Պատերազմի լուծն ուսերին վերցրած զինվորը - Mediamax.am

exclusive
6379 դիտում

Պատերազմի լուծն ուսերին վերցրած զինվորը


Լուսանկարը` © Gagik Harutyunyan


2017 թվականին Երեւանում ցուցադրվում էին լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի գործերը: Մեդիամաքսի խնդրանքով Գագիկ Հարությունյանը պատմել է լուսանկարներից մի քանիսի ստեղծման պատմությունը:

 

Ցուցադրության 16 օրերի ընթացքում Գագիկ Հարությունյանն առավոտյան, ինչպես ինքն է ասում, վազում էր Նկարիչների միություն ու երբեմն բոլորից աննկատ հետեւում այցելուների արձագանքին:

 

Գագիկ Հարությունյանը 1990-ականներին լուսանկարչությունից, որպես մասնագիտություն, հրաժարվել էր. դժվար էր ընտանիքի կարիքները հոգալ:

 

«Մտածեցի՝ ազգս առեւտրով է զբաղված, նրան պետք են ամուր, մեծ ճամպրուկներ»: Ճանաչված լուսանկարիչը սկսում է ճամպրուկներ կարել՝ ընթացքում սովորելով նոր արհեստի նրբությունները:

 

Շուշիի ազատագրումից հետո Գագիկ Հարությունյանն ընկերոջ հետ մեկնում է Ղարաբաղ: Այստեղ հասկանում է, որ հնարավոր չէ ստանալ խորհրդային ֆիլմերից ու ամսագրերից հայտնի Հայրենական պատերազմի տեսարանները: Հայացքն ուղղում է պատերազմի մյուս՝ մարդկային երեսին:

 

Ղարաբաղ այցելություններից մեկի ժամանակ էլ դուռը «հագցնում» է զինվորին ու լուսանկարում:

 

«1994 թվականն էր: Զինվորը նստած դուռում էր ուտում, կողքին шифоньер-ի դուռ էր ընկած: Դռան վրա անցք կար. ժամանակին այդ տեղում հայելի կամ ապակուց վիտրաժ էր եղել: Էդ դուռն ինձ էնպես գայթակղեց, բայց չէի կողմնորոշվում՝ ինչ անել: Նստած ծխում ու մտածում էի, էդ տղան էլ լուռ հաց էր ուտում: Ասացի՝ «հագի, հա՞»: Հագավ: Ասացի՝ «ձեռքերդ տարածի ու ինչքան ուժ կա մեջդ բղավի, ճչա»: Չստացվեց, ու էդպես էլ մնաց:

Լուսանկարը` © Gagik Harutyunyan

Հիմա նայում եմ ու չեմ կողմնորոշվում՝ ինչպես վերնագրել այդ նկարը. մեկ «Ճիչ», մեկ «Աղոթք» եմ անվանում: Այդ դուռն ինձ համար եզան լուծի խորհուրդն ունի, ոնց որ պատերազմի լուծը դրվեց մեր ուսին: Այդ ժամանակ ժողովուրդը Երեւանում ասում էր՝ պետք է դիմել ՄԱԿ, չգիտեմ՝ ուր: Իսկ այդ ճիչն ասում էր, որ հերիք են դատարկ խոսակցությունները, պետք է գործ անել. եկեք Ղարաբաղ, կռիվ արեք կամ պաշտպանեք այս ժողովրդին, օգնեք՝ ինչով կարող եք»:

 

Գագիկ Հարությունյանի այս լուսանկարն ընդգրկված է «Անվերնագիր.Ղարաբաղ» շարքում:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին