Քննարկվում է ՀՀ կրթության զարգացման նախագիծը մինչեւ 2030թ. - Mediamax.am

23420 դիտում

Քննարկվում է ՀՀ կրթության զարգացման նախագիծը մինչեւ 2030թ.


Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը նախաձեռնել է հանրային քննարկումների շարք՝ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի վերաբերյալ:

Ծրագիրը մշակել են ԿԳՆ-ն եւ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը` Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ:

 

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին ծանոթանալ նախագծին եւ ներկայացնել իրենց առաջարկությունները եւ դիտողությունները, որպեսզի նախարարությունը հնարավորություն ունենա հաշվի առնել բոլոր մտահոգությունները:

 

«Այս փաստաթղթին զուգահեռ ընթանում են «Հայաստան-2030»-ի մշակման աշխատանքները, որտեղ ոլորտներից մեկը կրթությունն է: Հետեւաբար, թիրախները սահմանելիս փորձել ենք դրանք համապատասխանեցնել վերոնշյալ փաստաթղթի հետ: Ցանկանում ենք, որ պետական քաղաքականությունը կրթության ֆինանսավորման հարցում հստակեցվի օրենքով: Մասնավորապես, ցանկանում ենք օրենսդրորեն ամրագրել, որ Հայաստանում կրթության ոլորտի հատկացումները երբեւէ ՀՆԱ-ի 2 տոկոսի սահմանագծից չիջնեն»,- ասել է ԿԳ փոխնախարարը:

 

ԿԳՆ զարգացման ծրագրերի եւ մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանն էլ նշել է, որ կրթության զարգացման գլխավոր նպատակն է կրթական այնպիսի համակարգի ձեւավորումը, որը լիարժեք ծառայում է ազգային շահերին:

 

«Որպես թիրախներ սահմանվել են՝ ապահովել բոլոր երեխաների համար մատչելի, հավասար եւ որակյալ կրթություն, բոլոր խոցելի խմբերի՝ այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հավասար մասնակցության հնարավորությունը կրթության բոլոր մակարդակներում, ինչպես նաեւ ամրապնդել դաստիարակության բաղադրիչը»,- ասել է ԿԳՆ ներկայացուցիչը:

 

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց գոհունակությունն են հայտնել, որ Կրթության զարգացման պետական ծրագիրը ներառում է Կայուն զարգացման նպատակները, եւ յուրաքանչյուրի թիրախի համար կմշակվեն համապատասխան ցուցանիշներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին