Լ.Մկրտչյան՝ Պետք է ուսանողներին եւ դասախոսներին ազատություն տանք - Mediamax.am

21912 դիտում

Լ.Մկրտչյան՝ Պետք է ուսանողներին եւ դասախոսներին ազատություն տանք


Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում ներկայացվել են «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում եւ կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի արդյունքները:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է, որ Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը անկյունաքարային նշանակություն ունի:

 

«Այս ծրագրի համար շատ կարեւոր է առաջին հատվածը՝ բարեվարքությունը, որն ավելին է քան բարեկրթությունը: Այն պատասխանատվություն է՝ սեփական կյանքում առաքելություն իրականացնելու համար, եւ այս իմաստով ծրագրի երկրորդ հատվածը՝ կոռուպցիայի դեմ պայքարը, ըստ էության, ամբողջությամբ բխում է նրանից, թե մեր դասախոսական եւ ուսանողական հանրույթները որքանով են գիտակցում իրենց առաքելությունն ու պատասխանատվությունը»,- նշել է նախարարը։

 

Նա ընդգծել է, որ բավականին մեծ ընթացակարգային աշխատանք է կատարված, սակայն առանց արմատական կառուցվածքային փոփոխությունների՝ հնարավոր չէ Հայաստանում հասնել որոշակի իրական արդյունքների:

 

«Մենք պետք է ուսանողներին եւ դասախոսներին իսկապես տանք ազատություն, բացենք կրթական հաստատությունների փակ դռները ե՛ւ հասարակության, ե՛ւ դասախոսների, ե՛ւ ուսանողների համար: Մեր բուհերը պետք է դառնան հասարակական համալսարաններ, այսինքն՝ դասախոսական եւ ուսանողական հանրույթները պետք է զգան իրենց դերակատարությունը բուհի կառավարման մեջ եւ պատասխանատվություն վերցնեն իրենց վրա»,- ասել է Լեւոն Մկրտչյանը։

 

Նրա խոսքով՝ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմքում ուսանողն է՝ իր բացարձակ ազատությամբ:

 

«Դասախոսական կազմը եւս պետք է հասկանա, որ ինքը բուհի հիմնադիր է նույն իրավունքներով, ինչ ադմինիստրատիվ համակարգը: Եթե այս եռանկյունին կարողանանք իրականացնել, ապա համալսարանական որակի մեջ կունենանք արմատական փոփոխություններ»,- հավելել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին