photolure

«Այս քայլով փորձում ենք երիտասարդներին փոխանցել միտքը, որ ինչպես իրենք, այնպես էլ մենք կարեւորում ենք գիտությունը, ուզում ենք, որ իրենք միայն կենտրոնանան գիտական հետազոտությունների վրա եւ գիտական բացահայտումներով զբաղվեն, ստիպված չլինեն աշխատանք փնտրել, ծախսերը հոգալ»,- ասել է Արմեն Օրուջյանը:

 

FAST-ը՝ գեներացնող եւ առաջ մղող ուժ

 

Լեւոն Մկրտչյանը ասել է, որ գլխավոր նպատակն է երիտասարդ սերնդի մոտ լուրջ գիտությամբ զբաղվելու մոտիվացիա ձեւավորել. «Հայաստանն այլընտրանք չունի, մենք պարտավոր ենք պահպանել մեր՝ գիտական տարածք լինելու կարգավիճակը»:

 

Նա նշել է, որ FAST-ը լինելու է Հայաստանի կրթագիտական համակարգի մեջ շատ հզոր, գեներացնող եւ առաջ մղող ուժ, փորձելու է օգնել գիտական հաստատություններին, օժանդակել բարձր գիտական արժեք ունեցող նախաձեռնություններին:

 

Խոսելով ապագա ծրագրերի մասին, Արմեն Օրուջյանն ասել է, որ դրանք կվերաբերեն նաեւ մեդալի մյուս կողմին՝ դասախոսական կազմին.

 

«Մենք սերտորեն կհամագործակցենք ԿԳՆ-ի հետ, որպեսզի երիտասարդ գիտնականները կարողանան հնարավոր լավագույն գիտելիքները ստանալ այստեղ: Հայաստանում գիտության մակարդակը պետք է հասցնենք համաշխարհայինին»:

 

Լեւոն Մկրտչյանն ավելացրել է, որ FAST-ի ծրագրում նախանշված ուղղությունների համար կձեւավորեն անհրաժեշտ բազա.

 

«Եթե ունենք այդ դպրոցը Հայաստանում, Հիմնադրամը կաշխատի դրա հետ՝ վերաորակավորումներ, ուժեղացում, լաբորատորիաների հիմնում: Իսկ նոր ուղղությունների դեպքում կսկսեն օգտագործել հրավիրյալ մասնագետների եւ սփյուռքահայ գիտական ներուժը»:   

 

Սփյուռքի ներուժն ու կրթագիտական էկոհամակարգի մեխանիզմը

 

Լեւոն Մկրտչյանի փոխանցմամբ՝ FAST-ը սկսել է ամրագրել հայկական ծագում ունեցող գիտնականներին, որոնք պատրաստակամ ենք օգնել Հայաստանին.

 

«Դա հսկայական ներուժ է, խոսքը բարձրագույն կարգ ունեցող գիտնականների մասին է: Մենք պետք է FAST-ի հետ միասին ստեղծենք անհրաժեշտ ենթակառուցվածքները, որպեսզի այդ մարդիկ կարողանան այստեղ գործ անել: Երկիրը պետք է պատրաստ լինի նման մակարդակի որակ ընդունելու»:

 

FAST-ի գործադիր տնօրենն ասել է, որ կան շատ մեծ թվով այդպիսի գիտնականներ ցանկացած մասնագիտություններով. «Այժմ մեր առաջ մարտահրավեր ենք դրել՝ ինչպես նրանց համագործակցային մեխանիզմի մաս դարձնել էկոհամակարգի ներսում, որը կաշխատի ամենաօպտիմալ մակարդակով:

 

Ինչպես ԿԳՆ-ի, այնպես էլ FAST-ի համար սկզբունքային է գիտակրթական էկոհամակարգի ձեւավորումը: 

 

«Պետք է արմատապես փոխենք մեր բարձրագույն կրթական համակարգը, ձեւավորենք գիտական համակարգի ցանցը: Լավ որակ ունենալու համար երկիրը պետք է ապահովի միջին եվրոպական կարգի բարձրագույն կրթություն: Գիտական հաստատությունը, համալսարանը եւ աշխատաշուկան պետք է կապվեն մեկ ցանցով եւ ուսանողը, գիտնականը պետք է կարողանան ազատ շրջագայել այդ եռանկյունու մեջ»,- ասել է նախարարը:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին